Միշտ, երբ կարդում եմ Տերյանը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Միշտ, երբ կարդում եմ Տերյանը

Եղիշե Չարենց

Մի՛շտ, երբ կարդում եմ Տերյանը,— Ղարսն է հիշում իմ հոգին:
Իմ մանկությունն ու այգին հին, — իմ հայրենին ու նաիրյանը...
Լաց է լինում մեղմ, հոգին իմ,— դարձն է տոնում մորմոքի,—
Ղարսն եմ հիշում հեռավոր,— միշտ, երբ կարդում եմ Տերյանը...
Մի՞թե կասեմ ես, որ հին է օրորանն այդ սուրբ ցնորքի...
Ի՞նչ եմ անում այսօրվա ձեր ցնծությունն ու բուրյանը.—
Ես երազում եմ լոկ ի՛մը,— այն, որ տվեց իմ արյանը
Բույր ու երանգ հնօրյա,— երգ ու ցնորք անմեկին...
Այլ երգ չունի էլ հոգին իմ,— լոկ, երբ կարդում եմ Տերյանը,—
Լոկ մանկականն ու նաիրյանը,— Ղարսն է հիշում իմ հոգին։

<1937>