Ճախարակ (Աղայան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ճախարակ

Ղազարոս Աղայան


ՃԱԽԱՐԱԿ


Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։
Ձեթ եմ ածել ականջներըդ,
Նոր շինել եմ շրտըվիկ,
Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,
Ոստեր շինիր սըրուլիկ։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Լիսեռնիկդ պտըտիր,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Իլիկիդ վըրա փաթաթիր։
Տիգրանիկըս գուլպա չունի,
Հանդ է գնում ոտաբաց,
Գաբրիելըս չուխա չունի,
Միշտ անում է սուգ ու լաց։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ փաթիլներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։
Չըվալ չունինք, չութա չունինք,
Ո՛չ սամոտե, ո՛չ պարան,
Այսպես աղքատ դեռ եղած չենք,
Կտրվել է ամեն բան։
Դեռ հարս էի, որ գործեցի
Քանի կարպետ, խալիչա,
Բայց դրանից շուտ զրկվեցի,
Հիմա չունիմ մի քեչա։
Կարմիր օրըս, երբ սևացավ,
Եվ պարտք մնաց՝ տեև քիչ,
Պարտատիրոջ սիրտն էլ սևցավ ―
Եկավ տարավ ամեն ինչ։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ քուլաներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։