Մարի, էգ թռչուն...
Չգիտեմ, Մարի, երկնքի մովից[1]
Ինչո՞ւ էր հոգիս կարոտով կանչում,
Որ ճախրես, թռչես, վերանաս նորից,
Մարի, ի՛մ Մարի, Մարի, է՜գ թռչուն:
Դաշտերը միայն գրավում են քեզ.
Դաշտերը կանաչ, գոհարը ցողի:—
Դաշտերի միգում կորցրել եմ ես
Մի հին, երկրային բերկրանքի ուղի:
Մոռացել եմ ես դաշտերի ուղին.
Մոռացել է իմ երազող հոգին
Հովը դաշտերի, զմրուխտը կանաչ,
Աշխարհը մեռավ հավերժի առաջ —
Եվ ես մոռացա բախտը աշխարհի՝
Աշխարհի հեռուն ու բախտը բարի:
Լուսնյակ գիշերով ես ճամփա ընկա
Ու կյանքը թողած, ու կյանքի հեռուն —
Թաղեցի հոգիս լուռ ու լուսնկա
Հավիտենության մեռած դաշտերում:
Ու լուռ էր շուրջս — ձմեռ ու գիշեր,
Ու երգը մահի, որ կոչվում է — սեր:—
Մեռած է, Մարի՜, իմ սիրտը հիմա:
Շուրջս — լռություն, ու գիշեր, ու մահ
Շուրջս քարացած երազը մահի.
— Կուզեի՜ այնպես, որ ետ դառնայի
Ու համբուրեի շրթերը հողի.
Փնտրեի մի պարզ, երկրային ուղի,
Հո՜ղը լիզեի, որպես համր շուն —
Ու լո՜ւռ կորչեի աշխարհի փոշում...
Ախ, ցուրտ է այստեղ — երկնի կամարում
Չի վառում այստեղ ճառագայթը հուր.
Երկնքում չկա ծաղիկ ու գարուն
Ու սուտ է հոգու բերկրանքը մաքուր:
Մարի, ի՛մ Մարի, մնացիր նախշուն,
Արևոտ ու տաք դաշտերում երկրի,
Թող հոգիդ զնգա՛ երկրի մշուշում,
Աշխարհի մուժում թող հոգիդ բերկրի:
Մի նայիր դու վեր. թող կյանքդ լինի
Ոսկի մի ղողանջ, վա՛ռ բախտի հնչյուն,
Թող կյանքդ լինի հուրհրող գինի,
Մարի, ի՛մ Մարի, Մարի, է՛գ թռչուն...
— Իսկ ե՞ս. ի՞նչ անեմ ես, որ մնացի
Երկնի դաշտերում — ու մեռավ հոգիս,
Ես, որ երկրային կյանքս թաղեցի —
Լսո՞ւմ ես, Մարի,— ի՞նչ արի ես ինձ:
Ինչո՞ւ արևի համբույրը երբեք
Չվառեց իմ մեջ ցանկություն ու դող
Ու չհրդեհեց սիրտս հոգնաբեկ
Քո հուր մարմնի հմայքը դյութող:
Բայց չէ՞ որ հոգին, ասում են, ունի,
Կամ գուցե առաջ ունեցել է նա —
Կարմիր կարոտը կարմիր արյունի
Ու հրդեհումի երազը անահ:
Ախ, մարդու հոգին, ասում են, առաջ
Ապրել է այնտեղ — արևի վրա,
Եղել է վառման խնդագին երազ,
Հրոտ, հրանազ[2], ու անունը — Ռա[3]:
Վառվել է անմար արևի հոգում՝
Ինքը զոհ իրեն ու զոհաբերող,
Ու սփռել է մութ օրերի միգում
Հրդեհ ու կարոտ, ցանկություն ու դող:
Ու եղել է այս կյանքը երկրային
Արևի առաջ խանձված մի զոհ.
Աղոթք են արել հրակամ[4] Ռային —
Ապրել են հրում ու անցել են գոհ:
Հոգնե՜լ եմ, հոգնե՜լ երազից, մահից,
Անտարբերության վիճակից երեր.
Ուզում եմ զգալ, շոշափել նորից,
Չունենալ երազ, թռիչք ու թևեր:
Կուզեի՜ լինել հաստատ ու կարող,
Աշխարհը զգալ, որպես քաղցր դող,
Եվ ամբողջ կյանքով մի պահ երկարող —
Վառվել ու մարել հրճվանքում բանտող:
Եվ ինչո՞ւ համար իմ մարմինը լույս,
Մարմինը մարող, մարմինը հիվանդ
Դեռ պետք է կրի դիակը հոգուս,
Որպես ծանր բեռ՝ հնամյա ավանդ:
Ճնշում է, ճնշում ուսերիս վրա
Դիակը այդ ցուրտ, ծանր, անբաժան,
Ինչո՞ւ եմ կրում ես բեռը նրա,
Այդ բեռը դաժան:
Եվ ինչու հիմա, օրերիս ծոցում,
Ուր բերել է ինձ բախտը այս գիշեր —
Ես ինձ եմ փնտրում ու մեռելոցում
Վերջին տագնապում, որ կոչվում է — սեր.
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ես ինձ եմ ուզում, ի՛նձ, լսո՞ւմ ես, կի՛ն,
Ինձ, որ չե՛մ լինի էլ ուրիշ անգամ,
Որ վաղը պիտի հող դառնամ կրկին
Ու անցնեմ անդարձ ու աշխարք չգամ:
Ի՞նչ անեմ ես, կին, — ի՞նչ անեմ հիմա,
Թե զգամ, որ ես անցել եմ անդարձ —
Ու ցուրտ մշուշում ճերմակ երևա
Մահը՝ աստղային զգեստներ հագած:
Եվ ցույց տա նա իմ երազած ուղին՝
Հավիտենության սահմանը ունայն —
Եվ ես հասկանամ, որ հավերժը հին
Վերջ չի ունենա, որ հանգստանամ...
Եվ զգամ հանկարծ, որ հասել եմ ես
Հավիտենության սահմանը — ու նա,
Քարացած հոգիս՝ աներազ, անտես՝
Ցո՜ւրտ հավերժության եզերքում մնա:
Չէ՞ որ ով հասավ հավիտենության
Ու նիրվանայի[5] լուսնաշխարհը սառ —
Նա էլ չի դառնա կյանքի անսահման
Օվկիանը, որ կոչվում է Սանսար...
Օ, ծա՛նր է, ծա՛նր է, օ ծա՜նր է այնքան
Ուսերիս համար բեռը հավերժի.
— Ախ, լինել թեթև՜, հրոտ, հրակամ,
Վառվել, որպես զոհ, զոհս չմերժի
Արևը — արև, ու Ա՛գնի[6], ու Ռա.
Վառվել ու մարե՜լ աշխարհի վրա՝
Զոհի՜ պես արդար, ինքնաամոքիչ —
Ու մահից հետո չլինի՜ ոչինչ...
- ↑ մով — Կապույտ, մավի
- ↑ հրանազ — հրի պես նազանք ունեցող, քնքշագին նազանքով
- ↑ Ռա — հին եգիպտական կրոնում արևի աստվածը
- ↑ հրակամ — հրեղեն` անընկճելի կամքով
- ↑ նիրվանա — հին հնդկական կրոնական ուսմունքի (բուդդայականության) համաձայն` աշխարհային ամեն ինչից հրաժարվելու միջոցով ձեռք բերվող երանավետ հանգստի վիճակ. փխբ. անդորր, երանավետ խաղաղություն` հանգստություն:
- ↑ Ագնի — կրակի աստվածը հնդկական դիցաբանության մեջ. կրակի խորհրդանշան: