Ծախուածը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ծախուածը

հեղինակ՝ Շուշանիկ Կուրղինյան


Նա շատ ջահել էր, աչագեղ, քնքոյշ,
Մանկական ժպիտ կար անբիծ դէմքին.
Միշտ մօրն էր օգնում եւ ձայնով անոյշ
Անվիշտ երգում էր ― կայտառ էր հոգին։

Մի օր ծախեցին նրան լաւ գնով՝
Հարուստ աղայի կին պիտի դառնար.
Եւ կոպիտ հայրը տուն եկաւ գինով,
Վրդովեց կոյսի քունն ու դադար։

Երկու շարք ոսկի, մատանի, մանեակ,
Եւ մարգարտից շքեղ փիրուշան
Հագցրին նրան. դարձաւ հրեշտակ,
Մի քնքոյշ կոկոն, նորածիլ շուշան։

Եւ իր փեսայի հսկայ ձեռքն առած
Անձայն, անշշուկ հետեւեց նրան,
Չքնաղ այն դէմքին գունաթափ, շշմած,
Սարսափ տարածուեց, երբ տեսաւ սեղան։

Արբած քահանան քծնուող ժպտով.
― Կամքո՞վն է եկել,― կոյսին հարցրեց,
Եւ պատասխանը իբր լսելով,
Աղայի նուէր ֆարաջան յիշեց․․․

Անցան տարիներ․․․ մի օր ես նրան
Տեսայ այլակերպ, հիւանդ, նիհարած․․․
Նա ուխտ էր եկել հինաւուրց մատրան՝
Խնկով ու մոմով, ծոմ ու պաս պահած։

Նա ինձ հետ այնպէս կարօտով խօսում՝
Վախկոտ հայեացքը շուրջը ձգելով.
Եւ սրտաճմլիկ լալիս ափսոսում
Քաշած օրերը անկեղծ սոսկումով․․․

Նա շատ էր ծնում․․․ եւ ուխտ էր եկել
Զօրաւոր սրբին անծին մնալու.
Եւ պաղ քարերը այնպէս գրկել՝
Կ՛ասես զգում էր, որ չէ ծնելու․․․


Մայիսի 21, 1907

Անձնական գործիքներ