Jump to content

Հայերէնի աշխարհաբար քերականութիւն/Բառերի կազմութիւնը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԲԱՌԵՐԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

Նայելով կազմութեան՝ բառերը լինում են երեք տեսակ՝ պարզ, բարդ, և ածանցական։

Ամէն բառ ունի իր արմատը. - Երգիչ, երգել, երգարան բառերի արմատն է երգ։ Մայրիկ, մայրենի, մայրական բառերի արմատն է մայր։

Արմատը բառի անփոփոխ մասն է։

Բառի արմատին միացած մասնիկը կոչւում է ածանց։

Որոշել հետևեալ բառերի արմատն ու ածանցը. – համեղ, հայրիկ, պաշտօն-եայ, ուսումնական, չարիք, բարութիւն, հայերէն։

Բառերի արմատն առանձին վերցրած մի նշանակութիւն կամ մի միտք ունի, իսկ մասնիկը կամ ածանցն առանձին ասած որևէ նշանակութիւն չունի։

Այն բառը, որ կազմւած է միայն մի արմատից, կոչւում է պարզ բառ։

ԲԱՐԴ ԲԱՌ

Երկու պարզ բառեր իրար միանալով կազմում են բարդ բառ. օրինակ՝ գրչածայր, մանրավաճառ, երկաթուղի։

րչածայր բառը կազմւած է գրիչ և ծայր բառերից, որոնք իրար կապւած են ա ձայնաւորով, որին յօդակապ ենք ասում։

Բոլոր բարդ բառերը յօդակապ չեն ունենում, երբ երկրորդ բաղադրիչ մասը ձայնաւորով է սկսւում, յօդակապ չի դրւում օրինակ՝ ազգօգուտ և ջրանցք բառերում։

Կան մի շարք բարդ բառեր որոնց երկրորդ բաղադրիչ մասը թէև ձայնա-ւորով չի սկսւում, յօդակապ չեն վերցնում օրինակ՝ հացթուխ, ջրվէժ, հրշէջ, և այլն։

կազմել բարդ բառեր հետևեալ բառերից. – թանաք. աման, բարձր-հասակ. զօրք-գլուխ, զօրք-պետ, երկիր-գունդ. քաղցր-ձայն, փոքր-հասակ, գութ-առատ, հաց-թուխ, ժամ-գիրք, գիրք-վաճառող, թուխ-դէմք։

ԱԾԱՆՑԱԿԱՆ ԲԱՌ

Երբ բառը կազմւած է մի արմատից և մի ածանցից կոչւում է ածանցական բառ։ Ածանցները լինում են երկու տեսակ՝ նախածանց և վերջածանց։ Երբ ածանցը բառի վերջումն է, կոչւում է վերջածանց։

Կազմել ածանցական բառեր հետևեալ վերջածանցներով։

Հետևիր տւած օրինակներին։

1. աւէտ – հոտաւէտ, ծաղկաւէտ 7. աւոր – թագաւոր, ձիաւոր
2. եղէն – մսեղէն, կանաչեղէն 8. ենի – խնձորենի, վայրենի
3. նոց-անոց – հիւսնոց, զօրանոց 9. ական – օգնական, պատմական
4. ացի – գիւղացի, քաղաքացի 10. իկ – հայրիկ, քոյրիկ
5. ագոյն – մեծագոյն, լաւագոյն 11. ուհի – ընկերուհի, ուսուցչուհի
6. արան – ննջարան, տպարան 12. ոտ, կոտ – աւազոտ, ամաչկոտ

Բացատրել. թէ այս վերջածանցներն ի՞նչ նոր իմաստ են տալիս բառին։

Ածանցը միայն բառի վերջում չի գրւում. բառեր էլ կան, որոնց ածանցը դրւում է բառի սկզբում։ Այսպիսի ածանցները կոչւում են նախածանցներ։ Նախածանցներից հինգը՝ ան, ապ, դժ, տ, չ կոչւում են ժխտական կամ բացա-սական մասինկներ. որովհետև ժխտում են բառի իմաստը. օրինակ՝

1. ան – անբախտ, անտուն 4. տ – տգեղ, տգէտ
2. դժ – դժգոյն, դժգոհ 5. չ – չտես, չհաս
3. ապ – ապերախտ, ապօրինի

Համ -. նախածանցը ցոյց է տալիս նոյնութիւն. օրինակ՝ համաձայն, համա-զգեստ, համազարկ և այլն։