Միչուրինյան տունկեր - 4
Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
| ← գլուխ 3 | հեղինակ՝ Վախթանգ Անանյան |
գլուխ 5 → |
Մոտ մեկ ամիս ես նրան չէի տեսել։ Անսպասելի հանդիպման առաջ բերած հույզերի ալիքն անցել էր և ես հանդարտվել էի։ Ծառատնկման գործն ավարտվել էր, վրա էր հասել ցրտաշունչ ձմեռը և ես առիթ չունեի նրան տեսնելու։
Մինչ ես հազար ու մի միջոցներ էի մտածում նրա հետ տեսնվելու, մեկ օր անծանոթ ձեռագրով մի ծրար ստացա։ Բաց արի և կարդացի հետևյալ երկտողը.
Վաղը իմ որդու ծննդյան տարեդարձն է։ Խնդրում եմ ներկա լինել տարեդարձի առթիվ կազմակերպվելիք խնճույքին, որ տեղի է ունենալու երեկոյան ժամը 8-ին՝ իմ բնակարանում։ Հասցես Շուկայի փողոց № 18
Ջեզ հարգող Հասմիկ Չախիրյան»
Ես նորից կարդացի երկտողը և անծանոթ մի ուրախություն ալիք տվեց ներսումս։ Ուրեմն նա ինձ չի մոռացել…. Ուրեմն ես գոնե մի փոքր անկյուն գրավել եմ նրա սրտում… Թե՞ քաղաքավարու֊թյունից դրդված է գրել։ Հավանաբար հրավիրում է որպես խմբագրի, չէ՞ որ ես տպագրում եմ նրա հոդվածները, աջակցում։ Ուրիշ ինչ կարող է լինել… Ա՜, հիշեցի, ի՜նչ հիմարը, ի՜նչ միամիտն եմ եղել ես,— չէ՞ որ նա երեխա ունի, հետևաբար և ամուսին, իսկ ես հիմարաբար երազում եմ…
Տրամադրությունս անմիջապես ընկավ և թուլացած ու թեվաթափ նստեցի գահավորակին ու գլուխս առա ափերիս մեջ։
Երեխայի տարեդարձը... տեսնես ով է ամուսինը՝ այդ երջանիկ մարդը։ Նա ուրեմն ուրիշի գրկում է, մայր է և կին... Անկասկած հավատարիմ կին։ Նո՞ւ, ինչ կա որ, ինչու չուրախանալ այն բանով, որ նա ամուսին ու երեխա ունի... Ի՜նչ վայրենի բնազդներ ունի երբեմն մարդս, ինչու որդը կրծում է սիրտս այն մտքից, որ նա ամուսին ունի...
Ես ինձ շատ նախատեցի բայց այդ չխանգարեց, որ վերցնեմ հեռախոսի փողակը, զանգահարում Պտղաբուծական զոնալ կայան և ուղղակի ասեմ նրան.
— Ներեցե՛ք, վաղը երեկո ես զբաղված եմ, խնջույքին գալ չեմ կարող…
Ինձ թվաց, թե նա սաոավ՝ փողակն ականջին հպած։
— Ինչպես կամենաք,–պատասխանեց նա ու ինձ թվաց, թե նրա ձայնը խեղդվեց կոկորդում, ու կախեց փողակը։
Ես մինչև երեկո ման եկա Զանգվի ձորում ու կռիվ մղեցի իմ ներսում վեր ելնող մի նոր զգացմունքի դեմ։ Նա երեխա ունի…
Այն անորոշ հաճելի զգացմունքը, որ իմ մեջ փայփայում էի վերջին երկու ամսում, հանկարծ խամրեց, անէացավ։ Իսկի հանե՞լ եք ծովում լողացող մեդուզան, որ ջրի մեջ շողշողում է ծիածանի յոթ գույներով։ Հանեցեք– և ձեր ձեռքում դժգույն ու լպրծուն մի մասսա կմնա... Ի՜նչպես դժգունացան իմ երազները ծովից հանած մեդուզայի նման...
Ներքին ծանր պայքարից հոգնած, ես տուն վերադարձա և այնտեղ գտա որսորդ ընկերոջս.
— Անուշավան,— դիմեցի ես նրան,— այնուամենայնիվ պետք է մի սյուրպրիզ սարքել։ Մենք չենք գնա, բայց կուղարկենք նրանց մի քարայծ և «Արարատի» հին գինիներից։ Թող խմեն ու հիշեն անբախտ որսորդիս...
Նա ըստ երևույթին չհասկացավ և զարմացած նայում էր ինձ։ Ըստ երևույթին ես այդ րոպեին տարօրինակ տեսք ունեի– զառանցող մարդու տեսք։
— Ո՞ւմ համար տանենք քարայծը… Ո՞վ խմի…
— Ս՜ս՜ս, զենքերը պատրա՛ստ, հաց և ջրաման վերցրու... հետո կիմանաս...