Լսում եմ ահա մի․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Լսում եմ ահա մի․․․

հեղինակ՝ Սարմեն


Լսում եմ ահա մի հոգեզմայլ,
Մի չնաշխարհիկ, մեղմիկ եղանակ,
Գուցե երգում է հեզահամբույր մայր,
Կամ սիրատոչոր, սրտահույզ սոխակ։
Սարի հովե՞րն են այդպես մրմնջում,
Թե՞ սվսվում է արտն ալեծածան,
Մեծ քարավանի զանգե՞րն են հնչում,
Թե՞ մորմոքում է աշունը դեղձան։
․․․ Մաճկա՞լն է լարել անուշ հորովել,
Հովվի շվի՞ն է մրմունջով երգում,
Աղջի՞կն է գուցե յարից խռովել,
Այդպես սրտակեզ լալիս, հեկեկում։
Այդ Կոմիտասն է, որ հնչում է հար
Ե՛վ կախարդական, և՛ վառ, և՛ նրբին․․․
Դու կապրես, երկրիս մեծ սրնգահար,
Քանի երկնքում կշողա արփին։
 

1932

Անձնական գործիքներ