Քրդի շունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Քրդի շունը

Հակոբ Հակոբյան

(Մանուկ հուշերից)
Դաժան ձմեռվա օրերին դարձյալ
Քեզ եմ ես հիշում, իմ մանուկ անցյալ,
Երբ տատս նստած քուրսու մոտ զվարթ՝
Գուլպա էր գործում, պատմում ինձ հեքիաթ․
Եվ ձյունը փայլուն, հալածված բուքից,
Քուլաներով էր թափվում երկնքից․
Մեր բակի շունն էլ իր բունը քաշված,
Ձյան փաթիլները դիտում էր ապշած։
Ես ննջում էի քուրսու մոտ ձգված,
Փափուկ վերմակը մինչև կուրծքս քաշած,
Եվ ի՜նչ երազներ, ցնորքներ անմեղ
Չէին գրգռում իմ մանուկ ուղեղ․․․
Հանկարծ սթափվում, աչքերս բացում,
Տեսնում եմ տատիս ― մլերն է շարժում․
Շիկնած թշերով պառկում եմ նորից,
Էլ չեմ վախենում վատ երազներից ―
Պառավը ինձ մոտ, անվե՜րջ, անընդհա՜տ
Շարունակում է կարծես իր հեքիաթ․․․

***
Բայց ահա հանկարծ չարագույժ մի ձայն
Լսվում է դրսից ― բուի է նման․
Մերթ մեղմ, բարակ, մերթ խիստ փրփըրում,
Կարծես այդ ժամին սիրտս քրքրում․․․
(Այդ մեր կատուն էր, նոր եմ հասկանում,
Իր հարևանի հետ էր նա կռվում,
Եվ ցանկապատից նախանձ֊թշնամուն՝
Ճանկերվ զինված՝ գլորել ջանում)։
― Տատիկ, ճչում եմ, այն ո՞վ է ոռնում,
Կարծես նա գաղտուկ ինձ է մոտենում․․․
― Քնի՛ր, բա՛լա ջան, թաքնվիր շուտով,
Քըրդի Շունըն է իրա լակոտով․․․
(Այսպես էր տատս ինձ պատասխանում,
Որ չըխանգարեմ գուլպա գործելուն)։
Բայց մեր չար կատուն, մոխրագույն Շամոն
Իր պատերազմն էր տաք շարունակում
Եվ է՛լ գիշատիչ ելևէջներով,
Զարհուրանք ազդող կրքով փրփըրում,
Վախլուկ մանկական սիրտս քըրքըրում․․․

***
―Տատի՛կ, վախում եմ ես Քրդի Շանից․
Տես, մոտենում է․․․ ահա իմ կրծքից
Նա կպավ հանկարծ․․․ բուկս է ճնշում
Եվ քուրսու տակից ինձ ուժով քաշում։
― «Սո՛ւս արա․ բալա՛ս, դե՛, բավակա՜ն է,
Սուս, թե չէ Շունը կըգա, կ՚տանե․․․»
Եվ տատիս ազդից սիրտս բաբախում՝
Լեղապատառ եմ լինում, նըվաղում․․․
Նայում է տատս ―․դեմքս է գունատ,
Վճռում է որ ինձ, կպել է նիաթ
Ու գրկում է ինձ, մերթ խաչակնքում,
Քթի տակին ինչ֊որ աղոթք մրմնջում,
Մինչ ես շնչարգել, կծկըված վախից,
Նրա գրկի մեջ մարում եմ ահից․․․

―――――――――――
Այդ մանուկ, անմեղ ժամանակներից
Քանի՜ տարիներ սահել են, անցել,
Բայց այն «Քրդի Շան» ձայնը ահռելից
Հիշողությունիցս դեռ չի՛ գնացել․․․

1895