Ղ․ Աղայան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ղ․ Աղայան

հեղինակ՝ Հովհաննես Թումանյան

Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 135
ծ. ― էջ 592


(Քառասունամյակի օրը)

Այսօր գրական հաղթանակի և փառավոր հիշողությունների օրն է։ Քառասուն տարվա հիշողություններ, որ զարդարում են Ղ. Աղայանին։

Ես էլ, որպես նրա մոտիկներից մինը, ունեմ շատ ու շատ հիշողություններ նրա կյանքից, և հատկապես նրա կյանքի այն ծանր շրջանից, երբ որ նա Լիր թագավորի նման իր օրերի դեմ կարող էր որոտալ՝ ամոթ ձեզ, որ վեր եք կացել այսքան ծեր ու սպիտակ մի գլխի դեմ։

Բայց այդ հիշողություններն այժմ թողնելով, այսօր սիրելի

[ 136 ] է ինձ հրճվանքով շեշտել նրա երկու բարձր հատկությունները։

Նա ունեցել է խոր հավատ ու հարգանք դեպի իր գրիչը, գրելը համարել է մի սրբազան արարողություն, գրիչ առնելիս կարողացել է վերանալ, և նրա բանաստեղծական աշխատանքն էլ եղել է միշտ վեհ, իդեալական, մաքուր, մանկական։

Նա երբեք ընկճված չի եղել հոգով և որտեղ հայտնվել է, իր հետ տարել է երիտասարդական թարմություն և բանաստեղծական ոգևորություն։ Նա ոգևորվել է ամեն բանով, ինչ որ լավն է, գեղեցիկ է։

Եվ նրա հրճվանքն ու զայրույթը միշտ եղել են անկեղծ, սրտալի։ Դրա համար էլ նրան շատ են սիրել, սիրել են նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնք երբևիցե սխալ են համարել նրան։

Սակայն, այսօր երբ պետք է փառաբանել նրա 40 տարվա գործքերն ու գրվածքները և նրանց վրա ուրախանալ, ես մի տարօրինակ վշտով ափսոսում եմ նրա այն գործքերն ու գրվածքները, որ մնացին անկատար։ Քանի–քանի անգամ նա ոգևորված պատմել է այդ գրելիքների մասին։ Երկար տարիներով սիրած–փայփայած հերոսներ ու գաղափարներ, միշտ պայծառ, միշտ բարի ու սիրուն...

Եվ մի՞թե բոլորը կմնան ծրագիրներ։