Jump to content

Հայոց դրամբյանիզմն ու ես

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայոց դրամբյանիզմն ու ես

Ետ եկան դարձյալ իմ «լուրջ կրիտիկոսները» – Դրամբյանն ու Ս. Հ.–ն։ Եվ ստիպված ենք դարձյալ այբ-բեն ասելու։

Ի՞նչ պետք է անենք. մարդիկ կրիտիկոս են դառել ու իրենք էլ են ցավի մեջ մնացել, մենք էլ. վերջապես՝ ի՞նչ պետք է անեք, հայոց մամուլն է խոսում։

Բայց ցավը մենակ էն չի որ հայոց մամուլի էս կամ էն օրգանը կարող է էսքան տգետ լինել կամ էսպես տգետ կրիտիկոսներ ունենալ։ Գրական տգիտությունը կամ տգետ քննադատությունը ամեն մի նոր առաջ եկող գրականության մեջ սովորական երևույթ է, սակայն մեր մեջ տգիտության վրա ավելանում է վատ հոգին, հոգու չարությունը։

Եվ եթե մի «Մշակ» կամ մի «Հովիտ» սրանց տեղ են տալիս, ձայնակցում են ու հրճվում՝ պատճառը մենակ գրական տգիտությունը հո չի, այլև հոգու չարությունը, ապականված սիրտը։

Եվ սա Դրամբյան չի արդեն, այլ դրամբյանիզմ։ Ես էլ էդ պատճառով է, որ կարևորություն եմ տալիս ու լուրջ խոսում էս տխուր երևույթի վրա։

Առայժմ մի կողմ թողնենք ամեն երկրորդական բան, գտնենք գլխավոր հարցն ու կանգնենք նրա վրա։

Պարոն Ռ. Դրամբյանն ու չգիտեմ ինչ՝ Ս. Հ.–ն, կամ մի խոսքով ասենք դրամբյանիզմը – գտել են, որ հայոց «գրական մեծությունները» բանագողությունով են պարապում, ժողովրդական ստեղծագործություններն առնում են ու չնչին փոփոխություններով կամ բառացի հրատարակում՝ իբրև իրենց ինքնուրույն գրվածք։

Էդ երևույթը անվանում են զզվելի թալան, կեղտոտ ուղի, ավերիչ ժանտախտ, գրական շանտաժ և այլն, և այլն, և այլն, և «Մշակի» ու «Հովիտի» էջերում հայոց բարեպաշտ ազգին հորդոր են կարդում առնել էս ազգային դժբախտության առաջը։ Էս սրբազան ջհաթը մասնավորապես ուղղած էր ինձ վրա, իբրև նրա համար, որ ժողովրդական նյութեր եմ առել Ս. Հայկունու ժողովածվից, ինչպես 1910 թվականի «Մշակի» մի քանի համարում ցույց էր տալիս Ռ․ Դրամբյանը, ու գրեթե բառացի հրատարակել եմ իմ անունով, առանց հիշելու, թե ժողովրդական է, ապա թե նրանից հետո Ս. Հ–ն մեջտեղ եկավ «Հովիտի» էս տարվան №16-ում և հայտարարեց, թե ես «Գառնիկ ախպեր» հեքիաթը թարգմանել եմ ռուսերենից ու տպել եմ իբրև ինքնուրույն գրվածք։ «Մշակն» էլ երկու անգամ իրար ետևից էս մասին ավետեց իր «հառաջադիմական» ընթերցողներին։

Իր ժամանակին ես պատասխան եմ տվել Դրամբյանին, այժմ էլ «Հովիտի» Ս. Հ–ին պատասխանեցի «Հորիզոնի» № 95–ում, ցույց տվի, որ դա զուտ հայկական հեքիաթ է և առել եմ ահա էս ինչ ու էն ինչ վարիանտներից։ Իհարկե, «Մշակն» էս մասին լռեց, մինչև նոր հարմար դեպքը, իսկ Դրամբյանն ու Ս. Հ.-ն նորից ասպարեզ եկան մինը «Հորիզոն» № 45–ում, մյուսը «Հովիտի» № 22-ում և նորից պնդում են իրենցը, այժմ էլ ուրիշ ձևով, թեկուզ Հայկունուց չես օգտվել, թեկուզ ռուսերենից չես թարգմանել, բայց հո հայերենից ես առել, թեկուզ բառացի չի, բայց հո էլի էն նյութն է, նույն տիպերն են, նույն արտահայտություններն են, և թե ինչու վրեն չես գրում ժողովրդական։

Իբրև թե եթե գրեի ժողովրդական, ամեն բան կվերջանար նրանց համար, դրամբյանիզմի համար, հայոց էս մամուլի համար։ Բայց, իհարկե, սուտ են ասում։ Եթե դրանով վերջանար, ես կասեի – ո՜վ «Մշակ», ո՜վ «Հովիտ», ո՜վ Տեր-Եզնիկ, ո՜վ Քալանթար, ո՜վ Համբարձում Առաքելյան, ո՜վ Դրամբյան, ո՜վ Ս. Հ., բաց արեք տեսեք 1905 թ. «Հասկերը» № 1, հենց առաջին երեսին, մեծ–մեծ տառերով տպած է՝ «Գառնիկ ախպեր» հայ ժողովրդական հեքիաթ։

Էդպես էլ մյուսները։

Բայց սխալ է, եթե կարծում եք, էս որ ասի, մի «Հովիտ» կամ մի «Մշակ», մի Ս. Հ.– կամ մի Դրամբյան կամաչեն ու կլռեն։ Ո՜չ, հազար-հազար անգամ՝ ոչ։

Դրանից ավելի խիստ ապացույցներ ու փաստեր եմ հանել նրանց դեմ, տպված են, հայտնի են, այսուամենայնիվ նրանք շարունակում են անվանարկել, թունավորել միշտ նոր ու նոր տխմարություններ ու հայհոյանքներ կուտակելով մեջտեղը։

Իհարկե, էդ բոլորն ինձ ի՜նչ պետք է անեն. ոչինչ, և ժողովրդական առածի ասած՝ քոռամուկն ինչքան հող փորի՝ իր գլխին կածի, բայց երևույթը, երևույթը շատ է գարշելի, հոգին շատ է ցած ու վատ։

Բայց առայժմ մի շատ հետաքրքրական պատմություն պետք է անեմ։

Եվ ահա պատմությունը։

Անցյալ դարի սկզբներին ռուսաց գրականության մեջ հայտնվում է մի ջահել մարդ, անունը Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկին։ էս Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը բանաստեղծ է լինում։ Եվ որովհետև բանաստեղծ է լինում, դրա համար էլ բանաստեղծություններ է գրում, էն էլ զանազան տեսակի։ Եվ որովհետև զանազան տեսակի բանաստեղծություններ է գրում, բազմազան էլ նյութեր է առնում իր երգերին, էլ սեր, էլ ընկեր, էլ հայրենիք, էլ բնություն, էլ ժողովուրդ, էլ պատմություն, դրանց հետ նաև ժողովրդական նյութեր – լեգենդներ ու հեքիաթներ։

Լսո՞ւմ եք։ Եվ ժողովրդական նյութեր է առնում մշակում, ինչպես խելքը կտրում է, և ինչքան ուժը պատում է, տպում է, վրեն էլ գրում է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկին։

Գրական ճաշակի ու հասկացողության տեր մարդիկ հրճվանքով ողջունում են երիտասարդ բանաստեղծին, սիրում են առանձնապես նրա ժողովրդական նյութերի մշակումը, որոնց հետ ռուսաց գրականության մեջ էր մտնում ռուսաց ժողովրդական ոճն ու շունչը, իսկ հայտնի Ժուկովսկին հենց առաջին հեքիաթի – «Руслан и Людмила»–ի համար ղրկում է Պուշկինին իր պատկերը վրեն մակագրած՝ «հաղթված ուսուցիչը – հաղթող աշակերտին»։

Հիմի կասեք. Հապա եթե էնտեղ էլ համ բանաստեղծ կար, համ ժողովրդական նյութեր կային, համ էդ նյութերի մշակումը կար, հապա ի՞նչպես է, որ Դրամբյան չկար, Ս. Հ. չկար, «Մշակ» չկար, «Հովիտ» չկար... Ինչպես չկար, հենց էդ եմ ասում։

Գրական տոնի և ուրախության հենց էն տաք ժամանակը իր իշի վրա նստած հայտնվում է տխրահռչակ Каченовский–ն, որ հենց սրանով էլ մնում է անմահ ռուսաց գրականության պատմության մեջ, և Житель Бутырской свободы կեղծ անունով տպում իր լուրջ «կրիտիկան» «Вестник Европы» 1820 թվի №11– ում. – Արթուն կացե՛ք, քաղաքացինե՛ր, հայրենիքը վտանգի մեջ է... մի ինչ-որ Պուշկին է դուրս եկել...

Ռուսաց գրականության պատմությունն ասում է. «Житель Бутырской свободы» увидел в мысли Пушкина воспользоваться русским сказочным элементом просто неприличие, бедствие и явление отвратительное...

Էնքան նման «Մշակի» Դրամբյանին ու «Հովիտի» Ս. Հ.–ին, որ քիչ է մնում կարծեմ, թե ես էլ Պուշկին եմ։

Իհարկե, ներողություն եմ խնդրում իմ սիրելի հայրենակիցներից, որ էս տեսակ մի համեմատություն անցկացրի մտքովս։ Ես լավ գիտեմ, որ նրանք թույլ չեն տալ բնավ, որ Թիֆլիսի էս ինչ փողոցում, էս ինչ համարի տանը մի ուրիշ Պուշկին լինի, էն էլ հայ։ Բայց վեճի նմանությունը շատ է մեծ, նրա համար հիշատակեցի։

Եվ հետաքրքրական է ավելին լսել, ավելի զարմանալի նմանությունը տեսնելու։

Ռուս Դրամբյանն էլ մեղադրում է Պուշկինին, թե նա իր հեքիաթը վերցրել է ռուսաց Հայկունու – Кирша Данилов–ի ժողովրդական նյութերի հավաքածուից։ Ասում է. «Чего ждать, когда наши поэты начинают пародировать Киршу Данилова? Возможно ли просвещенному или хоть немного сведущему человеку терпеть, когда ему предлагают новую поэму, писанную в подражание Еруслану Лазаревичу».

Եվ ճիշտ «Մշակի» Դրամբյանի ու «Հովիտի» Ս. Հ.–ի նման էլ նմանություններ է գտնում։ Ասում է. «Для большой точности, или чтобы лучше выразить всю свою прелость старинного нашего песнопения, поэт и в выражениях уподобился Ерусланову рассказчику...

Եվ նախադասություններ ու բառեր է բերում, ցույց տալու, թե պատմությունն ու տիպերը հո նման էին, արտահայտությունն ու լեզուն էլ ինչքա՜ն նման են։

«Теперь прошу, писал о н, обратить ваше внимание на новый ужасный предмет, который, как у Камоэнса Мыс бурь, выходит из недр морских и показывается посреди океана Российской словесности. Пожалуйста, напечатайте же мое письмо; быть может, люди, которые грозят нашему терпению новым бедствием, опомнятся, рассмеются – и остановят намерение сделаться изобретателями нового рода русских сочинений. Дело вот в чем: – Вам известно, что мы ог предков получили небольшое бедное наследство литературы, т. е. сказки и песни народные. Что об них сказать?- Если мы бережем старинные монеты, даже самые безобразные, то не должны ли тщательно хранить и остатки словесности наших предков?..».

Իսկ մի ուրիշը գրում էր, թե՝

«Мать дочери велит на эту сказку плюнуть».

Իհարկե, հետո բացվեց ու էսօր ապացուցված է, որ Պուշկինը չի էլ օգտվել Кирша Данилов–ի հավաքածուից, և ռուսաց գրականության պատմությունը ցավ հայտնելով դրա համար, որ չի օգտվել, ասում է.

«Но нужно помнить, что самое содержание русского фольклора раскрывалось медленно и современные научные воззрения на фольклор и на вопрос об отношении его к книжной словесности в сущности сходятся с тем практическим решением его, какое дал Пушкин в «Руслане и Людмиле». Универсальность сюжетов фольклора и зависимость его от творчества книжного или индивидуального–результат только новейших изучений. В их свете свободное отношение Пушкина к чудесно-фантастическим сюжетам и приурочение их к национальному преданию – есть акт гениального предвидения...» (Библиотека великих писателей, под ред: Венгерова, Пушкин, т. I. соч. Пушкина с объясн. их и сводом отзывов критики Л. Поливанова, Руслан и Людмила).

Но нужно помнить էն էլ, որ էս ամենը հետո հայտնվեց ու ասվեց։ Դրա համար հարկավոր էր մի Բելինսկի գար ու ամեն մեկին ցույց տար իր տեղը։ Իսկ մինչև նրա գալը, էդ ռուս Դրամբյաններն ու Ս. Հ.–երը և նրանց խրախուսող ռուսական «Մշակներն» ու «Հովիտները», որ շարունակ կուրծք էին ծեծում, թե իրենք գրականության ու ազգի սիրուց են էրվում, շատ մտքեր ու շատ արյուն պղտորեցին։

Սառնասիրտ Крылов–ը էդ «լուրջ կրիտիկայի» ծանր տպավորության տակ իր սրտի ցավը թողեց ռուսաց գրականության մեջ մի քառյակով.

«Напрасно говорят,-что критика легка;

Я критику читал Руслана и Людмилы:

Хоть у меня довольно силы,

Но для меня она ужасно как тяжка».

Պուշկինի բարեկամ իշխան Վյազեմսկին առաջարկում էր ուժով լռեցնել էդ իդիոտներին, իսկ Պուշկինն ինքը, տեսնելով, որ քննադատը չի կանգնած իր առջև, այլ բթությունը, որ դուրս է եկել իր կոպիտ ձեռքը բարձբացրել միայն հարվածելու հանուն հայրենիքի ու գրականության, նրա հաստ ու տափակ ճակատը խարանեց մի շարք էպիգրամմաներով, որոնք հայտնի են «На Каченовского» ընդհանուր վերնագրով։ Ահա նրանցից մինը։

Нахальство, Аристарх, таланту не замена,

Я буду всё поэт, тебе наперекор,

А ты останешься всё тот же-крохобор,

Плюгавый выползок из гузка Дефонтена.

Եվ էստեղ ես ուզում եմ պարծենալ ու հիշեցնել, որ ես Պուշկինի նման անքաղաքավարի չեմ վերաբերվել դեպի իմ Արիստարխները, ու էս տեսակ բաներ չեմ ասել սրանց, թեև սրանք շատ ավելի աներես ու չար են, քան ռուս պրոֆ. Каченовский–ն, և էնպես, ինչպես Պուշկինն է զզված բացականչել, թե– «ո՞ր սատանեն արավ, որ ես բանաստեղծ ծնվեի Ռուսաստանում», ես երբեք էդ տեսակ բացականչություն չեմ արել, թե՝ ո՞ր սատանեն արավ, որ ես բանաստեղծ ծնվեի հայերի մեջ, թեև ես հազար անգամ ավելի իրավունք ունեի։

Չէ՞ որ միայն մի թշվառ Каченовский և իր նման մի երկուսը չէին, որ զզվեցրել էին մի Պուշկինի։ Չէ՞ որ միայն էդ մի անախորժ վիճաբանությանը չէր նրա զայրույթի ու զզվանքի պատճառը։

Եվ մի՞թե մեծ ու փոքր Դրամբյանն ու Ս. Հ.-Ա նորություն են մեր կյանքում, մի՞թե թշնամությունն ու չարությունը մեր ամենօրյա հացը չեն, մի՞թե հայհոյանքն ու սուտը երբևէ պակասել են մեր գլխից, և մի՞թե մենք կտեսնենք դրանց վերջը...

- Բնա՛վ։

Եթե ռուս Каченовский–ներն առաջ են եկել իբրև իմաստակներ և համառելով մնացել ու թաղվել են իրենց մոլորության մեջ, հայ մեծ ու փոքր Դրամբյանները սկզբից մինչև էսօր հայտնվել են իբրև մաղձոտ հոգիներ և հուսահատորեն ճգնել են միայն հարվածել, թունավորել, վնասել, սպանել։ Ուրիշ խնդիր է, թե ուժ չեն ունեցել ու չեն կարողացել, բայց էդ է եղել ձգտումը, հոգին։ Եվ նրանցից բան չեք կարող հասկանալ, ոչ էլ կարող եք բան հասկացնել։

Կասեն՝ վերցրել եք բառացի էսնչից։ Ցույց կտաք, որ չեք վերցրել։ էդ նշանակության չունի։ Կասեն՝ թարգմանել եք։ Ցույց կտաք, որ թարգմանություն չի։ Դարձյալ չեն լռի։ Կասեն ինչո՞ւ չեք վրեն գրում ժողովրդական։ Թվականով, տեղով, էջով ցույց կտաք, որ գրել եք վրեն ժողովրդական։ Միևնույն է, նրանք իրենցը կշարունակեն։

Ես ցույց տվի, որ իմ մշակած ժողովրդական նյութերի վրա սովորաբար գրել եմ «Ժողովրդական»։ Բայց շատ իզուր։ Ես ոչ թե կարող էի չգրել «Ժողովրդական», այլ ուղղակի չպետք է գրեի։ Մինչդեռ մեր դրամբյանիզմը հանգուցյալ Հայկունու օրինակի վրա ցույց տալով, պահանջում է, որ ես իմ մշակած նյութերի վրա ոչ միայն գրեմ ժողովրդական, այլև՝ թե որտեղ, երբ և ումից եմ լսել։

Եվ մեր մեծ թե փոքր, հառաջադիմական թե կղերական բթամիտ Դրամբյանները մինչև էսօր դեռ չեն հասկացել, թե էն ժողովրդական հում նյութերի համար է, որ բանահավաքները գրում են որտեղ են լսել, երբ են լսել, ով է պատմողը, քանի տարեկան է և այլն, և այլն, որովհետև էն արձանագրություն է, պրոտոկոլ է, և պարտավոր են նույնիսկ նրա սխալներն էլ էնպես գրի առնելու, ինչպես որ կան։ Իսկ մշակածի, գրական լեզվով պատմածի, փոփոխածի, զանազան վարիանտներից կազմածի, չափական ձևի վերածածի վրա չպետք է էլ գրվի, նա արդեն ժողովրդականը չի, թեև բնագիրը ժողովրդիցն է առած։ ճիշտ էնպես, ինչպես հայոց էս կամ էն Դրամբյանը կարող է մի գյուղից լինի դուրս եկած, բայց իրոք էլ գեղջուկ Դրամբյան չի և թույլ չի տալ իրեն գեղջուկ անվանել, այլ մշակված Դրամբյան, «լուրջ կրիտիկոս» Դրամբյան, ազատամիտ թերթի աշխատակից Դրամբյան...

Եվ ահա մենք պարտավորված ենք էդ «լուրջ կրիտիկոս» Դրամբյանին ու հայոց ազատամիտ թերթին ցույց տալու, թե բանահավաքն ուրիշ է, բանաստեղծն ուրիշ, մեկի գրածի պատասխանատուն ժողովուրդն է, մյուսինը – ինքը։

Մի բանահավաք Афанасьев պարտական է հիշելու, թե որտեղ է լսել, օրինակի համար, «Золотая рыбка» հեքիաթը ու ետևիցն էլ բերում է նրա զանազան տեղերի տարբերակները, թե ինչպես մի տարբերակում ձկան դերը աղվեսն է կատարում, երրորդում, թռչնակը, չորրորդում՝ ծառը։

Մեկում ծերունու լավության փոխարեն են վճարում, մյուսում ուղղակի լավություն են անում խղճահարությունից։ Մեկում հարստություն են ուզում, մյուսում՝ իշխանություն, երրորդում ուզում են սուրբ դառնան։ Մեկի վերջում մնում են դատարկ, մյուսում՝ հարուստ ու երջանիկ, երրորդում – դառնում են շներ...

Եվ ամեն վարիանտի տակ մարդը գրում է – Записано з Чердиском уезде, Пермской губ. կամ Записано в Енисейской губ. Իսկ մի բանաստեղծ Պուշկին նույն ժողովրդից վերցնում է նույն հեքիաթը և գրում է «Сказка с рыбаке и рыбке». Գրում է ու ստորագրում Ալեքսանդր Պուշկին։ Եվ որովհետև երբ ասում են հեքիաթ, առակ, լեգենդ, ամեն մի գրականությունից տարրական հասկացողության ունեցող մարդ, մինչև իսկ ռամիկր, գիտեն, որ էդ կնշանակի ընդհանուր, ժողովրդական ստեղծագործություն, որ ամեն մարդ էլ կարող է նյութ առնել ու գրել, պատմելով, փոփոխելով, ավելացնելով ու պակասեցնելով, հեռանալով կամ մոտիկ մնալով։ Եվ ահա Պուշկինն էլ էսպես է պատմում, շատ մոտ ու հավատարիմ մնալով բնագրին, և նրա գրածը արդեն ժողովրդականը չի և չի կարող ու չի էլ գրում վրեն ժողովրդական։ Եվ ռուսաց գրականության պատմությունը Պուշկինի գրածի ու ժողովրդականի էսքան մոտիկությանը շեշտելով հանդերձ ոչ թե հայհոյում է նրան, այլ ընդհակառակը, բարձր գնահատելով պոետի նուրբ հոտառությունն ու զգուշավորությունն, ասում է.

«Текст народной сказки, взятый на этот раз Пушкиным, заключал много достоинств и по стройности состава, и по ярской характеристике обеих главных действующих лиц (старика и старухи). Пушкин, почувствовав эти достоинства своего источника, придержался близко к нему» (Соч. Пушкина с обясн. их и свод. օтзыв. критики Поливанова).

Մեր «լուրջ կրիտիկոսները» պ. Տեր-Ղևոնդյանի դասագրքում թարգմանած ռուսական հեքիաթը հայկականի տեղ են դնում, իսկ հայկականը անվանում են ռուսերենից թարգմանության և կամ «Դասընկերում» տպած գերմանականի խառնուրդ «Զանգլո– Պանգլոն» անխառն հայ ժողովրդական հեքիաթի օրինակ են առաջարկում։ Եվ բացարձակ բոբիկ ու անտեղյակ են առարկայից, որի վրա խոսում են, դեռ հանդգնում են սովորեցնել, թե ինչպես պետք էր ժողովրդական նյութեր մշակել ու գրել։

Իսկ ես, մարդու թարսություն է էլի՛, փոխանակ նրանց խորհրդին հետևելու և գործը խաղաղ վերջացնելու, ուզում եմ ցույց տամ, որ ավելի մեծ հանցավոր ու բանագող եմ, քան թե նրանք գիտեն ու կարծում են։ Ես իմ լեգենդներն էլ եմ ժողովրդից առել, բոլոր հեքիաթներն ու զրույցներն էլ եմ ժողովրդից ու ժողովրդականից առել ու միշտ աշխատել եմ և աշխատում եմ ինչքան կարելի է մոտիկ ու հարազատ մնալ, Սասունցի Դավիթը կազմելիս էլ եմ էդպես արել, նույնիսկ Անուշն էլ, Թմկաբերդն էլ, մյուսներն էլ, որտեղ քեֆս տվել է, օգտվել եմ ժողովրդական նյութերից և շատ անգամ հենց ինչպես իրենք են ասում՝ «բառացի»։

Սրան, իհարկե, ամենայն սիրով կհավատան մեր «լուրջ կրիտիկոսներն» ու նրանց թերթերը, միայն մի ծանր խնդիր կա, որ չի կարող վճռել նրանց պստլիկ ուղեղը, թե ինչպես է, որ ես Հայկունու կամ ուրիշի ժողովրդական նյութերից «բառացի» առնում եմ ու իմ առած «բառացին» «հեշտ փառք է վաստակում ու գումարներ է դիզում...», իսկ բնագիրը, իսկականը չի կարողանում, և կամ իրենք ու Հայկունիները չեն կարողանում անել նույնը։

Ա՛յ զարմանալի «բառացի»...

Ա՛յ հանելուկ...

Եվ ևս խորապես համոզված եմ, որ էս «լուրջ կրիտիկոսներից» սկսած մինչև իրենց խմբագիրները, սրանց խղճուկ բանականությունը էստեղ շշմում է ու մոլորվում, ու ընդմիշտ էլ կմնա նույն ցավալի դրության մեջ։

Եվ անշուշտ սրանց կարելի էր շատ բան ներել։

էս տեսակ մարդիկ արևելյան ու արևմտյան բոլոր մեծ առակախոսներին մի Եզոպոսի, մի Փեդրոսի, մի Լաֆոնտենի, մի Կռիլովի, մի Ոլիմպիանոսի, մի Գյոթեի և նմաններին միշտ կարող էին անվանել գրական շանտաժիստներ, բանագողներ, ավերիչ ժանտախտներ և ինչ որ բերանները գար, և ճշմարիտ որ նրանց գրքերն ու գրվածքներն էլ բոյկոտի ենթարկել և հայհոյելով գրել սովորեցնել։

Չէ՞ որ ամենքն էլ ունին նույն առակները, նույն ագռավներն իրենց պանիրներով, նույն խորամանկ աղվեսներն ու գայլերը, նույն թակարդները, նույն օձերն ու նույն գյուղացիները, և այլն, և այլն։ Եվ նրանք ի՞նչ պիտի անեին։ Կամ պետք է աղաղակեին – Տե՛ր, թող սրանց մեղքերը, որովհետև չգիտեն ինչ են անում ու ինչ են ասում, և կամ թե չէ պետք է իրենց առակներին նոր առակ ավելացնեին, թե ինչպես էշը սոխակին երգել է սովորեցնում և կամ թե ինչպես խոզը պալատն է ընկնում և միայն աղբ է տեսնում էնտեղ։

Անկասկած կարելի էր էս տեսակ մի բացականչությունով կամ մի առակով փակել սրանց հետ խնդիրը, եթե միայն տգիտությունը լիներ մեզ զբաղեցնող առարկան, բայց ես ավելի հոգու չարությունն ու սրտի վատությունն եմ նկատում էստեղ և նրա դեմ է, որ ստիպված եմ գրիչ առնելու էս անհարմար օրերում։

Եվ իսկի նոր չի ու նորություն չի մեզանում գրական անճաշակությունն ու տգիտությունը միացած փոքրիկ հոգու չարությանը, որ ես պատահմունքով «դրամբյանիզմ» անվանացի, և որից ոմանք, սխալվելով, ենթադրում են, թե էս ամենը ուղղած է մի որևէ խեղճ ու կրակ Դրամբյանի դեմ։ Ո՛չ, ով կդառնա ու կթերթի մեր մամուլի հին տարիները, կտեսնի, որ առաջ էդ վատ երևույթը, որ ես «դրամբյանիզմ» անվանեցի պատահմունքով, շատ ավելի խոշոր ու ավելի բազմաթիվ ներկայացուցիչներ է ունեցել, և միայն այժմ նրանք սակավացել ու մանրացել են, դարձել Դրամբյաններ ու Ս. Հ.–եր։

Սրանից մի քանի տարի առաջ ո՛ր հայ գրողի երեսնամյակը, քառասնամյակը, կամ հիսնամյակը տոնում էին – երդվում էր, թե էսքան տարվա ընթացքում իմ գրվածքների վրա մի լուրջ հոդված չեմ կարդացել ու բացի հայհոյանքը ուրիշ բան չեմ լսել։

Պետք է վերջանա էս գարշելի երևույթը, իսկ եթե նրան վերջ չի լինիլ – վերջ չի լինիլ և գրական մարդու ցասումին ու հարվածներին։ Շատ հին ու սուրբ կռիվ է սա։

Սակայն, «Մուրճի» օրերից սկսած մեր մեջ երևում են գրական հասկացողության ու ճաշակի տեր մարդիկ, որոնք քննադատության մեջ դնելով գրական-գեղարվեստական խիստ պահանջներ, միաժամանակ իրենց հետ բերում են լուրջ վերաբերմունք ու հարգանք դեպի գրողն ու գրականությունը։

Տարեցտարի ավելանում է սրանց թիվը, տարեցտարի ուժեղանում են սրանք, սրանց հետ եկել է և մի նոր, թարմ ու ճաշակավոր բազմություն, և սրանց միջից պիտի պայթի ու որոտա էն դատող ու զատող բարկությունը, որ ամեն մի ժողովրդի գրականության մեջ, որոշ շրջանում, գալիս է պայթում բոլոր մեծ ու փոքր, հին ու նոր Դրամբյանների գլխին ու մաքրում, պարզում ժամանակաշրջանի հաշիվները։

Ինձ թվում է, որ հեռու չի էդ օրը մեր մեջ։


1913