Հ.Թ.

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հ. Թ.

Եղիշե Չարենց

Հ. Թ.

Ես կարդում եմ նրան ու ասում.— Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին
Հոմերի, Գյոթեի հետ մի օր՝ հավասար՝ նստել է քեֆի,
Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու առել,
Ինչպես իր պապերն են արել՝ իրար հետ խնջույքի նստելիս։—

Հ. Թ.

Նա մեծ էր ավելի, քան եղավ։ — Երկընքի նման ընդարձակ,
Օվկիանի նման՝ իր ոգին ընդգրկել էր կյանքը անեզր։ —
Եվ ոգու ափերին նստած՝ նա նայում էր հայացքով պայծառ —
Եվ որսում էր երգեր ու խոհեր, և տեսնում էր չքնա՛ղ երազներ...

Հ. Թ.

Նա մեծ էր հողո՛վ, արյունո՛վ։— Արմատնե՛ր ուներ նա հողում։
Իր երգերը — գեղջուկ նաիրցու քրտինքո՛վ էր նա ողողում։
Հանճարեղ երգերում նրա — իր երկրի արև՛ն էր շողում։—

Նա մեծ էր հողով, արյունո՛վ։— Արմատնե՛ր ուներ նա հողում։—