Քոքինաքի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գրիգոր Զոհրապ Քոքինաքի

Գրիգոր Զոհրապ


(Իզմիրի կյանքե)
Առ տիկին...
Ա


Քոքինաքին կերգեր. նուրբ ու ներդաշնակ ձայն մը, որ գիշերն ի բուն կհամառեր Հայնոցին գոց ու կանանչ փեղկերուն դեմ. երբեմն ներսեն փսփսուք կլսվեր , դուրս կթափանցեր. Քոքինաքին էր. կճանչնային այս ձայնը, որ հունարեն երգերու հատվածներով կուգար արթնացնել զիրենք կեսգիշերին լռության մեջ։

Քոքինաքին վտիտ ու դժգույն երիտասարդ մ΄էր նուրբ՝ իր ձայնին, գունաթափ, հյուծախտավորի մը նման, տասը գիշեր անքուն հսկելու կարող իր դրուպատուրի անտանելի խոնջանքին տոկալով. և այսպես բոլոր քաղքին անհրաժեշտ եղող մարդ մը ըլլալուն գիտակցությունը ցույց տալով սովորաբար քնատութենե փակվող աչքերուն մեջ։

Իր ձայնը բոլոր քաղքին ձայնն էր, անոր վիշտերուն թարգման, ուրախությանց մասնակից, գանգատող և լալագին ձայն մը բոլոր արևելքի ձայներուն պես։– Առանց այս տղուն Իզմիր չի պիտի կրնար կարծես դուրս թափել միշտ արտահայտվելու տրամադիր եղող իր ոգին. գիտեին և ասոր համար կպաշտեին Քոքինաքին. հայ, հույն, տաճիկ, եվրոպացի ձեռքե ձեռք կքաշեին զինքը, շոյելով անոր ուսը, մեղմիվ, դրամ դնելով կամացուկ մը անոր ափին մեջ, և առաջարկելով երգ մը երգել իրենց իբրև թե խնդիրք մը կներկայացնեին ու երբ երգը վեր¬ջանար, միշտ զմայլանոք, անկեղծ երախտագիտությամբ մը դրվատելով երգիչը.

- Պռավո, Քորինաքի։


Բ


Քոքինաքին կերգեր. փողոցին մեջ մեկ գիծին վրա երկու կողմե շարունակվող լուսավոր կետերը, որ կազերուն դեղին ցոլքերն էին, հեռուն երթալով իրարու կմոտենային, զիրար կկտրեին և այդ դժդունած լուսով փողոցը կերկարեր ամայի, թափուր, իր տուներուն հուսահատական միօրինակությամբը որ լռին, ուղղագիծ պատնեշներու տպավո¬րությունը կըներ վրաս և որոց ետին ամբողջ բանակ մը կերևակայեի քուն ի մեջ թաղված։-

Մեր աղմուկեն, վասնզի մենք էինք Քոքինաքին երգել տվողը Հայ¬նոցին մեջ, գիշեր ատեն իրենց անդորրությունը խռովող անձերը տես¬նելու տկար փորձեր կըլլային, փեղկերը բացվելու դղրդյուն մը կլսվեր և ես պահվըտելու կպատրաստվեի, աննշմարելի դառնալու չափազանց փափագով մը, պզտիկնալով բաց կառքին անկյունին մեջ, մինչդեռ Քոքին աքին իսկույն, հանպատրաստից, երգի նոր տուն մը կսկսեր Հոմերոսի լեզվով զոր ամեն ոք, ինձմե զատ, կհասկնար այս Հայնոցին մեջ. իր բանաստեղծական տաղանդը ի հայտ կածեր, ճշմարիտ աշուղի մը պես որ վայրկյան են, պարագայեն կներշնչվի։

Ես՝ այս ցուրտ գիշերեն, այս անմարդի թաղեն ու գոց պատուհաններեն ոչինչ պիտի գտնեի ներշնչվելու և ողորմագին բան մը պիտի ըլ¬լար իմ տաղս եթե երբեք այս տեսակ հարկի մը տակ գտնվեի։

Բայց Քոքինաքին իր արվեստին քաջավարժ, այս ամեն ներշնչում մարող տեսարանին առջև չէր թերանար. կզգայի որ իր ոտանավորը կկաղար, հանգերը իրարու չէին պատշաճեր և ամրափակ պատշգամներուն ուղղված հրավառ շեշտերը շարունակ նույն դիմառնությամբ կսկսեին՝

Ֆիլիմու Պետրոսաքի։

Երգին մեջ Սարգիս կամ Պետրոս աղան հունական մասնիկով մը կհարստանար, կքաղցրանար, տեսակ մը կրկնամկրտություն, կեսգիշերին ու փողոցի մեջ, որով երգիչը՝ հավատարիմ իր օրթոտոքս եկեղեցվույն խստապահանջությանը, արվեստը կրոնքին հետ կհաշտեցներ։

Զմեզ շրջապատող ստվերներուն մեջ, վրանիս իջնող գիշերվան շաղին տակ, մեր մայրենի եկեղեցվո ուղղափառությունը պաշտպանելու մտադիր չէի. վրաս ծանրացող թմրության մեջ, այս քաղցրալուր ձայնը՝ տեսակ մը նեննիի, օրորի թույլ ու հեշտ տպավորությամբը կներգործեր, մինչդեռ ընկերներս ընդհակառակն հետզհետե կոգևորվեին, հափշտակված անոր շեշտերեն, կմոռնային ժամը, ցուրտը, խոնավությունը, զմեզ շրջապատող առանձնությունը՝ անոր դառնալով կըսեին աղաչավոր ու փայփայիչ.

- Քոքինաքիմու…


Գ


Հայնոցը հարթ ու տափարակ գետնի վրա շինված թաղ մ΄է, որուն քարահատակ փողոցները ուղիղ անկյուններով զիրար կկտրեն, կկտրտեն հաջ և հահյակ պտտցնելով խաբվելու չափ նմանող երկհարկ տուներու շարքն ու երեսները զորս պարտեզ մը, ծառ մը, բույս մը չի գար կենդանացնել։ Իզուր կառքերնիս կշարժի, կհառաջանա, ամեն կողմ տանիլ կուզե մեր աղմուկը, աննպատակ պահանջումները. անիվները կթավալին շարունակ։

- Սարգիսյաններուն տանն առջևն ենք,- կըսեն ինձ։

- Ասի Պաթմազյանն ելած տունն է,- կըսե մյուսը Հակոբոս աղային։

Ասոնցմե և ոչ մին կտարբերի մյուսներեն, այնպես որ կեսգիշերեն ի վեր հորմե հետե թափառական կշրջինք, երազի մեջ քալող մարդու իրական անշարժության մեջ և միևնույն տանը առջև կկարծեմ ինքզինքս։-

Ընկերներս կերգեն, կզվարճանան, քննադատելով իմ ապշած պոլսեցիի լրջությունս զոր պարզապես ծաղրելի կգտնեն գիշերվան այս պահուն. օղի կառաջարկե մին. երգե կըսե մյուսը. դուք Պոլսո մեջ չե՞ք զբոսնուր, կհարցնե երրորդը։

Պոլսո մեջ կզբոսնունք թե ոչ լավ մը չեմ գիտեր, բայց հոս՝ կզգամ անդիմադրելի փափագ մը մեկեն թոթափելու այն հիմար ծանրությունը զոր, չեմ գիտեր ի՞նչու, զգեցած եմ այս գիշեր և իրենցմե բարձրաձայն պոռալու անհուն տենչ մը կգրավե զիս։

Օղիին ազդեցության տակ՝ փողոցի տուները կսկսին տեղերնուն երերալ, շարժիլ, պարել, տիտանյան պար զոր կդիտեմ հիմա առանց ահաբեկելու, ալ գլխիվայր կտեսնեմ ինքզինքս առանց զարմանքի, իմ ձայնս՝ ընկերներուս ձայնին կխառնվի անհանդուրժելի ժխորի մը վերածելով անոնց երգը։

Հետո, ցույց տալով քիչ մ΄ալ իմ մայրաքաղաքացիի պարծենկոտ գերազանցությունս, Պոլսեն երգեր կերգեմ իրենց զորս կունկնդրեն, ու Քոքինաքին մեծ-մեծ կբանա իր փակվող աչքերը վախնալով որ չելլեմ ոսոխ և ախոյան հանդիսանամ իրեն։

Գիշերվան ցողը կշարունակե տեղալ անձրևի պես թրջելով զմեզ և հոդացավի սպառնալիքներով խանգարելով մեր բերկրանքը։


Դ


Առտվան մոտ Հայնոցը կգթա վրանիս. բարեկենդանի սովորության համեմատ ծանոթներու բարեկամներու տուներ վերջապես կհաճին հյուրընկալել զմեզ, մեր Քոքինաքիին հետ։

Տան տյարք ու տիրուհիք փութով կհագվին, կուգան աչքերնին շփելով, ժպտուն սակայն, կազերը վառելու, նախ դիտելու համար եկողներուն դեմքը և այս տարօրինակ հյուրերը։ Գինի, քոնյաք, շամբայնը կհրամցնեն իրենք ալ մասնակցելով մեր անիմաստ խնդումին և մեկնելու ժամուն արք մեզի ընկերանալով կըստվարացնեն մեր շրջուն խումբը։

- Հոս բարեկենդանը այսպես է,- կըսեն ինձ ամենքը միաբերան, արդարացնելով մեր գիշերային ուղևորությունը։-

Հետզհետե ասպատակող փոքրիկ բանակ մը կդառնանք Հայնոցին մեջ, մինչդեռ աքաղաղը կխոսի և Քոքինաքին կվերսկսի նորելուկ հունական երգը, իր դաշն ձայնովը, որ պատե պատ, դուռե դուռ կկրկնվի կերկարաձգվի։

- Մա՜ր կա՜ ա՜ ա՜ ռո…

Աստղերը տակավ առ տակավ բացվող երկնից կապույտին վրա կդժգունին, անտեսանելի կըլլան. մութը՝ իր խստությունը կկորսնցնե, կմեղմանա. տուներուն գույները կճշտվին, փողոցներուն մեջ մարդիկ երևան կելլես որք զմեզ կդիտեն հիացած. կառքեր՝ քաղքին ուտելիքը կկրեն ու տեղտեղ կազերուն լույսը կմարի։


Ե


Վերջին տունն ուր գացինք, դեմս ելլողը դո՞ւն էիր որու կնվիրեմ Իզմիրի բարեկենդանի այս փոքրիկ հատվածը. գեթ մեկն էր որ քեզ կնմաներ, ա՜յնքան կնմաներ։

Քեզմե քիչ մը պակաս խոժոռություն դեմքին վրա երբ երեսս նայեր. ժպիտ մը ավելի... բայց ո´չ, քու ժպիտեդ ավելի քաղցր ժպիտ չի կա. հասակը նուրբ, դյուրաթեք, հարուստ ու խիզախ կուրծքի մը բեռան տակ, քուկինիդ պես. միայն քեզի պես տրտում չէր անի։

Տեսնելուս պես մոտը գացի մտերմությամբ. զիս ներկայացնելու հարկ չի կա ըսի բարեկամիս. տեղը, ժամանակը, մարդիկ կշփոթեի մտքիս մեջ. աղջիկը՝ երեսս կնայեր խնդալով, զվարճանալով արբած պոլսեցիի համարձակությանս վրա։

Եվ խոսակցությունը կսկսի և անունդ տալով.

- Ի՜նչպես, հո՞ս դո՞ւք ալ։

Չէր պատասխաներ. ես կհամառեի.

- Տեսնենք ե՞րբեն ի վեր։

Աղջիկը բարձրաձայն խնդալե կմարեր։

- Հոս,- կշարունակեի,- Պոլիս չենք, բայց դուք միևնույն ծաղ¬րող և անողորմ էակն եք։

Այնքան կխնդար որ ալ պիտի ճաթեր։

Սենյակին մեջ եղանակները, ձայները, քահքահները, բաժակաց բախումը իրար կխառնվեին։

- Չե՞ք պատասխաներ։

Այդ պահուն պատանության վերադարձ մը կըներ միտքս, կհիշեի բոլոր-բոլոր այն անձնահույզ խանդաղատանքս, որով քանի տարիներ հետևեցա քեզի, քեզի անծանոթ, ստվերի մը պես անշշուկ և վախկոտ. հետո սպասելե, քաջալերող ակնարկ մը սպասելե ու միշտ խոժոռած դեմքի մը հանդիպելե ձանձրանալս, անպատեհ սիրո մը համար ինծի արժանի վերջավորություն։

Եվ տեսնելով որ կշարունակեր ծիծաղիլ վրաս, ձեռքը ուզեցի բըռնել. այն ատեն խնդալը դադրեցուց և ուղղելով գեղեցիկ բարձր հասա¬կը, սպանյոլի մը արտասանությամբ հեռացուց զիս։

- Ո՞վ կարծեցիր զիս, ծե՜ե՜ե՜:


Զ


Դուրսը լուսցած էր. փողոցե փողոց մեր խումբը երթալով կպակ¬սեր՝ ընկերներս իրենց տան առջև հասնելնուն դռնեն ներս կսպրդեին մեկիկ-մեկիկ, խորհրդավոր էակներու պես կանհետանային, թողլով որ մնացողները շարունակեն Բարեկենդանը։

Ես կշարունակեի քալել անգետ և անփույթ որ կողմ երթալուս ցոր¬չափ Քոքինաքին իր ձայնովը կառաջնորդեր ինձ անծանոթ աշխարհի մը մեջ, զոր գինովութենե գրգռյալ ուղեղս իզուր կջանար պարունակել. և տասը վայրկյանի մեջ ամեն ինչ կհատներ կանհետանար չորս դիս, այս բարեկենդանի գիշերը, բարեկամներս, Հայնոցը, և այս բոլորին խառնվող պատանության հիշատակը, հոս մինակ գլուխ գլխի ձգելով զիս Քոքինաքիին հետ առավոտյան պայծառ լույսին տակ փողոցին մեջտեղը. բայց երգիչին բոլոր գիշերվան եղանակները կհնչեին միշտ ականջիս, քնարի մը թելերուն պես, որ նվագածուին դադրելեն վերջը դեռ կթրթռան ամբողջ երեկույթի մարող սպառող արձագանքին պես։

<1891>