Կարմիր ծաղիկը
Լինում է, չի լինում՝ մի հարուստ վաճառական։ Ունենում է երեք աղջիկ, մինը մյուսից գեղեցիկ, բայց ամենից գեղեցիկը լինում է փոքրը։ Ինքն էլ ո՛չ կնիկ է ունենում, ո՛չ ուրիշ մոտիկ մարդ. ո՛չ կյանքն ու կայանքը, ո՛չ արծաթն ու ոսկին աչքին չեն գալիս, իր ամբողջ սերը տալիս է աղջիկներին։ Երեքին էլ սիրում է, բայց ամենից շատ սիրում է փոքրին։ Մի անգամ էս վաճառականը վեր է կենում՝ թե գնա հեռու աշխարհքներ առուտուրի։ Երեք աղջկանն էլ կանչում է, ասում է. «Ի՞նչ եք ուզում, որ ձեզ համար բերեմ»։ Մեծ աղջիկն ասում է. «Ես մի անգին քարերով զարդարած ոսկե ապարոշ եմ ուզում»։ Միջնեկն ասում է. «Ինձ համար մի մաքուր ու անբիծ բյուրեղից շինած հայելի բեր»։ Փոքրն էլ թե՝ «Ինձ համար էն Կարմիր ծաղիկը բեր, որից գեղեցիկը էլ աշխարհքումը ո՛չ կա, ո՛չ կճարվի»։ Փոքր աղջկա խոսքի վրա վաճառականը մտքի տունն է ընկնում, ասում է. «Դու քույրերիցդ ավելի դժար բան ուզեցիր, աղջի՛կ ջան։ Քո ուզած Կարմիր ծաղիկը գտնելը հեշտ բան չի, և ես ի՞նչ իմանամ՝ նրանից գեղեցիկը աշխարհքումը էլ կա՞, թե՞ չկա»։
Վեր է կենում, գնում աշխարհքից աշխարհք, երկրից երկիր անց է կենում, առուտուր է անում, շատ գանձ ու հարստություն է վաստակում, բեռներ կապում, ճամփու դնում դեպի տուն։ Մեծ աղջկա ուզած անգին քարերով զարդարած ապարոշն էլ է գտնում, որ գիշերը ցերեկի նման լուս էր տալիս, միջնեկ աղջկա ուզած բյուրեղյա հայելին էլ է գտնում, որի մեջ երևում էին աշխարհքի բոլոր գեղեցկությունները, մեջը նայողի գեղեցկությունը երբեք չէր թառամում ու օրեցօր ավելանում էր։
Բայց փոքր աղջկա ուզած Կարմիր ծաղիկը, որից գեղեցիկը աշխարհքումը չլիներ՝ ոչ մի տեղ չի գտնում։ Գեղեցիկ ծաղիկներ պատահում էին, բայց ո՞վ կարող էր ասել, թե նրանցից գեղեցիկներր էլ չկային աշխարհքում։
Վերադարձին, մի խոր անտառով անց կենալու ժամանակ, ավազակները հարձակվում են էս վաճառականի վրա, ունեցած-չունեցած գանձն ու հարստությունը կողոպտում են, ինքը փախչում է, ընկնում անտառի խորքերն, ազատվում։ Գնում է, գնում, ո՛չ ձեն, ո՛չ ծպուտ, շունչ–կենդանի չկա։ Գիշերը վրա է հասնում, էնքան մութը գիշեր, որ մատդ մարդի աչքը կոխեիր՝ չէր տեսնիլ, բայց մեր վաճառականի ոտի տակը էնպես լուս է լինում, ոնց որ օրը ցերեկով։ Քանի գնում է, էնքան լուսանում է, քանի գնում է, էնքան լուսանում է, վերջը դուրս է գալիս մի բացատ, բացատում տեսնում է արծաթից, ոսկուց ու անգին քարերից շինած մի պալատ, որ կրակի նման էրվում է, արևի նման լուս տալիս, իսկ ներսից լսվում են երաժշտության ներդաշնակ դրախտական ձայները։
Բակն է մտնում, բակից անցնում է, մտնում պալատ։ Տեսնում է արծաթով, ոսկով, անգին քարերով լիքը․ սրբած, վեր քաղած, ամեն բան սարքին–կարգին, բայց մեջը մարդ չկա։ Մի սենյակ է մտնում՝ մարդ չկա, մյուսն է մտնում՝ մարդ չկա, երրորդն է մտնում՝ մարդ չկա։ Ո՛չ տեր կա մեջը, ո՛չ տիրական, ո՛չ ծառա կա, ո՛չ ծառայող, միայն երաժշտությունն է, որ իրեն–իրեն հնչում է ու հնչում։ «Լավ տեղ է, բայց ավելի լավ կլիներ, եթե մի ուտելու բան էլ լիներ»,— անց է կենում վաճառականի մտքով… Մտքովն անց կենալն է լինում. մին էլ էն է տեսնում՝ առաջը մի սեղան բացվեց. մի սեղա՜ն, որ աստծու ամեն բարին մեջը լիքն է։ Նստում է, ուտում, խմում, կշտանում, տեղիցը վեր կենում։ Վեր է կենում թե չէ՝ սեղանն էլ ետ նորից անհետանում է։ Վաճառականը զարմանում է։ Մի սենյակից մյուսն է անց կենում, նայում է ու հիանում։ Երբ որ բոլոր սենյակները ման է գալիս, հոգնում է, քունը տանում է, ուզում է քնի, առաջը մի էն տեսակ սիպտակ, մաքուր, փափուկ անկողին է փռվում, որ մեջը մտնելն ու աչքը կպցնելը մեկ է լինում։
Առավոտն աչքը բաց է անում, տեսնում է՝ շորերը դարսած, պատրաստված, բյուրեղյա ամաններով վճիտ ջրերը երեսը լվանալու համար առաջը դրած։ Երեսը լվանում է, լուսամուտից ներքև նայում՝ պալատի չորս կողմը հրաշալի այգիներ, այգիների մեջ ոսկեգույն պտուղներ են հասնում, չտեսնված գեղեցիկ ծաղիկներ են ծաղկում, ու սիրտն ուզում է՝ զբոսնի էն այգիներում։ Մարմարե ու զմրուխտե սանդուղքներից ներքև է իջնում, մտնում է կանաչ այգիները։ Ճեմում է ու հիանում։ Հասուն պտուղները կախկխվել են ծառերից, երփներանգ ծաղիկները փարթամ ծաղկում ու անմահական հոտ են բուրում, զարմանահրաշ հավքերը չորս կողմը թրթռում ու դրախտական երգեր են երգում, շատրվանները զվարթ կարկաչելով վերև են ցայտում իրենց վճիտ ջրերը, ու խոխոջում են բյուրեղանման աղբյուրները։ Ման է գալիս մեր վաճառականը, զմայլում։ Մին էլ հանկարծ տեսնում է՝ մի թմբի վրա մի Կարմիր ծաղիկ է ծաղկում, մի ծաղիկ, որ մարդ իր օրումը ո՛չ տեսել է, ո՛չ լսել։ Մոտենում է, ձեռնուոտը դող են ընկնում, ասում է. «Ահա հենց էս է լինելու էն Կարմիր ծաղիկը, որից գեղեցիկը էլ աշխարհքումը ո՛չ կա, ո՛չ կճարվի։ Հենց էս ծաղիկն է լինելու, որ ուզում էր իմ փոքր աղջիկը»։
Մոտենում է, ծաղիկը պոկում։ Պոկում է թե չէ՝ փայլակը փայլատակում է, կայծակը որոտում է, երկիրը դողում ու, ոնց որ թե գետնի տակիցը դուրս գա, մինը դուրս է գալիս, վաճառականի առաջին կանգնում. գազան ասես՝ գազան չի, մարդ ասես՝ մարդ չի. մի բրդբրդոտ, զարհուրելի հրեշ, ու մռնչում է կատաղի.
— Էս ի՞նչ արիր դու։ Ի՞նչպես համարձակվեցիր՝ պոկեցիր իմ այգուց իմ սիրած, իմ նվիրական ծաղիկը։ Ես քեզ հրավիրած թանկ հյուրի նման իմ պալատն ընդունեցի, ուտեցրի, խմեցրի, քնեցրի, իսկ դու իմ լավության փոխարենը էդպե՞ս ես ետ վճարում։ Դե, հիմի իմացած եղիր, որ վերջդ հասել է։ Քո մահը ցույց պետք է տամ քեզ, որ քո աչքով տեսնես։ Վաճառականը վախից ատամ-ատամ դողացնում է։ Մտիկ է անում, որ չորս կողմից, ամեն մի ծառ ու թփի արանքից, ջրի միջից, գետնի տակից դուրս են եկել ու սողում են դեպի իրեն անթիվ ու անհամար այլանդակ ու գարշելի արարածներ։ Երեսի վրա ընկնում է բրդբրդոտ հրեշի առջև, խղճալի աղաղակում.
— Ո՛վ անտառի տեր, ո՛վ անհայտ հզոր, ինձ մի՛ սպանիր իմ անգիտուն մեղքի համար․ ողորմությո՛ւն արա, հրամա՛ն տուր խոսք ասեմ։
Ու պատմում է իր աղջիկների ու իր խոստումի մասին։ Ապա սկսում է աղերսել, որ հրեշն իրեն շնորհի Կարմիր ծաղիկը իր փոքրիկ աղջկանը տանելու համար։ Փոխարենը խոստանում է ոսկի տա, որքան կուզի։ Քահ-քահ խնդում է զարհուրելի հրեշը, անտառի տերը։ Ասում է.
— Ի՞նչ եմ անում քո գանձն ու ոսկին, իմ ունեցածն էլ չգիտեմ որտեղ պահեմ։ Քեզ անվնաս կթողնեմ, որ քո տունը գնաս, անհաշիվ էլ գանձ կտամ, Կարմիր ծաղիկն էլ կտամ, միայն թե խոսք տաս, որ քո աղջիկներից մեկնումեկին ինձ մոտ կուղարկես։ Ոչ մի վատ բան չեմ անիլ նրան, չեմ վշտացնիլ, չեմ վիրավորիլ. իմ պալատում կապրի էնպես, ինչպես դու ապրեցիր։ Ձանձրացել եմ մենակությունից, ուզում եմ մի ընկեր ունենամ։
Վաճառականը էս որ լսում է, շատ է տխրում, նայում է անտառի հրեշի վրա, հիշում է իր աղջիկներին ու լաց է լինում։ Ասում է.
— Ես ո՞նց անեմ, եթե իմ աղջիկները չուզենան քեզ մոտ գան։ Հո չեմ կարող ես նրանց ձեռնուոտը կապեմ ու զոռով ղրկեմ։ Եվ, վերջապես, ի՞նչ իմանան, ի՞նչ ճամփով կարող են հասնել քեզ մոտ։ Ես երկու տարումը հազիվ եմ կարողացել էստեղ հասնեմ, էն էլ ի՛նչ տեղերով, ի՛նչ ճամփեքով — ես էլ չեմ իմանում…
— Ես ստրուկ չեմ ուզում,— պատասխանում է անտառի հրեշը։— Քո աղջիկները համով-կամով թե կգան, թո՛ղ գան, թե չեն գալ, էն ժամանակ դու պիտի ետ գաս, որ քեզ պատժեմ չարաչար մահով։ Իսկ թե ինչպես պետք է գալ ինձ մոտ, դրա համար դու հոգս մի անիլ. ահա իմ մատի մատանին. ա՛ռ. ով էս մատանին դնի իր աջ ճկույթը, հենց նույն վայրկյանին դուրս կգա էնտեղ, որտեղ կուզենա։ Դե գնա՛. քեզ երեք օր, երեք գիշեր ժամանակ․․․
Ի՞նչ պետք է աներ խեղճ վաճառականը։ Մտածում է, մտածում, խոսք է տալիս ու մատանին առնում։ Մատանին աջ ճկութն է դնում թե չէ՝ դուրս է գալիս իրեն տան առաջը։ Տեսնում է իր՝ գանձերով ու թանկագին ապրանքներով բեռնած քարվաններն էլ դարպասից նոր են ներս մտնում ու մնին երեք՝ առաջվանից ավել են բերում։
Աղջիկները դեմն են գալիս, վզովն են ընկնում, համբուրում են, գուրում-գուրգուրում են, բայց տեսնում են, որ իրենց հերը շատ է տխուր, սիրտը չի բացվում, ունքամեջը ետ չի գնում։ Սկսում են ամենքը մի կողմից հարցնել, թե ինչո՞ւ է տխուր․ կարողությո՞ւնն է կորցրել, թե՞ առողջությունը․ ի՞նչ է պատահել։
— Առողջությունս չեմ կորցրել,— պատասխանում է վաճառականը,— ոչ էլ կարողությունս, դեռ մեկին երեք-չորս էլ աշխատել եմ։ Իմ ցավը ուրիշ ցավ է, էսօր համբերեցեք, էգուց կպատմեմ՝ կիմանաք։
Պատվիրում է, սնդուկները ներս են բերում, հանում է մեծ աղջկա ուզած անգին քարերով շինած ոսկի ապարոշը իրեն է տալիս։ Միջնեկ աղջկա ուզած հայելին էլ իրեն է տալիս։ Փոքր աղջկա Կարմիր ծաղիկն էլ ոսկի ծաղկամանով իրեն է տալիս։
Առավոտը որ լուսանում է, մեծ աղջկանը կանչում է, ինչ որ իրեն հետ պատահել էր, պատմում է ու հարցնում, թե կհոժարի՞ գնա ապրի անտառի տիրոջ՝ անճոռնի հրեշի մոտ ու իրեն ազատի չարաչար մահից։ Մեծ աղջիկը հրաժարվում է. ասում է.
— Ես ինչո՞ւ եմ գնում, ում համար Կարմիր ծաղիկը բերել ես, թո՛ղ նա գնա։
Միջնեկ աղջկանն է կանչում, նա էլ է հրաժարվում։ Փոքր աղջկանն է կանչում, ամեն բան պատմում։ Փոքր աղջիկը հոր առաջը ծունկի է գալիս, ասում է.
– Ես կգնամ, հայրի՛կ, օրհնի՛ր ու ճանապարհ դիր ինձ, ես կգնամ կապրեմ անտառի տիրոջ՝ անճոռնի հրեշի հետ։ Ոնց որ դու ինձ համար Կարմիր ծաղիկը բերել ես ու ընկել փորձանքի մեջ, էնպես էլ ես պետք է ազատեմ քեզ էդ փորձանքից։
Էն օրն էլ է անց կենում, մյուս օրն էլ, վրա երեք գիշերը վաճառականը պետք է բաժանվեր աղջկանից։ Հրեշի մատանին հանում է, բերում աղջկա ճկութը դնում թե չէ՝ աղջիկն իսկույն, իր ունեցած-չունեցածն էլ հետը, անհետանում է։
Անհետանում է, մին էլ աչքը անտառի հրեշի շքեղ ապարանքումն է բաց անում, մի ոսկի մահճակալի վրա, փափուկ, մետաքսե անկողնում։ Գլուխը վեր է քաշում, տեսնում է՝ Կարմիր ծաղիկն էլ ոսկե ծաղկամանի մեջ՝ դրած կողքին։ Սիրտն ուզում է պալատը ման գա, վեր է կենում, գնում բոլոր սենյակները ման գալիս, բոլոր հրաշալիքները տեսնում, հիանում։ Հետո իր սիրած Կարմիր ծաղիկն առնում է, իջնում այգին։ Այգին է մտնում թե չէ՝ թռչունները երգում են իրենց եդեմական երգերը, ծառերը, ծաղիկներն ու թփերը քնքշորեն ճոճելով իրենց գլուխները, խոնարհում են առաջին։ Ու գնում է աղջիկը, զբոսնելիս գտնում է հենց էն թումբը, որի վրից իր հերը Կարմիր ծաղիկը պոկել էր։ Ուզում է նորից տնկի իր տեղը, բայց ինքը՝ ծաղիկը, ձեռքիցը թռչում է, կպչում իր բնին ու բացվում առաջվանից ավելի գեղեցիկ։ Էս հրաշքի վրա աղջիկը շատ է զարմանում, շատ է ուրախանում ու ետ է գալիս պալատը։
Գնում է, պալատի սենյակներում ման է գալիս, տեսնում է՝ մեկում էլ մի սեղան է բաց արած, աստծու ամեն բարին վրեն։ Մտքումն ասում է. «Անտառի հրեշը երևի ինձ վրա չարացած չի, բարի աչքով մտիկ կանի, տեր ու տիրական կլինի։ Էս մտածելու ժամանակ մին էլ էն է տեսնում՝ մարմարե ճերմակ պատի վրա հրեղեն տառերով երևացին էս խոսքերը. «Ես տեր չեմ քեզ համար, ես քո հնազանդ ծառան եմ։ Դու իմ տիրուհին ես, ինչ որ քո սիրտն ուզի, կկատարեմ ամենայն սիրով»։ Էս խոսքերը կարդում է թե չէ՝ սեղանը լցվում է ամեն տեսակի քաղցրավենիներով, շաքարեղեններով ու անուշ խմիչքներով, ու բոլորը՝ մաքուր ոսկեղեն ամանների մեջ։ Ուրախ–ուրախ նստում է, ուտում, խմում, զովանում, երաժշտությունով զվարճանում, ճաշելուց հետո էլ ետ գնում կանանչ այգիներում ճեմելու, հազար ու մի հրաշալիքների վրա զմայլելու։
Էսպես ապրում է աղջիկն անտառի տիրոջ պալատում։ Ամեն օր կարած-պատրաստ նորանոր էն տեսակ ճոխ ու զարդարուն զգեստներ է ստանում, որ ո՛չ լեզվով պատմել կլինի, ո՛չ գրչով նկարագրել։ Կամաց-կամաց սկսում է ձեռագործով պարապել, ոսկով, արծաթով ու մարգարտով ասեղնագործել։ Իր ձեռագործներից ղրկում է հորը նվեր, իսկ ամենալավը պատրաստում է անտառի տիրոջ համար, բայց չի իմանում՝ ինչպես նվիրի։
Էսպես բավական ժամանակ անց է կենում։ Ջահել աղջիկը ընտելանում է իր կյանքին, ո՛չ մի բանի վրա զարմանում է, ո՛չ էլ՝ մի բանից վախենում։ Ծառայում են անտեսանելի ծառաներ, տալիս են, առնում են, իր բոլոր հրամանները կատարում են։ Ու աղջիկը սկսում է օրեցօր ավելի ու ավելի սիրել իր տիրոջը։ Իմանում է, որ նա էլ իրեն է սիրում և նա ավելի է սիրում իրեն, քան թե ինքը նրան, ու շատ է ուզում մի անգամ ձենը լսի, հետը զրույց անի։ Հետզհետե սկսում է խնդրել, աղաչել, բայց անտառի տերը չի անում, վախենում է իր ձենով նրան վախեցնի։
Մի անգամ էլ աղջիկը այգին է իջնում, գնում իր սիրած տեղը նստում՝ չորս կողմից տերևներով ու ծաղիկներով շրջապատված։ Նստում է ու դիմում աներևույթ անտառի տիրոջը.
– Իմ անուշ, իմ բարի տեր,— ասում է,— մի՛ վախենար, թե ինձ քո ձենով կվախեցնես։ Էսքան բարությունից հետո ես գազանի մռնչյունից էլ չեմ վախենալ, մի՛ վախենար, խոսի՛ր ինձ հետ…
Մին էլ հանկարծ լսում է, որ մինը ասես թե հառաչեց թփերի ետևից, ապա թե լսում է սարսափելի, վայրենի, խուլ ու խռպոտ ձենը, և էն իբրև թե շշնջում է։ Աղջիկը մին ցնցվում է, մին էլ իրեն տիրում է, ցույց չի տալիս, թե վախեց ու կամաց-կամաց հաճույքով լսում է նրա անուշ, փաղաքուշ խոսքերը, խոր ու խելացի մտքերը, ու սիրտը բացվում է, լցվում է անհուն ուրախությունով։
Էն օրվանից կանաչ այգում լինեին, մութն անտառում թե պալատում, ամեն օր զրույց էին անում իրար հետ։ Աղջիկը հենց հարցնում է.
— Էստե՞ղ ես, արդյոք, իմ սիրելի տեր։
— Էստեղ եմ, իմ աննման տիրուհի, ես քո հլու ծառան, քո հավատարիմ ընկերը,— պատասխանում է անտառի տերը, անճոռնի հրեշը։
Ու աղջիկը էլ չի վախենում նրա վայրենի, սարսափելի ձենից, ու զրույց են անում, զրույց են անում անվե՜րջ, անվե՜րջ…
Շատ ժամանակ է անց կենում էսպես, թե քիչ՝ աղջիկը սրտով ցանկանում է մի անգամ էլ իր աչքով տեսնի անտառի տիրոջը՝ անճոռնի հրեշին ու սկսում է խնդրել, աղաչել, որ իրեն երևա։
— Չէ՛, իմ աննմա՛ն գեղեցկուհի, էդ մի՛ խնդրիր ինձանից, որ ես քեզ երևամ ու իմ զզվելի դեմքը, իմ այլանդակ մարմինը քեզ ցույց տամ։ Ինձ աչքով տեսնես թե չէ՝ կատես, աչքից կգցես, քեզանից հեռու կքշես, իսկ ես, որ քեզանից հեռանամ, կարոտից կմեռնեմ։
Էսպես է պատասխանում անտառի տերը՝ անճոռնի հրեշը ու չի կամենում երևա։ Բայց աղջիկը համառում է իր ասածի վրա, երդվում է, թե աշխարհքում ոչ մի հրեշից իսկի էլ չի վախենում և որ նրան, իր բարի տիրոջը, չի ատիլ երբեք։
— Դե լավ,— ասում է հրեշը,— որ էդպես է, կկատարեմ քո ցանկությունը, թեև հաստատ գիտեմ, որ դրանով պետք է իմ երջանկությունը խորտակեմ ու անմուրազ մեռնեմ։ Իրիկվա աղջամուղջին, երբ արևը կմտնի անտառի ետևը, արի այգին ու ինձ կանչիր, ասա՛. «Հայտնվի՛ր ինձ, իմ հավատարի՛մ ընկեր»։ Եվ եթե կտեսնես, որ էլ չես կարող ինձ մոտ մնալ, ես էլ չեմ ուզիլ քեզ գերության մեջ պահեմ, քո ննջարանում, բարձիդ տակին է իմ ոսկի մատանին։ Դիր աջ ճկութդ, իսկույն դուրս կգաս քո հոր տանը ու երբեք էլ ոչ մի բան չես լսիլ ինձանից։
Իրիկունը, աղջամուղջին, արևը անտառի ետևը ծածկվում է թե չէ՝ աղջիկը կանչում է. «Հայտնվի՛ր ինձ, իմ հավատարի՛մ ընկեր»։ Ու հեռվում երևում է անտառի տերը՝ անճոռնի հրեշը։ Ճամփի կիսով անց է կենում ու կորչում խիտ թփուտի մեջ։ Աղջիկը տեսնում է թե չէ՝ ահից ճչում է ու ճամփի մեջտեղը ուշաթափ վեր ընկնում։ Սոսկալի տեսք ուներ անտառի անճոռնին. ձեռները ծուռ–ծուռ, մատները՝ ճանկերով, ոտները՝ ձիու սմբակներ, առջևի ու ետևի կողմից՝ ուղտի սապատներ, ոտից գլուխ բրդոտ, բերանի երկու կողմից դուրս տնկված երկու վարազի ժանիք, քիթը՝ կեռ ուրուրի կտուցի նման, իսկ աչքերը՝ ոնց որ բուի աչքեր…
Աղջիկը մին էլ էնտեղ է ուշքի գալիս, որ մինը կողքին լաց է լինում ու մղկտում։
— Ինձ սպանեցիր, իմ աննման տիրուհի, էլ քո սիրուն երեսը ես չեմ տեսնելու… Դու էլ չես լսում ինձ… Ավելի լավ է՝ հենց էսպես անմուրազ մեռնեմ ու պրծնեմ։
Աղջիկը որ լսում է, խղճահարվում է, ամաչում է, որ իր բարի, իր սիրելի ընկերից էնքան վախեցավ։ Ասում է.
— Մի՛ վախենար, իմ բարի, իմ անուշ տեր, էլ քեզանից ես չեմ վախենալ, էլ քեզանից ես չեմ հեռանալ, էլ քո լավությունը ես չեմ մոռանալ, այժմ նորից երևա…
Նորից է երևում անտառի տերը՝ անճոռնի հրեշը, միայն թե՝ ինչքա՜ն աղջիկը կանչում է, չի համարձակվում մոտենա։ Ու զբոսնում են մինչև կեսգիշեր, առաջվա նման անուշ, իմաստալի զրույցներ են անում, ու աղջիկն արդեն ոչ մի ահ ու երկյուղ չի զգում։
Մյուս օրը նորից է տեսնում, բայց էս անգամ՝ արևի լուսով ու թեև մի քիչ վախենում է, բայց ցույց չի տալիս, մի քանի օրից հեաո էդ վախն էլ է անցնում բոլորովին։
Ու սկսում են առաջվանից ավելի քաղցր զրույցներ, ավելի ու ավելի են մոտենում իրար, սկսում են միասին նստել սեղանի, միասին զբոսնել այգիներում ու թափառել մթին անտառներում։
Էսպես էլ բավական ժամանակ է անց կենում։ Մի անգամ էլ աղջիկը երազում տեսնում է, որ իր հերը հիվանդ պառկած է, լաց է լինում, դարդ անում։ Անտառի տերը՝ անճոռնի հրեշը, աղջկա արտասուքը որ տեսնում է, հարցնում է, թե ինչո՞ւ համար է արտասուք թափում ու դարդ անում։ Աղջիկը իր երազը պատոմում է ու խնդրում, որ իրավունք տա՝ գնա իր հորն ու իր քույրերին տեսնի։
— Էլ իրավունք տալը ո՞րն է,— ասում է հրեշը,— իմ ոսկի մատանին քեզ մոտ է. դիր աջ ճկութդ ու նույն վայրկյանին դուրս կգաս քո հորանց տանը։ Բայց իմացած եղիր, եթե երեք օրեն վրա ետ չեկար, էլ ինձ չես տեսնիլ։ Կմեռնեմ, որովհետև քեզ ինձանից ավելի եմ սիրում ու առանց քեզ ապրել չեմ կարող։
Աղջիկը խոսք է տալիս, որ երեք օրից մի ժամ էլ առաջ կվերադառնա, հրաժեշտ է տալիս, մատանին աջ ճկութը դնում ու մին էլ աչքը հորանց դռանն է բաց անում։ Հորանց տանը պատմում է, թե ի՛նչ կյանք ու ապրուստ ունի անտառի տիրոջ՝ անճոռնի հրեշի թագավորության մեջ։ Քույրերը որ իմանում են, թե իրենց փոքր քույրը ի՛նչ անհուն գանձ ու կարողություն ունի և թե ի՛նչ թագուհու իրավունք է բանեցնում իր տիրոջ վրա, նախանձում են։ Առաջին օրն էնպես է անց կենում, ոնց որ մի ժամ, երկրորդ օրը՝ ոնց որ մի վայրկյան, երրորդ օրն էլ մոտենում է իր վերջին։
Էս քույրերը մի չար բան են մտածում։ Մտածում են՝ էնպես անեն, որ իրենց փոքր քույրը խոստացած ժամից ուշանա, անտառի տերը բարկանա վրեն։ Բերում են, քնի դեղ են տալիս․ սրա վրա ծանր մրափ է գալիս, ու մնում է քնած։ Նշանակած ժամը որ զարկում է, սիրտը ճմլում է, մի կերպ աչքը բաց է անում, տեսնում է՝ խոստացած ժամից մի վայրկյան անց է կացել։ Ոսկի մատանին ճկութն է դնում ու իսկույն դուրս է գալիս անտառի տիրոջ ապարանքում։
Ոչ ոք չի գալիս դեմը, ոչ ոք չի հանդիպում։
Լռություն ու մեռելություն։ Ո՛չ այգիներում թռչուններն են երգում իրենց դրախտական երգերը, ո՛չ շատրվաններն են զվարթ վեր ցայտում իրենը ջրերը, ո՛չ աղբյուրներն են խոխոջում, ո՛չ էլ երաժշտությունն է հնչում մարմար պալատներում։ Սիրտը մի վատ բան է գուշակում։ Վազեվազ պտտում է ամբողջ պալատն ու այգին, կանչում է իր սիրելի ընկերին, ոչ մի կողմից ո՛չ ձեն է գալիս, ո՛չ պատասխան։ Վազում է դեպի էն թումբը, ուր բուսել ու ծաղկում էր իր Կարմիր ծաղիկը։ Ի՞նչ է տեսնում։ Անտառի տերը՝ անճոռնի հրեշը, երկու թաթերով Կարմիր ծաղիկը պինդ գրկած ու ընկած թմբի վրա։
Ասում է՝ երևի ինձ սպասել է, սպասել, ու քունը տարել է, խորը քնել։ Սկսում է զգույշ զարթեցնել, տեսնում է՝ չի լսում, ժաժ չի գալիս։ Վերցնում է բրդոտ թաթը, տեսնում է՝ անշունչ, մեռած ընկած է… Աչքերը մթնում են, ծնկները տակին ծալվում են, տեղնուտեղը չոքում է, երկու ձեռքով անճոռնի հրեշի այլանդակ գլուխը գրկում ու բարձր ձենով լաց լինում, ճչում.
— Վե՛ր կաց, զարթնի՜ր, իմ սրտակից ընկեր, ես սիրում եմ քեզ, իմ սրտով սիրածն ես դու…
Էս խոսքերն ասում է թե չէ՝ հանկարծ կայծակը ճայթում է, երկիրը շարժվում է հիմքից, հրեղեն լախտը զարկում է թմբին, ու աղջիկը ուշաթափ ընկնում է, մնում տեղնուտեղը ընկած։
Շատ է մնում, թե քիչ, էդ էլ չի իմանում, միայն որ աչքը բաց է անում, տեսնում է՝ ինքը մի պալատում, անգին քարերով զարդարած ոսկե գահի վրա նստած է, մի ջահել, գեղեցիկ երիտասարդ էլ ձեռը բռնած, կողքին կանգնած։ Երիտասարդի գլխին՝ թագավորական թագ, հագին՝ ոսկեհուռ զգեստ։ Առաջին կանգնած են հերն ու քույրերը, իսկ չորս կողմը ծունկի եկած պալատական թիկնապահները, բոլորը՝ հագած ու զուգված ոսկեզօծ և արծաթազօծ կերպաս զգեստներով։
Ու երիտասարդը դառնում է դեպի իրեն.
— Իմ աննման տիրուհի, ոնց որ իմ բարության համար դու սիրեցիր ինձ հրեշի անճոռնի կերպարանքում, այժմ էլ սիրիր մարդկային կերպարանքում, եղի՛ր իմ սրտով սիրած հարսնացուն։ Չար կախարդը իմ հանգուցյալ թագավոր հոր վրա բարկացած, ինձ գողացել էր մանուկ ժամանակից, դարձրել էր անճոռնի հրեշ ու կապանք էր դրել վրես, որ էն սոսկալի ու այլանդակ կերպարանքով ամենքին ու ամեն արարածի ատելի մնամ, մինչև որ մի գեղեցիկ աղջիկ գտնվի, որ ինձ սիրի ու ցանկանա իմ կինը լինել։ Էն ժամանակ պետք է քանդվեր կախարդական կապանքը։ Երեսուն տարի ես մնացի էսպես կախարդված, երեսուն տարվա մեջ տասնումեկ աղջիկ բերի իմ ամրոցը, իսկ դու եղար տասներկուերորդը։ Նրանցից ոչ մինը ինձ չսիրեց ո՛չ իմ փաղաքշանքների, ո՛չ իմ սիրո, ո՛չ էլ իմ բարության համար։ Միայն դու եղար, որ իմ սիրո դեմ սեր ցույց տվիր ինձ, դրա համար էլ դու պետք է լինես իմ պաշտելի թագուհին։
Էստեղ էլ աղջկա հերն ու նախանձոտ քույրերը, պալատականները, ծառաները, ամենքը, ամենքը ամեն կողմից առաջ են գալիս, շնորհավորում են նորահարսի ու նորափեսի բախտավորությունն, ու սկսվում է ուրախ հարսանիքի հանդեսը։