Միչուրինյան տունկեր - 10
Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
| ← գլուխ 9 | հեղինակ՝ Վախթանգ Անանյան |
Գարունն իր ալ ու ալվան ծաղիկներով, իր քչքչան ջրերով, իր դայլայլող թռչուններով հովիտներից ու ձորերից դեպի լեռներն է բարձրանում։
Սևանի լերկ ափերին, Շիրակի անտառազուրկ դաշտերում, մեր երկրի լերկ լեռներում փթթում են դալար միչուրինյան տունկերը ու նրանք կայտառ են և կենսուրախ մեր գանգրահեր մանուկների նման։
Ես շրջում եմ այդ վայրերը, նայում զարդարվող ու կերպարանափոխվող բնությանը և կուրծքս ուռչում է ուրախությունից։
Նա մասն ունի այս մեծ կերպարանափոխության մեջ և նա սիրում է ինձ, նա մեր տանն է…
Մենք թևանցուկ ու մեղմ զրուցելով ընթանում ենք միչուրինյան տունկերի շարքերի միջով։ Մեր առաջից թռվռալով վազվզում են թիթեռնիկների հետևից մեր մանուկները՝ միչուրինյան տունկերին հասակակից, նրանց պես մատղաշ ու թարմ։
Ես կաթոգին նայում եմ Հասմիկի ճառագայթող պայծառ աչքերին ու մտածում՝
— Ի՜նչ հրաշալի մարդ է եղել այդ ծերուկ Միչուրինը…