Հրկիզված թղթեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հրկիզված թղթեր

Վահան Թոթովենց

[ 1 ] Նա բարձրացավ քաղաքների փողոցներից և գյուղական դաշտերից՝ ինչպես վարարուն հեղեղը դարավոր երաշտից հետո։

Նա բարձրացավ, երբ ժողովրդական մասսաները տկլոր էին, քաղցած ու մռայլ։

Երկրի ամենատիպական ֆիգուրան որբն էր՝ բազմագույն և բազմահազար։

Առուները չէին երգում, և խաղողի ողկույզները կախվում էին միայն հին մատուռների քարերի վրա՝ անշող ու անարյուն։

Սրածություն էր հին այս երկրի սահմանների վրա և սահմաններից ներս։

Թռչունների երամները, ահաբեկված երկրի մթին երկնակամարից, փախել էին դեպի ավելի լուսավոր երկրներ։

Մուրացկանությունը դարձել էր օրինական, և ձեռքերը կարկառվում էին անդողդոջ ու համառ։

Թնդաց «Ինտերնացիոնալը»։ Ժամանակը հանկարծ շրջվեց, ցեխի մեջ խրված անիվներն սկսեցին դառնալ կատաղի թափով, գյուղացու ճակատի վրա փայլեց քրտինքի կաթիլը՝ ինչպես աստղը մռայլ երկնքում, փոկերը շարժվեցին, և շչակները ձայնեցին լուսաբացը։

Մինիստրի գլխարկը, կղերականի վեղարը և մաուզերիստի փափախը թռան երկաթյա հողմից, և ողջ երկիրը վրնջաց զիլ և արևային թարմությամբ։ [ 2 ]
Ա

Պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը Հայաստանի Նոյեմբերյան հեղաշրջումից առանձնապես չտուժեց։ Նոր իշխանությունը վստահեց նրան բարձրագույն ուսումնական հիմնարկության մեջ Արևմտյան Եվրոպայի պատմության ամբիոնը. նա նշանակվեց հեղաշրջումից մի քանի օր հետո կազմակերպված Գիտական խորհրդի անդամ, մի պատիվ, որ նախկին իշխանությունը զլացել էր պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանին։ Հակառակ մայրաքաղաքի բնակարանային սուր ճգնաժամին, նրան թողնվեց չորս սենյակով և մի խոհանոցով բնակարանը, որի մեջ բնակում էին միայն ինքը՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, և կինը՝ Ելենա Բեգլարովնան։ Ոչ մի անգամ հարցաքննության չենթարկվեց հակահեղափոխական, սպիտակ էմիգրանտ դարձած իր եղբոր համար, որի կինը և զավակը մնացել էին նրա խնամքի տակ։

Բայց հեղափոխությունը պրոֆ. Մելիք-Անդրեասյանի քիմքին դուր չեկավ, ինչ-որ անախորժ, օտարոտի զգացում համակեց նրան առաջին իսկ օրից։

***

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը հազիվ քառասունն անց էր, երբ հեղաշրջումը կատարվեց։ Բարձրահասակ էր նա, քունքերի մազերի մեջ արդեն սպիտակն սկսել էր մուտք գործել, ծնոտի ծայրում սրածայր մի միրուք՝ բոլորովին սև, խոշոր, սև աչքերով և բամբ ձայնով։ Նրա դեմքի վրա, սակայն, չէին պակասում տանջանքի գծեր, որոնք պարզորեն արտահայտում էին իր ուսանողական տարիների դժվարությունները։ Այդ դժվարությունները ջնջել էին նրա ազգանվան հետ կապված հպարտության բոլոր հետքերը, վաղուց նա մոռացել էր իր երակներում ոստոստող ազնվական արյան առկայությունը, նա շատ էր խոնարհվել, մեջքը կռացրել այս կամ այն հարուստի առաջ, մանավանդ ուսման ավարտական տարում։

Տակավին Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ նա մի քանի անգամ լրջորեն մտադրվեց դեն գցել իր ազգանվան կապված «Մելիք» անունը և պարզապես կոչվել «Անդրեասյան», [ 3 ] բայց Ելենա Բեգլարովնան մարտական, խիզախ դիմադրություն ցույց տվեց այդ մտադրության դեմ։

— Неужели չես տեսնում տարբերությունը՝ պրոֆեսոր Անդրեասյանի և պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանի միջև,— հարց տվեց Ելենա Բեգլարովնան, հատկապես շեշտելով մելիք բառը։

Չտեսնելով ոչ մի տարբերություն՝ սակայն պրոֆեսորը համաձայնեց կնոջ հետ, որ, այո՜, կար տարբերություն, մինչև անգամ խոշոր տարբերություն։

Պրոֆ. Մելիք֊-Անդրեասյանը հին իշխանության ժամանակ չէր զբաղվում քաղաքականությամբ, նրան չէր հետաքրքրում երկրի տերիտորիայի խնդիրը, չէր հետաքրքրում մինչև անգամ կառավարության ձևը՝ հանրապետություն թե ուրիշ բան, բավական էր որ ժողովրդին ուտելիք լիներ, տկլոր չմնար։ Առանց խառնվելու օրվա քաղաքական անցքերին՝ նա միայն մի կարծիք ուներ՝ քաղաքակիրթ պետությունների հետ պետք է սերտ կապ պահպանել։ Նա այս կարծիքը հայտնում էր ոչ թե հրապարակավ, այլ մասնավոր խոսակցությունների մեջ, տանը, հենց Ելենա Բեգլարովնայի ներկայությամբ և նրա համաձայնությամբ։

Մի օր, իր եղբոր տանը, որը գլխից մինչև ոտը խրված էր քաղաքականության մեջ, բուռն վեճ էր տեղի ունենում Հայաստանի վարչաձևի մասին, խորհրդարանի և նախարարական խորհրդի, խորհրդարանի նախագահի և վարչապետի փոխհարաբերությունների մասին և այլն, պրոֆ․ Մելիք-֊Անդրեասյանն անակնկալ կերպով վեճին խառնվեց և ասաց․

— Ես կարծում եմ, որ պետք է որդեգրել Արևմտյան Եվրոպայի քաղաքակիրթ պետություններից մեկի վարչաձևը կամ հարցնել նրանց խորհուրդն այդ մասին։

Վիճաբանության մասնակցողները չուզեցին հակաճառել պրոֆեսորին և լռեցին, միայն Ելենա Բեգլարովնան հավանություն հայտնեց այդ կարծիքին և ասաց․

— Միքայելը ճիշտ է ասում, այս խնդիրները պետք է շատ խելոք կերպով վճռել։

Պրոֆեսորը, չբավականանալով միայն իր կնոջ արձագանքով, շարունակեց․

— Պատմության մեջ դասեր շատ կան, պետք է օգտվել [ 4 ] այդ դասերից։ Ելենա,— ասում էր պրոֆեսորը,— ինձ դուր չի գալիս, որ չարությունն այսքան շատ և խոր թաղված է քաղաքական գործերի մեջ, վերջապես նա ֆիզիոլոգ է և ետ է մնում գիտական ասպարեզում։

— Ճիշտ ես ասում, բայց կտեսնես, որ նա մի օր կդառնա մինիստր, իսկ դու․․․

— Պատմության ամբիոնը ես չեմ փոխի մինիստրական պորտֆելի հետ,— միջամտում էր պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը:

Ելենա Բեգլարովնան լռում էր։

Խորհրդային իշխանություն ստեղծելուց հետո, սակայն, պրոֆ․ Մելիք-֊Անդրեասյանը նախկին պասսիվ մարդը չմնաց, սկսեց արձագանքել քաղաքական բոլոր երևույթներին։ Նախկին իշխանության օրով, երբ նրան մինչև անգամ չէր շահագրգռում հանրապետության վարչապետի ով լինելը, սկսեց հետաքրքրվել ամեն մի պաշտոնյայի նշանակմամբ։

Հեղաշրջումից դեռևս մի քանի օր հետո, երբ երեկոյան տուն եկավ և լրագիրը կարդաց, անտարբերությամբ անցավ մի լուրի վրայից, բայց Ելենա Բեգլարովնան նրան զարթեցրեց։

— Կարդում ես և անցնում, Միքայել։

— Ի՞նչ կա։

— Քիչ առաջ կարդացիր, որ քաղաքային խորհրդի նախագահ է նշանակվել Ռուբեն Մատթեոսյանը։

— Այո, կարդացի։

— Գիտե՞ս ով է Ռուբեն Մատթեոսյանը։

— Ոչ, չեմ ճանաչում, երևի՝ նոր մարդ է։

Ելենա Բեգլարովնան քմծիծաղ տվեց։

— Նո՜ր մարդ․․․ երևի, կարծում ես, Կիևի համալսարանից է։

Պրոֆեսորը զարմացած նայեց կնոջը։

— Մեզ Դիլիջան տանող-բերող շոֆերն է։

— Не может быть!

— Այո՜, նա է։

— Քաղաքային խորհրդի նախագա՜հ,— երկարացրեց պրոֆ. Մելիք֊-Անդրեասյանը։ [ 5 ]

— Այն էլ մայրաքաղաքի,— ընդգծեց Ելենա Բեգլարովնան։

— Այս բոլորից փչում է կծված յուղի հոտ, Ելենա։

Պրոֆ․ Մելիք-֊Անդրեասյանին նախ և առաջ դուր չեկավ, որ սկսեցին իրեն ընկեր Մելիք-֊Անդրեասյան կանչել։

Նա մի անգամ մինչև իսկ զայրացավ և ասաց շատ քաղաքավարի և զգուշավորությամբ․

— Ես ինչո՞ւ ձեր ընկերն եմ․․․

Բայց սրան շուտ վարժվեց, այնքան արագությամբ ընդհանրացավ այդ և դարձավ հասարակ մի դարձվածք։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը եռանդուն կերպով սկսեց կարդալ լրագրերի միջազգային բաժինները, նոր որդեգրված մի սովորություն, որ տևեց մի ամբողջ տարի և հետո թողեց, ասելով, որ «ոչինչ չի հասկացվում, սրանց ասելով՝ ողջ աշխարհը գործադուլ է և հեղափոխություն»։

— Կարող է պատահել, որ այդպես է, քանի որ գրում են,— ասաց Ելենա Բեգլարովնան։

— Ի՞նչ ես կարծում, աշխարհը միանգամից հո չգժվե՞ց, գոյություն ունի պատմություն, և պատմությունն էլ ունի իր տրամաբանական, երկաթյա տրամաբանական ընթացքը,— հայտարարեց պրոֆեսորը։

— Ռուսաստանում ինչպե՞ս փոխվեց ամեն ինչ․․․

— Ռուսաստանը եղել է և միշտ էլ պիտի լինի պատմական տրամաբանությունից դուրս,— վճռական պատասխանեց պրոֆեսորը։

Ելենա Բեգլարովնան, որ իր ամուսնու կարծիքներն ու մտքերն ընդունում էր առանց քննադատության, այս վերջինը, թեև ոչ-բացահայտ, բայց մտքում, ընդունեց միայն ի գիտություն։

— Ինչո՞ւ Ռուսաստանը եղել է և միշտ էլ լինելու է պատմական տրամաբանությունից դուրս,— հարց տվեց Ելենա Բեգլարովնան մտքում և չկարողացավ որևէ եզրակացության հասնել։

Հենց հաջորդ առավոտյան Ելենա Բեգլարովնան խորհրդային մամուլում կարդաց մի հոդված, որ վերաբերում էր այդ հարցին․ «Հոկտեմբերյան հեղափոխության պատմական անհրաժեշտությունը»։ Երեկոյան Ելենա Բեգլարովնան ուզում [ 6 ] էր այդ հոդվածի մասին խոսել, բայց չհամարձակվեց, թերթը դրեց պրոֆեսորի սեղանի վրա, դիտմամբ բաց անելով այդ էջը, որպեսզի նա կարդա։ Եվ կարդաց պրոֆեսորը, որին լարված ուշադրությամբ և անձկությամբ, բայց աչքի պոչով միայն, հետևում էր Ելենա Բեգլարովնան։ Պրոֆեսորը կարդալուց և վերջացնելուց հետո՝ թթված, սրտնեղած նետեց թերթը մի կողմ ու մրթմրթաց․

― Պատմական անհրաժեշտություն…

Բ

Պրոֆ․ Մելիք–Անդրեասյանը, սակայն, հեղափոխության մասին իր անձնական կարծիքները չհայտնեց հրապարակով, նա սովորել էր համակերպվել և համակերպվեց բոլոր նոր երևույթներին։ Երիտասարդության օրերին, երբ նա ստիպված էր ձեռք կարկառել հարուստներին՝ ուսման ծախսերն ստանալու համար, քիչ տանջանքներ չէր կրել, բայց ժամանակի ընթացքում այդ տանջանքները դարձան մի տեսակ հպարտության փաստեր, որովհետև, ըստ նրա տրամաբանության, դրանք նա կրել էր սոցիալական նադիրից վեր բարձրանալու համար։

Խոնարհվել էր նա վեր բարձրանալու համար և ահա նորից սկսեց խոնարհվել վար չընկնելու համար։

Պահանջվում էր պատմության նոր ըմբռնում, և պրոֆ․ Մելիք–Անդրեասյանն սկսեց պարապել Արևմտյան Եվրոպայի պատմության մարքսիստական ուսումնասիրությամբ։

Ընթերցանության սիրահար և համառ նստող՝ նա կարճ ժամանակի ընթացքում կարդաց–վերլուծեց մարքսիզմի կլասիկան և, ըստ իր հայտարարության, «զարմանալիորեն» հեշտ յուրացրեց դժվարին հայտարարված այդ գիտությունը։

Եվ պրոֆ․ Մելիք–Անդրեասյանն սկսեց բացատրել Արևմտյան Եվրոպայի հասարակական–քաղաքական երևույթներն արտադրական ուժերի զարգացմամբ, բոլոր նախկին դասախոսությունների մեջ գործածած «ազգ» և «ժողովուրդ» բառերը փոխարինեց «դասակարգ» բառով, ճգնեց գտնել բոլոր երևույթների տնտեսական բազան, ջանաց դիտել պատմական երևույթներն իրենց շարժման, զարգացման պրոցեսում [ 7 ] և, այսպես անելով, գնահատվեց նա Բարձրագույն ուսումնական հիմնարկության ղեկավարների կողմից։

Բայց, եթե պրոֆ. Մելիք-Անդրեասյանը լիներ մի քիչ համարձակ մարդ, պետք է դուրս գար և հայտարարեր հրապարակավ, որ կեղծիքը խեղդում է իրեն և այլևս չի կարող շարունակել։

Բայց նա լռեց։

Վաղուց էր նա սովորել, և այդ սովորությունը դարձել էր նրա մեջ օրինական միս ու արյուն, որ լռությունը գանձ է։

Մեկ-մեկ նա չէր կարող համբերել և տանը, Ելենա Բեգլարովնային, զսպված, կոկորդը սեղմելով, ինչպես զայրույթի գագաթնակետին հասած մարդ, որ ճգնում է չգոռալ, ասում էր․

— Ելենա, գեթ դու իրազեկ եղիր իմ դրության, վերջապես մեկին պետք է ասեմ։ Այսօր երկու ժամ դասախոսեցի, այսինքն՝ երկու ժամ ստեցի, ոչ ավել, ոչ պակաս — երկու ժամ։

— Մի՞թե դու վստահ էիր, որ առաջվա քո դասախոսությունների մեջ սուտ չկար, չէ՞ որ ինչ որ կատարվել է Արևմտյան Եվրոպայում, դու ներկա չես եղել և աչքերով չես տեսել։

— Ելենա, ես հիմնվել եմ միշտ պատմական անհերքելի դոկումենտների վրա, ոչինչ ավելի ճիշտ չէ, քան դոկումենտը։

Ելենա Բեգլարովնան, իհարկե, հեղափոխության և մարքսիզմի կողմնակից չէր։ Նախ և առաջ նա ոչինչ չէր հասկանում այդ բոլորից, երկար ժամանակ Մարքս—Էնգելսը միասին կարդալով, կարծում էր, որ Մարքսն անունն է, իսկ Էնգելսը՝ ազգանունը, բայց չէր ցանկանում, որ պրոֆեսորը շարունակեր վատ տրամադրվել դեպի նոր կարգերը և կորցներ իր հասարակական դիրքը։

— Ճիշտ է, տասնևհինգ տարի է, որ այսպես էիր բացատրում պատմական անցքերը, հիմա էլ սրանց ուզածի պես բացատրիր, ի՞նչ տարբերություն, վերջապես ի՞նչ կկորցնես։

— Կորցնում եմ հավատը դեպի պատմությունը,— պատասխանեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը։

Ելենա Բեգլարովնան քմծիծաղ տվեց։ [ 8 ]

— Պատմությունը,— հեգնեց նա,— կարծես քո հոր կենսագրությունն է, որ քեզ ջղայնացնում է, երբ աղավաղում են։

— Լսիր, Ելենա, ավելի կոնկրետ,— սկսեց պրոֆ․ Մելիք–Անդրեասյանը՝ չափազանց լուրջ և հոնքերը կիտած, խոր տհաճություն զգալով կնոջ հեգնությունից, բայց ճգնելով թաքցնել,— դու գիտես, վաղուց գիտես, դեռ մեր ծանոթության առաջին օրերից, որ ես իմ հոգու խորքում կրում էի մի սրբազան սեր։

— Նապոլեոնը,— ընդմիջեց Ելենա Բեգլարովնան։

— Գոհ եմ, չափազանց գոհ եմ, որ հիշեցիր, այո՛, սեր դեպի Նապոլեոնը։ Դու հիշում ես նաև, որ ամեն տարի, երբ դասախոսությունները հասնում էին նապոլեոնական շրջանին, նրա կյանքին, ռազմական և քաղաքական նրա գործունեությանը, ես գտնվում էի արտակարգ ուրախության մեջ, իմ տրամադրության բարձրության չէր հասնի ոչ ոքի տրամադրությունը։ Ես գիտեմ Նապոլեոնի կյանքը՝ ինչպես իմ սեփական կյանքը, եթե մեկնումեկը ինձ հարց տա այս րոպեիս, թե Նապոլեոնը 1796 թվականի նոյեմբերի 17–ին, կեսօրից հետո ժամը 4 անց 15 րոպեին որտե՞ղ էր, ի՞նչ էր անում և ի՞նչ էր ասում, ես կարող եմ ասել առանց երկար–բարակ մտածելու։

— Դա նշանակում է, որ նրա կյանքը գիտես ավելի լավ, քան քո սեփական կյանքը, որովհետև, եթե այդպիսի հարց տամ քո մասին, դժվար թե կարողանաս պատասխանել։

— Ճիշտ է, ճիշտ է։

— Իսկ հետո ի՞նչ,— հարց տվեց Ելենա Բեգլարովնան, աշխատելով թաքցնել իր հեգնական տրամադրությունը։

— Ես չվերջացրի։ Նապոլեոնն ինձ համար ուժի, հանդգնության, իմաստության վեհագույն սիմվոլն է, նա ինձ համար ավելի մեծ է, քան Մակեդոնացին և Կեսարը, օրինակի համար, եթե մենք վերցնենք Մակեդոնացու…

Ելենա Բեգլարովնան, ահաբեկվելով, որ պրոֆեսորը կսկսի արտասանել մի երկար դասախոսություն՝ ապացուցելու, որ Նապոլեոնը Մակեդոնացուց և Կեսարից մեծ է, որովհետև այդպիսի դասախոսություններ շատ էր լսել տանը՝ նրա միակ աուդիտորիան հանդիսանալով, կտրեց նրա խոսքը և ասաց․ [ 9 ]

— Կարճ ասա։

— Ես այժմ ստիպված եմ ասել, ոչ ավելի, ոչ պակաս՝ ասել պարզապես, որ Նապոլեոն Բոնապարտը մի ավանտյուրիստ էր, փառամոլ և ունայնամիտ․․․

Պրոֆ. Մելիք֊-Անդրեասյանը դժգունեց, այլևս չկարողացավ շարունակել, ինչ-որ ծանր մի ճնշում զգաց կոկորդում։ Ելենա Բեգլարովնան մի բաժակ ջուր հասցրեց նրան, հանգստացրեց՝ գլուխը շոյելով և համբուրելով նրան, բայց չկարողացավ իրեն զսպել և ասաց․

— Չի՞ լինի, որ Նապոլեոնի մասին չխոսես։

Այս անգամ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը ծիծաղեց․

— Անցնել Արևմտյան Եվրոպայի նորագույն պատմությունը և լռություն պահել Նապոլեոնի մասին․․․ հա՜, հա՜, հա՜․․․

Ելենա Բեգլարովնան պրոֆեսորի ծիծաղի վրա զայրացավ և նյարդային տոնով ասաց.

— Երբ եղբորդ համար գրում են ավանտյուրիստ, հակահեղափոխական, գող և այլն, հասկանում եմ, որ զայրանում ես, կարծես Նապոլեոնը հարազատ եղբայրդ է։

— Նապոլեոնն ավելի հարազատ է, քան Հարություն Աբրահամի Մելիք֊-Անդրեասյանը, Ելենա Բեգլարովնա,— հանդիսավոր և ծանր տոնով հայտարարեց պրոֆեսորը և ոտի կանգնեց։

— Ի՞նչ է, Նապոլեոնի համար հասարակական դի՞րքդ պիտի կորցնես։

— Դրան համաձայն եմ, հասարակական դիրքը չպետք է կորցնել։ Բայց ինչպե՞ս անեմ, որ հասարակական դիրքս պահեմ և ես էլ չկորչեմ։

— Դու ինչո՞ւ պիտի կորչես։

— Չեմ կարող, Լենոչկա, չեմ կարող Նապոլեոնին, առանց ամաչելու և առանց հոգեկան տագնապի, հայտարարել ավանտյուրիստ։

Այդ երեկո նա ապրեց հիվանդագին մի վիճակ, գիշերը գրեթե չքնեց՝ չկարողանալով ազատվել այդ մասին մտածելուց։ Ելենա Բեգլարովնան հավասարապես տառապեց ոչ թե Նապոլեոնի, այլ իր ամուսնու համար, նրա փաղաքշանքները, նրա տաք և անկեղծ գուրգուրանքները չկարողացան փարատել [ 10 ] ամուսնու վիշտը՝ մինչև առավոտը բացվեց և սկսվեց կյանքի առօրյան։

Այդ խոսակցությունից ճիշտ երկու շաբաթ հետո՝ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը հոգեկան բարձր վիճակով, սկսեց դասախոսությունները Նապոլեոն Բոնապարտի մասին՝ շատ հեշտությամբ ապացուցելով նրա խոշոր պատմական ավանտյուրիստ լինելը։

Նրանք, որոնք տեղյակ էին նրա՝ Նապոլեոնի մասին ունեցած պաշտամունքին, լսելով նրա դասախոսությունները, եկան այն համոզմունքին, որ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի մեջ կատարվել է հիմնական բեկում, որ նա անդառնալիորեն և հաստատ ոտներով կանգնած է մարքսիստական պատմական մատերիալիզմի հողի վրա։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի անունը սկսեց հոլովվել ամեն տեղ, խորհրդային մամուլը տպագրեց նրա կարծիքը հեղափոխության և խորհրդային պետականության մասին։

«Պատմական անցքերի և անձնավորությունների, դեպքերի և դեմքերի, մարդկանց և իրերի (այսպիսի կրկնողական ոճ ուներ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը) ճշգրիտ վերլուծությունը և լուսաբանությունը հնարավոր է միայն մարքսիստական դիալեկտիկայի մեթոդով»,— հայտարարեց նա։

Երբ Ելենա Բեգլարովնան խորհրդային մամուլում կարդաց ամուսնու այս հայտարարությունը, քթի տակ քնքշորեն սևին տվող բեղի վրա մի քմծիծաղ ծաղկեցրեց։ Իսկ երեկոյան երբեք էլ չանդրադարձավ այդ հարցին, նրբամտություն ունենալով չամաչեցնելու նրան, բայց պրոֆեսորն ինքը անդրադարձավ այդ հայտարարությանը և հարցրեց․

— Ելենա, կարդացի՞ր հերթական իմ կեղծիքը։

— Կեղծի՞ք։

— Այո։

— Երևակայիր, ես կարծեցի, որ անկեղծ ես ասել։

— Ինչո՞ւ այդպես երևակայեցիր։

— Տոնը շատ անկեղծ էր։

— Ա՛խ, Լենա…

— Ես կարծում եմ, որ դու ինքդ սխալ ես գնահատում քեզ, ավելի ճիշտ՝ սխալ ես վերլուծում քեզ։ Համառություն [ 11 ] մի անի, այս նոր գիտության մեջ կան ճշմարտություններ, ըստ երևույթին։

— Որտեղի՞ց գիտես,— հարցրեց պրոֆեսորն իր կնոջ՝ ապշած նրա համարձակության վրա։

— Չգիտեմ, ինձ թվում է, վերջապես չի կարող պատահել, որ մի գիտություն որևէ ճշմարիտ կողմ չունենա, դու ինքդ էիր ասում մի ժամանակ, հիշում եմ։

Ելենա Բեգլարովնային ոչինչ էլ չէր թվում, միայն նա աշխատում էր ամուսնուն լավ տրամադրել դեպի նոր կարգերը, նա խորապես համոզված էր, որ ոչինչ, բացարձակապես ոչինչ չէր փոխվի, եթե որևէ ամբողջական պատմություն կամ պատմական դեպք կամ դեմք այսպես բացատրվեր կամ այնպես, միայն տարբերությունն այն կլիներ, որ կառչելով հին տեսակետներին՝ պրոֆեսորը կկորցներ իր հասարակական դիրքը։

Այդ օրերից մեկում Բարձրագույն ուսումնական հիմնարկաթյան մեջ, որտեղ դասախոսում էր պրոֆ․ Մելիք-֊Անդրեասյանը, քննության ենթարկվեցին պատմության և գրականության պատմության դասախոսների ծրագրերը։ Երկար վիճաբանություններից հետո՝ հանձնաժողովի եզրակացությունն այն եղավ, որ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի՝ Արևմտյան Եվրոպայի պատմության ծրագիրը միանգամայն համապատասխանում է ժամանակակից, մարքսիստական, դիալեկտիկական պահանջներին։

Այդ օրը պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը տուն եկավ զարմանալի տարտամ տրամադրություններով՝ մերթ ուրախ էր, մերթ մինչև անգամ մռայլ։ Ելենա Բեգլարովնան, որ շատ մոտից հետևում էր իր ամուսնու տրամադրություններին, ասաց․

— Այսօր մի տեսակ տարօրինակ ես։

— Ծրագրերի քննություն կար,— պատասխանեց պրոֆեսորը,— երևակայիր, իդեալիստական ոչինչ չգտան իմ ծրագրի մեջ։

— Ինչո՞ւ ես զարմանում,— հարցրեց Ելենա Բեգլարովնան, որի համար հավասարապես նշանակություն չունեին՝ իդեալի՞զմ, թե մատերիալիզմ։

Պրոֆեսորը սուր կերպով նայեց կնոջը, թեթև ծիծաղեց և չպատասխանեց։ [ 12 ]
Գ

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը, ինչքան ժամանակն ան֊ցավ, այնքան սկսեց կարոտն զգալ հին կյանքի։ Նա տեսնում էր, որ հին կյանքը թռչում էր, արագ ու սրաթև հեռանում և ինչքան հեռանում էր, այնքան խորը թաղվում էր քաղցր և թովիչ մշուշում։ Երբ նա դուրս էր գալիս պատշգամբ, դիտում նոր կանաչած դաշտը և ներշնչում արևից կակղցած հողի բույրը, նրան թվում էր, որ կանաչն ու հողը դեռ հնից շատ բան են պահում իրենց մեջ, մանավանդ հեռուն բարձրացած, երկնահուպ զույգ լեոների գագաթները, որոնք մխրճվում էին երկնքի պայծառ կապույտում։

Երկար ժամերով նա դիտում էր Արարատյան դաշտում օրորվող տխուր կաղամախիները, նրա հոգին ճոճվում էր նրանց դանդաղ և վեհորեն հանգիստ ռիթմով, տեսնում էր արագիլները, որոնք ահա վերադառնում էին հարավի երկրներից, սավառնելով ծովերի չքնաղ կապույտի վրայով, և իջնում իրենց հին կաղամախիների բույների վրա, արագիլներ, որոնց վրա երբեք չազդեցին քաղաքական և հասարակական այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան մարդկանց աշխարհում։

Պատշգամբում, գարնան անուշաբույր քամիների առաջ, ամբողջ դեմքը ներկված վերջալույսի արյունով, կուրծքը լցված թարմագույն շնչով, պրոֆ․ Մելիք-Անդրեասյանին պատում էր մռայլագույն թախիծը, աչքերը լցվում էին տաք արցունքի կաթիլներով։ Այդ թախիծը նրան պատում էր այն փոփոխոխություններով, որ սողոսկում էին նրա իմացականության մեջ ակամա, գրեթե բռնի կերպով։

«Մատերիա․․․ ամեն ինչ նյութ է, բոլոր երևույթները, բոլոր շարժումները նյութի այլազան հատկություններն են, առարկան է, որ կա և անդրադառնում է հոգու և մտքի էկ֊րանի վրա, առանց այդ առարկայի չկա անդրադարձում, հոգին ինքը մատերիայի շարժումն է, շարժման հատկություններից մեկը, աոանց նյութի գոյություն չունի միտքը և մտքի թռիչքը»,— մտածում էր նա։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը, անդրադառնալով այդ խնդիրներին, ցնցում էր գլուխը՝ ցանկանալով խուսափել մտքերի [ 13 ] մռայլ այդ հոսանքից, բայց մի ուրիշը, ավելի ուժեղ թափով, խուժում էր նրա մտածողության դաշտը։

«Պատմությունը (ամենազգայուն և ջղագրգիռ կետը պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի համար) դասակարգային կռվի պատմությունն է։ Ուրեմն, ազգերը չեն կռվել իրար հետ, դեռևս նոր վերջացած համաշխարհային պատերազմը ազգային կռիվ չէ՞ր…»։ Ակամա պրոֆեսորը հարց էր տալիս ինքն իրեն. «Ապա ինչո՞ւ պայքար է տեղի ունեցել և ազգի մեջ»։ Այստեղ նա մի պահ մտածում էր և քիչ հետո, բացատրելով այդ իշխանների անհատական նախանձի, փաոասիրության և արշավանքի տենչերի գոյությամբ, վեր էր կենում և ներս գնում պատշգամբից, երբ Արարատյան երկնքի վրա աստղեր էին թափվում, և ջինջ օդում անտեսանելի բյուրավոր զանգակներ էին կախվում։

— Ելենա,— շշնջում էր նա կնոջը,— բնությունը գեղեցիկ է, բայց վախենում եմ, որ մարդիկ փչացնեն նրա գեղեցկությունը։

Ելենա Բեգլարովնան, չանդրադառնալով պրոֆեսորի լիրիկական տրամադրությանը, աոաջը դնում էր հիմնարկից ստացված մի գրություն։ Պրոֆեսորն սկսում էր կարդալ առաջին երկու բառերը՝ «ի նկատի ունենալով…» և թուղթը շպրտում էր մի կողմ, վեր էր կենում, մոտենում իր պահարանին, վերցնում մի գիրք, լավ կազմված, հաստ, ոսկեզօծ տառերով գրված շապկով և, դնելով իր սեղանին, վառում էր լույսը և խորասուզված կարդում։

Այդ գիրքը ձեռագիր էր, բայց արտաքին տեսքից կարծվում էր, որ մի դասական երկասիրություն է։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը, պրոֆեսորական կոչում ստանալու առաջին իսկ օրից, ինչպես պատահեց, որոշեց օրագիր պահել։ Այդ օրագիրը, մի քանի ընդմիջումներով, շարունակեց մինչև Նոյեմբերյան հեղափոխությունը, հեղափոխությունից հետո էլ մի քանի օր թեև շարունակեց, բայց հետո թողեց՝ վերսկսելու պայմանով, բայց այլևս չկարողացավ, ինչ որ գրել էր, դարձավ նրա համար մի սրբազան հիշատակ։

Երբ Ելենա Բեգլարովնան մեկ-մեկ հիշեցնում էր օրագիրը, պրոֆեսորը պատասխանում էր․ [ 14 ] — Դեպքերն այնքան արագ են զարգանում, որ հնար չէ գրի առնել, պիտի սպասել, թող ամեն ինչ հանդարտվի, հետո։

Եվ որովհետև ոչինչ չհանդարտվեց, պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը չվերսկսեց իր օրագիրը։

Դ

Արդեն երեք տարի անցել էր Նոյեմբերյան հեղափոխությունից, երբ պրոֆեսորը հիշեց իր օրագիրը և, հին կյանքի կարոտի բոցավառության հետ զուգընթաց, վերցրեց և սկսեց կարդալ։

Անսահման քաղցր կարոտով նա կարդաց պրոֆեսորական կոչման առթիվ իր ընդունած այցելությունների մանրամասնությունները, բայց երբ ավելին կարդաց, անակնկալորեն նկատեց, որ գրի էր առել բաներ, որոնք իսկապես տեղի ունեցել էին, բայց շատ չնչին արժեք էին ներկայացնում, անսահման հետաքրքրությամբ կարդաց պատմական անցքերի շուրջը տեղի ունեցած վեճերը, որոնք հոգածությամբ արձանագրել էր, և գտավ, որ իր այն ժամանակվա տեսակետների մեջ շատ ծիծաղելի կետեր կային։ Մի տեղ կարդաց իր ձեռքով և սևով սպիտակի վրա գրված․ «Այս կետը մութ է մնում ինձ համար»։ Պրոֆեսորը ծիծաղեց, նրա ծիծաղը նկատեց մինչև անգամ Ելենա Բեգլարովնան։ Այդ կետը բոլորովին մութ չէր այժմ, այլ ամբողջապես պարզ և պայծառ։ Երբ պրոֆեսորը եզրակացրեց, որ այդ կետի մթությունը պայծառացել, լուսավորվել էր իր համար՝ իրերը և պատմական երևույթները նոր գիտության լույսով դիտելով, պարզապես վատ զգաց, նրա կոկորդն սկսեց ճնշվել, շունչը ծանրացավ։ Ուրեմն, նոր գիտությունը՝ մարքսիզմը, հակառակ իր բուռն դիմադրություններին, մուտք էր գործել իր դատողության մեջ, հակառակ իր կամքին՝ այդ գիտությունը կանթեղներ էր վառել իր իմացականության մեջ։

Այդ երեկո պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը թողեց օրագրի ընթերցումը, քնքշությամբ փաթաթեց այն լրագրի մեջ, դրեց պահարանը և ուզեց մի գիրք վերցնել կարդալու՝ պարզապես խուսափելու համար Ելենա Բեգլարովնայի հետ խոսակցության բռնվելուց, որովհետև զգաց, որ կինն անհամբեր [ 15 ] սպասում էր օրագրի ընթերցման ավարտմանը՝ մի քանի հարցեր ուղղելու համար։ Երբ պահարանում գտնված գրքերը արագ նայվածքով աչքի անցկացրեց, տեսավ, որ շատ նոր գրքեր էին ավելացել իր հին գրքերի վրա՝ Մարքս, Էնգելս, Լենին և այլն։ Ինքն էլ չիմացավ, թե ինչու վերցրեց Էնգելսի «Անտի-Դյուրինգը», մոտեցավ իր գրասեղանին և սկսեց կարդալ։ Նա սկսեց կարդալ միայն այն կետերը, որոնց դեմ որոշ նշաններ էր արել.

«      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      »     

— Ելենա, ճիշտ է,— բղավեց հանկարծ պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը և ոտի կանգնեց։

— Ո՞վ է ճիշտ, ի՞նչն է ճիշտ,— հարցրեց Ելենա Բեգլարովնան։

— Էնգելսը։

— Մա՞րքս-Էնգելսը։

— Ա՜խ, Լենա, ես քեզ մի անգամ ասել եմ, որ Մարքսը տարբեր մարդ է, իսկ Էնգելսը՝ տարբեր։

— Ապա ինչու՞ միշտ միասին են գրում, չեմ հասկանում,— սրտնեղեց Ելենա Բեգլարովնան։

Տիրեց լռություն։

Պրոֆեսորն սկսեց ջղային երթևեկել սենյակում, իսկ Ելենա Բեգլարովնան ուշի-ուշով հետևում էր ամուսնու շարժումներին, որոնք ոչ մի օրվա նման չէին։ Նա նկատել էր, որ վերջերս ամուսինն առհասարակ շեղվում է իր սովորական կենցաղից։ Չէր պատահել, օրինակի համար, որ պրոֆեսորը մի անգամ անկողին գնալուց հետո՝ զարթներ, վառեր լույսը, մոտենար պահարանին, մի որևէ գիրք վերցներ և կանգնած տեղում մի քանի էջ կարդար ու նորից վերադառնար անկողին և նորից քներ։ Եվ պատահում էր, որ այլևս չէր էլ քնում, մնում էր արթուն՝ մինչև սենյակի լուսամուտի ապակիները ներկվեին կապույտ լույսով։ Պատահեց նաև, այն էլ երկու անգամ, որ նա զարթնեց, իր համար թեյ պատրաստեց, խմեց, ապա հագնվեց ու դուրս եկավ տնից և վերադարձավ միայն առավոտյան։

— Կարծես ճիշտ է,— շշնջում էր նա ինքնիրեն։ [ 16 ] Ելենա Բեգլարովնան համարձակվեց.

— Լավ է, որ ճիշտ է, ի՞նչ կա, ճիշտ լինելուց ի՞նչ վնաս:

— Ինչ վնա՜ս,— հեգնեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը,— եթե ճիշտ է, ես ամբողջովին կորած եմ:

Ելենա Բեգլարովնան զարմացավ:

— Մի զարմանար,— ասաց պրոֆեսորը՝ մոտենալով իր կնոջը և նայելով նրա աչքերի մեջ,— դու աստծու հավատո՞ւմ ես:

Ելենա Բեգլարովնան խաչակնքեց:

— Եթե մի օր հաստատեն, այնպես ապացուցեն, որ դու էլ, առանց տարակուսանքի, հավատաս, որ աստված չկա, ի՞նչ կանես:

— Այդպիսի բան ոչ ոք չի կարող հաստատել:

— Եթե հաստատեն:

— Չեմ հավատա:

— Եթե հավատաս:

— Կաշխատեմ չհավատալ:

— Նո՛ւ, շատ աշխատեցիր և չկարողացար դիմադրել և, հանկարծ, հավատացիր, անկեղծորեն հավատացիր, ի՞նչ կանես:

— Այդպես բան չի կարող լինել, Միքայել:

— Եթե, նու՛, եղավ,— զայրացած բղավեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը…

— Այն ժամանակ… չգիտեմ…

Ելենա Բեգլարովնան սկսեց լաց լինել:

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը երկար լսեց կնոջ լացը: Նրա հեկեկանքն առաջանում էր իր հավատքի հավանական փլուզումից: Այդ հեկեկանքը խոր թախիծով և ջերմագին գորովանքով լցրեց պրոֆեսորի սիրտը: Այդ լացը ոչ ոք այնպես խորը չէր կարող ըմբռնել, ինչպես պրոֆեսորը: Նա տեսնում էր իր կնոջ ջինջ արցունքի մեջ հոգու աղջամղջային մռայլությունը: Նա տեսնում էր այդ հոգին կուչ եկած, կծկված, մենակ և անօգնական, ինչ-որ մարմարյա, հին, փառահեղ շենքի ավերակների մեջ նստած: Ահա և ինքը, իր կնոջ նման, ավելի սրտաճմլիկ և ավելի ողբալի ավերակների մեջ, միայն այն տարբերությամբ, որ կինը լաց էր լինում, զովացնում էր հոգու երաշտը, իսկ ինքը միայն ողբում էր և այրվում ամառնային [ 17 ] միջօրեի տապում, կրակի պես կիզիչ քարերի արանքում, չոր, խանձված, դարավոր ծարավով տոչորված վայրի բույսերի այս մթնոլորտում։

— Իհարկե, աստծո գոյության գաղափարը հավիտենական է, և ոչ ոք չի կարող հակառակն ապացուցել, դրա մասին լաց լինելու կարիք չկա,— ասաց վերջապես պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, իր թևերի մեջ սեղմելով Ելենա Բեգլարովնային։— Դու ապահով ես,— շարունակեց պրոֆեսորը,– քո հավատքն աստվածն է, և ոչ ոք չի կարող իր զենքը հասցնել նրան, բայց իմ պատմական տեսություններն այլ են, Լենոչկա, իմ տեսություններին խփում են չորս կողմից. խփում են անողոքաբար, և նրանք փշրվում են մեկը մյուսի հետևից։ Նապոլեոնի պես հսկան ընկավ, խորտակվեց իմ հոգու տաճարում։

— Չէ՞ որ դու ասում էիր…

— Այո՛, ես ասում էի, որ հարմարվելու համար եմ ասում այն, ինչ ասում եմ Նապոլեոնի մասին և առհասարակ, բայց չէ՞ որ ասում եմ, և մարդիկ հավատում են ինձ, նոր սերունդն այնպես էլ սովորում է, որ Նապոլեոնը ուրիշ բան չէ, եթե ոչ… տանն էլ չկրկնեմ միևնույն հայհոյանքը, Ելենա, ներիր ինձ։

Այո դեպքից քիչ անց՝ պրոֆ. Մելիք–Անդրեասյանի մոտ եկան երեք ուսանողներ, որոնց հետ պրոֆեսորը պիտի կազմեր պատմության խմբակների ծրագրերը։

Ուսանողները ծրագրի մի նախագիծ կազմել էին, որի համաձայն՝ գոյություն պետք է ունենային պատմության երեք խմբակ՝ Ա. արևմտյան պատմության տնտեսական մասն ուսումնասիրող խմբակ, Բ. հասարակական կյանքն ուսումնասիրող խմբակ, Գ. քաղաքական կյանքն ուսումնասիրող խմբակ։

Նախագծի այս մեթոդը չափազանց դուր եկավ պրոֆ. Մելիք Անդրեասյանին։ Դա հին մեթոդ էր՝ պատմության զանազան երևույթներն ընդունել իբրև իրարից անջատ, անկապ երևույթներ։ Ուսանողները հետևել էին հին, շաբլոն մեթոդին և ըստ այնմ նախագիծը կազմել։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը երկար ժամանակ տատանվեց պատասխան տալու. նրա մեջ տեղի էր ունենում ուժեղ [ 18 ] պայքար՝ փոխի՞ այդ նախագիծը, թե ոչ։ Վերջապես, չկարողացավ դիմադրել, հակառակ իր ներքին ցանկության, այն ճշմարտությանը, որը սողոսկել էր նրա մեջ, և ասաց.

— Չէ՞ որ պատմության տնտեսական, հասարակական և քաղաքական երևույթները սերտորեն, անքակտելիորեն կապված են իրար՝ հասարակականը և քաղաքականը նույնն են, ինչ որ տնտեսականը և ընդհակառակն։ Ճիշտ է, որ պետք է կազմել երեք խմբակ, յուրաքանչյուր կուրսի համար մի-մի խմբակ։ Ի՞նչ պետք է լինի սրանց տարբերությունը։ Պարզապես մեկը մյուսից մի քիչ ավելի լայնորեն և խորապես պիտի ուսումնասիրի, ուրիշ ոչինչ։

Եվ ուսանողների հետ միասին պրոֆ. Մելիք-Անդրեասյանը կազմեց մանրամասն ծրագիր՝ ըստ յուրաքանչյուր խմբակի ուսումնասիրության օբյեկտների։

Ուսանողները, կարծելով, որ վերջացավ իրենց խոսակցությունը, վեր կացան հրաժեշտ առնելու, երբ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը խնդրեց նրանց մի քանի րոպե ևս մնալ։ Նրա մեջ տեղի էր ունենում ավելի ուժեղ պայքար, քան երբևիցե։ Նորամույծ գաղափարների մի հոսանք, որ բացառապես բխում էր պատմության նոր մեթոդոլոգիայից, խուժում էր նրա իմացականության մեջ, տեղի էր ունենում մի ճակատամարտ պրոֆեսորի ուղեղում՝ հին հասկացողության և նորի միջև։ Նա ուզում էր առաջարկել կազմել, ի հավելումն արդեն քիչ առաջ կազմված խմբակների, մի նոր խմբակ, որ պետք է լիներ բացառապես նորություն, բայց դա նշանակում էր ամենաուժեղ զենքը տալ ուսանողների ձեռքն իր իսկ սիստեմի դեմ։

Վերջապես ասաց պրոֆեսորը.

— Ես աոաջարկում եմ կազմել մի խմբակ վերջին կուրսում, որն ուսումնասիրի պատմության ըմբռնման հին մեթոդները։

Ուսանողները, առաջին հերթին, կարծեցին, թե դա նպատակ է հետապնդում պատմության հին մեթոդների թարմացման, բայց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, զգալով տարակուսանքն ուսանողների դեմքերի վրա, ավելացրեց.

— Պատմության հին մեթոդների ուսումնասիրությունը պետք է նպատակ ունենա երևան բերելու այդ մեթոդների [ 19 ] խոցելի կողմերը, օրինակ՝ պետք է վերցնել պատմական մի կոնկրետ դեպք, պատմական մի երևույթ, որոշապես իմանալ, թե այդ երևույթը, երկար տարիների ընթացքում բուրժուազիայի խոշոր պատմագիրներն ինչպես են մեկնաբանել, և այդ մեկնաբանությանն անմիջապես հակադրել նորը և ցույց տալ այն բացարձակ առավելությունները, որոնք բովանդակվում են նորի մեջ, մի խոսքով՝ պատմության մատերիալիստական ըմբռնման մեթոդի մեջ։

Ուսանողների դեմքերի վրա անհետացավ տարակուսանքը, և պրոֆ. Մելիք-Անդրեասյանը ժպտաց գոհունակությամբ, մի երևույթ, որ չէր համապատասխանում նրա ներքին ցավագին զգացումներին։ Ուսանողները համաձայնեցին, և պրոֆ. Մելիք-Անդրեասյանը նշեց Արևմտյան Եվրոպայի այն կոնկրետ դեպքերը, որոնք պիտի հանդիսանային ուսումնասիրության օբյեկտներ։

Ուսանողների մեկնելուց հետո՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանն սկսեց ապրել բարձրորեն ջղային մի վիճակ։

— Ահա կործանում եմ ինքս ինձ,— շշնջաց նա և լսեց իր շշնջոցը։

Սենյակում ոչ ոք չկար։ Ելենա Բեգլարովնան արդեն երկրորդ երազն էր տեսնում։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը պատկերացրեց իրեն այն միամիտ փայտահատը, որ նստած ծառի ճյուղի ծայրին՝ կացնով կտրում է ճյուղն արմատից, առանց մտածելու, որ, եթե կտրի և վերջացնի, ինքը պիտի ընկնի գետին։ Պրոֆեսորը բարձր ծիծաղեց իր վրա՝ թունավոր հեգնությամբ։

— Վերջ պիտի տալ այս բոլորին,— ասաց նա մտքում և նստեց գրասեղանի մոտ, գլուխն աոավ երկու ձեոքերի մեջ և սկսեց մտածել։

Նա մտածում էր երկու բանի մասին՝ վերջ տալ այդ բոլորին նշանակում էր կորցնել պատմության ամբիոնը, պրոլետարիատի դիկտատուրան չէր ների ոչ ոքի, որ խեղաթյուրեր պատմական անցքերը, ծռեր և ծամածռեր այն հստակ, պայծառ տեսությունը, որ կոչվում էր պատմության մատերիալիստական ըմբռնում։ Այս դեռ ոչինչ։ Այն երկրորդ կետը, որ նրան հասցնում էր ջղայնության գագաթնակետին, և ինքն իրեն չէր ուզում ներել, դա պատմության մատերիալիստական [ 20 ] ըմբռնման որոշ ճշմարտությունն էր, որին իր մեջ մտնելուն չկարողացավ դիմադրել այն օրից, երբ նա սկսեց ուսումնասիրել այն՝ իր ամբիոնը պահելու պարզ մտադրությամբ։

Ե

Առավոտյան, Ելենա Բեգլարովնան գտավ, որ ամուսինն զգալի չափով նիհարել է, դեմքի վրա երևում էին տանջանքի հետքեր։

— Այս գիշեր լավ չե՞ս քնել,— հարցրեց նա։

— Ւնչո՞ւ ես հարցնում։

— Այնպես…

Պրոֆեսորը չպատասխանեց և սկսեց երթևեկել սենյակում։

— Վերջապես ի՞նչ կա, ասա։

— Ես հիմնական սխալ կատարեցի, որ իմ կյանքի պրոֆեսիան ընտրեցի պատմությունը։

— Ապա ի՞նչ անեիր։

— Ունեի լսողություն, ավելի լավ էր դառնայի երաժիշտ, երաժշտության ամեն մի նոտայում հո չէր կարելի իդեոլոգիա որոնել։

— Իսկապես, ինչ լավ կլիներ երաժիշտ լինեիր, ես էլ այսքան չէի ձանձրանա,— ասաց Ելենա Բեգլարովնան անկեղծորեն։

Պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանին դուր չեկավ կնոջ այդ հայտարարությունը, մոտեցավ նրան և ասաց.

— Ձանձրանու՞մ ես, հա՞, աղավնյակս, ես չէի իմանում։

— Վերջապես, ամեն օր Նապոլեոն, Մետերնիխ, Ռոբեսպիեռ, Մուրաբո։

— Միրա՛բո,— ջղայնորեն ուղղեց պրոֆեսորը։

— Թող լինի Միրաբո, հետո ի՞նչ։

— Երանի ես քեզ պես մտածեի, Մուրաբո, Միրաբո, թերևս և Մեհրաբով, ի՜նչ տարբերություն, բոլորը մեկ է։

— Իհարկե։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը ետև դարձավ հանկարծակի, նայեց կնոջը և հոնքերը կիտած, բայց զսպված զայրույթով, ասաց. [ 21 ]

— Միրաբոն Ֆրանսիական մեծ հեղափոխության գեղեցկությունն էր։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը չափազանց գոհ մնաց, որ Ելենա Բեգլարովնան չծիծաղեց, որովհետև նրա համբերությունը հասել էր այլևս պայթելու վտանգավոր կետին։

Այլևս ոչ ոք չխոսեց։ Պրոֆեսորը մի առժամանակ սենյակում երթևեկելուց հետո՝ մոտեցավ հայելուն, ուղղեց հոնքերը, բեղն ու միրուքը և դուրս եկավ փողոց։ Նրան զարմացրեց փոքրիկ մայրաքաղաքի արտակարգ եռուզեռը։

— Ի՞նչ պատահեց, որ այս դանդաղ, ծույլ և հորանջող ժողովուրդը հանկարծ սկսեց աշխուժանալ, ի՞նչ պատահեց, որ արևելյան այս քաղաքը, ետ ընկած, խուլ և անաղմուկ այս քաղաքը հանկարծ բռնվեց արտակարգ շարժման տենդով։ Ի՞նչ պատահեց։

Դիտեց պրոֆեսորը չորս կողմը և հիշեց հին արևը, որ հակինթյա անդորրությամբ իջնում էր տափակ կտուրների վրա և ծփում։ Ինչքան նոր մարդիկ կան այս քաղաքում, մարդիկ, որոնք երբեք չէին երազել Երևանը, ահա այստեղ են, աշխատում են գիշեր և ցերեկ, կարծես տագնապում։ Փողոցներում քարեր, քարտաշների մուրճերի ներդաշնակ ռիթմը և զիլ հնչյունը, ահա բարձրանում են շենքերը, տափակ, միհարկանի կտուրները մնում են ստվերների տակ, արևը վեր է բարձրացել և նստել բարձր շենքերի վրա, մանուկների ճիչը բարձր է և ջինջ, առվի ընթացքն անգամ արագացել է, արևի ոսկյա փրփուրը թափվում է Արարատյան դաշտի վրա, չկա հին ծարավը, խորություններից բարձրանում են ջրերը վեր, նորից հոսում ներքև և դարավոր տոչորող հողը ժպտում է ջրի զովության մեջ։

Ի՞նչ պատահեց։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, որին պատմությունն ըմբռնելու համար հարկավոր էին միայն դոկումենտներ, չէր կարող տեսնել կյանքի կոնկրետ փաստը։ Ժամանակակից պատմությունը պետք է հնանար, թաղվեր ժամանակի սև փոշու տակ, դառնար թուղթ և քար, որպեսզի նորից դուրս հանվեր և դառնար բուռն հետաքրքրության առարկա։

Նա անցավ նոր ավարտված մի շենքի առաջից, հետաքրքրությամբ դիտեց շենքը՝ մեծ, լուսավոր պատուհաններ, [ 22 ] կապույտ թերթիկներով սքողված կտուր, շենքի ճակատը ներկված վարդագույն, լուսամուտներից դիտելով ներքնակողմը՝ տեսավ, որ յուրաքանչյուր պատը և առաստաղը ներկված են զանազան գույներով և արտակարգ պայծառ գույներով, տեսավ և այդ նոր շենքի կողքին հին տունը, տափակ կտուրով, կուչ եկած, իսկ ճակատին մի քանի սյուներով հենարաններ, որպեսզի փուլ չգա հոգնած փոքրիկ տունը։

— Այս նոր շենքը գեղեցիկ է,— ասաց նա ինքնիրեն և անցավ, չկարողանալով մոռանալ հենարաններով տունը, ոչ թե նրա համար, որ այդ փոքրիկ տունը բաղդատության դրեց նոր կառուցված շենքի հետ, այլ նմանեցրեց իրեն։ Ինքն էլ, պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը, պարզապես հենարաններ էր կառուցել իր հոգու և իմացականության առաջ, որ չփլչեն։

— Մինչև ե՞րբ,— հարցրեր նա իր մտքում և ստացավ կոնկրետ պատասխան:

— Թերևս ավելի շուտ, քան այդ փոքրիկ հենարաններով շենքը։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանն այդ կոնկրետ պատասխանից հետո վատ չզգաց, ընդհակառակն, նրան պատեց զարմանալի քաղցրագին մի թախիծ, և իրեն պատկերացրեց նստած, մենակ, տխուր, բայց հավիտենականորեն անդորր, իր սեփական հոգու ավերակների մեջ:

Երբ հասավ նա մի հին եկեղեցու առաջ, որ արդեն փակված էր հաճախորդ չլինելու պատճառով, կանգ առավ մի պահ։ Եկեղեցու ներսը տիրում էր կատարյալ լռություն, հին մեղեդիները քարացել էին տխուր, մռայլ և դեռևս խնկավետ պատերի վրա։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանն իսկապես զգաց խնկի հոտը, նրա ռունգները, ասես անասնական սեռային հուզումով, բացվեցին և դողացին հոտի հաճույքից։ Այնինչ, իրականության մեջ, եկեղեցու ներքնակողմում պատերը թացացել էին կտուրի կաթելուց, և ջրից կազմված հետքերը սև օձերի նման գալարվում էին պատերն ի վար։ Եկեղեցու բովանդակ մթնոլորտը հագեցած էր պատերի, հատակի և առաստաղի մգլածությամբ։

Եթե բաց լիներ եկեղեցին, պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը կմտներ ներս անպայման, թեկուզ ժամերգություն չլիներ, [ 23 ] թեկուզ ոչ ոք չլիներ, կնստեր մի անկյուն, թախիծով և խաղաղությամբ կխոկար լուռ, սրբերից և աստվածներից լքված տաճարում, որտեղ մի ժամանակ, ըստ պրոֆ. Մելիք-Անդրեասյանի, երգվել էին ամենահոգեցունց մեղեդիները, որտեղ հրեշտակներ էին երգել, սպիտակ թևերով, կլոր, գիրուկ և քնքուշ փորերով, որոնց մեջտեղում փայլում էին պորտերը, որպես մարելու մոտ աստղեր երկնքում ճիշտ լուսաբացից քիչ առաջ, որտեղ ինքը` աստված, ահեղ և ահավոր, իջել է շատ անգամներ՝ ունկնդրելու իր երկրպագուների ստրկամիտ աղերսը, իջել է մարդկանցից անտեսանելի։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը չհամարձակվեց խաչակնքել երեսը, բայց նրա հոգին խոնարհվեց մինչև եկեղեցու շեմքը:

Մի քիչ քայլելուց հետո՝ մեքենայորեն նայեց ժամացույցին և տեսավ, որ արդեն ժամը 6-ին քառորդ պակաս է, իսկ նրա դասախոսությունն սկսվում էր ճիշտ ժամը 6-ին: Շտապեց դեպի ուսումնական հիմնարկը, բարձրացավ ամբիոն և սկսեց իր դասախոսությունը։

— Անցյալ դասախոսությամբ,— սկսեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը,— մենք հաստատեցինք, թե ինչպես մարդկության ողջ գործունեության, մի խոսքով` ամբողջ պատմության հիմքում դեր են խաղում միայն նյութական կարիքները։ Այսօրվա դասախոսությունը նպատակ պիտի ունենա այս տեսությամբ, այսինքն՝ պատմության մատերիալիստական ըմբռնման տեսությամբ, քննել Արևմտյան Եվրոպայի խոշորագույն մի երկրի՝ Անգլիայի պատմությունը…

Զ

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը և Ելենա Բեգլարովնան հետևյալ խոսակցությունն ունեցան մեռոնեփեքի առթիվ: Պրոֆեսորն ուզում էր գնալ Էջմիածին և ներկա լինել արարողության, բայց Ելենա Բեգլարովնան կատեգորիկ կերպով դեմ գնաց նրա այդ ցանկության:

— Այնինչ, ես ուրիշ կերպ էի մտածում,— ասաց Ելենա Բեգլարովնան։

— Ի՞նչ կերպ,— հարցրեց պրոֆեսորը։

— Ես գնամ, իսկ դու մնա։ [ 24 ]

— Ի՞նչ է տարբերությունը:

— Տարբերությունն այն է, որ ե՛ս չեմ պատմության ամբիոնի պրոֆեսորը։

— Իսկ դու անկեղծորեն ցանկանո՞ւմ ես ներկա լինել:

— Այո՛,— պատասխանեց Ելենա Բեգլարովնան տխրությամբ, խոր, խոր տխրությամբ։

Նրա արտասանած երկու վանկում զգալի էին տխրության բոլոր պատճառները — ինչո՞ւ լիներ այնպես, որ հավատքի համար անգամ մարդ չկարողանար ազատորեն արտահայտվել։ Մի քիչ հետո Ելենա Բեգլարովնան այսպես էլ արտահայտվեց, որին պրոֆեսորը պատասխանեց.

— Ո՞վ է քեզ կաշկանդում, ո՞վ է քո ոտը կապում։

— Ոչ ոք։

— Էլ ինչո՞ւ ես կարծում, որ չի կարելի ազատորեն դիմել դեպի հավատքը:

— Ւհարկե, ոչ ոք ինձ չի կաշկանդում, միայն неудобно, և ապա քո ամբիոնը, ի՜նչ լավ կլիներ՝ լինեիր երաժիշտ։

Ելենա Բեգլարովնայի և պրոֆ. Մելիք-Անդրեասյանի՝ Էջմիածին գնալու ցանկությունների միջև կար խոր տարբերություն: Ելենա Բեգլարովնան հավատում էր աստծուն, եկեղեցուն, հավատում էր անկեղծորեն, սակայն վախենում էր իր ամուսնու դիրքից, իսկ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը չէր հավատում, նրա համար աստծո գոյության գաղափարը չափազանց ծիծաղելի էր, բայց ցանկանում էր գնալ, որովհետև դա հոգեպես մխիթարում էր իրեն, եկեղեցին, տաճարը, մոմերը, խունկը, մթնշաղում ուրվագծվող խաղաղ գմբեթները, մինչև անգամ տիրացուի ռնգային և ռիթմից զուրկ երգը, այդ բոլորը իրեն վերադարձնում էին հին կյանքը, պատմության հին հասկացողությունը, այդ բոլորը սերտորեն, անքակտելիորեն կապված էին պատմության այն իդեաների հետ, որոնք միս ու ոսկոր էին դարձել իր մեջ, և կարողություն չուներ դուրս վռնդելու ու երբեմն զգում էր, որ նորամույծ իդեաները հներից մի քանիսին արդեն դուրս են վռնդել և սկսել են խոր արմատներ գցել իր ներքին աշխարհում։

Երբ Էջմիածին գնալու վճռական կիրակին հասավ, թե՛ [ 25 ] պրոֆ. Մելիք-Անդրեասյանը և թե՛ Ելենա Բեգլարովնան որոշեցին չգնալ։

Մնալով քաղաքում և երկար մտածելով՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը եկավ այն եզրակացության, որ սխալ արավ ինքը՝ հարելով հեղափոխության, կարելի էր մնալ չեզոք, պասսիվ, կատարել իր առաջ դրված ակադեմիական պարտավորությունները և ապրել հոգեկան կատարյալ խաղաղության մեջ։ Կային մարդիկ, որոնք, չհաշտվելով քաղաքական հեղաշրջման հետ, ճիշտ է, կորցրին իրենց դիրքերը, բայց ահա պրոլետարիատը եղել է այնքան բարի, որ նրանցից ամեն մեկին էլ ապրեցնում է և վատ չի ապրեցնում. ոմանք թարգմանությամբ են զբաղված, ոմանք կոնսուլտանտներ են, ոմանք մինչև անգամ հիմնարկների դիրեկտորներ են, բայց ինքը, մնալով իդեոլոգիական ֆրոնտի ամենահրատապ կետում՝ պատմության ամբիոնում, ստիպված է ապրել տագնապի և մղձավանջի մեջ:

Էջմիածին գնացողները վերադարձան։ Ոչ ոք նկատի չառավ նրանց ներկայությունն Էջմիածնում, նրանք պատմեցին, որ Էջմիածինը վերազարթնել էր ամբողջությամբ, հին շունչը թարմացած, բայց հնի զարմանալիորեն հոգեցունց բույրով, սավառնել էր հին երկնքից հին հողի և դարավոր քարերի վրա։

Իսկ ինքը՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, ինչո՞վ էր զբաղված հենց այդ օրը, ջանում էր գտնել ֆրանսիական մեծ հեղափոխության տնտեսական պատճառները, ճգնելով բոլորովին անտեսել ֆրանսիական ոգու առանձնահատկությունը հեղափոխության պատճառների մեջ:

Է

Մեռոնեփեքից մի քանի օր հետո, հենց հաջորդող երկուշաբթին, պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, պատճառաբանելով, որ Էջմիածնի գրադարանում գտնված մի պատմական երկասիրություն իր համար անհրաժեշտ է, մեկնեց Էջմիածին:

Նա անցավ ծաղկավետ այգիներով, ծառերի բույրը, կարծես խտացած, ծփում էր ալիքի նման, ծառերը, ողջ կանաչությունը լողանում էին իրենց իսկ բույրի ծովում։ Անցավ [ 26 ] նա փոքրիկ, կարծես անբնական, բլրակների կողքով և զգաց, որ այդ բլրակների տակ թաղված էին հին քաղաքներ, սրբազան կուլտուրայի մնացորդների մի ողջ պատմություն։ Երբ հանդիպեց նա առաջին խաչքարերին և նորից տեսավ ընկած և կոտրված քարերի վրա քանդակված խաղողի չքնաղ ողկույզները, դառնորեն ծիծաղեց. «Ինչպե՞ս կարելի է,— մտածեց պրոֆեսորը,— արվեստի այս բեկորների տակ գտնել տնտեսական ինչ որ բազա, սրանց քանդակող անհայտ արվեստագետի հոգում ինչպե՞ս կարելի է բռնադատորեն դնել տնտեսական կարիքի ողորմելի հերոսին»։

Կառքը մտավ Հռիփսիմյանց վանքի ստվերը։ Առավոտյան զովը վետվետում էր ստվերում, կառքի ձիերը, որոնց սահուն մեջքերից և ջրվեժի նման հոսող բաշերից քրտինքի գոլորշի էր բարձրանում, վանքի ստվերի զովում վրնջացին արևային վճիտությամբ։

Ամբողջ Արարատյան դաշտում արեգակը շարժվում էր կոհակ առ կոհակ, բարձր, սեգ, երկնասլաց կաղամախիները ծփում էին արեգակի հորդ կոհակներում, և վանքերի գմբեթները արևի միջից սլանամ էին դեպի երկինք:

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը հասավ վանքի բակը և ուղղակի դիմեց գրադարան, որտեղ ընդունեց նրան գրադարանի վարիչը, ճաղատ գլխով, ժպտերես, հոգնած աչքերով և հանդարտաբարո մի մարդ, որը, նախքան պրոֆեսորի ներս մտնելը, կռացել էր միջնադարյան մի երգչի ձեռագրի վրա և ճգնում էր կարդալ։

Գրադարանի վարիչը զարմացավ՝ տեսնելով պրոֆ. Մելիք-Անդրեասյանին իր գրադարանում, որովհետև հաստատ համոզված էր, որ նրան, բացի Արևմտյան Եվրոպայի պատմությունից, ոչինչ չէր շահագրգռում։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը ճանաչված էր որպես չափազանց նեղ մասնագետ։

Սովորական ողջույնից հետո՝ պրոֆեսորը խնդրեց վարիչից գերմանացի ճանապարհորդի մի գիրքը և ստանալով այդ գիրքը, քաշվեց ու սկսեց կարդալ։

Նրա ընթերցումը երկար չտևեց, թերթեց մի քանի գլուխ, կարդաց մի քանի էջ, իբր թե նոթեր վերցրեց և վերադարձրեց գիրքը։ [ 27 ]

— Արդեն վերջացրի՞ք աշխատանքը,— հարցրեց գրադարանի վարիչը զարմացած:

— Այո, ինձ շատ բան հարկավոր չէր, միայն մի քանի թվական տվյալներ, ուրիշ ոչինչ։

— Ի՞նչ կա-չկա քաղաքում,— հարցրեց գրադարանի վարիչը:

— Ոչինչ, միևնույնն է, ինչ որ գիտեք:

— Ասում են հիդրոշենի կառուցումը վերջանում է,— հարցրեց գրադարանի վարիչը, որի աչքերում փայլում էր ուրախության ցոլքը:

— Օ՜, այդ տեսակետից, այո, կառուցումները շատ լավ են,— պատասխանեց պրոֆեսորը բոլորովին զարմացած, որ միջնադարյան երգչի ձեռագրի վրա կռացած մարդը, գրքի այդ որդը, հետաքրքրվում էր ժամանակակից կյանքով, այն էլ ամենավերջին նորություններով։

— Ձեզ մոտ հետաքրքրական բաներ շատ կան, գեթ եղել են։

Գրադարանի վարիչը գլխի չընկավ։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը շարունակեց.

— Ապրելով այստեղ, այս որմերի ստվերների տակ, ստանում եք հին կյանքի բույրը. ահա մի քանի օր առաջ ձեզ մոտ տեղի ունեցավ շատ նշանակալից դեպք։

Գրադարանի վարիչը նոր գլխի ընկավ, որ պրոֆեսորն ակնարկում էր մեռոնեփեքի տոնը։

— Այո, հավաքվեցին այստեղ հազարավոր մարդիկ, հեռավոր քաղաքներից և գյուղերից, լցվեցին, թափվեցին իրար վրա, կեղտոտեցին ամեն տեղ, տեսնու՞մ եք, այժմ լուսամուտն անգամ չի կարելի բաց անել, գարշելի հոտը խուժում է ներս և շնչել չի կարելի, ահա ձեզ հին բույրը,— ասաց գրադարանի վարիչը՝ թթվեցնելով երեսը։

Այն ժամանակ միայն պրոֆեսորն զգաց, որ իսկապես գյուղի փողոցներից անցնելիս, մանավանդ վանքի բակը մտնելիս՝ այդ գարշելի հոտը փչում էր կատաղի կերպով։

— Նու՜, ոչինչ, կանցնի,— վախկոտ հարեց պրոֆեսորը՝ կարծելով, որ գրադարանի վարիչի անդորր բնավորությունը կարող է պայթել։

— Այո, կանցնի, իհարկե կանցնի, ամեն կեղտոտություն [ 28 ] վերջ ի վերջո կտարրալուծվի, կհոսի, կգնա, բայց ահա քանի օր է՝ մաքրում են, վերջ չկա,— ասաց գրադարանի վարիչը։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը չուզեց խոսակցությունը շարունակել, որովհետև զգաց, որ Էջմիածնի գրադարանում, հին և սրբազնագույն ձեռագրերի մթնոլորտում ապրում է մի մարդ, որ հոգու մինչև հատակը զզվել է այդ շրջապատից և եթե հնարավոր լինի, կկտրի, կպոկի այդ գրադարանը հողից, կթռցնի մի տեղ և նորից կկռանա գրքերի վրա` հաճույք զգալով տքնաջան, քրտնաթոր և մաշեցնող աշխատանքից։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, դուրս գալով գրադարանից, մի պտույտ գործեց մայր եկեղեցու շուրջը` աչքի պոչով նայելով կաթողիկոսանիստ շենքին ամեն անգամ, երբ գալիս հասնում էր եկեղեցու գլխավոր դռանը։ Նրան դիտողը երբեք չէր կարող կարծել, որ նա Էջմիածին էր եկել հատկապես մտնելու կաթողիկոսի մոտ։ Պրոֆեսորը զննողաբար նայեց չորս կողմը, անձկությամբ սպասեց, որ վանքի բակը ոչ ոք չմտնի, որպեսզի սողոսկի դեպի վեհարանը, բայց կային ցանցառ անցուդարձեր և զարմանալիորեն դանդաղ: Հուսահատվելով, որ երթևեկությունը կդադարի, նա մտավ, պարզապես սողոսկեց դեպի այսպես կոչված վեհարանը:

Ը

Կաթողիկոսը պրոֆ. Մելիք Անդրեասյանին չէր սպասում, որովհետև մինչև անգամ չեկան այն մարդիկ, որոնց սպասում էր, էլ ուր կմնար Մելիք-Անդրեասյանը, որն ամենաշուտ բեկվողներից մեկի համբավն էր վայելում։

— Ձերդ սրբություն, ներողություն եմ խնդրում,— ասաց պրոֆեսորը կաթողիկոսի ձեռքը համբուրելուց հետո, որ մեծ տոնի օրը չկարողացա ներկայանալ։

— Քրիստոսի հոտի մեջ բազում են մոլորյալք, պրոֆեսոր,— պատասխանեց կաթողիկոսը ցավագին շեշտով։

— Ձերդ սրբությունը, իհարկե, մտնում է մեր դրության մեջ,— շարունակեց պրոֆեսորը` մի աթոռի վրա տեղավորվելով:

— Իսկ դուք մտնու՞մ եք իմ դրության մեջ,— հարցրեց կաթողիկոսը: [ 29 ] Հարցը շատ շեշտակի էր, պրոֆեսորը հարմար համարեց լռել։

Լռությունից օգտվելով՝ կաթողիկոսը զանգ տվեց:

Ծառան անմիջապես ներս մտավ և ընտանի կերպով մոտեցավ կաթողիկոսին: Վերջինս գրպանից հանեց փոքրիկ բանալիների մի փունջ և, բռնելով նրանցից մեկը, ասաց.

— Պրոֆեսորին թեյ կբերեք լիմոնով։

Ծառան բանալին վերցրեց և դուրս գնաց։

Պրոֆեսորը լսել էր, որ զառամյալ կաթողիկոսն իր տան անձնական տնտեսությանը խստիվ հետևող մի մարդ էր, բայց երբեք չէր կարծում, որ պահարանի բանալին պահում էր հայրապետական պատմուճանի գրպանում:

— Այժմ լիմոն դժվար է ճարվում, պրոֆեսոր,— ասաց կաթողիկոսը։

— Քաղաքում բոլորովին չկա, Ձերդ սրբություն,— արձագանքեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը մեքենայորեն:

— Այո, լսել եմ։ Ասացեք, խնդրեմ, լիմոնին ի՞նչ պատահեց,— հարցրեց կաթողիկոսն այնպիսի լուրջ և ցավագին տոնով, կարծես հարցնելու լիներ, թե ի՞նչ պատահեց հայկական հարցին:

Մի պահ նորից լռություն տիրեց։ Պրոֆեսորն անձկությամբ սպասում էր լսելու կաթողիկոսի կարծիքը մեր օրերի մասին, ուստի, մի կողմ դնելով ծառայի մատուցված թեյը` երկյուղածությամբ և դողդոջուն ձայնով հարցրեց.

— Ի՞նչ է մտածում Ձերդ սրբությունը։

— Ինչի՞ մասին:

— Նու, առհասարակ:

— Գիտեք, պրոֆեսոր, մենք մի վարդապետ ունենք, Պոլսից է, նախքան վարդապետ ձեռնադրվելը եղել է դեղագործ, այդ մարդն ինձ համար ուղղակի փրկություն հանդիսացավ:

— Ի՞նչ տեսակետից, Ձերդ սբրություն,— խորապես հետաքրքրվեց պրոֆեսորը։

— Դեղորայք, կոմպրես, բանկաներ, կլիզմա և այլն:

— Հրաշալի է…

Պրոֆեսորը ձեռքը երկարեց թեյին, մտադրվեց այլևս հարց չտալ, բայց մի ներքին ուժ մղեց նրան: [ 30 ] — Ձերդ սրբություն, ես կցանկանայի իմանալ ձեր կարծիքը մեր էպոխայի մասին:

— Էպո՞խայի… ողջ աշխարհը գժվելու է, զավակս, այս գաղափարը… ի՞նչ են ասում դրան, հըմ, այս…

— Սոցիալիզմը։

— Այո, սոցիալիզմը, դա որ դուրս եկավ, ողջ աշխարհը տակնուվրա է անելու:

— Իսկ ի՞նչ է Ձերդ սրբության կարծիքն այդ մասին,— հարցրեց պրոֆեսորը։

— Քրիստոնեական եկեղեցու պետին այդ հարցը, ես կարծում եմ, ավելորդ է, պարզ է՝ բացի քրիստոնեական հավատքից չի կարող ուրիշ ոչ մի հավատք գոյություն ունենալ մեզ համար։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը պատրաստվեց մի հարց ևս տալ, բայց քրիստոնեական եկեղեցու պետը նորից զանգ տվեց: Ծառան մտավ ներս։

— Բարնաբաս,— ասաց կաթողիկոսը,— բանալիները չբերիր։

— Այս րոպեիս, վեհափառ,— պատասխանեց Բարնաբասը և փութկոտ վազեց դուրս։

— Մի քիչ անուշադրություն և պրծավ… ոչինչ չի մնա պահարանում,— ջղային ավելացրեց քրիստոնեական դարավոր եկեղեցու պետը։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը որոշեց, այլևս ոչ մի հարց չտալ։ Երբ Բարնաբասը վերադարձրեց բանալիները, կաթողիկոսը դրեց գրպանը և գոհունակությամբ շշնջաց.

— Այսպես:

Պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը, օգտվելով Բարնաբասի ներս մտնելուց, թեյը թողեց կիսատ, ոտի կանգնեց և մոտենալով կաթողիկոսին։

— Ձերդ սրբություն,— ասաց նա,— թույլ տվեք հեռանալ։

Կաթողիկոսը երկարեց ձեռքը` պատրաստ անելով համբուրելու, բայց պրոֆեսորը սեղմեց այն և հեռացավ։

Վանքի բակում` մի ծառի թանձր և հաճելի ստվերի տակ կանգնած, պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանն ամաչեց ինքն իրենից: «Ահա հնի սիմվոլը, ահա այն անձնավորությունը, [ 31 ] որի մեջ պետք է բարձրացած լինեին հին հավատքի մարմարյա սյուները, բայց լիմոն, պահարան, բանալիներ և կլիզմա…»— շշնջաց։

Նա հեռացավ ծառի ստվերից, մի քիչ առաջացավ և կանգնեց Լուսավորչի եկեղեցու ստվերի տակ։ Արդեն սկսվել էր միջօրեի խեղդիչ տապը։

Աղեխարշ, ողբագին մի լռություն էր չոքել ամբողջ վայրում, շրջապատը նման էր վիթխարի մի դամբարանի, որի մեջ նայում է արևը՝ նախքան հողը թափվելը:

Տապ։ Ամառային միջօրե։ Արևը, հնոցի նման, կրակ էր մաղում:

Պրոֆեսորի սիրտն սկսեց տոչորվել արարատյան լայնաբաց և հակինթյա հրդեհում։

Մի շուն, մազերը տեղ-տեղ թափած, պառկել էր մի ծառի շվաքի տակ, լեզուն դուրս ձգած: Հավերը կախ էին գցել թևերը։ Բակում կային մարդիկ, բայց չէին խոսում։ Նստարանների վրա նստած մարդիկ մինչև անգամ իրար երես չէին նայում, լուռ էին։ Լուռ էին նրանք մեռելների նման։

Պրոֆ.Մելիք-Անդրեասյանը մտավ եկեղեցի։

Հինավուրց գանձարանը բաց էր։ Պրոֆեսորն առաջացավ դեպի գանձարանը։ Մարդկային հոգու փրկությանը նվիրված այս եկեղեցուն կից կառուցված գանձարանը լեցուն էր գույնզգույն, վառվռուն մետաքսներով, արծաթով, ոսկով և ադամանդներով։

Ահա մի ոսկյա թև, բթամատն ու մատնեմատը իրար կպցրած: Լուսավորչի աջն է՝ պարուրված ոսկով։ Մի պառավ կին կռացած` մաշած և դեղնած, մոտենում է, համբուրում ոսկին և խաչակնքում։ Պրոֆեսորի աչքին խփում է Լուսավորչի աջի կողքին դրված մոմապատ, կեղտոտ գանձանակը։ Պառավը հեռանում է առանց փողի մի փոքրիկ բեկորով հրճվեցնելու գանձանակի փորը:

— Լուսավորչի աջն է,— ասում է պրոֆեսորին մի վարդապետ, որ հսկում է հավատացյալներին՝ գողություն չանեն։

Վարդապետը խոսքն ուղղում է հատկապես պրոֆեսորին, որովհետև նրա դեմքի վրա նշմարում է թեթև հեգնական ժպիտ։

— Գիտեմ,— պատասխանում է պրոֆեսորը։ [ 32 ] Նրա պատասխանի տոնը զգացնել է տալիս վարդապետին, որ ինքն ավելի լավ գիտե այդ, քան նա: Պրոֆեսորն ուշի-ուշով նայում է վարդապետին, որը, թվում է պրոֆ. Մելիք-Անդրեասյանին, աղավաղված մի նախադասություն է, որից չի կարելի որևէ իմաստ դուրս բերել, ամենաշատը՝ մի ծամածռված անճոռնի բովանդակություն։

Բայց հայր սուրբը սիրալիր է։ Մոտենում է նա ոսկեհուռ և ադամանդակուռ մի տուփի, խաչ հանում, բաց անում և ասում.

— Սա այն գեղարդն է, որով ծակեցին Քրիստոսի կողը:

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը լուռ է, անշարժ, նրա կողքին կեցող մի ծերունի հավատացյալ դողում է վարդապետի հայտարարությունից, նրա հոգին սարսուռ է զգում, իսկ պրոֆեսորը մտածում է. «Ո՞ր սաղիմացի վաճառականն արդյոք բերել է երկաթի այդ կտորը և մեծ գնով ծախել հայոց Մայր Աթոռին, բայց այդ վաճառականը մի անգամ է խաբել, իսկ Էջմիածնի վանականները դարեր խաբել են միամիտ ժողովրդին»։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը դուրս եկավ գանձարանից և մտավ եկեղեցու ներսը: Մի ուրիշ վարդապետ մկրտություն է անում: Ավազանի ջուրը կեղտոտ է, բայց չի կարելի փոխել – սուրբ է։ Զանագան հիվանդություններ ունեցող մանուկներին կոխում են միևնույն ջրի մեջ, վարակում են իրար։ Մկրտող վարդապետը, ծուլությունից հոգնած, մի երգ է թափում միրուքից վար, սրբում է երեխաներին սկզբնական մեղքից, այն առաջին մեղքից, որ այրում է կենդանական և բուսական ողջ օրգանական աշխարհը:

Պրոֆեսորն ուշի-ուշով դիտում է հին արվեստագետների գործերը` խորանի աոաջամասի մարմարների վրա նկարված առաքյալներն ու սուրբերը, որոնք ամեն տարի օճառով լվացվում են, բայց նկարներն ավելի և ավելի են պայծառանում։ Հիանում է պրոֆեսորը ներկերի այդ տեխնիկայով, հիանում է այն արվեստագետներով, որոնք իրենց հանճարը մաշեցին միջնադարյան հոգու խորշակալից անապատում:

Պրոֆեսորը դուրս եկավ եկեղեցուց:

Մի ծերուկ գյուղացի, արցունքն աչքերին, խաչակնքում է ինչ-որ հայրապետի գերեզմանի առաջ: Դողդոջուն ձեռքեր [ 33 ] ունի այդ գյուղացին, արևից այրած և ակոսված դաժան ճակատ, երեսի խորշոմները, խոր կնճիռները պատմում են արարատյան հողի խուժդուժ պատմությունը, տապը նրան տոչորել է, կծկել, չորացրել և խանձել:

Պրոֆեսորը մոտենում է նրան:

— Քեզ հող տվե՞լ են,— հարցնում է նա։

— Տվել են:

— Ի՞նչ ես անում այստեղ, ինչո՞ւ ես վանք եկել:

— Եկել եմ աղոթելու, որ հողս բերք տա։

Պրոֆեսորը նրան համոզում է, որ աղոթելով հողը բերք չի տա, պիտի լսել միայն գյուղատնտեսական հրահանգչին։

— Է՜հ, փուճ է:

— Ի՞նչը:

— Բոլորը:

Գյուղացին ձեռքը թափ է տալիս ու անցնում:

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը մտնում է Ղազարապատ։

Կլոր դարավոր ծառի տակ նստած է մի կին` լուռ։ Պատի տակին մի հավ` թևերը ձգած մինչև գետին։

Անսահման ողբ և լռություն։

Անկյունի սանդուղքներից վար է իջնում մի եպիսկոպոս, ձեռին մի հարթուկ: Նայում է եպիսկոպոսը պրոֆեսորին — կարծես, ուրիշ աշխարհից է դիտում նա:

— Լճում ջուր կա՞,— հարցնում է պրոֆեսորը ծառի տակի կնոջը։

— Շոգ է,— պատասխանում է կինը և երեսը շուռ տալիս։

Այո, չպիտի խոսել: Վիթխարի հնոցը վառված է, հրդեհված է Արարատյան դաշտը: Այդ բովանդակ մթնոլորտում մենակ լուսավոր կետը Արարատի գագաթի ձյունն է, որ հեռվից հեռու զովության պատրանք է տալիս։

Պրոֆեսորը նայում է շուրջը, ոչ մի կետ այդ վանքում այնքան համապարփակ ողբերգական չէ, որքան Ղազարապատը։ Կարծես դարեր չի ավլվել, չի մաքրվել այդ վայրը, ինչ որ քամին է բերել և ինչ որ քամին է տարել, այդպես էլ մնացել է, անխնամ, անծաղիկ, ինչպես վանականի հոգին։ Այդ վայրը մինչև անգամ զուրկ է քրիստոնեական միստիցիզմից։ Հողե պատերը քայքայվում են, հետզհետե հավասարվում [ 34 ] են գետնին, ոչ մի մելոդիա, ոչ մի հրեշտակի անտեսանելի թև։

Պրոֆեսորը քայլերն ուղղում է դեպի լիճը:

Ջուր չկա, հատակում մի քանի ոտնաչափ տիղմ է նստած, մեջը՝ հազար ու մի կեղտոտություններ՝ ձմերուկի կեղև, շորի գույնզգույն կտորներ, փտած խնձորներ և մի փոքրիկ նավակ՝ խրված տիղմում:

Պրոֆեսորը վաղուց է չի եղել այդ վայրում, ինչ-որ չի համապատասխանում այդ վայրը իր նախկին տպավորություններին:

Ի՞նչ է պատահել:

Այո, հիշում է հիմա:

Առաջ մի մթին անտառ էր տարածվում դաշտում՝ լճի ձորակից սկսած, անտառից ոչ մի հետք չի մնացել, ոչ մի ծառի ոչ մի արմատ չի երևում, հիմնահատակ կործանվել է ամեն ինչ, մի աներևույթ, հզոր և դաժան ձեոք արմատախիլ է արել ամեն մի շնչող ծառ, կամ մի անագորույն հրդեհ լափլիզել է բովանդակ անտառը:

Երեկոյան ղողանջում է դարավոր եկեղեցու զանգը։ Այդ զանգը, մի ժամանակ, հավատացյալների բուռն բազմություն էր հավաքում եկեղեցում։ Այժմ ղողանջին պատասխանում է մեկ հատիկ պառավ կին, աչքերը ճպռոտած, ականջները ծանր, դողդոջուն: Պառավը հպարտ է, որ երեկոյան ժամերգությունն սկսվում է իր համար և իր համար էլ վերջանում է: Ուրեմն, աստծու ականջը բոլորովին ազատ է լսելու միայն իր ձայնը, և պառավը, կատաղած եռանդով, կանչում է աստծուն՝ փրկել իր մեկ հատիկ անհավատ որդուն, որ բոլշևիկ է և կռվում է եկեղեցու դեմ։

Գիշերը լուսին կա, լիալուսին, որ սպիտակ և կլոր հացի նման բացվել է կապույտ երկնքում։ Եկեղեցիների և մատուռների սիլուետները որոշապես գծագրվում են լուսնի շողերի տակ: Գիշերվա մեջ արարատյան հին ոճն ավելի ռելիեֆ է, ավելի ցայտուն, քան ցերեկը։

«Եվ կան մեզանում մարդիկ,— մտածում է պրոֆ. Մելիք-Անդրեասյանը,— հենց ես ինքս նրանցից եմ, որ փարված են հին այդ ոճին, շղթայված մոմապատ մատուռների մթնշաղում: Պետք է հանգիստ թողնել այդ որմերը, խաչքարերը, [ 35 ] բարձր, նեղ, դիմահար պատուհանները, մեզ հարկավոր են կառուցումներ, որոնց մեջ արեգակը հեղեղի, ծեփի բոլոր պատերը ոսկով ու արծաթով։ Մեզ հարկավոր չեն ադամանդակուռ վարագույրները, մեզ հարկավոր չեն սրմահյուս շուրջառներ, ոսկեպատ խաչվառներ և ակնեղեններով հագեցած հայրապետական գավազաններ, մեզ հարկավոր են պարզ, կարմիր դրոշներ, թող տան մեզ լուսածոր ոճ, առանց մթին խորշերի, խորհրդավոր անկյունների, առանց ներքնագավիթների և դամբարանային սրահների, մեր քանդակները թող լինեն առանց մանվածապատ գծերի, առանց իրար մեջ անցած խրթին կորությունների, թող լինի այնքան պարզ և այնքան շողշողուն, ինչպես արարատյան խաղողը»։

Գիշերն իջնում է խաղաղությամբ, կարծես, մեռելները վեր են բարձրանում և հսկում գիշերը, ոչ մի շարժում, ոչ մի ոտնաձայն, լռել է բնության ձայնը: Եվ հեռավոր դաշտերում հասունանում է ժողովրդական հացը, լուսնի շողերի տակ ծփում է ցորենը։

Լուսնի շողերից ձգվել են մատուռների երկար ստվերները սև քղամիդների նման։ Այդ ստվերների միջից հանկարծ դուրս է գալիս մի վանական, լուսնի շողերի տակ նա նման է թաթերը վեր բարձրացրած սև արջի, որ անճոռնի քայլերով առաջանում է:

Ահավոր մի դամբարան է այդ վայրը:

Թ

Վանքի բակում, սև քարերից կառուցված երկհարկանի վարդապետական խուցերում այժմ ապրում են աշխարհականներ: Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը թխկթխկացնում է մի լուսամուտ, որ ներկված է կերոսինի լամպի դեղին լույսով։

Բացվում է դուռը:

— Համեցե՜ք,— սիրալիր ձայնում է մի բարձրահասակ, երկար մազերով, քառասունը նոր թևակոխած կին:

— Ճարտարապետը տա՞նն է:

— Այո՜, այո՜, տանն է, համեցե՜ք։

Պրոֆեսորը ներս է մտնում։ Սենյակի դռան վրա արդեն ճարտարապետը դիմավորում է նրան։ Միջանցքում կիսամութ [ 36 ] է: Ճարտարապետը չի ճանաչում ներս մտնողին, բայց պատրաստակամ ասում է.

— Համեցե՜ք, համեցե՜ք:

Ճարտարապետի ձայնը ժամանակակից չէ, կարծես ինչ–որ հին, լքված և մութ մատուռներում մի ծանր իր է ընկնում, և պատերն արձագանքում են, կարծես ծանր մուրճով կարծր բազալտն են հղկում, և քարի փշրանքներն աղմկելով թափվում են վար: Մտնում են սենյակ։ Ճաշի մեծ սեղանի վրա ճարտարապետը գծագրում է ինչ-որ հին մի եկեղեցի: Բարձրահասակ կինը խնամքով և գուրգուրանքով հավաքում է գծագրական պիտույքները: Ճարտարապետն աթոռ է տալիս Մելիք-Անդրեասյանին:

— Ինչ լավ արիք, որ եկաք:

— Բայց գիշերն այստեղ եմ մնալու:

— Հենց դրա համար էլ ասում եմ:

Ճարտարապետն արևից այրված դեմք ունի։ Թխացած և աննուրբ նրա դեմքի ամեն մի անկյունը պատմում է արևի հետ ունեցած նրա կատաղի պայքարի պատմությունը։ Խիտ, սև և կամարաձև հոնքերը կառնիզի նման կախվում են նրա սև և հին, պատմության խորությունից նայող աչքերի վրա՝ ինչպես ուռենու ճյուղքը՝ մութ, բայց ջինջ ավազանի վրա: Լայնաթիկունք է նա, ոսկրոտ, դիմացկուն, ինչպես վիթխարի շենքի տակ հպարտությամբ կանգնած սյունը, և առաջին հայացքից ներշնչում է նա ֆիզիկական, սև աշխատանքի հերոսը, եթե իմացականությամբ շողշողուն աչքերը չճառագայթեին նրա ողջ կերպարանքի վրա:

Երկար չի տևում, և ահա խոսակցությունը դառնում է Էջմիածնի նյութական կուլտուրայի մնացորդների մասին։

— Դեոևս ուսումնասիրված չեն,– ասում է ճարտարապետը՝ հակառակ իր սեփական թանկագին ուսումնասիրությունների գոյության։

— Այդ բոլորի ոճը մեզ այժմ կարող է աջակցել ստեղծելու…

Ճարտարապետը չի թողնում, որ պրոֆ. Մելիք–Անդրեասյանը շարունակի։

— Այդ ոճը մեզ ոչ մի աջակցություն չի կարող ընձեռել, այդ ոճը թաղվել է նրան ստեղծող հասարակության հետ, [ 37 ] մինչև անգամ մենք այժմ չենք կարող այդ ոճով եկեղեցի կառուցել, եկեղեցական ոճն անգամ ամեն մի դարաշրջանում փոխվել է:

— Էլի փոփոխման օրենքը,- ասաց պրոֆեսորն իր մտքում և շարունակեց լսել ճարտարապետին, որի ձայնը, կարծես, ճարճատում էր գիշերվա ծոցում:

— Բայց չէ՞ որ դուք մեծ ոգևորությամբ ուսումնասիրում եք,— ասաց պրոֆեսորը։

— Այո, ուսումնասիրում եմ իբրև պատմություն։

— Իսկ նրանց ուսումնասիրությունը ոչնչո՞վ պիտանի չէ մեզ` ժամանակակիցներիս համար:

— Դա ուրիշ հարց է: Այո, շատ պիտանի է տեխնիկայի տեսակետից, եթե այժմյան կառուցող ճարտարապետն իմանա, թե ինչպես գմբեթները կանգնած են, թե ինչ շաղախով են դիմանում պատերը երկար դարեր, եթե իմանա, թե նյութերի ինչ հարակցութուն գոյություն ունի, նրա արվեստն ավելի կազնվանա, բայց ո՞ճ, ոճն անդարձ թաղված է, պրոֆեսոր։

— Չե՞ք ցավում, ճարտարապետ:

— Ի՞նչ բանի համար:

— Անդարձ թաղված լինելու համար։

— Ո՜չ,— երկարացրեց ճարտարապետը քմծիծաղով,— մահը և ծնունդը հավիտենական օրենքներ են, պիտի մեռնեն և պիտի ծնվեն:

Երբ լռություն տիրեց, ճարտարապետը շարունակեց.

— Իմ ուսումնասիրություններն ունեն մի այլ նպատակ ևս` ճշտել մեր կուլտուրայի վերելքի և անկման շրջանները, մեր պատմագիրները, ավելի շուտ` տոհմագիրները սխալ պատկերացում են տալիս այդ մասին, մեր նյութական կուլտուրան այլ բան է ասում մեզ, քարը չի ստում, ինչպես իշխաններից, նախարարներից և մեծ եկեղեցականներից տոհմագրությունն արձանագրելու պատվեր ստացող պատմագիրները։

— Նյութական կուլտուրայի վերելքն ավելի վաղ չէ կատարված, քան գրական կուլտուրայինը,- հակաճառեց պրոֆեսորը։ [ 38 ]

— Ներեցեք, պրոֆեսոր, մենք ճարտարապետություն ունեինք, նախքան գրերի գյուտը։

— Այդպես չէ Արևմտյան Եվրոպայում։

— Նայած երկրի պայմաններին։

— Ի՞նչ պայմաններ:

— Առաջին հերթին տնտեսական պայմանները:

— Դուք մարքսի՞ստ եք, ճարտարապետ,— հանկարծ հարց տվեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը։

— Ոչ, չեմ ուսումնասիրել դժբախտաբար, հայոց հին կուլտուրան ինձ ամբողջովին կլանել է։

— Բայց դուք… կարծես…

— Ասում են, որ ամեն մի բարեխիղճ գիտնական հասնում է մարքսիզմին,— ընդմիջեց ճարտարապետը:

— Ах, так!— երկարաձգեց Մելիք-Անդրեասյանը։

Բարձրահասակ կինը սեղան բերեց սպիտակ լավաշ, պանիր, կարագ և սամովարը։

— Ի՞նչ նեղություն, տիկին,— ասաց պրոֆեսորը:

— Տանը կով ունենք, պրոֆեսոր,— պատասխանեց ճարտարապետը:

Մինչ նրանք ընթրում էին և խոսում, բարձրահասակ կինը պրոֆեսորի համար անկողին սարքեց՝ հաստ բրդե դոշակով, սպիտակ սավանով, մեծ բարձով և բրդե վերմակով:

Երբ բարձրահասակ կինը սեղանը հավաքեց և հեռացավ, պրոֆեսորը և ճարտարապետը հանվեցին քնելու: Ճարտարապետը, առանց բրդե գուլպան հանելու, պառկեց և բրդե վերմակը քաշեց վրան:

— Տոթ է, ճարտարապետ, ինչպե՞ս կարողանում եք այդպես քնել:

— Տարիներից ի վեր վարժվել եմ,— պատասխանեց ճարտարապետը խուլ ձայնով, որովհետև գլուխը գրեթե կորած էր վերմակի տակ:

Պրոֆեսորը խնամքով ծալեց վերմակը, դրեց մի կողմ և սավանը քաշելով վրան՝ քնեց:

.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     

Լուսաստղն էր կախվել ջինջ երկնքում, երբ պրոֆեսորը [ 39 ] շոգից և քաղաք գնալու մտահոգությունից՝ զարթնեց և այլևս չկարողացավ քնել։

Լուսաստղի մարգարտյա փայլը, ջինջ երկինքը, օդի թարմությունը և լուսամուտների վրա կախված ծառի տերևների շշնջոցը գրավական էին հորդառատ, վարար արևի, որ քաղցրացնելու էր արարատյան խաղողը։

Երբ ճարտարապետը զարթնեց, պրոֆեսորը հագնված էր և կարդում էր ճարտարապետի գրքույկներից մեկը։ Պրոֆեսորը վեր կացավ գնալու, ճարտարապետը բռնեց նրան.

— Մինչև նախաճաշ չանեք, չեմ թողնի։

Պրոֆեսորը թախանձագին խնդրեց թույլ տալ, որովհետև ցանկանում էր բռնել առաջին ավտոբուսը։

Ժ

Աճապարեց նա վանքի բակից դուրս, ինչպես ծանր և ցավագար մղձավանջից խուսափող մարդը, դեպի ավտոբուսների կայանը։ Նա շտապում էր դեպի տուն, դեպի իր աշխատանոցի առանձնությունը, մարդկանց աչքերից հեռու։ Սպասելով ավտոբուսին՝ նրա քթին կպավ մեռոնեփեքի հյուրերի թողած կեղտոտության սուր հոտը, ամբողջ մթնոլորտը փոխվեց նրա աչքերի առաջ, ծառերի արանքներից երևացող մայր եկեղեցու գմբեթը մռայլվեց, վանքի բակից դուրս եկող վարդապետի սիլուետը օրորվելով անցավ իբրև մի կոշմար, բայց վանքի բակի պատերի դրսի կողմում ընկած բազարի մի կրպակում շողշողում էին խաղողի ողկույզները։ Պրոֆեսորը մոտեցավ այդ կրպակին, վերցրեց մի ողկույզ, իր ձեռքով դրեց կշեռքի մեջ և՝

— Կշռի՛ր,— ասաց:

Վերցրեց ողկույզը: Պրոֆեսորին թվաց, որ աստղերի մի փոքրիկ փունջ է բռնել ձեռքում, այնպես քթթում էին հատիկները։

Պրոֆեսորը, ակամա, անզգալիորեն, ասաց մտքում.

— Հողն է սա, հողի լույսը, ոչ մի մտածում չի կարող ստեղծել այս ողկույզը, եթե ոչ հողը, մատերիան:

Փրցրեց մի հատիկ և նետեց բերանը։ Հատիկը դեղին էր, բայց դեռ չափազանց թթու, պոկված էր դա իր թփից աշունից [ 40 ] առաջ, սոսկ իբրև ձև և գույն։ Այդ թթվությունից անգամ պրոֆեսորն ստացավ հողի ուրախ սարսուռը։

Ավտոբուսը սլացավ բիբլիական դաշտի կրծքով։ Ճանապարհի երկու կողմերում՝ հեռուն փռվում էին ոսկյա արտերը, որոնց վրա կանգնած էր հրավառ դեղին արևը։

Քաղաք մտնելիս՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը լսեց պիոներների զիլ ճիչը, ոսկյա ճիչ, որ դուրս էր բխում կարմիր վզկապներով պարուրված կոկորդներից։ Պրոֆեսորն ուրախ զգաց՝ հեռուն թողնելով տխուր միջնադարը, Արարատի ստորոտում կուչ եկած և հավիտենապես ծնկաչոք մատուռների տրտում աղերսանքը։

Երբ տուն հասավ նա, առանց սպասելու որևէ հարցումի Ելենա Բեգլարովնայի կողմից, կարծես ոչ թե արտասանեց, այլ տնքաց ինչ-որ։

— Փլվում է ամեն ինչ, կործանվում է առանց ձայնի, լռության մեջ։

Ելենա Բեգլարովնան ոչինչ չհասկացավ և հարցրեց.

— Ի՞նչ կար, լա՞վ էր։

— Այո, լավ էր, լիմոն, պահարան, բանալիներ, կլիզմա…

Ելենա Բեգլարովնան ապշեց և եկավ այն եզրակացության, որ Էջմիածնում պրոֆեսորի ստամոքսը, որ երբեմն խանգարվում էր, նորից է խանգարվել, և հարկ է եղել լիմոնով թեյ խմել և կլիզմա անել։

— Ի՞նչ կերար, որ ստամոքսդ փչացավ,— հարցրեց Ելենա Բեգլարովնան միամտորեն, բայց մտահոգ։

— Շատ բան կերա, ամեն ինչ խառնեցի իրար, զանազան բաներ։

— Ախր դու շատ զգույշ էիր, ի՞նչ պատահեց քեզ այս անգամ։

— Է՛հ, երբեմն լինում է, որ մարդ անարխիստ է դառնում, երբեմն մինչև անգամ հարկավոր է այդ։

— Վեհափառին տեսա՞ր։

— Տեսա։

— Ի՞նչ էր անում։

— Կլիզմա…

Ելենա Բեգլարովնան սրտնեղեց.

— Լուրջ բան եմ հարցնում։ [ 41 ] — Լուրջ եմ պատասխանում, Լենոչկա։

Ելենա Բեգլարովնան դուրս գնաց՝ հաստատ համոզված լինելով, որ պրոֆեսորը ջղայնացել էր ստամոքսի փչանալուց, ավելի լավ էր մյուս օրը հարցեր տար. միևնույն է, նա պիտի շարունակեր այդ հեգնական պատասխանները։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, ազատվելով կնոջ հարցապնդումից, քաշվեց իր աշխատանոցը և, առաջը դնելով պատմության մեծահատոր մի գիրք, սկսեց կարդալ և վերլուծության ենթարկել Մետերնիխի քաղաքական գործունեությունը։

Այդ գիշեր նա երկար կռացավ գրքերի վրա։ Ելենա Բեգլարովնան չիմացավ, թե պրոֆեսորը երբ եկավ ննջարան և քնեց, բայց երբ առավոտյան զարթնեց, նա տեսավ մի երկտող՝ սեղանի վրա դրված բաժակի բերանին, որպեսզի անպայման աչքի զարնի։ Ելենա Բեգլարովնան կարդաց երկտողը. «Առավոտյան դասախոսություն չունեմ, մի զարթնեցնի, ուշ եմ քնել»։

Ելենա Բեգլարովնան դուրս եկավ տնից և գնաց շուկա։


ԺԱ

— Իսկապես չգիտեմ, թե ինչպես փոխվեց մեր կենցաղը, առաջ միշտ հանդիպում էինք իրար, խոսում, զրուցում, իսկ հիմա՞. ժողովներ, նոր խնդիրներ, հների վերագնահատում և այլն…— ասաց պրոֆ. Մելիք-Անդրեասյանն ափսոսանքի շեշտով, հանդիպելով հին ընկերներից մեկին, որ դասախոսում էր միևնույն բարձրագույն ուսումնական հիմնարկում՝ իբրև հայ հնագույն գրականության պրոֆեսոր։

Երկու պրոֆեսորները, անցյալում լինելով մոտիկ մարդիկ, երկար ժամանակ էր, ինչ չէին տեսակցել, ոչ մի երեկո չէին հանդիպել իրար ընտանեկան հարկի տակ, թեև շատ անգամ էին պատահել իրար փողոցում, բայց միշտ երկուսն էլ աճապարանքի մեջ։ Յուրաքանչյուրը գիտեր մյուսի մասին, թե ինչ փոփոխությունների էր ենթարկվել, ինչպես էր ընդունել նոր կարգերը։

— Բայց այդ բոլորը դուք լավ եք տանում, ոչի՞նչ,— հեգնաբար նետեց պրոֆ. Տեր-Մինասյանը։ [ 42 ] Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը անմիջապես զգաց հեգնանքի սուր խայթոցը, բայց կարողացավ պահել իր սառնասրտությունը։

— Իզուր եք կարծում, պրոֆեսոր,— պատասխանեց Մելիք-Անդրեասյանը ցավագին շեշտով։

— Ներեցեք,— էլի հեգնեց Տեր-Մինասյանը։

— Ծառի վրա իջած կացնի հարվածից ծառը ճիչ չի արձակում, լուռ արտասվում է, պրոֆեսոր,— ասաց Մելիք-Անդրեասյանը։

Պրոֆ. Տեր-Մինասյանը նոր զգաց, որ Մելիք-Անդրեասյանի հոգում պտտվում է ինչ-որ մորմոք, ուստի անմիջապես փոխեց իր հեգնական տոնը.

— Ծառի անալոգիան սխալ է, պրոֆեսոր, մենք մարդիկ ենք։

— Մենք մարդիկ ենք…— մրմնջաց Մելիք-Անդրեասյանը և լռեց։

Նրանք բարձրացան դեպի բլուրը։ Աշնանավերջի երեկոներից մեկն էր, բլուրի վրա տարածված պարտեզների ծառերի մեջ արդեն դեղնած և կարմրած տերևներ կային, կային և տերևներ, որոնց քամին քշել-բերել էր և ձգել ճանապարհի վրա, մարգերը փայլում էին իրիկնային վարդագույն շողերի տակ, ծառերի նվագը բարձրանում էր և փշրվում քաղաքի վրա՝ վերևից թափվող արևի ճաճանչների նման։

— Ոչ մի փոփոխություն առանց ցավի չի կատարվում,— վերսկսեց խոսակցությունը Մելիք-Անդրեասյանը,— բայց փոփոխություն հարկավոր է։

Վերջին նախադասությունը նա արտասանեց ընդգծված տոնով։

— Նայած ինչ չափի,— ավելացրեց Տեր-Մինասյանը։

— Շորերը հնանում են, կեղտոտվում, հարկավոր է փոխել, նորերը հագնել,— ասաց Մելիք-Անդրեասյանը։

—Նորից, ես կարծում եմ, դուք սխալ անալոգիա եք անում, շորերը տարբեր են, մտածողությունը՝ տարբեր։

Մատերիան ինքը փոխվում է, հազար ու մի արտահայտություններ ստանում առանց ձեր կամքը հարցնելու, մաշվում են շորերը, վերածվում այլ ձևի, դա մատերիան է։ [ 43 ]

— Շորերը մատերիա է, այո, իսկ մի՞տքը, մտածողությո՞ւնը, պրոֆեսոր։

— Ուղե՞ղը ուզում եք ասել, պրոֆեսոր,— հարց տվեց Մելիք-Անդրեասյանը։

— Այո՛, ուղեղը։

— Չէ՞ որ ուղեղն էլ մատերիա է, նյութերի որոշ քանակությունների բախտավոր միացումը, և մտածողությունն այդ նյութերի, որոշ պայմաններում և որոշ ձևերում, միացման արտահայտությունն է։

— Հասկացա, ձեր ասածը տանձն է, պրոֆեսոր, դա վուլգար մատերիալիզմն է, մենք ևս կարդում ենք, պրոֆեսոր,— պատասխանեց Տեր-Մինասյանը, վերստանալով իր սուր հեգնանքի շեշտը։

Մելիք-Անդրեասյանը զայրացավ։

— Առհասարակ փոփոխությունն ընդունո՞ւմ եք թե ոչ,— հարցրեց նա։

— Այո՛։ Իսկ ես արդեն ասացի՝ գոյություն ունի չափ։

Մելիք-Անդրեասյանն ուզեց խոսել, բայց Տեր-Մինասյանը շարունակեց.

— Բացատրեմ միտքս։ Ես ձեզ չեմ մեղադրում, որ դուք ենթարկված եք մեծ, ես կասեի, հսկայական փոփոխությունների. ձեր մասնագիտությունը, Արևմտյան Եվրոպայի պատմությունը, այնքան էլ մեծ ցավեր ձեզ թերևս չի պատճառի, և չի պատճառել, չափազանց հեռու է այդ առարկան ձեր հոգուց։ Ներեցեք,— ավելացրեց Տեր-Մինասյանը, երբ տեսավ, որ Մելիք-Անդրեասյանն ուզում է խոսել,— ես այն կարծիքը չունեմ, որ գիտական մտքի համար կան օտար առարկաներ, բայց, այնուամենայնիվ, Արևմտյան Եվրոպայի պատմությունը նման չէ հայոց հնագույն գրականության պատմության, այստեղ խնդիրն այլ է, այստեղ ամեն մի բառ կապված է մարդու, հայ մարդու, ուզում եմ ասել, արյան գնդիկների հետ, և ամեն մի փոփոխություն բուռն ռեակցիա է աոաջացնում. այլ է, պրոֆեսոր, վստահեցնում եմ ձեզ, բոլորովին այլ է Անգլիայի՝ Հնդկաստանը գրավելու պատճառների որոնումը, տնտեսական շարժիչ ուժերի մատնանշումն այդ գրավման մեջ, այլ է Խորենացու, Բուզանդի [ 44 ] թողած ժառանգության, սրբազան ժառանգության ինչ-որ մատերիալիստական վերլուծությունը։ Նախ և առաջ այս բոլորը թաղված է պատմության ամենահեռավոր խորության մեջ, և չի կարելի բռնազբոսիկ կերպով որոնել ու գտնել ինչ-որ տնտեսական պատճառներ։

Պրոֆ. Տեր-Մինասյանի ձայնը դողում էր, երկյուղածությամբ և խորագույն հարգանքով արտասանելով հին պատմության անունները։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, չնայած Տեր-Մինասյանի խոսքերի իր վրա արած որոշ ազդեցության, չնայած իր զգացած ջերմացնող և հոգին խաղաղեցնող թախծին՝ բուռն կերպով բողոքեց, որ Արևմտյան Եվրոպայի պատմությունը մասնագետի համար այնքան նվիրական չէ, որքան հայոց հին գրականության պատմությունը։ Նա հիշեց և անկեղծորեն ու տխրությամբ վերապրեց այն մորմոքը, որ կրեց նա Նապոլեոն Բոնապարտի մասին իր կազմած տարիների հաստատ տեսակետը փոխելու կապակցությամբ։

Պրոֆ. Տեր-Մինասյանը չհավատաց նրան։

— Այս բոլորի մեջ կա դիրքը չկորցնելու մտահոգություն, պրոֆեսոր, եկեք բոլորս էլ խոստովանենք,— ասաց Տեր-Մինասյանը և անմիջապես ավելացրեց,— ես ոչ ոքին չեմ մեղադրում, այնուամենայնիվ։

— Իսկ դուք ինչո՞ւ չկորցրիք ձեր դիրքը,— հարցրեց Մելիք-Անդրեասյանը, ինքն էլ իր կարգին դիմելով հեգնանքի։

— Սպասեցեք և կտեսնեք, մի՛ շտապեք։

— Ահա անցել է այսքան տարի։

— Արևմտյան Եվրոպայի պատմությունն ավելի զգայուն կետ է, քան թե հայոց հնագույն գրականության պատմությունը, բայց կհասնեն և դրան, մի՛ շտապեք։

— Ուրեմն, եթե հասնեն դրան, դուք ևս կհավատաք փոփոխման անփոփոխ օրենքին, պրոֆեսոր, արդյոք դուք կմեղադրե՞ք ձեզ այն ժամանակ։

— Չգիտեմ ինչ կանեմ, բայց առայժմ շարունակում եմ երկրպագել հին աստվածներին,— պատասխանեց Տեր-Մինասյանը, խոր հոգոց հանելով և բլուրից դիտելով անհուն դաշտը և դաշտը եզերող արդեն մռայլած լեռնաշղթան ու միևնույն դաշտում ծովացած կապույտ մշուշը, որին սրաթև [ 45 ] ճեղքում էին էլեկտրական լամպերը։ Բլուրի վրա սուր կերպով զգալի էր փշենու և աշնան բանջարեղենի թարմ բուրումը։

Նրանք ետ դարձան բլուրից։ Երբ մի քիչ առիթ եղավ Մելիք-Անդրեասյանի համար ինքն իր մեջ ամփոփվելու, եկավ այն եզրակացության, որ պրոֆ. Տեր-Մինասյանի կարճ ակնարկության մեջ կար շատ ճշմարտություն՝ դիրքը չկորցնելու վերաբերմամբ։ Նա ջանաց ճգնել ազատվել այդ եզրակացությունից, չկարողացավ, որովհետև երբ մարդ մենակ է, անխուսափելիորեն և դաժանորեն անկեղծ է։

— Ինչպե՞ս է Ելենա Բեգլարովնան,— հարցրեց հանկարծ պրոֆ. Տեր-Մինասյանը, երբ բլուրը բարձրացող մի քանի անցորդների բարձր խոսակցությունը խանգարեց նրան լսել թռչունների իրիկնային երգը, որ կախված էր ծառերի յուրաքանչյուր տերևից։

— Լավ է, շնորհակալ եմ,— պատասխանեց Մելիք-Անդրեասյանը և ավելացրեց.— կանայք հեշտությամբ են հաշտվում նորի հետ։

Տեր-Մինասյանը ծիծաղեց։

— Թե՛ քրիստոնեությունը և թե՛ մահմեդականությունը առաջին անգամ կանայք ընդունեցին,— ավելացրեց նա։

— Ինչպե՞ս է Սոֆիա Սերգեևնան,— հարցրեր Մելիք-Անդրեասյանը։

— Լավ է, այստեղ չէ, գնացել է Թիֆլիս։

— Արձակուրդո՞վ։

— Ոչ, գնացել է այնպես, իսկ ես մնացել եմ այստեղ արձակուրդով։

Նրանք սիրալիր բաժանվեցին։

— Այսօր ուշացար,— ասաց Ելենա Բեգլարովնան։

— Պրոֆ. Տեր-Մինասյանի հետ մի պտույտ արինք։

— Ի՞նչ էր ասում։

— Խոսում էր այնպես, դեսից դենից, Սոֆիա Սերգեևնան գնացել է Թիֆլիս։

— Լավ է. անցյալ տարի էլ գնաց, ամեն տարի գնում է։

— Նախանձեցի՞ր։

— Բա՜ն ասացիր…

Ելենա Բեգլարովնան չկարողացավ ասելիքն ասել, ներս մտավ Վահրամ Անանյանը։ [ 46 ] Ելենա Բեգլարովնան, տեսնելով նրան, բացականչեց.

— Վահրամ Տիգրանիչ, միշտ լավ ժամանակին եք գալիս, միշտ մի բան փրկում եք։

Վահրամ Անանյանը սիրալիր ժպտաց և ուղղվեց դեպի պրոֆեսորի գրքերի պահարանը։

Վահրամ Անանյանը պրոֆ. Մելիք-Անդրեասյանի ամենաուշիմ աշակերտներից մեկն էր և մասնավոր ընդունակություն էր հայտնաբերում դեպի պատմությունը։ Պրոֆեսորը վերջերս նրան ընդունում էր իր տանը գրեթե ամեն օր, բաց անում պատմական գրքերի հարուստ գրադարանը նրա առաջ և թույլ տալիս նրան, որ օգտվի այդ գրադարանից լայնորեն։ Անանյանը ժամերով մնում էր պրոֆեսորի տանը, կարդում, գրում, նոթեր վերցնում, թեյում այնտեղ և այլևս համարվում էր այդ տան անդամներից մեկը։ Թե՛ պրոֆեսորը և թե՛ Ելենա Բեգլարովնան այնքան էին վարժվել նրան, որ պատահեր՝ չգար, զգում էին նրա բացակայությունը։

— Վահրամ Տիգրանիչ, երեկ որտե՞ղ էիք,— հարցնում էր Ելենա Բեգլարովնան։

— Ներեցեք, Ելենա Բեգլարովնա, հոգնած էի, ուզեցի պարզապես թրև գալ,— պատասխանում էր Անանյանը։

Անանյանի համար էլ Մելիք-Անդրեասյանի տունը անխուսափելի մի երևույթ էր, այնտեղ չեղած օրը ինչ-որ մի դատարկություն էր զգում։

ԺԲ

Բարձրագույն ուսումնական հիմնարկության վարչությունը որոշեց պրոֆեսորներից մեկին գործուղել արտասահման, վեց ամսով, հատկապես Փարիզ, և վարչության նիստում գրեթե ոչ մի առարկություն չեղավ, երբ հիմնարկության դիրեկտորն առաջարկեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանի թեկնածությունը։ Ամբողջ հիմնարկության մեջ պրոֆ. Մելիք-Անդրեասյանն այն անձնավորություններից մեկն էր, որ երկրի խորհրդայնացման գրեթե առաջին իսկ օրերից անվերապահ կերպով կանգնած էր խորհրդային պլատֆորմի վրա, և վարչության ոչ մի անդամը չէր կարող որևէ լուրջ առարկություն հարուցել նրա թեկնածության դեմ։ [ 47 ] Բայց պրոֆ. Մելիք-Անդրեասյանի համար այս որոշումը գրեթե անակնկալ էր, որովհետև արտասահմանյան գործուղման մասին ոչ մի խոսակցություն չէր եղել նախապես։

Հիմնարկության դիրեկտորը, երբ պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանին հաղորդեց այս որոշումը, վերջինիս գլխում ծագեց անմիջական կերպով մի լուսավոր միտք. գնալ արտասահման և չվերադառնալ, վերջ տալ այն դաժան, մաշեցնող երկվության, որ գոյություն ուներ իր ներաշխարհում, մանավանդ որ վերջերս պայքարն ավելի էր անողոք դառնում իր մեջ, որովհետև նորն իր մեջ բավականին աճել էր՝ վճռական ճակատամարտ սկսելու հնի դեմ։ Նորը նրա մեջ աճում էր դանդաղ, բայց հաստատուն արմատներով, աճում էր ինքնիրեն, իսկ հնին օգնում էր ինքը, որ տեղի չտա։ Ինչքան հինը տեղի էր տալիս, այնքան թախիծ և մորմոք էր կուտակվում նրա մեջ. ուզենալով հաղթահարել արտաքին մռայլությունը՝ պրոֆեսորը բազմապատիկ ուժ էր սպառում, մի ուժ, որ եթե գործադրեր նորի արագ որդեգրման համար, կհասներ հաղթական վախճանների։ Եվ հանկարծ, երբ նրա առաջ բացվեց արտասահմանի ճանապարհը, նա գտավ, որ դա ճակատագրական էր և եկել էր փրկելու իրեն, փրկելու իր հոգու թշվառությունը։

— Անշուշտ Ելենա Բեգլարովնայի հետ կարող եմ մեկնել,— ասաց նա հիմնարկության դիրեկտորին։

— Գործուղումը միայն մի անձնավորության համար է, պրոֆեսոր, այնուամենայնիվ կարելի է դիմել, սկզբունքորեն ես դեմ չեմ Ելենա Բեգլարովնայի հետ գնալու գաղափարին,— ասաց դիրեկտորը։

— Ումի՞ց է կախված այդ,— հարցրեր պրոֆեսորը։

— Կառավարությունից։

Խոսակցությունը երկար չտևեց։ Մելիք-Անդրեասյանը դուրս եկավ դիրեկտորի կաբինետից և ճգնեց ամփոփել մտքերը։

«Եթե Ելենա Բեգլարովնայի հետ գնամ,— մտածեց նա,— չեմ վերադառնա, իսկ եթե մենա՞կ մեկնեմ»։

Պրոֆեսորը չկարողացավ պատասխանել։ Ինչպե՞ս կլիներ կնոջ դրությունը, եթե ինքը դավաճաներ Խորհուրդների իշխանությանը։ Ինչպե՞ս կնայեին մարդիկ իր վրա կնոջը լքելու [ 48 ] համար, արդյոք կկարողանա՞ր հաղթահարել խղճի խայթը, Ելենա Բեգլարովնան չէ՞ր թքի իր վրա, չէ՞ր խայտառակվի ինքը ողջ պատմության մեջ։

Չկարողանալով ոչ մի եզրակացության հասնել, ուղիղ տուն չգնաց, քայլեց մի փողոցով դեպի քաղաքի կենտրոնը։ Մտավ մի խանութ՝ պապիրոս վերցնելու։ Չկար։

— Ինչո՞ւ չկա,— սրտնեղած հարցրեց նա։

— Եսի՞մ, չկա, ինտելիգենտ մարդ ես, հասկացիր,— կոպիտ պատասխանեց կոոպերատիվի ծառայողը։

Պրոֆեսորը դուրս եկավ՝ սաստիկ ջղայնացած։ Մտավ մի մասնավոր խանութ։ Պապիրոս կար, բայց երեք անգամ թանկացած, վերցրեց և մտքում հայհոյեց։

— Սա ի՞նչ բան էր, գոնե արտասահմանում ուզածդ կլինի։ Դասախոսիր չորս ժամ, հոգնիր, չարչարվիր, տարիների սովորածդ վերագնահատիր, փոխիր, զոռով հավատա և պապիրոս էլ չկա ծխելու, ջղերը հանգստացնելու,— ասաց նա մտքում և կրկնեց միևնույն բառերը մի քանի անգամ։

Մինչև տուն վերադարձը պրոֆեսորն արտասահմանից չվերադառնալու գրեթե վճռական որոշում տվեց, բայց վախենում էր պարզ կերպով այդ ասել մտքում։ Երբ նա հայտնեց կնոջը հիմնարկության որոշումը, կինը բացականչեց.

— Միասին։

— Ախորժակդ մի սրի, միայն ինձ են ուղարկում, բայց ես խնդրեցի քեզ ևս թույլ տան։

— Եթե միասին գնանք, էլ չենք վերադառնա,— պարզապես հայտարարեց Ելենա Բեգլարովնան։

— Ես զղջացի, որ քեզ հաղորդեցի այս որոշումը,— ասաց պրոֆեսորը։

— Ինչո՞ւ։

— Այդ միտքը կարող ես դուրսն էլ հայտնել, և ահա ոչ միայն քո գործը կփչանա, այլև իմը։

— Գի՞ժ եմ, որ դուրսն էլ ասեմ, ոչ ոք չկա այստեղ, երկուսս ենք։

— Վահրամին էլ ոչ մի խոսք այդ մասին, խելոք և լավ տղա է, բայց խորամանկ է։

Ելենա Բեգլարովնան չդադարեց խոսելուց.

— Ուղղակի բախտ է սա, անակնկալ բախտ։ Դու կարծում [ 49 ] ես չե՞նք կարող լավ ապրել արտասահմանում, փառավո՛ր կապրենք, ես էլ կաշխատեմ, երկու հոգի ենք։

— Մտածում եմ Արուսյակի և Բաբկենի մասին։

— Արտասահմանից կօգնենք,— պատասխանեց Ելենա Բեգլարովնան մի տեսակ դժգոհ, որ արտասահման գնալու ուրախությունը պրոֆեսորի էմիգրանտ դարձած եղբոր կինը և որդին պղտորում էին։

— Չէ՛։ Արտասահմանից չենք կարող օգնել նրանց, տեսնո՞ւմ ես, Հարությունը չի կարող, մի մոռանա, որ եթե չվերադառնանք, մենք ևս կդառնանք էմիգրանտ, և վատ տեսակի էմիգրանտ. Հարությունն իբրև թշնամի փախավ, մենք մեկնում ենք իբրև բարեկամներ, և ահա դավաճաններ։

— Կատարյալ Արևմտյան Եվրոպայի պատմություն դարձրիր։ Կգնանք, ուրիշ ոչինչ։ Բաբկենը կոմսոմոլիստ է, ինքն էլ կապրի, մորն էլ կապրեցնի, ճիշտն ասած՝ դու շատ ես երես տալիս նրանց։

Պրոֆեսորը խեթ նայեց կնոջը, բայց կինը չազդվեց, արտասահման գնալու շատ մոտիկ պատկերը նրան հասցրել էր բուռն խայտանքի։

— Հավանական չէ, որ միասին մեկնենք,— ասաց պրոֆեսորը, տեսնելով Ելենա Բեգլարովնայի գլխապտույտն ուրախությունից։

— Իսկ դու մենակ կգնա՞ս,— հարցրեց կինը լրջացած և հրճվանքը կորցրած։

— Վեց ամսով, ինչո՞ւ չգնամ։

— Բայց…

— Վերջապես, հրաժարվելն էլ կարող է վարկաբեկիչ լինել։

— Ես չեմ ուզում, որ հրաժարվես, բայց մեր ամուսնության առաջին օրից մինչև հիմա մենք երբեք իրարից չենք բաժանվել,— շշնջաց Ելենա Բեգլարովնան, և պրոֆեսորը տեսավ նրա աչքերում արցունքի կաթիլներ։

— Ոչինչ, կպատահի,— ասաց պրոֆեսորը և գրկեց նրան։

Ելենա Բեգլարովնան ամուսնու միրուքն իր փափուկ երեսներին դիպչելուց անսահման հեշտանք զգաց։ Նրա հավանական մեկնումը և իր հավանական մնալը թախիծով և քնքշությամբ լցրեց քառասունը նոր թևակոխած կնոջը։ [ 50 ] Ելենա Բեգլարովնան երբեք չէր կասկածում, որ եթե պրոֆեսորը մենակ գնար, չէր վերադառնա, բայց նրա մտքից ուրիշ չար բաներ էին անցնում. մահ, պատերազմ, հանկարծ իրարից կտրվել ակամա։ Նա տեսել էր պատերազմը և գիտեր հարյուրավոր դեպքեր, որ իրար չափազանց սիրող ամուսիններ բաժանվել էին իրարից, երկար ժամանակի բացակայությունը աճեցրել էր յուրաքանչյուրի մեջ տարբեր զգացումներ, սկզբնական շրջանում՝ օտարոտի, բայց հետզհետե դարձել էին ընտանի և անխուսափելի։ Այս մտքերով տարված և սեղմված ամուսնու գորովալից թևերի մեջ, Ելենա Բեգլարովնան հետադարձ մի հայացք գցեց իր երիտասարդական կյանքի վրա և հիշեց մանրամասն այն ժամերը, որոնք անց էր կացրել առանց հաճույքի, հաճույքից խուսափելու անիմաստ քմահաճույքով, տեսավ կյանքի դատարկ տարածությունները, որոնք նա կարող էր ժամանակին լցրած լինել բույրով և ծաղիկներով, կարող էր լցրած լինել իր մարմնի հեշտագրգիռ ալիքներով, և, ավա՜ղ, չէր լցրել, տարածությունները հեռացել էին ժամանակի արագաթռիչ թևերի վրա, և բոցավառ ոչ մի սեր, բարձրատոն ոչ մի կանչ չէր կարող ետ բերել նրանց՝ ինչպես արմատից չորացած մի տունկ, որին չի կարող զարթեցնել ոչ մի գարուն։

Նա կրքոտ սեղմվեց ամուսնու կրծքին, փարվեց նրա շրթունքներին։

Պրոֆեսորն զգաց, որ քառասունը նոր թևակոխած կինը, որի գլխի վրա լուսնի ջրերի մեջ թաթախված մի քանի սպիտակ թելեր էին սողոսկել, ավելի քաղցր է, քան քսան տարեկան աղջիկը, որ չիմանալով կյանքի ցուրտը՝ չի իմանում նաև, թե ինչ է կյանքի հրաբորբոք ջերմությունը, որ կուտակված է նույն կյանքի ոչ թե մակերեսի վրա, այլ խորության մեջ։ Իր ամուսնու թևերի մեջ՝ Ելենա Բեգլարովնայի մարմինը բոցավառվեց, կարծես այրվում էին նրա ամենափոքրիկ, միայն լույսի դեմ տեսանելի աղվամազերը, արյունը վետվետում էր նրա մարմնի սպիտակության մեջ՝ ինչպես կարմիր վարդը ձյան մեջ։ Նա հանկարծակի դարձավ այնպես կրքոտ և հրավառ՝ ինչպես ուշացած սերը, ինչպես գարնան մեջ ապրող, բայց նրա գոյության անտեղյակ մեկը, որ թռչում [ 51 ] չէ գարնան ետևից միայն այն ժամանակ, երբ տեսնում է, որ փախչում է նա արագ և անվերադարձ։

Ելենա Բեգլարովնան ամբողջ գիշերը չբաժանվեց իր ամուսնուց, նա դրել էր գլուխը նրա կրծքի վրա, որ ջղային բաբախում էր, և չիմացավ, թե ինչպես աչքերը փակվեցին ու կրկին բացվեցին մի կապույտ և թռչող երազում։

ԺԳ
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
ԺԴ

Խաղաղ էր ծովը, կապույտ, բայց նարնջագույն արևով ողողված։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, կանգնած նավի առաջամասում, գլխիկոր և մտախոհ, դիտում էր մարմարի նման անշարժ և անդորր ջրի տարածությունը, ափսոսալով, որ նավը խանգարում էր նրա կապույտ քունը։ Դելֆիններ էին մրցում նավի հետ, զարնվում քթին, կրքոտ և համառ մի արշավ, որ երկար ժամանակ զբաղեցրեց նրան՝ Մելիք-Անդրեասյանին։ Հանկարծ հիշեց նա Ելենա Բեգլարովնային։ Նրա վերջին համբույրը դեռ այրվում էր իր շրթունքների վրա, հիշեց նրա արցունքը, որ դանդաղորեն բարձրացավ նրա աչքերի մեջ, կախվեց, ծանրացավ և գլորվեց այտերից վար՝ ինչպես անձրևի կաթիլը լուսամուտի ապակու վրայից, աչքերի առաջ պատկերացավ երկիրը, որտեղ ծնվել, մեծացել էր և որտեղ տիրում էր այժմ պրոլետարիատը, պրոլետարիատի երկաթյա դիկտատուրան։ Լուսավոր, արևահորդ այդ երկիրը հանկարծ մռայլվեց և հետզհետե բոլորովին մթնեց նրա աչքերի առաջ։ Մութ երկնքում միայն մի աստղ էր քթթում — դա իր կինն էր։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը գնում էր դեպի բուրժուազիան, ուրեմն, դեպի հոգու և գիտության «բացարձակ ազատության» ծոցը։ Ազատության մասին մտածելով՝ մոռացավ [ 52 ] նա ամեն ինչ, հանգավ ետև թողած մութ երկնակամարի միակ աստղն էլ՝ Ելենա Բեգլարովնան, և նրա հոգին սկսեց հրճվել մի նոր խրախճանքով, որ երևում էր հեռուն, ծովի վերջացած կետում, բուրժուական կուլտուրայի խրախճանքը՝ հորդառատ լույսերով, դեմոկրատիայի ծաղկափթիթ պսակով, տեխնիկայի անհասելի բարձունքներում։ Հրճվեց պրոֆեսորի հոգին՝ հակառակ ծովի հանկարծակի մռայլումին։ Երկնքի կապույտը կապարացավ և գոլորշիացավ, ծովը հուզվեց, սկսեց տարուբերվել մեծ և օրորուն ալիքներով, որոնք հետզհետե բարձրացան, սրվեցին, ինչպես ուղտերի մեջքերը, սպիտակ փրփուրներ բխեցին ծովի կրծքից, ծովուրուրները ճչացին և կտրեցին վեր բարձրացող ալիքները, սպիտակ արծիվը հանկարծ կախեց թևերը փոթորկում, սավառնեց ծովի հեռավոր բացերում, անողոք պայքարի մտնելով փոթորկի հետ, խելահեղ և հրճվագին ճախրելով մռայլ երկնքի և մռայլ ծովի միջև, նավը վառեց իր լույսերը՝ արևային սպիտակությամբ, մեծ լուսարձակը ճեղքեց թանձր մռայլությունը վիթխարի դանակի նման։ Նավի դռները փակվեցին, ներքևի լուսամատներից հետո ամրացվեցին նաև վերևի լուսամուտները, մթության հեռավոր խորշերից մի մռնչյուն բարձրացավ, աճեց ու պայթեց, կարծես՝ հենց նավի վրա։ Ոչ մի աստղ, ոչ մի փարոս, նավը մարտնչում էր կույր տարերքի դեմ՝ հաղթական և լուսաժպիտ։

Բոլորը քաշվեցին նավի ներքնակողմը, փախչելով տարերքի բարկությունից և անակնկալից, ժպտադեմ և փոթորկասեր նավաստիների հետ մնաց նավի տախտակամածի վրա միայն պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, աչքերը մխրճված մռայլ ծովին։ Ինչ-որ թեթևություն կար նրա հոգում, գոյություն էր ունեցել մի ծանրություն, որ ահա անէացել էր՝ ինչպես հղի կինը երկունքից հետո։ Ո՞րն էր այդ ծանրությունը։ Պրոֆեսորն առաջին հերթին չկարողացավ գտնել, բայց հետզհետե ամեն ինչ պարզ եղավ՝ ազատվել էր ահավոր երկվությունից։ Այժմ, դեպի Եվրոպա սուրացող նավի վրա, Մելիք-Անդրեասյանը ոչ մի երկվությամբ չէր տառապում, ոչ մի հնի ու նորի պայքար նրա մեջ, հաղթական հինն ահա նորից բարձրագլուխ և հանդիսավոր, հինն այլևս չի որոնում հոգու թաքուն մի խորշ, որտեղ պահվտի դարանակալ, մտքի և հոգու ոչ մի [ 53 ] ընդհատակյա կյանք, ամեն ինչ պարզ է՝ պայծառ բուրժուազիան և իր դարավոր չափված ու ձևված կուլտուրան և վերջապես դեմոկրատիան, օ՜հ, դեմոկրատիան, կապույտ թևերով թռչունը, որ թռչկոտում է անվախ և մեծ կոհակների բարձունքների վրա։

Ոչ ոք չէր կարող գուշակել, թե ինչու այս մարդը՝ թրջված ծովի աղի ջրից, կանգնած մութ ծովի դիմաց, ժպտում է մանկական թեթևությամբ։

Նա նորից մի անգամ հիշեց Ելենա Բեգլարովնային, և ոչ մի ապաշավ։

— Թող ապրի նա այնտեղ, կուղարկեմ նրան արտասահմանյան վալյուտա…

Նա երկար չմտածեց այդ մասին և կեսգիշերի մոտ իջավ նավի ներքնակողմը ու անմիջապես ուղղվեց դեպի սալոնը։

Սալոնում դեռևս երաժշտությունը նվվում էր, և ոտները կայթում էին։ Պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը մտավ ներս, նստեց մի անկյուն, գարեջուր պահանջեց և սկսեց դիտել պարը։ Պարողները մի քանի զույգեր էին, որոնք նավ էին մտել հենց այդ օրը, երբ նավը մի քանի ժամ կանգ էր առել մեծ նավահանգստի առաջ։ Երբ գարեջրի մեծ, փրփրահեղց բաժակը լակեյը դրեց պրոֆեսորի առաջը, չափազանց զարմացավ նա՝ տեսնելով լակեյի ավելորդ հաճոյակատարությունները։

«Գարեջուրը բերեց և ամեն ինչ վերջացավ,— մտածեց պրոֆեսորը,— էլ ինչո՞ւ է կոտրատվում»։

Լակեյը, մեխանիկորեն ժպտալով, երկու զգույշ մատներով վերցրեց պրոֆեսորի ուսի վրայից ինչ-որ փոքրիկ սպիտակ թել։

— Շնորհակալ եմ,— ասաց պրոֆեսորը, սպասելով, որ հեռանա և թողնի, որ ինքը հանգիստ գարեջուրը խմի և դիտի պարող զույգերը։

Լակեյը չհեռացավ, նորից ժպտալով դարձավ նրա շուրջը և էլի խոնարհաբար կանգնեց առաջը։

— Ի՞նչ եք ուզում,— հարցրեց պրոֆեսորը մի քիչ սրտնեղած։

— Իսկ դուք ոչինչ չե՞ք կամենում։

— Ոչ։ [ 54 ]

Լակեյը հեռացավ։

Պարող զույգերն իրենց շարժումներն ավելի արագացրին, երբ նվագողներն արագացրին նվագի ռիթմը։ Նրանք տարօրինակ մի պար էին դառնում։ Պրոֆ․Մելիք-Անդրեասյանն այդպիսի պար երբեք չէր տեսել։ Տղամարդիկ իրենց աջ սրունքները կոխել էին կանանց երկու սրունքների միջև, մի քիչ կռացած, բայց ուժգնորեն սեղմած կանանց մեջքերը, նրանք գրեթե թռցնում էին կանանց իրենց աջ սրունքների վրա։ Ինչքան նվագն արագանում էր, տաղամարդկանց հպումը կանանց դառնում էր ավելի և ավելի կատաղի, կարծես նրանք ճգնում էին կորսվել կանանց մարմնի մեջ։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի համար տարօրինակ էր այս պարը, բայց խոր հաճույք զգաց այդ տարօրինակությունից։

Լակեյը նորից կանգնեց նրա առաջ, մեխանիկորեն ժպտաց և հարցրեց․

— Ուրիշ ոչինչ չէի՞ք կամենում։

— Ո՜չ,— կարճ կտրեց պրոֆեսորը։

Լակեյը պարզապես ջղայնացնում էր նրան։

Հանկարծ նավն ուժեղ կերպով բարձրացավ և ընկավ։ Ծովի մռայլ կոհակները նավը խաղացնում էին տաշեղի բեկորի նման, մի վիթխարի կոհակ, որ ծնունդ էր առնում ծովի խորքերից, բարձրացնում էր նավը վեր, օրորում մի վայրկյան իր սուր մեջքի վրա և, քմահաճորեն խուսափելով տակից, թողնում էր նավը գլխապտույտ անկման մեջ։

Երկու պարող զույգ, չդիմանալով նավի օրորին, դուրս եկան պարից և գրեթե ուշագնաց ընկան գահավորակի վրա։ Սեղանների վրա դրված ծաղկամանները վայր ընկան և կոտրտվեցին, մի բարձր, հպարտ շուշան ընկավ պարողների ոտների տակ և տրորվեց։

Ծովը մռնչում էր դուրսը, գիշերն ինքը ոռնում էր ահաբեկված, կորցրած իր շողշողուն աչքերը, կոհակները օրորում էին նավը, կուտակվում իրար վրա, բախվում իրար և քշվում, կործանվում ահարկու գոռոցով։

Պարը դադարեց, որովհետև անկարելի էր պարել ջրի մակերեսի նման ջարժվող հատակի վրա։ Փոքրիկ օրկեստրը դադարեցրեց պարի մոտիվը և սկսեց նվագել մի տխուր մելոդիա, որ պրոֆ․ Մելիք-Անդրեասյանին այնպես թվաց, թե [ 55 ] շատ նման էր հայկական եկեղեցական երաժշտության։ Գահավորակների վրա ընկնող զույգերից մեկի սրունքը երևում էր գուլպաներից վեր, մի փոքրիկ ձեռքի չափ, սպիտակ էր, ոտների տակ տրորված ջրաշուշանի նման։ Պրոֆեսորն աչքերը հառեց մարմնի այդ բացատին, ականջները տխուր մելոդիային, զգաց իրեն երազային երջանկության մեջ, հիշեց պրոլետարիատի իշխանության երկիրը, հիշեց այն խելահեղ և խոլական ձգտումը դեպի պայքարը թշվառության դեմ, բոլոր երկրների թշվառության դեմ և, թեև նրա հոգին սարսռաց այդ պայքարի գեղեցկությամբ, բայց չուզեց արձագանք տալ, նորից գարեջուր պահանջեց, խմեց և բոլորանվեր հափշտակությամբ ունկնդրեց տխուր մելոդիային՝ ջախջախելու համար այն ուրվականը, որ, մթին թևերով, կանաչ և փայլուն աչքերով, լպրծուն մարմնով, երկար մատներով և երկար եղունգներով, գալիս էր հեռվից, կամ բարձրանում էր իր իսկ խորքից։

Այդ ուրվականը նրա երևակայությունն էր։

«Ահա թողեց ամեն ինչ, թողեց մինչև անգամ իր սիրելի կնոջը, թողեց դիրքը, իր սիրած և փայփայած պատմության ամբիոնը, գնում է Եվրոպա, ով է իմանում, թերևս սպասում է իրեն անշուք մի կյանք, թերևս անշուքից էլ վատը, օրվա հացի կարոտ, բայց ինչո՞ւ է խռովում իրեն այդ մթին երկրի գեղեցկությունը»։

Մելոդիայի տրտում հեծեծանքն այլևս չհասավ իր ականջին, սրունքի բացատը փոքրացավ, դարձավ մի կետ և ապա կորսվեց։

Պրոֆեսորը վեր կացավ, օրորվելով գնաց իր կաբինը և քնեց մի տանջալի երազով։

Առավոտյան ուշ զարթնեց։ Նախաճաշի ժամանակն արդեն անցել էր, արագ հագնվեց և բարձրացավ վեր։

Անհուն մի ծով փռվեց նրա առաջ, կապույտ և անդորր, ողողված նորից նարնջագույն լույսով։ Կուրծքը լցվեց ծովի թարմաշունչ օդով, աչքերը փայլեցին և թռան հեռու։

Ծովն այնքան խաղաղ էր, որ ծովի վրա թռչող մեծ թռչունների թևերի շվաքը ընկնում էր ծովի փիրուզյա կրծքի վրա և թեթևորեն բեկբեկվում։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը նայեց, աչքերով անհագորեն [ 56 ] գրկեց ամբողջ շրջապատը, հեգնաբար ժպտաց և մրմնջաց՝ «պրոլետարիատի դիկտատուրա…»։

Պրոլետարական դիկտատուրայի վերհիշումը նրան բնականորեն հիշեցրեց նաև բուրժուական դեմոկրատիան, որին նա գնում էր նավի սուրացող թևերով։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը երբեք չէր եղել Եվրոպայում, առաջին անգամն էր, որ ահա ճանապարհորդում էր ծովի վրա և այն էլ պատերազմի, քաղաքացիական կռիվների և պրոլետարական դիկտատուրայի պայմաններից հետո, և այդ դեմոկրատիան, որքան որ այդ բոլորից առաջ էլ թվում էր նրան արտակարգ գույներով մի դրություն, բայց այժմ արդեն ամբողջովին պարուրված էր երազային բազմապիսի թեթև քողերով, նա կարծում էր, որ դեմոկրատական Եվրոպայում նա կնստի մի նոր ծաղկած պարտեզում և պարտեզի ստվերներն իրեն կօրորեն անվերջ ու անվերջ, և խնդությամբ նայում էր նարնջագույն արևով ողողված ծովին։

ԺԵ

Ֆրանսիական նավահանգստի պաշտոնյաներն առաջին իսկ առիթով կասկածանքով նայեցին պրոֆ. Մելիք-Անդրեասյանին, երբ նրա անցագրից իմացան, որ նա գալիս էր Խորհուրդների երկրից։ Նրանց առաջին գործը եղավ անմիջապես առանձնացնել նրան իր իրեղեններով, որ բաղկացած էր երկու խոշոր՝ ծանր և մի ձեռքի՝ փոքր պայուսակներից։

Երբ պայուսակները վերցրին, պրոֆեսորն սպասում էր, որ իրեն քաղաքավարությամբ կհրավիրեն հետևել իրենց, բայց պաշտոնյաներից մեկը կոպիտ ձայնով գոռաց. «Allons»: Պրոֆեսորը մեքենայորեն հետևեց, բայց նրա դեմքի գույնն անմիջապես փոխվեց, տաք արյունը խուժեց մինչև ականջների ծայրերը։

Երբ նրանք մտան գրասենյակը, պաշտոնյաներից մեկը, առանց որևէ խոսք փոխանակելու նրա հետ, սկսեց խուզարկել նրա գրպանները՝ մինչև մյուս պաշտոնյաները բաց արին պայուսակները և սկսեցին քրքրել բովանդակությունը։ Երբ հերթը հասավ իր ծոցի գրպանները նայելուն, պրոֆեսորն ասաց. [ 57 ]

— Թույլ տվեք ես ինքս հանեմ ինչ որ կա։

— Այո, մենք գիտենք, թե դուք ինչպես կհանեք,— պատասխանեց պաշտոնյան և ձեռքերը կոխեց պրոֆեսորի ծոցի գրպանները։

— Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը մտքում ասում էր.

«Ահա պայուսակից դուրս կբերեն մի քանի գրքեր ֆրանսիական պատմության վերաբերյալ և վերաբերմունքները կփոխեն»։

Եվ շատ չուշացած՝ պայուսակները խուզարկողները դուրս բերին այդ գրքերը ու զննելով մեջը, միգուցե այդ շապիկներով ուրիշ գրքեր լինեն, և համոզվելով, որ միևնույն գրքերն են, նետեցին մի կողմ, առանց որևէ ուշադրություն դարձնելու և վերաբերմունքները փոխելու։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանի լեզվի ծայրը մի քանի անգամ եկավ դեմոկրատիա բառը, բայց չարտասանեց։

— Անգիտակից պաշտոնյաներ են, որոնք չկարողացան թափանցել իմ հոգու խորքը, և դժվար է, իհարկե, միանգամից,— ասաց նա իր մտքում և սպասեց վախճանին։

Երկար և համբերությամբ սպասել նա չկարողացավ, որովհետև պայուսակները խուզարկողները տակնուվրա արին նրա սպիտակեղենները, մինչև անգամ մի քանիսը անհոգորեն նետեցին գետին և տրորեցին կեղտոտ ոտներով։

— Բավակա՛ն է, սպասեցե՛ք,— մի քիչ բարձր տոնով ասաց Մելիք-Անդրեասյանը,— մի քիչ քաղաքավարի, չէ՞ որ ես մտել եմ Եվրոպայի ամենադեմոկրատիկ երկրի սահմանները։

Պաշտոնյանեըը, լսելով դեմոկրատիկ բառը, սկսեցին բարձր հռհռալ։

Տաք արյունը նորից խուժեց պրոֆեսորի ականջները։ Խուզարկողները շարունակեցին պայուսակները քրքրել անտարբերությամբ և սառնությամբ։ Չգտնելով որևէ բան՝ նրանք հանկարծ քաշեցին և բաց արին պայուսակների կողքերի և հատակների աստառները, որից պրոֆ. Մելիք-Անդրեասյանը պարզապես կատաղեց։

— Պատճառ մի՛ լինեք, որ ես զղջամ այս երկիրը գալուս համար,— ասաց պրոֆեսորը և եթե նա չհայհոյեց բոլոր պաշտոնյաներին, նրա համար էր, որ վարժված չէր հայհոյանքի [ 58 ] և ապա ֆրանսերեն ոչ մի հայհոյանք չէր իմանում. նա ֆրանսերեն սովորել էր համալսարանում և ապա տիրապետել էր լեզվին անընդհատ կարդալով:

Նորից բարձրացավ անսիրտ հռհռոցը:

Ապա պայուսակներից դուրս բերված իրերը ետ լցրին խառնիխուռն, անցագրի վրա ինչ-որ մակագրություն արին և պայուսակները տալով ձեռքը՝ նշան արին որ վերցնի և գնա:

Մեծ դժվարությամբ վերցրեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը ծանր պայուսակները և դուրս եկավ գրասենյակից:

Նա շրջվեց առաջին խաչաձևող փողոցը, պայուսակները դրեց մայթի վրա, սրբեց ճակատի քրտինքը և սկսեց նայել տարտամ ու անորոշ:

Վերջապես չկարողացավ դիմադրել ներքին հզոր մղումին ու արտասանեց՝ «դեմոկրատիա»: Առանց ուզենալու՝ բառն արտասանվեց հեգնությամբ, և նա զգաց, որ հեգնությունն առաջին անգամն էր շաղախվում այդ բառին: Հոգեկան մի խռովության, խառնված ջղայնությունից առաջացած սառը քրտինքին, պատեց նրա ողջ էությունը․․․

.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     

Երբ տեղավորվեց գնացքում, և նիկոտինը ներծծվեց մարմնի ամենահեռավոր խորշերը, պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը, կարծես, վերադարձավ իր հոգեկան նախկին հանգստությանը։ Նա երկար ժամանակ խորունկ հափշտակությամբ լսեց ֆրանսերենը, որ խոսում էին ֆրանսիացիներն իր շուրջը՝ թռչկոտող և թռչող, երբեմն ոստոստող մի լեզու, կարծես, ինչ-որ փշրվում էր, պայթում և հնչում:

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը մոռացավ ամեն անախորժություն, որին հանդիպել էր նա առավոտյան՝ կոպիտ պաշտոնյաների կողմից, սկսվեց նրա համար դարձյալ երազային կապույտը, թեթև և օրորուն․․․ [ 59 ]

ԺԶ
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     


ԺԷ

Առաջին առավոտը, երբ զարթնեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, պանդոկի նրա փոքրիկ սենյակը ողողված էր արևով։ Վեր կացավ, դիտեց Փարիզը լուսամուտից։ Նոտր֊Դամի վրա, կարծես, արևը թափվում էր կաթիլ առ կաթիլ, միջնադարյան խոժոռ քիմերաները լողանում էին ժամանակակից արևի վարար ջրվեժի տակ։ Տաք, դուրեկան մի զգացում պատեց նրան, մի պահ չկարողացավ հավատալ թե Փարիզումն է, մի՞թե քիչ հետո չպիտի դասախոսի իր ամբիոնից, մի՞թե պատմության բոլոր հին հասկացողությունները նորից վերականգնվեցին արդեն, մի՞թե այլևս ոչ մի կեղծիք, ոչ մի հայհոյանք իր պաշտած պատմական հերոսների հանդեպ։ Օ՜հ, այլևս ոչ մի ժողով՝ մեթոդի, մոտեցման, աշխարհայեցողության և աշխարհազգացումի հարցերի շուրջը, ոչ մի սրտմաշուք վեճ։ Փարի՜զ… համաշխարհային դեմոկրատիայի լուսապայծառ կենտրոնը, բոլոր երկրների, բոլոր ազգությունների դժգոհ տարրերը հավաքվել են այստեղ և գտել են իրենց ազատ ոգու հանգրվանը, Փարի՜զ, Փարի՜զ…

Մելիք-Անդրեասյանր դիտեց Փարիզի հին շենքերը, որոնց գագաթները երևում էին իր լուսամուտից՝ արևի վարդագույն փրփուրի մեջ օրորուն, շենքեր, որոնց մանրամասն պատմությունը գիտեր ինքը՝ Արևմտյան Եվրոպայի պատմության մասնագետ պրոֆեսորը. դիտեց և նոր շենքերը, որոնց մասին ևս տեղեկություններ ուներ և ասաց մտքում. «Ֆեոդալները, բուրժուազիան և բոլոր դասակարգերն էլ կառուցել են, կառուցել են ոգևորությամբ, ճաշակով և գեղեցկագիտական խորագույն զգացումներով, ինչո՞ւ պրոլետարիատը, մեր երկրի պրոլետարիատը, այդքան հոխորտում է իր կառուցումների համար»։

Պրոֆեսորի հոգու դռան թխկացրեց մի հարց՝ թեթևագույն [ 60 ] մատների քնքուշ բախումով. «Բայց պրոլետարիատն ինչո՞ւ և ինչպե՞ս է կառուցում»։ Ընդոստ վեր ցատկեց նա սրտնեղած։ Այդ թխկոցը, այդ թեթևագույն մատների քնքուշ բախումը հետզհետե պիտի դառնար մի հարց, որ որոտի նման պիտի պայթեր։ Արագ կերպով, կարծես հրդեհից փախչող մի մարդ լիներ, հագնվեց և իջավ փողոց։

Փողոցի առաջին անկյունում պրոֆեսորը գնեց մի «Պտի Պարիզիեն» և երբ բաց արավ, ժպտաց թեթև։

«Մաճկալ» էի գնում, այժմ «Պտի Պարիզիեն»,— մտածեց նա և առաջ անցավ։

Մի փոքրիկ խանութից նրան գրկեց բոցագույն հացի բուրումը, կանգ առավ հափշտակությամբ, գլուխը կոխեց խանութի դռնից ներս։

— Բոնժո՜ւռ, մոսիո,– բացականչեց արմունկները բաց, կլոր և սպիտակ մի կին ժպտուն՝ Փարիզի արևի նման։

Պրոֆեսորը ներս մտավ և վերցրեց ձողի նման մի փոքրիկ հաց՝ վրան պարուրաձև մի գծով և երբ փողը վճարեց, կինը, ուրախ և ժպտուն, նորից բացականչեց.

— Մերսի, մոսիո…

Քայլեց նա մայթով, նորից կանգ առավ, դիտեց փեղկերը, հանկարծ, առանց մտածելու, փոխեց մայթը, անցավ դիմացը և շարունակեց քայլել առանց հոգնություն զգալու, ագահորեն դիտելով շուրջը՝ երբեմն սրբելով փոքրիկ կաթիլներով գոյացած քրտինքը ճակատի վրա։ Հանկարծ նա իրեն գտավ Օպերայի առաջ։ Մոտեցավ, ոտը դրեց մարմարյա սանդղամատի վրա և հիշեց, որ այդ վսեմ կոթողը կառուցված էր 60-ական թվականներին, հիշեց մինչև անգամ կառուցող ճարտարապետին՝ Շառլ Գառնիեին։ Հետզհետե նրա քայլերն առաջ գնացին։ Ահա Վանդոմի հրապարակումն է։ Նա տեսավ Նապոլեոնի արձանն այնտեղ, Մեծ Բանակի բարձր սյունի վրա, որը ձուլված էր 1805 թվականին՝ թշնամուց գրավված 1 200 թնդանոթներով։ Պրոֆեսորը ոչ թե քայլեց դեպի Նապոլեոնի արձանը, այլ երկյուղածությամբ և հափշտակությամբ գալարվեց դեպի նա, ինչպես հավատացյալը մոտենում է իր հավատքի տաճարին։ Նա մի անգամ ևս, ավելի խորը և ավելի սարսուռով, քան երբևիցե, զգաց Նապոլեոնի ուժը, նրա պատմական վսեմությունը։ Մի քանի անգամ նա [ 61 ] դարձավ բարձր սյունի բոլորտիքը, ձեռքը քսեց պատվանդանի սառը պղնձին, բայց դուրեկան ջերմություն զգաց այդ սառնությունից։ Հանկարծ նրա աչքերը լցվեցին արցունքով։ Եթե մարդիկ չլինեին չորս կողմը, Մելիք-Անդրեասյանը կփաթաթվեր պղնձին, կհեկեկար մանկան նման՝ քավելու համար իր դավաճանությունը Նապոլեոնի հանդեպ։

Աչքերն արցունքով լցված՝ նա մտավ Ռյու դը լա Պե, անցավ Ռյու դը Պտի Շան և իրեն գտավ Մատըլենի առաջ։ Փակ էր եկեղեցին, բայց նրա տարածուն շվաքը զով էր և հանգստացուցիչ։ Մատըլենի սյուներից կախված էին, այնպես թվաց պրոֆ. Մելիք-Անդրեասյանին, «Ավե Մարիա» երգի թևերը, հոգու անսահման խաղաղությամբ ունկնդրեց նա այդ երգը, որ երգում էին եկեղեցու լուռ ներքնակողմում փարիզեցի հրեշտակները։

.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
ԺԸ

Երեկոյան պրոֆ. Մելիք-Անդրեասյանն իր ավագ պարտականությունը համարեց այցելել իր բարերարին, նախկին նավթահորատեր Միրզա-Նուբարյանին, որի հասցեն նա սրբությամբ պահել էր իր մոտ տարիների ընթացքում։

Դեռևս ճանապարհին նրան անախորժ զգացումներ պաշարեցին։ Նախնական կրթությունից հետո, երբ տնտեսական կարիքը Մելիք-Անդրեասյանին քշում էր դեպի գավառական ետ ընկած միջավայր՝ ուսուցչությամբ զբաղվելու, մեծահարուստ և գոռոզ Միրզա-Նուբարյանն իրեն բռնել էր ուժեղ ձեռքերով, բարձրացրել վեր և ուղարկել մայրաքաղաք՝ բարձրագույն կրթություն ստանալու։ Այժմյան իր պրոֆեսորական դիրքը, հենց պրոլետարական իշխանության կողմից Փարիզ գործուղումը պարտական էր Միրզա-Նուբարյանի բարերարության, եթե ոչ Նոյեմբերյան հեղափոխությունն իրեն կգտներ մի հասարակ ուսուցիչ, և մի կյանք էր հարկավոր, որպեսզի կարողանար բարձրանալ այժմյան դիրքին։

Եվ ահա ինքը բարեկամ է այն իշխանության և դասակարգին, [ 62 ] որ իր բարերարին քշեց երկրից դուրս և հափշտակեց նրա հարստությունը:

«Կլինեմ անկեղծ, կպարզեմ այն դաժան կացությունը, որի մեջ ոչ միայն ես, այլև ամբողջ ինտիլիգենցիան էր գտնվում,— որոշեց նա մտքում և բարձրացավ ապարտմանի վեցերորդ հարկը ու հնչեցրեց զանգը:

Դուռը բաց արավ Աննա Ջումշուդովնան և, ճանաչելով Մելիք-Անդրեասյանին, սաստիկ վատ զգաց։

Մելիք-Անդրեասյանը սովոր էր Բաքվում Աննա Ջումշուդովնայի և Միրզա-Նուբարյանի մոտ գնալիս՝ տեսակցել նախ և աոաջ տան գլխավոր ծառայի հետ, խնդրել տեսակցություն և ապա ընդունվել ներս, բայց ներկա պայմաններում Աննա Ջումշուդովնան ինքն էր դուռը բաց անում։

— Աննա Ջումշուդովնա,— բացականչեց Մելիք- Անդրեասյանը և համբուրեց նրա ձեռքը։

Աննա Ջումշուդովնայի աչքերը հեշտությամբ խոնավացան, և ոչինչ չպատասխանեց, բայց բաց չթողեց Մելիք-Անդրեասյանի ձեռքը և քաշելով նրան տարավ ներս։ Միրզա-Նուբարյանն զբաղված էր լրագիր կարդալով և գլուխը վեր չբարձրացրեց, կարծելով, որ Աննան է միայն ներս մտնողը:

— Ալեքսանդր Իվանիչ…— բացականչեց Մելիք-Անդրեասյանը և մոտեցավ նրան:

Ալեքսանդր Իվանիչը ևս անմիջապես ճանաչեց իր նախկին սանին և, ոտի կանգնելով, համբուրեց նրան։

Երբ Մելիք-Անդրեասյանը նստեց աթոռին՝ Միրզա-Նուբարյանի դեմ-դիմաց, ոտը ոտի վրա նետելով, Միրզա-Նուբարյանը հեգնությամբ նայեց նրան։ Մելիք-Անդրեասյանը հասկացավ այդ հեգնանքը, վիրավորվեց նրա ինքնասիրությունը։

— Ես չէի ուզենա,— ասաց Միրզա-Նուբարյանը գոռոզությամբ,— որ դուք մեզ, ինձ և Աննա Ջումշուդովնային, տեսնեիք այս վիճակում։

– Ոչինչ, Ալեքսանդր Իվանիչ, տեսնում եմ ձեզ նորից առողջ և հանգիստ, ճիշտ է, մի քիչ… ը՜մ… ո՛չ նախկին շքեղության մեջ, բայց կարևորը կյանքում՝ առողջությունն է իմ կարծիքով։

Միրզա-Նուբարյանը նորից նրան նայեց հեգնությամբ, և [ 63 ] Մելիք-Անդրեասյանը տեսավ, որ այր և կին նայվածքներ փոխանակեցին իրար հետ։

Այդ հեգնությունը բխում էր այն վերաբերմունքից, որ ցույց տվեց Մելիք-Անդրեասյանն առաջին իսկ րոպեից։ Թե՛ Միրզա-Նուբարյանը և թե՛ Աննա Ջումշուդովնան սովոր էին, որ Մելիք-Անդրեասյանն իրենց մոտ գար երկյուղածությամբ և չափազանց խորին հարգանքով մոտենար իրենց, մեջքը կռացրած, նախ Աննա Ջումշուդովնային, համբուրեր նրա ձեռքը, ապա ավելի կռացած մոտենար Միրզա-Նուբարյանին և պատկառանքի ու երախտագիտության խոր զգացումներով սեղմեր նրա ձեռքը։ Բայց Մելիք-Անդրեասյանը տվյալ դեպքում մոտեցավ նրանց գեթ իբրև հավասարների։ Ճիշտն ասած՝ նա այդ մասին երբեք էլ չէր մտածել, ճիշտ է՝ ճանապարհին նա մտածեց, թե ի՞նչ պետք է ասի, ի՞նչ պետք է պատմի, ո՞ւմ բարևները պիտի հաղորդի, բայց թե ի՞նչ ձևերով պիտի ներկայանար նրանց՝ այդ մասին նա երբեք չմտածեց։

— Հիշում եմ առաջին անգամ, որ դու ինձ մոտ եկար,– ասաց Միրզա-Նուբարյանը, փոխելով «դուքը» «դուի»։

Մելիք-Անդրեասյանը ցնցվեց, նրա ամբողջ մարմինը պատեց սառը քրտինք, որովհետև ինքը ևս հիշեց այդ առաջին անգամը. երիտասարդ էր, ուսման ծարավով տոչորված, հափշտակված մայրաքաղաք գնալու և բարձրագույն ուսում ստանալու հեռանկարով, հիշեց, թե ինչպե՛ս մտավ մեծահարուստ նավթահորատեր Միրզա-Նուբարովի տան դահլիճը… Պրոֆ. Մելիք-Անդրեասյանի աչքերը մթնեցին, այլևս ոչինչ չհիշեց, հին աշխարհում թողված այդ ամոթը, ստրկամտության այդ հզոր փաստը նրա աչքերի առաջ քաշեցին մի մթին քող, և այլևս չտեսավ Միրզա-Նուբարյանին, որ նստած էր դեմը, և Աննա Ջումշուդովնային, որ կուչ էր եկել նրա կողքին ու հեգնությամբ նայում էր իրեն։

Հին աշխարհը… այն աշխարհը, որի բոլոր տրադիցիաները, այսպես կարծված բոլոր սրբությունները կոխոտեցին իր ետև թողած երկրի բանվորները, ազատագրելով բոլոր տեսակի ստրուկներին, այն աշխարհը, որի տերն էր ահա այս Միրզա-Նուբարյանը… [ 64 ] Հիշելով նոր աշխարհը՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանի աչքերը նորից պայծառացան, փարատվեց նրա հոգու մռայլը, պատռվեց խավարը, և լույսի ոսկյա շիթեր կախվեցին այդ պատռվածքներից։ Լույսի ոսկյա այդ շիթերը կախվել էին իր ետև թողած երկրի երկնակամարից։

— Հը, ինչպե՞ս են քո վայրենիները,— հանկարծ հարցրեց Միրզա-Նուբարյանը։

— Վայրենինե՞ր, որո՞նց մասին է խոսքը,— հարցրեց Մելիք-Անդրեասյանը, անկեղծորեն գլխի չընկնելով, թե իսկապես որոնց էր ակնարկում Միրզա-Նուբարյանը։

— Վայրենիներ, նո՛ւ, աշխարհում վայրենի գազանները ովքե՞ր են։

— Ձեզ չեմ հասկանում, Ալեքսանդր Իվանիչ։

— Աննա՛, դու ասա։

— Բոլշևիկները,— ծիծաղելով արտասանեց Աննա Ջումշուդովնան։

— Դուք բոլորովին սխալ կարծիք ունեք բոլշևիկների մասին, Ալեքսանդր Իվանիչ,— զսպված զայրույթով պատասխանեց Մելիք-Անդրեասյանը,— ես կարծում եմ…

— Ոչ մի կարծել,— ընդմիջեց Ալեքսանդր Իվանիչը գոռոզ, ամբարտավան և գազազած տոնով։— Միևնույն է, ես չեմ համոզվելու, ինչ որ ասեք, երևի դու էլ այն տիպերից ես, որ թեքվում ես քեզ կերակրողների կողմը, իմ մասին էլ տարբեր կարծիք ունեիր, երբ ե՛ս էի կերակրում քեզ։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը վիրավորվեց մինչև հոգու խորքը, մանավանդ չկարողացավ տանել Աննա Ջումշուդովնայի՝ փողոցային կնոջը վայել կողմնակի ծիծաղը, որ թափում էր նա իր արդեն չորացած շրթունքներից և այտերից։

— Դուք ինձ երբեք չեք կերակրել, Ալեքսանդր Իվանիչ, չեն կերակրում ինձ և բոլշևիկները, մենք կոչում ենք այդ աշխատանքի արդար վարձատրություն։

— Մենք, որ ասում ես, այդ «մենք»-ը ո՞վ է,— հարցրեց Միրզա-Նուբարյանը չափազանց սարկաստիկ շեշտով։

Լսվեց նորից Աննա Ջումշուդովնայի ծիծաղը։

— Մենք՝ պրոլետարական երկրի քաղաքացիներս,— հպարտությամբ արտասանեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը։ [ 65 ] Թե՛ Աննա Ջումշուդովնան և թե՛ Ալեքսանդր Իվանիչն այս անգամ ծիծաղեցին բարձր և շնչական ոճով։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը լռեց։

Լռության ընթացքում նա եկավ այն եզրակացության, որ սխալ էր իր ընկճվածությունը, պետք էր անցնել հարձակողականի։

— Նո՛ւ, Ալեքսանդր Իվանիչ, մոռանանք այս բոլորը, երևի իրար չենք համոզի, ինչպե՞ս եք ապրում այժմ։

Նախկին նավթահորատերը շտկվեց։ Այդ հարցը նրան, ըստ երևույթին, շատ դուր եկավ։

— Այժմ, ինչպե՞ս ասեմ, վատ ենք ապրում։

Նա խեթ նայեց Աննա Ջումշուդովնային։ Վերջինիս դեմքը բոլորովին փոխվեց, պարզ եղավ, որ նա այլևս չէր կարող ծիծաղել, եթե մինչև անգամ ուժեղ առիթ էլ ներկայանար։

— Ես հետս մի փոքրիկ գումար կարողացել էի բերել, մի փոքրիկ գումար էլ կար արտասահմանյան բանկում, բայց բոլորը գնաց, այս իմ սիրելի կինը, որի հայրն արդեն սնանկացած մարդ էր, երբ կին վերցրի ինձ համար, միացած իր փուճ որդու և երկու լկտի աղջիկների հետ, մսխեցին և կերան ինչ որ կար…

— Մի՛ հուզվեք, Ալեքսանդր Իվանիչ,— ասաց Մելիք-Անդրեասյանը։

Իհարկե, խոսքը վերաբերում էր ավելի շուտ Աննա Ջումշուդովնային և ոչ թե Ալեքսանդր Իվանիչին։

— Չեմ կարող չհուզվել, սա և սրա փուճ որդին ու լկտի աղջիկները չկարողացան հարգել ռուբլին։ Ռուբլին, Միքայել, աշխարհի հիմքն է…

— Հին աշխարհի, Ալեքսանդր Իվանիչ։

— Հին-մին չեմ իմանում, ես գիտեմ մի աշխարհ, այդ աշխարհի հիմքը ռուբլին է, ռուբլին ինքը աստված է կամ աստծու պատկերը, իսկ սրա՞նք… սրա՞նք…

– Բավական է, նորից սկսեցիր,— ճչաց Աննա Ջումշուդովնան,— ռուբլի, ռուբլի, հասկացանք վերջապես։

— Չհասկացար, էլի չհասկացար։ Վերջապես, Միքայել, ինձ թողեցին աստծո պատկերին կարոտ։

— Մի անգամ հնարավոր լիներ, պարոն Մելիք-Անդրեասյան, [ 66 ] խուզարկեիք նրա գրպանը և տեսնեիք թե ինչեր կան, — ասաց Աննա Ջումշուդովնան:

Մելիք-Անդրեասյանը կարծեց, թե Միրզա-Նուբարյանի գրպանում կլինեին ռուբլիներ:

— Այո, կան, խուզարկելու կարիք չկա,— բղավեց նախկին նավթահորատերը և գրպանից դուրս բերելով բանալիների մի փունջ, սկսեց շնգշնգացնել օդում:

— Կողպում է մինչև անգամ հացը,— ասաց Աննա Ջումշուդովնան և սկսեց հեկեկալ:

— Բավական է, բավական, կեղծավոր լաց մի տա…— սրտնեղեց Միրզա-Նուբարյանը:

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը քարացած մնաց նստած տեղում:

— Ոչ միայն բոլշևիկները կողոպտեցին ինձ, կողոպտեցին ինձ նաև իմ զավակները և կինս, իսկական կողոպուտը սա է: Նո՛ւ, հիմա գրեթե առանց ռուբլու նստած եմ, ի՞նչ արժեք ունեմ, մարդ ինչքան ռուբլի ունենա, այնքան արժեք ունի:

— Այդ ճիշտ չէ,— ասաց Մելիք-Անդրեասյանը,— օրինակ՝ մենք, խորհրդային քաղաքացիներս, ռուբլի չենք դիզում, բայց յուրաքանչյուրը գնահատվում է ըստ իր արժանիքների, անձնական ընդունակությունների և այլն:

Միրզա-Նուբարյանը ամենացինիկ կերպով սկսեց հռհռալ.

— Խորհրդային քաղաքացի… ես խոսում եմ կարգին մարդկանց մասին:

— Կարծես նրանք մարդ չեն, չէ՞,— հանկարծ, գլուխը վեր բարձրացնելով, բղավեց Աննա Ջումշուդովնան:

Ամուսնուն հակառակ խոսելու համար՝ Աննա Ջումշուդովնան այս անգամ հանդես եկավ խորհրդային քաղաքացիների պաշտպան:

— Դու ձայնդ կտրի, անամո՛թ,- զայրացած բղավեց Ալեքսանդր Իվանիչը:

Սկսեց ածականների մի մրցում ամուսինների միջև:

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանն այդ փողոցային տեսարանի առջև մտածում էր, թե ինչպես նախկինում այդ պատկառելի մարդը և նախկինում այդ ավելի պատկառելի կինը, [ 67 ] որոնց հիշատակը պահել էր նա երկար տարիներ` երախտագիտական սրբագույն զգացումներով, առանց ռուբլու` չնչին մարդիկ էին, ահա նրանք վերադարձել էին իրենց բնական սոցիալական կատեգորիային, ինչ որ երևացել էր բարոյական, վեհ, պատկառելի, եղել էր ռուբլու փայլը, ռուբլու զիլ հնչյունը և ուրիշ ոչինչ:

— Ալեքսանդր Իվանիչ, ռուբլին աստված է, ես հավատում եմ ձեր ասածին:

Տիրեց խոր լռություն: Միրզա-Նուբարյանը և Աննա Ջումշուդովնան զգացին, որ Միքայելը, իրենց նախկին սանը, պարզապես հեգնում է իրենց:

— Միքայել, դու…

— Ալեքսանդր Իվանիչ,— ասաց Մելիք-Անդրեասյանը` ոտի կանգնելով,— ես մի մեծ սխալ գործեցի…

Նա կանգ առավ: Նախկին նավթահորատերն ուշադրությամբ դիտեց նրան և սպասեց նրա խոսքի վերջին:

— Ես մեծ սխալ արի, որ եկա ձեզ տեսնելու…

Աննա Ջումշուդովնան նորից սկսեց դառնագին հեկեկալ:

— Ինչո՞ւ,— հազիվ կարողացավ հարցնել նախկին նավթահորատերը գրեթե շշնջալով:

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը չպատասխանեց և դուրս եկավ տնից։

Աննա Ջումշուդովնան երկար շարունակեց հեկեկանքը, իսկ Միրզա-Նուբարյանը նորից վերցրեց լրագիրը և սկսեց կարդալ անտարբեր և անզգա։

ԺԹ

Ելենա Բեգլարովնան պրոֆեսորից ստացավ առաջին նամակը, որին ջերմագին կարոտով սպասում էր նա։

Նամակը գրված էր Փարիզից, այնտեղ հասնելուց մի քանի օր հետո, և բացի անհրաժեշտ անձնական տեղեկություններից` ֆիզիկական առողջության, տեղավորվելու, եղանակի և այլնի մասին, ուրիշ ոչինչ չկար այդ նամակում, գուրգուրանքի, կարոտի ոչ մի խոսք, կարծես այդ նամակը գրված էր մի կնոջ, որ երբեք մտերիմ կապեր չէր ունեցել նամակագրի հետ: [ 68 ] Ելենա Բեգլարովնան կրկին և կրկին կարդաց նամակը՝ ճգնելով գտնել թաքնված մի ջերմագին շեշտ, բայց չկարողանալով՝ իրեն նետեց թախտի վրա և սկսեց դառնորեն հեկեկալ։

Երբ դեռևս ոչ մի նամակ չէր ստացել, նա ապրում էր սպասումի անձկությամբ, և այդ սպասումի անձկությունը նրան օրորում էր երազային լուռ և խոր մի մելոդիայով, այժմ այդ անձկությունն էլ չկար, չկար ոչինչ, որին սպասեր. պրոֆեսորը եսասերորեն մենակ մեկնեց Եվրոպա, կարող էր մերժել գործուղումը, երբ չհաջողվեց իրեն ևս տանել հետը։ «Եթե ուզենար՝ կհաջողացներ,— մտածեց Ելենա Բեգլարովնան,— հոգու խորքում նա չէր ցանկանում իր ընկերակցությունը, ուզում էր լինել ազատ»։

Որքան մտածեց, այնքան լցվեց թախծով և արցունքով։

«Այլևս ի՞նչ կա, որին ես ձգտեմ»,— շշնջաց Ելենա Բեգլարովնան և սարսափեց հոգու դատարկությունից։ Այժմ նա խորապես գիտակցեց կյանքի իր սխալները։ Խոշորագույն սխալն այն էր, որ նա մի բան չսովորեց, շուկա գնալը, տնային կարգ ու սարքով զբաղվելը չէր լցնի մարդու ներքին դատարկությունը։ Ելենա Բեգլարովնան, արդարությամբ մտածելով, հիշեց, որ պրոֆեսորն առաջինն էր, որ իրեն քաջալերել էր այդ ուղղությամբ, բայց ինքը կարևորություն չէր ընծայել։

Երբ Վահրամ Անանյանը սովորական, ամենօրյա իր այցելությունն անելու համար ներս մտավ, Ելենա Բեգլարովնան փոքրիկ բաց կապույտ մի թաշկինակով աչքերն էր սրբում։

Անանյանը զարմացավ։

— Ի՞նչ է պատահել, տիկին,— հարցրեց նա։

— Ոչինչ։

Նրա ձայնի մեջ անսահման թախիծ կար, դեմքը գունատ էր, և մազերը՝ մի քիչ անխնամ։

— Ելենա Բեգլարովնա, պրոֆեսորը, գնալուց առաջ, ձեր ներկայությամբ ասաց, որ որևէ մի նեղության ժամանակ ինձ դիմեք, այժմ ես պատրաստ եմ ձեզ մխիթարելու, աջակցելու։

— Վագրամ Տիգրանիչ,— մեղմագին ձայնով ասաց Ելենա Բեգլարովնան,— եկ, այստեղ նստիր։ [ 69 ]

Անանյանը տեղ գրավեց թախտի վրա, Ելենա Բեգլարովնայի կողքին, մոտավորապես ծունկը հպեցնելով նրա ծնկներին։ Կնոջ կուրծքը ելևէջում էր։

— Ի՞նչ է պատահել, ասացե՛ք, Ելենա Բեգլարովնա։

— Պրոֆեսորից նամակ ստացա։

— Հիվա՞նդ է,— անհանգստությամբ հարցրեց Անանյանը և բռնեց Ելենա Բեգլարովնայի ձեռքը։

Կնոջ շնչառությունն ավելի դժվարացավ, բայց նրա աչքերում պլպլաց ժպտի մի լույս։

— Կարդացեք,— ասաց Ելենա Բեգլարովնան և տվեց ստացած նամակը Վահրամ Անանյանին։

— Այստեղ ոչինչ չկա, որ արցունքներ կորզի ձեր աչքերից, տիկին,— ասաց Անանյանը նամակը կարդալուց հետո։

— Դուք երբևիցե սիրե՞լ եք,— հանկարծ հարցրեց Ելենա Բեգլարովնան՝ ազատորեն ձեռքերը դնելով Վահրամի ձեռքի վրա։

— ?

— Կամ գիտե՞ք, ինչ է սիրելը։

— Ոչ, երևի չգիտեմ,– միամտորեն, պարզունակությամբ պատասխանեց Վահրամը։

— Ուրեմն դուք չեք հասկանա, թե ինչու այդ նամակը պարունակում է իր մեջ թախիծ և արցունք։

Լռության մեջ լսվում էր միայն երկուսի շնչառությունը, արտասովոր, իրենց իսկ համար տարօրինակ։

— Վագրամ Տիգրանիչ, ես սիրել եմ Միքայելին, ես սիրել եմ նրան դեռ այն ժամանակ, երբ նա թոշակառու ուսանող էր, իմ ծնողները հակառակ էին այդ ամուսնության, ճիշտ է, ես վայելել եմ փոխադարձ սեր, ու ահա, ըստ երևույթին, ամեն ինչ կործանվում է։

Անանյանը ոչինչ չկարողացավ հասկանալ, ապշահար նայեց Ելենա Բեգլարովնալին։ Վերջինս գերագույն ճիգով զսպեց արցունքների մի նոր ուղխ, որ բարձրացավ սրտից և խուժեց աչքերը։ Անկարելի եղավ զսպումը շարունակել, պղտորվեց նրա աչքերի պայծառությունը, կոպերից կախվեցին կաթիլներ և ընկան Վահրամի ձեռքերի վրա:

— Նա չի վերադառնալու, ես ձեզ վստահեցնում եմ, նա այլևս չի վերադառնալու այս երկիրը,— շշնջաց Ելենա Բեգլարովնան [ 70 ] և ընկնելով Վահրամի կրծքի վրա՝ սկսեց հեկեկալ, ավելի դառնորեն, քան մենակ եղած ժամանակ։

Վահրամը ցնցվեց ամբողջ մարմնով, նրան պատեց մի այնպիսի զգացում, որին մինչ այդ բոլորովին անծանոթ էր եղել։ Քսան և վեց տարեկան երիտասարդը հանկարծ գրկեց Ելենա Բեգլարովնային, թեթևորեն բարձրացրեց, նստեցրեց իր ծնկների վրա և նրանց շրթունքները փարվեցին իրար։

.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     

Վահրամ Անանյանը եկել էր իր առօրյա պատմական ընթերցումն անելու պրոֆ. Մելիք-Անդրեասյանի գրադարանում, և ահա նրա առաջ բացվեց կյանքի գիրքը, որի թերթերը շրջելիս՝ նրան թվաց, որ քայլում է կեռասենու պարտեզից լուսնի շողերի տակ, գիշերային նվագի թևերի վրա օրորուն։ Կյանքի գիրքը բուրում էր այնպես, ինչպես նոր քաղված և թոշնած խոտը, որից անդրադառնում էր թարմություն և զովություն։ Երիտասարդ գիտնականը նայեց գրադարանին, և գրքերը, պրոֆ. Մելիք-Անդրեասյանի գրքերը, թվացին նրան մռայլած և տրտում։

Ի

Ելենա Բեգլարովնան առավոտյան անկողնից վեր կացավ խնդությամբ գինով, իրիկվա դառնաղի արցունքներին փոխարինեցին լուսաբացի ցողերի թարմ կաթիլները, նրա հոգում կաթեց, շիթ առ շիթ, նոր մի գարնան լույսը, տան իրերը երգեցին, մեծ հայելին անդրադարձրեց Ելենա Բեգլարովնային թարմացած, շրթունքները և այտերը ներկված վարդի թեթև կարմիրով, նա լսեց պարտեզի տերևների հծծյունը, լուսամուտի թաղարի մեջ բացված ալպյան մանիշակը շշնջաց ինչ-որ բան, ջրով լիքը բաժակը ժպտաց, իսկ պրոֆ. Մելի-Անդրեասյանի պատմության գրքերը տխուր նայեցին նրան։

Երբ Ելենա Բեգլարովնայի նայվածքը հանդիպեց ամուսնու գրքերին, նա ցնցվեց, թեթև մի սարսուռ փշաքաղեց նրա մարմինը, բայց երբ աչքերը հեռացրեց գրքերից, նա խոր [ 71 ] ուրախությամբ ապրեց դավաճանության հրճվանքը։ Ելենա Բեգլարովնան զգում էր, որ հանցավոր է, բայց ագահությամբ և բոցավառությամբ ձգտեց դեպի այդ հանցանքը։

Թռավ անկողնից, սառը ջրով ողողեց նա երեսը, վիզը և կուրծքը, բայց այտերն այրվում էին։

Անանյանը խոստացել էր առավոտյան գալ։

Ւնչո°ւ ուշացավ։

Նայեց ժամացույցը:

Անանյանը չէր ուշացել։ Ելենա Բեգլարովնային միայն թվաց, որ նա ուշացել է։

Մտավ խոհանոց, թեյ դրեց։ Նրա երակներում արյունը վետվետում էր։ Կյանքը վերադարձել էր ծաղկումներով։ Սխալ է, որ ասում են, թե գարունները, որ գնում են, այլևս չեն վերադառնա։ Գնացած գարունները նորից են վերադառնում՝ ավելի հարուստ, ավելի շողշողուն և ավելի կանաչահեղձ, վերադառնում են և գարունների հետ հոսող առուները, քչքչում են, հծծում, երգում և նորից հոսում, անվերջ է կյանքի ուրախությունը, միայն պետք է գիտենալ, թե որտե՜ղ է թաքնված այդ ուրախությունը։

Ելենա Բեգլարովնայի համար այդ ուրախությունը թաքնված էր երիտասարդ գիտնականի գանգուր մազերում, նրա շրթունքների խոնավության և ջերմության մեջ, նրա հզոր թևերում։

— Բարի լույս, Ելենա…

Կարծես արևը ճչաց Անանյանի ձայնի մեջ։

— Վագրամ․․․

Ելենա Բեգլարովնան իջեցրեց լուսամուտի վարագույրները, քիչ անց՝ մթնշաղում լսվեց թեթև մի շրշյուն, կոճակները զարնվեցին աթոռին, և Վահրամին մոտեցավ մի լուսավոր հասակ…

Երիտասարդ գիտնականի առաջ նորից բացվեց կյանքի գիրքն իր անսահման գաղտնիքներով և նորանոր, անթիվ էջերով։

—Եկ, անպայմա՜ն եկ երեկոյան, Վագրամ, սիրելիս…

Վահրամ Անանյանը սահեց դուրս։

Ի՜նչ լուսապայծառ է օդը։

Արևի նարինջը ներկել էր բոլոր պատերը, հողը, կտուրները [ 72 ] և ծառերը, բոլորը, բոլորը լողում էին արբեցողությամբ արևի վարար ալիքներում, առուները հոսում էին երգելով։

Ելենա Բեգլարովնան, Վահրամի գնալուց հետո, բաց արավ լուսամուտի վարագույրները, լույսը ողողեց սենյակը, կրկին նայեց իրեն մեծ հայելու մեջ, անչափ դուր եկավ իրեն իր մարմինը։

Հագնվեց Ելենա Բեգլարովնան, վերցրեց սեղանի վրա երեկվանից մնացած պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի նամակը, նորից կարդաց և գոհ մնաց իր դավաճանությունից։

— Կյանքն ամփոփված չէ միայն քո մեջ, քո գրքերում,— շշնջաց նա և ծիծաղեց։

Ակամա դարձավ նա պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի գրքերին, նրանք ևս ժպտում էին, այլևս տխուր չէին՝ ինչպես իրիկունը և առավոտյան։

Ելենա Բեգլարովնան մտածեց դուրս գնալ, մինչև անգամ անհրաժեշտ է դուրս գնալ տան կարիքները հոգալու համար, բայց չուզեց բաժանվել տան մթնոլորտից, իր ննջասենյակից, որտեղ տարածվել էր բուրումնավետ մի ալիք։ Իրերից արտացոլված բուրումը խորապես հարբեցնող էր, իրերի ներքին աշխարհն էլ պար էր գալիս Ելենա Բեգլարովնայի ուրախության հետ, հրճվում էին բոլորը, բոլորը։

ԻԱ

Մի երեկո պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը Մետրոյի Կառ դը Լ՛Էստ կայարանից դուրս գալուն՝ գնեց մի «Պարի-Սուար»․ առավոտյան գնած «Պտի Պարիզիեն»-ը ևս չէր կարդացել։ Մտածեց նա գնալ պանդոկ և կարդալ թերթերը։ Ականջին խփեց մի ուրիշ թերթի անուն՝ «Լ՛Յումանիտե», կանգնեց, ուզեց մի համար էլ նրանից վերցնել, բայց անցավ, ձեռքը թափ տալով և մտքում ասելով․ «Կոմունիստական մամուլը զահլաս տարել է, բավական է»։

Պանդոկում նա չկարողացավ դիմադրել լուսամուտից նորից դիտելու քաղաքը։ Անվերջ է Փարիզի թովչանքը, կախարդական քաղաք, որտեղ ամեն մի իր ունի իր առանձնահատուկ հրապույրը։ Եթե մի որևէ առարկա ուրիշ քաղաքներում աննշան և անիմաստ է, Փարիզում կարող է ստանալ [ 73 ] առանձին գրավչություն և խորագույն իմաստ, կան անտեսանելի ձեռքեր, որոնք գեղեցկացնում են ամեն ինչ։

Երեկոյան Փարիզն ավելի գեղեցիկ էր։ Ամբողջ քաղաքը ողողված էր վերջալույսի վարդագույն լույսով, անսահման դաշտն օրորվում էր, քաղաքում տիրում էր մի լուռ խնդություն, որ գալիս էր ամեն մի վերջալույսին՝ իբրև մի հանգիստ պահ աղմկալից, լուսավոր և ցնծուն գիշերից առաջ։ Գիշերը Փարիզը ոչ թե քնում է, այլ նոր է զարթնում, նա սիրում է ուրախանալ երկնքի և երկրի աստղերի տակ։ Փարիզը գիշերը պարում է, իրիկնային փոքրիկ հնչյունները մեծանում են գիշերը և դառնում բարձրաձայն նվագ, պատռվում է քաղաքի սիրտը, և հոսում է վարդագույն ու արնագույն գինին։

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը քաշվեց լուսամուտից, երկարեց բազկաթոռի վրա և բաց արավ լրագրերից մեկը։ Մի քիչ կարդալոլց հետո՝ մեքենայորեն նա փնտրեց արտասահմանյան բաժինը և ահա URSS։ Այդ բաժինը, բնականորեն, նրա համար նորություններ չէր պարունակելու, բայց, զարմանալի էր, նորություններ շատ կային, կարծես ինքը չէր եղել այդ երկրի քաղաքացին, հասարակական հազար ու մի թելերով կապված չէր եղել այդ երկրի ամեն մի երևույթի հետ, ֆրանսիական թերթի տեղեկությունները, կարծես, այն երկրի մասին չէին, որտեղից ինքը դեռ նոր էր եկել։

Պրոֆեսորը կարդաց․

— Վերսկսվել են հրեական կոտորածները․․․

— Հեռավոր Սիբիրում պայթել է մեծ ապստամբություն․․․

— Փոքրիկ հանրապետությունների կոնֆերանսը որոշել է անջատվել Խորհրդային Միությունից, բայց ռուսական Կարմիր Բանակի երևալը Անդրկովկասում և Միջին Ասիայում քայքայել է հանրապետությունների ցանկությունը․․․

— Գնդակահարումը շարունակվում է ժողովրդական այն տարրերի դեմ, որոնք ոչ թե մասնակցում են դժգոհության ալիքին, այլ պարզապես չեզոք են մնում․․․

— Խորհրդային Միությունը տենդագին պատրաստություն է տեսնում արտաքին պատերազմի համար․․․

Պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը դեն շպրտեց թերթերը և սկսեց մտածել․ «Մի՞թե ինքը, լինելով այդ երկրի մասնիկը, լինելով մտավորական, կուլտուրական ֆրոնտի բարձր տիպի [ 74 ] աշխատավոր, բոլորովին տեղյակ չի եղել երկրում տեղի ունեցած պրոցեսներին, մի՞թե ինքը քնած է եղել ուղտի ականջում, մի՞թե նա չի կարողացել տեսնել քթից գոնե մի քիչ հեռու»։

Մի պահ, կարծես, համոզվեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը իր սեփական հիմարությանը և մտքում ասաց. «Երբ մի մարդ այնքան տարված լինի պատմության չոր փաստերով, մգլած դոկումենտներով, ահա այս կլինի հետևանքը»։

Ուրեմն այն մի քանի հոգիները, որոնք երկրում իրեն ասում էին զանազան բաներ, որոնց չէր հավատում, ճշմարիտ էին։ Մի անգամ, հիշեց պրոֆեսորը, լուր տարածվեց Երևանում, որ գիշերը կոմունիստական մի ջոկատ, հարձակվելով Էջմիածնի վրա, գերի էր վերցրել կաթողիկոսին և մի քանի եպիսկոպոսների, աքսորել Սևան, խստորեն մեկուսացրել նրանց կղզում: Ճշմարիտ է, և այն ժամանակ նա չէր հավատացել, չէ՞ որ մի քանի օր հետո մարդիկ անձամբ տեսել էին հայոց հայրապետին իր վեհարանում՝ հանգիստ և անձեռնմխելի, ուրեմն այդ անձամբ տեսնողները «ստել են ականատեսի նման»։

Բայց պրոֆեսորը քիչ հետո սթափվեց, կարծես մի ծանր երազից։ Նա լսել էր, դեռ մինչև Փարիզ ճանապարհին, որ գաղութահայ թերթերը գրում են մասսայական գաղթի մասին Հայաստանից դեպի Ռուսաստան, թե Հայաստանի մայրաքաղաքը օրեցօր դատարկվում է, մարդիկ փախչում են մինչն անգամ Միության ավելի անբարեբեր շրջանները, ազատվելու համար քաղաքական անասելի հալածանքից, իբր թե Հայաստանից դուրս բոլշևիզմն ավելի մեղմ է, քան Հայաստանում։

Պրոֆեսորը հանկարծ գոչեց. «Սուտ է, ամեն ինչ սուտ է, մեր կառավարությունը մինչև անգամ չի կարող դիմանալ ներգաղթի ուժգին հոսանքին, կառուցելով ամբողջ թաղամասեր, դեռ բնակարանային սուր ճգնաժամը շարունակվում է, այնինչ արտաքին լուրերի համաձայն դատարկվում է մայրաքաղաքը։ Սուտ է, սուտ է, սուտ է։ Մարդիկ անխղճորեն ստում են»։

Առաջին անգամն էր, որ պրոֆ. Մելիք-Անդրեասյանն զգաց խղճահարություն դեպի Խորհուրդների երկիրը, առաջին [ 75 ] անգամն էր, որ նրա մեջ զարթնեց Խորհուրդների երկրի քաղաքացու արժանապատվությունը և արդարության զգացումը։ Նրան, այդ կույր մարդուն, որ տարիներ ապրել էր հանուն սոցիալիզմի կառուցման մղվող պայքարի անասելի, հերոսական և մինչև անգամ հեքիաթային պայմաններում և գրեթե ոչինչ չէր տեսել, կամ մարտնչել էր չտեսնելու, սուտը, բացարձակ սուտը զարթեցրեց: Հանկարծ նա զգաց, որ ո՛չ միայն ինքը, իբրև հարազատ քաղաքացի, չէր կարողացել ոգևորվել երկրի վերելքով, չէր կարողացել տեսնել ժամանակավոր անհաջողությունների մեջ իսկ ապագա մեծագույն և բացարձակ հաղթանակի բոլոր տվյալները, այլ մինչև անգամ չէր կարողացել լինել օբյեկտիվ։

Այս մտածումների հոսանքում արիություն չունեցավ նա երկար տարուբերվելու, որպեսզի կարողանար գտնել ճշմարիտ հանգրվանը՝ ինչպես փոթորկից հետո անխուսափելի խաղաղությունը, իրեն նետեց պանդոկից դուրս՝ ազատվելու համար իրեն ճնշող մտքերից։

Լույսի և ստվերի այն հաջորդականությունը, որից տանջվում էր նա, հրեց նրան դեպի ցնծացող, լուսազվարթ և երգող քաղաքը։

ԻԲ

Առաջին անկյունում նա տեսավ մի զույգ, որ պինդ փաթաթված համբուրվում էին, տարված այնպիսի գերագրգրռությամբ, կարծես չորս պատերի մեջ մենակ լինեին։

Նա մտավ բուլվարներից մեկը։

Խնդությունը հոսում էր ծառերի տակով, մաքուր և ուրախ մայթերով կարկաչում էր գիշերվա երգը, ծառերի ճյուղերի միջից երևացող լույսը չէր կարելի որոշել՝ աստղե՞ր էին, թե էլեկտրական լամպեր, հարյուրավոր մեծ լուսամփոփներ, կլոր և սպիտակ լիալուսնի նման, օրորվում էին բուլվարի մեջտեղում:

Նա կանգ առավ մի քանի խանութների փեղկերի աոաջ, դիտեց, հափշտակվեց մի կամ երկու իրով և շարունակեց ճանապարհը։ Նրա մտքովն անգամ չէր անցնում, որ այդ բարձրորեն ցնծացող քաղաքում, որտեղ փողոցի յուրաքանչյուր [ 76 ] քարն անգամ հյուրասեր էր, գոյություն ուներ մարդկային տանջանքը, որի ճիչը խեղդվում էր բարձրաղաղակ ուրախության տակ։ Հանկարծ նա տեսավ երիտասարդների մի խումբ, որոնց մեջ կային դեռ բոլորովին պատանիներ, վերին շրթունքների վրա մազերի թեթև ստվերներով, և նրանց ետևում մի քանի ոստիկաններ: Խումբը, քրտնած և ահաբեկված, կողմնակի փողոցից մտավ բուլվար, ճեղքեց ուրախ ամբոխը և մտավ դիմացի կողմնակի փողոցը, բայց այնտեղ հանդիպեց ոստիկանական ուրիշ խմբի և կանգ առավ։ Երկու կողմից ոստիկանները պաշարեցին երիտասարդներին ու պատանիներին և քշեցին առաջ: Ձերբակալվածներն սկսեցին երգել մի երգ, որ պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը երբեք լսած չէր, բայց այդ երգի յուրաքանչյուր հնչյունը ցնցեց նրա ամբողջ մարմինը, նրանց ձայնը հիշեցրեց նրան Խորհուրդների երկրի երիտասարդ սերնդի ձայնը, առողջ, զիլ, թարմ ու վճիտ՝ ինչպես լուսաբացի համանվագը: Հիշողության մեջ պատկերացրեց նա և մի ուրիշ պատկեր՝ ցարական դարաշրջանի ոստիկանությունը, և նրան ճնշող հին այդ կոշմարը, մռայլ և ցավատանջ կոշմարը, որի վերադարձի հեռապատկերը փշաքաղեց նրա մարմինը և մտքում, պարզ և որոշակի՝ ինչպես բարձրաձայն մեկի հետ խոսեր, նա ասաց.

— Եվ ես ցանկանում եմ, որ վերադառնա այդ բոլոր հինը։

Մարդիկ տեսան, որ մեկը, ըստ արտաքին երևույթին և քայլվածքի ոճին՝ մի օտարական, քայլում է բուլվարի ցնծացող ծառերի և լիալուսնի նման կախված լամպերի լույսերի տակով, ահաբեկված աչքերով, նյարդայնացած և հոգեկան ակնբախ խռովքով։

Աշխատելով փախչել հետզհետե աճող ցնծությունից և լույսից, պրոֆ. Մելիք-Անդրեասյանը մտավ կողմնակի փողոցներ, բայց իրեն գտավ ավելի կոշմարային մթնոլորտում։

Մի կանացի երգեցիկ ձայն նրան բարևեց սիրալիր և՝

— Մենակ չե՞ք ձանձրանա,— հարցրեց նրան։

Պրոֆեսորը չպատասխանեց։ Գնալով լույսին ավելի մոտիկ, նա նայեց կնոջը։ Վերջինս ժպտաց։ Այդ ժպտում չկար ուրախության ոչ մի ցոլք, ընդհակառակն, թախծի մի քող նրան դարձնում էր զարմանալիորեն գրավիչ։

— Ես սիրում եմ մենակություն,— ասաց պրոֆեսորը: [ 77 ]

— Երևի դուք պրոբլեմով եք զբաղված,— ասաց կինը:

— Այո։

Կինը ծիծաղեց. կարծես, մթան մեջ հանկարծ բխեց մի ջուր, կարկաչեց և հոսեց։

— Դուք երբևիցե չե՞ք ուզում լինել մենակ,— հարցրեց պրոֆեսորը։ Կինը լրջացավ։

— Ես միշտ ուզում եմ մենակ լինել, բայց մարդիկ ձանձրանում են մենակ լինելուց, ստիպված եմ փողոց դուրս գալ և փարատել նրանց տխրությունը,— ասաց նա:

— Բայց չէ՞ որ դուք…

— Օ՜հ, բավական է,— զայրացավ կինը և հեռացավ:

Փողոցային կինը չի սիրում, երբ մարդիկ գաղափար չունեն, թե ժամանակն անցնում է արագ, հանկարծ գիշերը կհասնի իր վախճանին, և նա կարող է դիմավորել լուսաբացը մի քանի անավարտ սակարկություններով։

Պրոֆեսորը նայեց նրա ետևից՝ մինչև կորսվեց նա մթնում, ապա առաջ քայլեց։

— Բարև, պարոն,— հնչեց ուրախ և անզուսպ մի կանացի ձայն:

— Ներեցեք, ես պրոբլեմով եմ զբաղված,— ասաց պրոֆեսորը։

— Ուրախ եմ, որ ժամանակս չխլեցիք,— նորից հնչեց այն ուրախ և անզուսպ կանացի ձայնը, և պրոֆ. Մելիք-Անդրեասյանը մնաց մենակ։

.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     

Առավոտյան պրոֆ. Մելիք-Անդրեասյանը զարթնեց անորոշ և տարտամ զգացումներով։

Իժ

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանն ինքը Փարիզից մեկնեց շվեյցարական մի փոքրիկ քաղաք՝ տեսակցելու էմիգրանտ եղբոր հետ, որովհետև եղբայրը գրել էր, որ ոչ մի հնարավորություն չունի Փարիզ գալու։

Նա ճանապարհին մտածեց, թե ի՞նչ հարցեր կարող էր [ 78 ] տալ իրեն եղբայրը և ինքն ինչպե՞ս պիտի պատասխաներ։

Այդ պատասխանները գոհացուցիչ էին թվում սկզբում, բայց հետզհետե սկսեցին հոգեկան տանջանք պատճառել, նորից մի դիվային ինչ-որ բան բարձրացավ իր հոգում — դա երկվությունն էր, երկվությունը դեղին և կանաչ աչքերով, որ ոչ թե դրսից սողոսկեց իր ներքին աշխարհը, այլ հարություն առավ, ընդհակառակն, իր ներքին աշխարհից։

Պրոֆեսորը եղբորը նախապես չէր գրել, թե երբ է գալու, ուստի կայարանում ոչ ոք չդիմավորեց նրան։ Կայարանից մինչև եղբոր բնակաբանը նա մտածում էր, թե ի՞նչ պատասխանի եղբոր առաջին հարցումին։ Այդ հարցումը, բնականորեն, անխուսափելիորեն պիտի լիներ կնոջ և զավակի մասին։

Երբ երկու եղբայրները շվեյցարական փոքրիկ, լուսավոր ու մաքուր սենյակում իրար փաթաթվեցին, համբուրվեցին և նստեցին դեմ-դիմաց, եղբայրը հարցրեր պրոֆեսորին.

— Ինչպե՞ս ազատվեցիր այդ դժոխքից։

— Ի՞նչ դժոխք,— հարցրեց պրոֆեսորը, հաստատ համոզված լինելով այժմ, որ դժոխք էմիգրանտի լեզվով նշանակում է Խորհրդային երկիր։

— Ինչո՞ւ չես ասում, այստեղ լրտեսներ չկան,— հեգնեց եղբայրը։

— Վերջապես, մենք ամեն բան գիտենք։

— Ի՞նչ գիտեք,— հանկարծ հարցրեց պրոֆեսորը զայրացած, բայց զուսպ։

— Մենք գիտենք, թե ինչ չարչարանքներ են տվել քեզ։

— Ի՞նչ չարչարանքներ։

— Բանտ և այլն։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանն ապշեց։ Բա՞նտ։ Ե՞րբ։ Հանկարծ նա սկսեց բարձրաձայն հռհռալ։

— Ի՞նչ ես հռհռում։

— Բանտ և այլն… իսկ ի՞նչ է այդ և այլնը։

— Հարցաքննություն գրեթե երեք օրը մի անգամ։

Մելիք-Անդրեասյանի հռհռոցը դարձավ գրոտեսկ։

Էմիգրանտն այդ հռհռոցից զգաց թունավոր խոցեր իր մարմնի վրա։ Որքան խոր, որքան այրող կարոտով սպասել էր իր եղբորը, ինչքան նա ուրախացել էր նրա ազատության [ 79 ] առթիվ, լցվել էր մանկական խնդությամբ, բայց ահա նա հռհռում է, հռհռում է ինչպես դևը, հռհռում էր իր վրա, իր գաղափարների, իր մարտիրոսության վրա։

Նա այդպես էլ արտահայտվեց:

— Դու ծաղրում ես իմ մարտիրոսությունը, Միքայել։

Հռհռոցն իսկապես դարձավ դիվային։

— Ի՞նչ մարտիրոսություն…

— Վե՛րջ տուր, բավակա՛ն է…

Պրոֆեսորը չէր կարողանում դադարեցնել ծիծաղը, բայց ի վերջո լրջացավ, լայն մի տխրություն, ինչպես թանձրացյալ շաղախ, պատեց նրան։

— Ինչպե՞ս ես ապրում դու այստեղ,— հարցրեց Միքայելը վերջապես, եղբայրական կարեկցությամբ։

— Վա՛տ եմ ապրում, շա՛տ վատ։

— Ի՞նչ տեսակետից։

— Տնտեսական:

— Չե՞ն օգնում քեզ ընկերները, քո կուսակցությունը։

— Է՛հ, ավելի մեծ գազաններ կան, ինձ բան չեն թողնում, պատասխանեց էմիգրանտը գրեթե լացակումած, նկատի չառնելով այն հեգնությունը, որով արտասանեց պրոֆեսորը «ընկերներ» և «կուսակցություն» բառերը։

Տիրեց լռություն։

Էմիգրանտը բաճկոնի կոճակի հետ էր խաղում, իսկ պրոֆեսորը նայում էր լուսամուտից դուրս և դիտում էր փողոցի երթևեկը՝ մտածելով ինչ–որ։

— Իսկ դու չե՞ս հետաքրքրվում քո ընտանիքով,— հարցրեց պրոֆեսորը։

— Ոչ։

— Ինչո՞ւ։

— Քո պատճաոով։

Պրոֆեսորն ապշեց։

— Ես քեզ չեմ հասկանում:

— Իմ ընտանիքը, քաղաքական դժբախտ պայմանների պատճառով, թողի քո խնամքին, իսկ դու ի՞նչ արիր։

— Կերակրեցի նրան։

— Շնորհակալ եմ,— հեգնեց էմիգրանտը,— այս մասին չէ իմ խոսքը։ [ 80 ]

— ?

— Տղաս կոմսոմոլիստ է այժմ, ճի՞շտ է:

— Այո, ճիշտ է։

— Ապա դու չամաչեցի՞ր, որ նրան թույլ տվիր, նրան՝ իմ որդուն, դառնալու կոմսոմոլիստ։

— Ոչ:

— …

— Ոչ միայն թույլ եմ տվել, այլև քաջալերել եմ:

— Քաջալերե՞լ ես։

— Այո, քաջալերել եմ, որպեսզի քեզանից ավելի բարձր մարդ դառնա հասարակության համար, դառնա ավելի պետքական, ավելի բարոյական, ավելի պատվավոր։

— Ինչ լավ կլիներ, մենք իրար չտեսնեինք։

— Ո՛չ, ավելի լավ չէր լինի, ես չեմ սիրում պատրանքը, եթե մենք իրար չտեսնեինք, ես պիտի շարունակեի կարծել, որ իմ եղբայրը մի պատվավոր մարդ է:

— Միքայե՛լ:

— Որտեղի՞ց իմացար, որ ես բանտարկված եմ, հարցաքննված ամեն երեք օրը մի անգամ։

— Մենք ստույգ տեղեկություններ ունենք այդ մասին: Քեզ բանտարկել են իմ կնոջ և որդու համար:

— Ստում ես դու, այդպիսի տեղեկություն չի կարող լինել, դու ինքդ ես սարքել, որպեսզի երևաս մարտիրոս։

— Միքայել, դու ինձ անպատվում ես։

— Դու ես քեզ անպատվում, խեղճ մարդ։

Էմիգրանտը լռեց։ Նրա հոգու դռանը բախվեց մի ուժգին ձայն. «Ճիշտ է եղբայրդ, այդ սուտը դու ես հնարել»։

— Նու՛, մոռանանք այս բոլորը։ Ես կարծում եմ, որ այստեղ ապրելն ավելի լավ է, քան Փարիզում, խորհուրդ կտայի այստեղ ապրել,— ասաց էմիգրանտը։

— Ոչ։

— Փարիզում դժվար կլինի տնտեսապես։

— Տնտեսապես և ամեն բանով, մանավանդ բարոյապես, ավելի լավ կլինի ապրել Երևանում:

— Պիտի վերադառնա՞ս,— ապշահար հարցրեց եղբայրը։

— Այո՛:

— Նու՛, ասենք իմ սխալը դու չես գործի, թողնել կնոջ… [ 81 ]

— Ոչ մի կնոջ հարց չկա:

— Ապա՞:

— Ես քո սխալը չեմ գործի, քո քաղաքական սխալը։

— Ի՞նչ, բոլշևի՞կ դառնայի։

— Ուրախությամբ կընդունեին քեզ կուսակցության մեջ,— հեգնեց պրոֆեսորը:

— Մեր ընկերներից բոլշևիկ դարձողներ եղան։

— Այո, եղան, բալց բոլշևիզմը կարիերիստներին շատ չի սնուցանում։

— Միքայել, կրկնում եմ, լավ կլիներ մենք իրար չտեսնեինք։

— Ալո, լավ կլիներ, երևի էլ չենք տեսնի իրար։

— Ինչո՞ւ։

— Մեր ճանապարհներն այլ են։

— Այլ են…

— Ես պատկանում եմ մարդկության առողջ մասին։

— Ո՞րն է առողջությունը։

— Մարդուն չշահագործելը։

— Ծիծաղելի է։

— Ի՞նչը։

— Ամեն բան։

— Ծիծաղելի է,— կրկնեց պրոֆեսորը։

— Ի՞նչը:

— Դու։

— Միքայել, մեր ճանապարհներն այլ են։

— Այո՜, այո՜, այլ են։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը դուրս եկավ էմիգրանտ եղբոր սենյակից։ Արտասահմանում լինելու ամբողջ ժամանակամիջոցում ոչ մի ժամանակ իրեն այնքան օտարոտի չէր զգացել, որքան եղբոր սենյակում և դրանից դուրս, շվեյցարական փոքրիկ քաղաքի խաղաղ փողոցներում։

Կանգնած փոքրիկ քաղաքի միակ հրապարակում, կեսգիշերային պայծառ աստղերի տակ, նա տխրություն զգաց մինչև հոգու խորքը։ Ւ՞նչն էր, որ նրան այդպես տխրեցնում էր։ Վերջնական բաժանո՞ւմը եղբորից։ Ոչ: Նրան տխրեցնում էր Խորհուրդների երկրի հիշողությունը։ Ահա այդ երկիրը պատկերացավ իր առաջ ամբողջ մերկությամբ։ [ 82 ]

Քայլեց նա առաջ, մտավ մի փողոցից մյուսը և երբ հանկարծ նրան թվաց, որ նավը ճեղքում է նորից կապույտ ծովը դեպի Խորհուրդների երկիրը` փարատվեց նրա տխրությունը, աստղերը թափվեցին նրա սրտի վրա, և շվեյցարական անսահման խաղաղ և կապույտ գիշերը երգեց նրա հոգում:

ԻԴ

Աոավոտյան նա մեկնեց Փարիզ:

ԻԵ

Անցավ մի ամիս։

Անցավ լուռ, տանջալից երազներով և մտորումներով:

.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
ԻԶ

Մի առավոտ նա որոշեց այլևս չգնալ պրոֆ. Ֆրանսուա դը Մոնեի մոտ: Նրանք վերջին անգամ բաժանվել էին իրարից ձևական քաղաքավարությամբ, թերևս հարկավոր էր գեթ մի անգամ ևս այցելել նրան և ասել, որ այլևս չի գալու, բայց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը որոշեց չկրել քաղաքավարության տանջանքը և վերջ տալ իր այցելություններին։ Նրան այլևս անհանդուրժելի էր դառնում ֆրանսիացի պրոֆեսորի գոռոզությունը, որ բխում էր այն խոր համոզմունքից, թե ֆրանսիացին ընտրված ժողովուրդ է։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանի ինտերնացիոնալ զգացումներին նա պատասխանել էր հեգնանքով և լպիրշ թերահավատությամբ, իսկ Խորհուրդների երկրի նոր աշխարհ կառուցելու խնդրին, որը պրոֆ. Մելիք-Անդրեասյանը դրել էր պրոֆ. դը Մոնեի աոաջ, թունավոր ծաղրով էր վերաբերվել։

Պրոֆ. Ֆրանսուա դը Մոնեն Արևմտյան Եվրոպայի պատմության հայտնի մասնագետ էր։ Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը [ 83 ] նրա հետ կապված էր 19-րդ դարու պատմական մի շարք անցքերի դոկումենտալ պարզաբանման համար։

— Դուք երբևիցե չե՞ք մտածել աղքատության մասին, մարդկային ֆիզիկական թշվառության մասին, որ ծնունդ է առնում կապիտալիստական սիստեմից,— հարցրել էր նրան պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, որին պրոֆ. դը Մոնեն պատասխանել էր կտրուկ և վերջնական. ո՛չ։

— Ինչո՞ւ։

— Կարևոր չէ։

— Չե՞ք կարծում, որ պատմությունը դասակարգային պայքարի պատմություն է։

— Ո՛չ, պատմությունն ազգերի արժանապատվության պայքարի պատմություն է։

Այն մարդը, պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, որ Խորհուրդների երկրում համառ, ներքին և լուռ պայքար էր մղել պատմության մարքսիստական ըմբռնման դեմ, Եվրոպայում, շփման մեջ մտնելով բուրժուազիայի իդեոլոգների հետ՝ իրեն գտավ մի նոր մարդ, զգաց, որ իր մեջ ներծծվել էր շատ ավելին, քան ինքը կարծում էր։ Եվ հուսախաբված բուրժուական դեմոկրատիայից, որն իր լավագույն երազն էր հանդիսացել երկար տարիներ, ավելի և ավելի խորացավ հասարակական այն հաբաբերությունների հատակը, որ գոյություն ուներ բուրժուազիայի բացարձակ տիրապետության շրջանում։ Այն պահին, երբ նա պրոֆ. դը Մոնեին հարց էր տալիս աղքատության պրոբլեմի մասին, ինքը ևս այդ մասին լայնորեն և խորապես չէր մտածել: Մարդկային աղքատության, մարդկային ստեղծագործական մեծ զանզվածների աղքատության մտածումը շատ անգամ էր խուժել նրա իմացականության մեջ, անողորմ պայքարով, բայց այժմ ինքը ևս սկսեց մտածել այդ մասին, և նրա առաջ պատկերացավ, հեռավորության մեջ, Խորհուրդների պրոլետարիատի հերոսական ճիգը՝ լուծելու վերջնականապես աղքատության հարցը։

Չդիմադրելով այդ մտածումներին՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանն սկսեց տեսնել աշխարհն իր բացարձակ մերկությամբ։

Նա տեսավ, որ Եվրոպան, որի սիրտն էր համարվում Փարիզը, բռնված է շահագործման ահավոր տենդով, խաբում [ 84 ] են բոլորը, բոլորը, ամեն ինչ չափվում է շահագործման աստիճաններով, որքան շատ է շահագործում մեկը, այնքան բարձր է նրա պատիվը:

Հալչում էր մարդկային ստեղծագործող տարրի կյանքը, հալչում էր՝ ինչպես մոմը հնոցում:

Նա տեսավ գործազուրկների մասսան, որ սոված, ատելությամբ լցված, բայց անզոր և թշվառական՝ թափառում էր մեծ քաղաքի փողոցներում, գետի ափին, պարսպի տակ, նա հանդիպեց, բացի ժողովրդական մեծ զանգվածներից, բանվորներից ու արհեստավորներից, նաև մտավորականների և արվեստագետների, որոնք, առանց հույսի որևէ նշույլի, թափառում էին անհանգրվան՝ ապրելով մի մեծ և դարավոր կուլտուրայի մայրամուտի մորմոքը:

Որքան նա տեսավ այս բոլորը, ավելի ու ավելի մանրամասնորեն սկսեց տեսնել Խորհրդային երկրի աշխատանքր, նա սկսեց հիշել ամեն մի փոքրիկ իրողություն և նրա խոշորագույն արժեքը: Առաջին օրից, երբ նա ոտքը դրեց Եվրոպա, ինքնաբերաբար արտասանեց. «Պրոլետարիատը կառուցում է… չէ՞ որ բուրժուազիան ևս կառուցել է և շարունակում է կառուցել»: Պրոֆ. Մելիք-Անդրեասյանն այժմ սկսեց ըմբռնել այդ երկու կառուցումների տարբերությունը, սկսեց ըմբռնել երկու դասակարգերի ձգտումի խորագույն տարբերությունը:

Մի երեկո, Փարիզի ցնծուն մի երեկո, նա հանդիպեց բանվորական մի մասսայի, որ փողոցում որոտի նման պայթեցնում էր «Ինտերնացիոնալը»: Ոչ մի երգ նրան այնքան ընտանի և այնքան հարազատ չէր թվացել, որքան այդ երգը: Կանգնած մայթի վրա, ակացիայի մի ծառի տակ, երբ բանվորական մասսան անցավ նրա առաջից «Ւնտերնացիոնալի» հաղթական հնչյուններով, պրոֆ. Մելիք-Անդրեասյանի աչքերը լցվեցին արցունքով: Նա զգաց, որ մի քանի կաթիլ տաք արցունքը, բխած տխուր սրտի թաքուն խորքերից, թեթևացնում էր իրեն ծանր մի կոշմարից:

Երկար ժամանակ էր, ինչ նա իրեն հանցավոր էր զգում, իբրև Խորհուրդների երկրի քաղաքացի, մի մարդ, որին հավատացել էին Խորհուրդները, որին տրված էր բարձրագույն [ 85 ] պատիվ, գործուղվել էր Եվրոպա, որի ազնվության մասին չէր կասկածել ոչ մի րոպե, ահա ինքը դավաճանում էր այդ երկրի դեմ, այդ երկրի հեղափոխական, հերոսական պրոլետարիատի դեմ:

.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
ԻԷ

— Հարկավ, հարկավ, ամենահարգելի պրոֆեսոր, ես ձեր առաջ դնում եմ ամբողջ ճշմարտությունը:

— Բայց չէ՞ որ ճշմարտությունն ասելու համար…

— Այո,— ընդմիջում է դիմացինը,— ճշմարտությունն ասելու համար հարկավոր է արիություն, բայց դուք կարծո՞ւմ եք, որ ես արիություն չունեմ, ճիշտ է, այն ժամանակ լռեցի, իմ լռությունն ուրիշ նպատակ ուներ, վերջապես, չի կարելի ամեն ինչ, ամեն մարդու ներկայությամբ ասել, ամեն բան հարկավոր է նկատի ունենալ, հանգամանքները, նրբություններ կան… Վերջապես կա և անձնական շահի խնդիր, իհարկե, ես անձնական շահի համար չէ, որ, այսպես ասած, չասացի այն, ինչ հարկավոր էր ասել, բայց վերջապես…

— Հասկանում եմ, հասկանում եմ ձեզ:

— Ուրախ եմ, վերջապես հանգամանքները…

Բուրժուական հարաբերությունների բարդ, խճճված այս հանգույցներում նրա հոգին սկսեց ձգտել դեպի հարաբերությունների պարզությունը, դեպի խորհրդային կենցաղը:

Ահա խոսում է մեկը քաղաքավարի, կուլտուրական բոլոր ձևականություններով, հաճելի է մինչև անգամ նրա լեզուն, զգացնել է տալիս նա, որ խորապես հարգում է դիմացինի մարդկային արժանապատվությունը, բայց կեղծ է, սուտ է, չի կարելի հավատալ նրա խոսքի ոչ մի շեշտին:

Եվ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը ծանրություն էր զգում իր ուղեղում, թաց, ամպամած և մռայլ երկնքի կապարն էր կախվում նրա իմացականության վրա։ [ 86 ] Կարոտը, կարոտը Խորհրդային հայրենիքի, այրում էր նրա ողջ էությունը, որոնում էր նա ծանոթ դեմքերը, որոնում էր ծանոթ կենցաղը, ծանոթ միջավայրը, ցանկանում էր լսել քարտաշի մուրճի հնչյունը, որ մի քանի տարի էր, ինչ նրա ականջին երգում էր բոլոր փողոցներում, մինչև անգամ իր դասարանի լուսամուտի տակ։

— Ես պետք է վերադառնամ, պետք է անպայման վերադառնամ, ես չեմ կարող բաժանել ինձ մարդկության լավագույն մասից, չեմ կարող բաժանվել այն կուլտուրայից, որ ամբողջովին հագեցած է բարձր գաղափարականությամբ։

Այս որոշումը տալուց հետո՝ պրոֆ. Մելիք-Անդրեասյանն ազատվեց ծանր մի կոշմարից։ Այդ կոշմարը երկվությունն էր, երկվությունը դեղին աչքերով։ Այլևս ոչ մի տատանում չէր տանջում նրա հոգին։ Այդ որոշումից հետո՝ բարձրացավ նրա տրամադրությունը, մինչև անգամ սկսեց հաճույք զգալ Եվրոպայի ցնծուն քաղաքից, սկսեց ստանալ այդ քաղաքի գիշերից խոր բավականություն։ Փարիզի գիշերը զվարթ էր և լուսավոր։ Այդ որոշումից հետո՝ նա օրորվում էր մի դուրեկան հեռանկարով. ահա ծովը, ահա նավը, որ մոտենում է հեռավոր հարազատ ափերին, որտեղ ծաղկում են լիմոնն ու նարինջը և փայլում ոսկյա անդորրությամբ։

ԻԸ

Եղբոր այն երկտողին, թե՝ մի անգամ ևս արի ինձ մոտ, խոստանում եմ քաղաքական ոչ մի խնդրի մասին չխոսել, միայն եղբայրական տեսակցություն, պրոֆ. Մելիք-Անդրեասյանը պատասխանեց հետևյալը.

Հ ա ր ու թ յ ու ն,

Քեզանից բաժանվելուց հետո՝ ես ենթարկվեցի ավելի և ավելի փոփոխությունների։ Այժմ ինձ բոլորովին չես ճանաչի։ Ես շուտով վերադառնում եմ իմ երկիրը։ Ի՛մ երկիրը։ Արյան կապն ինձ չի ոգևորում, մենք բարեկամներ չենք, ոչ միայն բարեկամներ չենք, այլև երկու թշնամի բանակների զինվորներ։ Ես վերադառնում եմ իմ ռազմաճակատը։ Եթե մի օր [ 87 ] երկու բանակները գործնական ճակատամարտի մղվեն, ինձ կգտնես քո դեմ զենքը ձեռիս: Փախչում եմ Եվրոպայից, փախչում եմ ստից, կեղծավորությունից, շահագործման պատերազմից, փախչում եմ իմ տարիների երազած դեմոկրատիայից, փախչում եմ գոռոզությունից, ոսկեզօծ կեղտից։

Իմ առաջին պարտականությունը պիտի լինի ավելի և ավելի քաջալերել Բաբկենին իր հասարակական կյանքում, մղել նրան նոր աշխարհի կառուցման աշխատանքին՝ առավել ոգևորությամբ և առավել անկեղծությամբ:

Այս աշխարհը նրանն է։

Կվերադառնա՞մ արդյոք Եվրոպա: Այո, կվերադառնամ Խորհրդային Եվրոպա։ Արդյոք շո՞ւտ կվերադառնամ: Այո: Ես ապրեցի Եվրոպայի ահեղ մայրամուտը, ես լսեցի մարմարյա սյուների ճարճատյունը։ Բուրժուազիան թողնում է փառահեղ ավերակներ…

Ես վերադառնում եմ, լուսաբացի թմբուկն ինձ կանչում է։

Հոգիս ուրախ է, թեթևացած բոլոր ծանրություններից: Միայն մի կասկած երբեմն ինձ տանջում է՝ արդյոք կլինե՞մ նոր աշխարհի արժանի և պիտանի քաղաքացի։

Առաջին մեր տեսակցությունը տխուր եղավ, երկրորդ տեսակցությունը կարող է լինել եղերական: Թույլ տուր այս մի քանի տողով վերջացնել մեր կապը։

Միքայել
ԻԹ

Երևանը բոլորում էր ոսկյա աշունը, խաղողի հատիկները շողում էին իբրև հողի աստղերը, երբ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը վերադարձավ։

Առաջին օրն էր, որ Ելենա Բեգլարովնան վառել էր պատի վառարանը։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը բաց արավ պահարանը, վերցրեց իր օրագիրը և, գցելով վառարանի մեջ, նստեց դիմացն ու սկսեց դիտել իր հին կյանքի ամենանվիրական հիշատակի բոցավառումը։ Ելենա Բեգլարովնան նստած էր կողքին՝ ապշահար [ 88 ] և անորոշ զգացումներով։ Հրկիզված թղթերի բոցը նրանց դեմքերը ներկել էր կարմրադեղին գույնով։

Պրոֆեսոր Միքայել Մելիք-Անդրեասյանը, անձկությամբ դիտելով հրկիզված թղթերի բոցը, շշնջում էր.

— Հնից ոչ մի հիշատակ չպետք է մնա…

Երբ թղթերը մոխրացան, պրոֆեսորը դարձավ կնոջը և ասաց.

— Լենոչկա, ես փորձեցի քեզ մենակ թողնել, ներիր ինձ:

Ելենա Բեգլարովնան գլուխը հանգչեցրեց ամուսնու կրծքի վրա և սպիտակ թևերով գրկեց նրան։

1934 թ.