Օձամանուկ և Արևահատ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Օձամանուկ և Արևահատ

Ղազարոս Աղայան

[ 9 ]
ՕՁԱՄԱՆՈՒԿ ԵՎ ԱՐԵՎԱՀԱՏ



Ձմեռն էր։ Հասակավոր մարդիկը հավաքվել էին օդեքը[1], այնտեղ էին զրույց անում, հեքիաթ ասում և իրանց առօրյա հոգսերի վրա խոսում, խորհրդածում։ Գյուլնազ տատի թոռներն էլ, քուրսու[2] չորս կողմովը բոլորված, իրանց տատին էին հեքիաթ ասել տալիս՝ ականջ դնում։

Մի երեկո Գյուլնազ տատը մի քիչ «չեմ-չեմ» անելուց հետո սկսեց Օձամանուկի ու Արևահատի հեքիաթը, որ երեխեքը դեռ չէին լսած և, աչքները չորս արած՝ ականջ էին դնում։

Ա

— Դե լսեցե՛ք, երեխեք,— սկսեց Գյուլնազ տատը։

Շատ հին ժամանակներում, մի հեռու երկրում, Մասիս սարի մյուս երեսիցն էլ դեռ շատ դենը, մի թագավոր էր կենում։ Այդ թագավորը շատ հարուստ էր. ոսկին ու արծաթը անհամբարք, զորքն անթիվ, շատ ու շատ քաղաքների տեր. բայց զավակ չուներ, այդ պատճառով՝ իր ունեցած անթիվ գանձն ու հարստությունը աչքին չէր երևում։ [ 10 ]

Ինչքան հեքիմ[3], ինչքան ջառահ[4], ինչքան բժիշկներ են գալիս, դեղ ու դուղ անում, ոչինչ չի լինում։ Հետո՝ է՛լ գրբաց ասես, փալչի[5] ասես, դերվիշ[6] ջադուքար[7], ջինդար[8], ոչով ոչինչ չի կարողանում անել։

Թագավորը տեսնում է, որ մարդկանցից օգուտ չկա, հույսը դնում է Աստուծո վրա։ Ամենայն օր մատաղ է անում, աղքատներին առատ ողորմություն է բաժանում, օրը յոթն անգամ աղոթք է անում, ծունր դնում, աղաչանք անում Աստծուն՝ չի լինում, չի լինում, չի լինում։



Մեկ օր էլ՝ իրա մտքի խորն ընկած, հույսը կորցրած, այդ թագավորը ման է գալիս իրա պարտեզումը տխուր ու տրտում, մեկ էլ տեսնում է. հրես մի սիրուն շահմար[9] օձ, իր ճուտերը գլխին հավաքած՝ ինքն ապառաժի վրա մեկնվել, արևգուն է արել, ճուտերն էլ խաղ են անում իրանով․ որը մոր վզովն է փաթաթվում, որը փորի տակն է մտնում, որը գլուխն է նրա բերանը կոխում կամ հոտոտում, լպստում։

Թագավորը այդ որ տեսնում է՝ մնում է տեղնուտեղը սառած-փետացած։ Մտիկ է տալիս, մտիկ, հետո մի խոր հոգոց քաշելով ասում է.

— Փառքդ շա՜տ լինի, արարիչ Աստված, օձի սիրտն էլ ես սեր գցել, որ իրա ձագերին սիրի, գուրգուրի, բայց ինձանում, դու էլ գիտես, որ քո տված սերը կա ու կա. ինչո՞ւ չես ինձ էլ մի օձի ձագ տալիս, որ ես էլ նրան սիրեմ, նրան գուրգուրեմ, նրանով մխիթարվիմ։ [ 11 ]

Դու մի՛ ասիլ, Աստծու դռները՝ հենց այդ խոսքն ասելիս, բացված են լինում։ Թագավորի այդ խոսքը Աստծու ականջն է հասնում։

Սրա վրա մի տարի անցած-չանցած, թագավորի կնիկը ծնում է ու բերում՝ ի՞նչ եք կարծում, ի՞նչ՝ մի օձի ճուտ։

― Ի՜նչ ես ասում, տատի՛,― բացականչեցին մանուկները։

― Հապա՜, երեխե՛ք, մի օձի ճո՛ւտ։ Բայց ի՜նչ ճուտ։ Այդ ճուտը լինում է թե չէ՝ ամեն մի շունչն առնելիս մեծանում է, դառնում մի աժդահա, մի ահագին վիշապ։ Ծննդկանը[10], տատմայրը[11] և մյուսները, ահ ու դողի մեջ ընկած՝ փախչում են, նրան թողնում տեղնուտեղը վեր ընկած։

Օձի ճուտը երբ տեսնում է, որ մենակ է մնացել, սկսում է լաց լինել։ Բայց ի՞նչ լաց. այնպես է ծվվում, ծկլթում, որ թագավորի բոլոր պալատը դղրդում է։

Թագավորին չէին իմաց տալիս, թե՝ նրա կինը օձ է ծնել, բայց երբ օձի ձայնը թագավորի ականջն է հասնում, և նա սկսում է հարց ու փորձ անել, նոր ընկնում են ոտներն ու հայտնում, թե՝ թագավորն ապրած կենա, բա չես ասիլ, թագուհին մի օձի ճուտ է ծնել, որ հիմա ահագին վիշապ է դառել, ու նա է, որ այդպես ծվվում, ծղրտում է։

Թագավորն իսկույն միտն է բերում իր խնդիրքը ու մատը կծում է. «Հը՜մ― ասում է,― ես ինչ որ ուզել եմ Աստվածանից, նա էլ այն է տվել»։ Հետո իր մարդկերանցն ասում է.

― Այդ վիշապն ի՞նչ մեծության կլինի, մի մարդու չափ կլինի՞։

Ասում են.

― Դեռ չկա մի մարդու չափ, բայց այնպես է մեծանում, որ մարդու մեծությունիցն էլ կանցնի շուտով։

Հետո թագավորն ասում է.

― Հիմա ի՞նչ անենք, ինչ կա՝ կա։ Աստծու տվածն այդ է։ Օձ է թե վիշապ՝ իմ զավակն է. պետք է պահենք, պետք է բան տանք ուտելու, որ քաղցած չմեռնի։

Մարդիկը գնում են երթկովը ուտելու բաներ են գցում առաջը, բայց օձը չի մոտենում ոչ մեկ բանի, այլ հենց մի բերան ծվվում է։

Այդ որ իմանում է թագավորը, ժողովում է իր գիտուն մարդկանցը և հարցնում է նրանց, թե՝ ի՞նչ պիտի տանք այս օձին, որ ուտի, ես չեմ ուզում, որ դա քաղցած մեռնի։ Նրանցից մինը, որ ամենից իմաստունն է լինում, ասում է.

― Դա ոչ մի բան չի ուտիլ, բացի աղջկանից։ Փորձեցեք և կտեսնեք, որ իմ ասածը ճշմարիտ է։

Թագավորն ասում է.

― Ո՞ւմ վրա փորձենք։ Դե բեր առաջ քո՛ աղջիկդ տանք իրան, հետո ուրիշներիցը կուզենք։

Դրա վրա՝ մյուս խելոքներն ասում են.

― Թագավորն ապրած կենա, թեպետ դուք ուղիղ դատեցիք, որ վճռեցիք ամենից առաջ այդ խոսքն ասողի աղջիկը գցել վիշապի բերանը, բայց դրա հետևանքը շատ վատ կլինի քեզ համար։ Մենք ամենքս էլ չենք խնայիլ մեր աղջկերքը, կտանք, բայց երբ որ հերթը հասնի ժողովրդին, բանն ուրիշ տեսակ կփոխվի։ Նրանք որ իմանան, թե՝ իրանց աղջկերքը պիտի վիշապին տան, մեջները խռովություն կընկնի, ամենքն էլ ոտքի կկանգնեն ու քեզ թագավորությունից կգցեն։ Լավն այն է, որ մարդիկ ուղարկենք ուրիշ երկրներ, որ գնան նրանցից աղջկերք փախցնեն բերեն։ [ 12 ]


Թագավորը տեսնում է, որ դրանց ասածը ուղիղ է, մարդիկ է ուղարկում Մասիսի այս երեսը, որ գան այստեղից աղջկերք փախցնեն տանեն։

Դե հիմա թողնենք վիշապին, որ դեռ մի քանի օր քաղցած մնա, մենք էլ այդ մարդկանց հետ գանք Մասիսի այս երեսը։

Մասիսի այս կողմումը մի մեծ գյուղ է լինում, անունը՝ Արևան։ Գյուղի բնակիչները բոլորն էլ հայեր են լինում, ինչպես հիմա մենք ենք։

Այդ գյուղումը մի մարդ ու կնիկ են լինում կենալիս, երկու էլ աղջիկ են ունենում։ Կինը մարդու հետվակինն[12] է լինում։ Աղջկերանց մեկն էլ մարդու առաջվա կնկանիցն է լինում, մյուսը՝ հետվա կնկա հետ բերովի։

Մարդը իր հարազատ աղջկանը շատ էր սիրում, բայց խորթ աղջկանն էլ չէր ատում, իսկ ինչ որ կնիկն էր, նա ուրիշ տեսակ բնություն ուներ՝ շատ չար ու նախանձոտ սրտի տեր էր։ Նա իր աղջկանն էր սիրում, իսկ մյուսին ատելով ատում էր, նրա լույս արևը խավարացրել էր։

Մարդու աղջկա անունը Արևահատ էր, կնոջ աղջկանը՝ Մամխի։ Արևահատը հենց ուղիղ արևահատ էր. նրա երեսը արևի նման շափաղ-շափաղ էր անում, այնքան սիրուն էր. մյուսն էլ հենց ուղիղ մամխի էր՝ մամուխի[13] պես սև, նրա թփի նման փշփշոտ ու կոթռուճ։

Խորթ մոր բարկությունը շատ էր գալիս, թե ինչի իր աղջիկը այնքան տգեղ ու գեշ էր, իսկ Արևահատը այնքան սիրուն, այնքան գեղեցիկ։ Ամբողջ օրերով աշխատեցնում էր Արևառատին՝ աթար էր շինել տալիս, կով էր կթել տալիս, հաց էր թխել տալիս, աման էր լվանալ տալիս, խոտ ու դարման էր կրել տալիս, որ նրա սպիտակ ձեռները կնճռնոտվին, նրա շարմաղ երեսն այրվի, սևանա, նրա շիմշատ մեջքը կորանա, որ նրա ուժը պակասի, գունաթափվի, թառամի, բայց, ընդհակառակն, նա ավելի էր ուժովանում ու գեղեցկանում, [ 13 ] իսկ մյուս աղջիկը, որ աղջիկ-պարոնի պես էր մեծանում, օրեցօր ավելի էր նիհարում ու գեշանում։

Արևահատը աշխատելուց չէր նեղանում․ նա այնպես էր սովորել աշխատանքին, որ առանց ստիպելու էլ ինքը մի րոպե հանգիստ չէր նստում։ Հենց որ ծանր աշխատանքը վերջացնում էր, տղամարդի անելիքներն էլ ինքն անում, պրծնում էր, ձեռք էր զարկում իր մանածին ու գործքին։ Տանը ջահրա[14] էր մանում, ջուր գնալիս էլ՝ իլիկը կամ սկսած գուլպան էր հետը տանում, որ աղբրին, մինչև հերթն իրան կհասնի, մինչև կուժը կլցվի, ինքը պարապ չի կանգնի, լախռահաչի[15] չտա, իրա իլիկը մանի կամ գուլպան անի։

Ամեն բան Արևահատի ձեռիցը գալիս էր. հորագործ, գետնագործ, ոստանագործ, կար, ձև, եփել, թխել, կթել, հարել, շինել, սարքել։ Մի խոսքով՝ մի աղջիկ էր, որ հատը չկար, բայց ի՛նչ կանես, որ խորթ մոր ձեռք էր ընկել, իր արած բանը ինչքան լավ էր լինում, այնքան վատ էր թվում անգութ մորը։ Ամեն անգամ, չար գայլի նման, մի պատճառ էր փնտրում ու անմեղ Արևահատին ոտի տակը գցում, տրորում, մազերից քաշքաշում, քիթ ու պռունկը արունլվա անում, մարդուն էլ հավատացնում, թե՝ քո աղջիկը հոգիս բուկս է հասցնում իր չարությունովն ու կամակորությունովը։ Արևահատը չէր կարողանում իրան արդարացնել․ ուզում էր մի խոսք ասել, արտասուքը խեղդում էր նրան, հայրն էլ հավատում էր կնոջ խոսքին ու բարկանում աղջկա վրա։

Արևահատը իր սրտի ցավերը միշտ իր մոր գերեզմանի վրա էր թափում։ Շատ անգամ գնում էր գերեզմանատուն, մոր գերեզմանի վրա չոքում, աղի արտասուք թափում, գանգատվում, սիրտը հանգստացնում, էլ ետ գալիս տուն։ Շատ անգամ մոր գերեզմանի վրա էր դնում գլուխն ու քնում, երազումը մորը տեսնում, վզովն ընկնում, փաթաթվում, նա էլ մխիթարում էր նրան ու խրատ էր տալիս, որ բարի լինի, բարի կենա, ամեն նեղության համբերի։ «Աստված չի կորցնիլ անմեղին― ասում էր նա― միայն դու այնպե՛ս կաց, որ Աստված քեզ հավանի, քեզ սիրի, այնուհետև նա իր պաշտպանությունը քեզանից չի խնայիլ, քեզ այդ նեղությունիցը կազատի»։ Այս խոսքերը լսելով՝ Արևահատը նոր ուժ, նոր հոգի էր ստանում, մխիթարվում էր, ցավերը մոռանում, օրեցօր վարդի նման բացվում, մանիշակի պես փնջվում։

Այնքան արդար ու անմեղ էր նրա հոգին, որ ամեն առավոտ, երեկո աղոթք անելիս՝ նրան այնպես էր թվում, թե իր հոգին թռչում, վերանում է մինչև երկինքը, հասնում Աստուծո աթոռին, այնտեղ նրա հրեշտակների հետ փառաբանում նրա անունը։

Ողորմությունն այնպես էր տալիս, որ նրա տված շատ քիչն էլ աղքատի աչքումը այնքան շատ էր երևում, որ խեղճ մարդը աչքերը երկինքն էր գցում, ու արտասուքն աչքերին՝ Արևահատի համար արևշատություն խնդրում։

Թե Աստված էլ շատ սիրում էր Արևահատին, այդ մասին ես կասկած չունիմ։ Երբ որ մի մարդու Աստված չսիրի, չարը նրան չի ատիլ, ու բարին նրան չի սիրիլ։ Բոլոր անմեղ արարածները նրան տեսնելիս ցնծում, խնդում էին, այնքան էին սիրում։ Իրանց տանու բոլոր կենդանիները՝ կովը թե եզը, ոչխարը թե այծը, շունը թե կատուն, խորթ մորը տեսնելիս փախչում էին կամ վրան խեթ-խեթ մտիկ տալիս․ շունը հաչում էր վրան, կատուն չանգռում էր, կովը չէր թողնում իրան կթի, քացի-քացի էր անում, ձին խրտնում էր, եզը պլշում, այծն ու ոչխարը փախչում էին, բայց այդ միևնույն կենդանիները, այդ անմեղ անասունները, երբ Արևահատին էին տեսնում, շրջապատում էին նրան, փաղաքշում, լիզ տալիս, մեկմեկու հարու տալով[16] իրար ձեռքից խլում։ Կովը կթվելիս՝ երբ որ տեսնում էր, թե Արևահատը լավ չի նստած, ինքն այնպես էր կանգնում, որ կթելը հարմար [ 14 ] լինի։ Ջուրը կամ այգի գնալիս՝ շունը կշտիցը չէր հեռանում, որ նրան ամեն չարից, փորձանքից պահպանի, նրա հրամանին միշտ արթուն, միշտ պատրաստ լինի։

Ահա այսքան գեղեցիկ, այսքան բարի ու այսքան սիրելի էր Արևահատը. բայց ինչ կանես, որ խորթ մոր սիրտը քարացել էր, խղճմտանքը՝ մեռել, ամոթը՝ կորել, խեղճ Արևահատի համար նոր-նոր տանջանքներ էր հնարում։

Հենց այդ օրերումը գյուղումը լուր է տարածվում, թե՝ հանդ գնացող աղջկերքը էլ ետ չեն գալիս, մի վիշապ է լույս ընկել, նրանց կուլ է տալիս։

Այս լուրը շատ ուրախացնում է խորթ մորը։ Ասում է.

― Այս լավ դառավ. այս հիմար աղջկանը կուղարկեմ հանդ, թող գնա վիշապի բերանն ընկնի։

Մի օր կով ու ոչխար Արևահատի առաջն է անում, թե՝ տար հանդումն արածացրու։ Մի հաց էլ տալիս է, թե՝ այս էլ կտանես հետդ ման կածես, երեկոյին էլ ետ կբերես, որ ես ուտեմ։ (Որովհետև հանդումը ման ածած հացը խիստ համով է լինում՝ ուզում է, որ այն համով հացը ինքն ուտի)։ Շատ էլ բուրդ է տալիս, թե՝ այս էլ մինչև երեկո բոլորը բարակ կմանես, հետդ կբերես։

Արևահատը՝ կով ու ոչխար առաջն արած, քշում է նրանց, առանց իմանալու, թե մինչև ո՛ւր պիտի տանի։ Վերջապես, երբ որ հասնում է մի լավ կանաչկոտ տեղի, որ դեռ արածացրած չէր, այնտեղ նստում է, իլիկը մանում, իր դառն օրը լալիս․ անմեղ անասուններն էլ մշմշալով արածում են։

Իրիկնապահին, արևի մարեմար[17] ժամանակը, հենց որ ուզում էր թե վեր կենա տավարն առաջն անի, գնա տուն, մեկ էլ տեսնում է, որ ահա մի պառավ կնիկ կա կշտին կանգնած։ Վեր է կենում, որ շան առաջին կանգնի, որ պառավին չկծի, պառավն ասում է.

― Մի՛ վախենար, Արևահատ, շունն ինձ չի կծիլ. նա էլ է իմանում, որ ես չար պառավ չեմ. տեսնո՞ւմ ես՝ ինչպես ուրախ է, ինչպես է շարժում պոչը։

― Բայց դու ո՞վ ես, նանե՛, ես քեզ չեմ տեսած, դու մեր գեղիցը չես,― հարցնում է Արևահատը։

― Ես ոչ մի գեղից չեմ, հոգի՛ս, ես այս երկրիցը չեմ. ես Արևի մայրն եմ. եթե լսել ես՝ «Արևամայրը», որ ասում են՝ ե՛ս եմ։ Քո դառն օրերը, քո անմեղությունը իմ գութս շարժեցին, ես եկել եմ, որ քո տարաբախտությանը վերջ տամ։ Չոքի՛ր առջևս. ես քեզ պիտի օրհնեմ, որ դու գնաս քո մուրազին հասնես։

Պառավի այս խոսքերը շատ զարմացնում են Արևահատին։ Մեկ էլ լավ մտիկ է տալիս, տեսնում է, որ իր ծանոթ կանանց նման չէ։ Այնպես էր շողշողում նրա ամբողջ հագուստը, որ կասես ոսկուց էր ձուլած և ոչ թե սովորական պաստառներից կարած։ Նրա աչքերը այնպես էին ցոլցլում, փայլում, ինչպես արևի ճառագայթները։ Նրա խոսելու ձևն այնքան քնքուշ էր, ձայնն այնքան անուշ, որ Արևահատին թվում էր, թե իր հարազատ մայրն է խոսում հետը։ Հենց որ պառավն ասում է՝ չոքի՛ր, նրա ծնկները թուլանում են. ընկնում է առաջը, ուզում է Արևամոր ոտները համբուրի, բայց նա Արևահատի գլուխը բարձրացնում է, ձեռքը դնում է վրան և հետևյալ օրհնանքը տալիս.

  Ոտքիդ տակին վարդեր բացվին,
Չորս կողմդ փռվի մանիշակ,
Բարով հասնես քո մուրազին,
Գլխիդ տեսնեմ թագ ու պսակ։

[ 15 ]

Քո ժպիտը վարդի նման,
Արտասուքդ մարգարիտի,
Ուր որ գնաս՝ Աստված քեզ հե՛տ,
Օձ ու կարիճ քեզ չըխայթի՛։

Քո խրճիթը պալա՛տ դառնա,
Ողջ սյուները անգին քարից,
Պատ ու հատակ՝ ոսկի, արծաթ,
Առաստաղը գոհարներից…

Այսպես օրհնում է Արևամայրը և էլի ուրիշ շատ բաներ է ասում, խրատներ է տալիս, գուշակում է նրա ապագան, ամեն բան առաջուց ասում է և զգուշացնում։ Հետո ասում է՝ դե վե՛ր կաց, սիրուն Արևահատ, ես քեզ սիրեցի, ես քեզ օրհնեցի, ես քեզ աղոթեցի, որ էլ այսուհետև քեզ մի վնաս չլինի, քո մեկ մազը չպակսի։ Հետո համբուրում է Արևահատին ու ասում՝ այս համբուրովս ես քո գեղեցկության վրա իմն էլ եմ ավելացնում, հետո տալիս է մի փոքրիկ կապոց։ Այդ կապոցի մեջ լինում է մի ձեռք հագուստ։ Բայց ի՜նչ հագուստ, բոլորը անգին քարերով զարդարված ու այնքան էլ նուրբ, այնքան բարակ է լինում, որ հենց իմանաս, ոչ բամբակից է, ո՛չ մետաքսից, այլ՝ արևի ճառագայթներիցն է գործած։ Ասում է՝ այս կապոցը ծոցումդ կպահես, մինչև քո հարսանիքի օրը, միայն այն օրը կհագնես։ Ես հիմա գնում եմ, իմ որդին ինձ է սպասում։ Այս էլ ասելուց հետո աներևութանում է, արևն էլ մայր է մտնում։

Այս անցքն այնպես զարմացնում է Արևահատին, որ չի իմանում՝ քնա՞ծ է, թե՞ արթուն, երազո՞ւմն է տեսնում, թե՞ ճշգրիտ։ Ձեռը ծոցն է տանում, տեսնում է, որ կապոցը տեղն է՝ ուրեմն, երազումս չեմ, ասում է ինքն իրան և այնքան ուրախանում է, որ բոլոր տխրությունը փարատվում է, ունքերը բացվում, երեսը զվարթանում, քաղցածությունն անցնում։

Վեր է կենում, իրա կով ու ոչխարը առաջն անում, ճանապարհին նրանց ջոկ-ջոկ շփելով, իր ուրախությունը նրանց պատմելով՝ գնում։

Գնում է, գնում, մեկ էլ՝ տեսնում է, որ ահա մի քանի ձիավոր են գալիս զենք ու զրահում կոլոլված. Արևահատի սիրտն իմանում է, որ լավ մարդիկ չպիտի լինին․ այդ բանը շունն էլ է իմանում և զանազան շարժմունքներով իր վախն իմաց է տալիս Արևահատին։ Տեսնում է, որ դրանց ձեռքիցը փախչել չի կարող, իսկույն ցեխ է քսում երեսին, որ իր սիրունությունը նրանց աչքումը չերևա, որ իր վրա ուշադրություն չդարձնեն։

Մարդիկը գալիս հասնում են և տեսնում մի գեշ աղջիկ։ Հետո մեկմեկու իրանց լեզվովն ասում են՝ մեզ համար մեկ է, սիրուն եղած, գեշ եղած, երկուսն էլ վիշապի փորը պիտի մտնին։

Հիմա դուք իմացաք, կարծեմ, թե դրանք ինչ մարդիկ պիտի լինին։ Ասում են. «Աղջի՛կ, էլ դես ու դեն չփախչես, արի՛ մեզանից մեկի գավակին նստիր, քեզ պիտի տանենք»։

Արևահատը մնում է շվարած։ Մտքումն ասում է. «էլ ի՞նչ կարող եմ անել, ուր տանում են՝ թող տանեն, մեր տանից խոմ վատ տեղ չեն տանելու, իմ խորթ մորիցը խոմ կազատվիմ»։ Իրա կովի, ոչխարների աչքիցը պաչպչում է, նրանց մնաս բարով ասում ու նստում մեկի գավակին։ Խեղճ անասունները կարծես իմանում են բանի էությունը, սկսում են հետևիցը բառաչել ու մայել, իսկ շունը չի բաժանվում նրանից, այլ՝ վնգստալով ու սնգսնգալով գնում է նրանց հետևիցը։ [ 16 ]

Այդ ավազակները գնում են մի քարափի դեմ ընկնում, այնտեղ վեր են գալիս, Արևահատին ներս տանում մի մաղարա[18]։ Հենց որ ներս է մտնում, տեսնում է, որ ի՞նչ, մինչև երեսուն-քառասուն աղջկանից ավելի կան՝ շրջակա գյուղերից հավաքած այնտեղ։ Այդ խեղճ աղջկերքը այնպես էին հեծկլտում, որ տեսնողի մազերը փշաքաղվում էր։ Վախենում էին, թե բարձր ձայնով լաց լինին, ձայները փորներն էին գցել, ու արտասուքի հեղեղ էր, որ թափում էին հեկեկալով։

Արևահատը նրանց սիրտ է տալիս, թե՝ մի՛ վախենաք, մեզ կտանեն կծախեն, մենք էլ կփախչենք, կգանք էլի մեր աշխարհքը։ Բայց շատերն իմանում էին, որ իրանց պիտի տանեն վիշապին տան, որովհետև նրա համբավը տարածվել էր ամեն տեղ։

Մութը որ վրա է հասնում, դրանց դուրս են բերում քարափիցը, ու առաջներն արած՝ սարով, ձորով քշում-տանում օձահայր թագավորի մոտ։

Այստեղ Գյուլնազ տատն ասում է. «Երեխե՛ք, ես բեզարեցի, քունս տանում է, մնացածն էլ էգուց իրիկունը կասեմ»։ Բայց երեխեքը վրա են թափվում, քունը փախցնում, թե՝ չի լինիլ, պետք է վերջացնես, որ տեսնենք վերջն ինչպես է լինում։ Գյուլնազ տատը ճարահատած շարունակում է, բայց որովհետև քունը տանում էր, էլ շատ չի երկարացնում։

Բ

Աղջկերքը տեղ են հասնում։ Քաղաքի մեծ ու փոքրը հավաքվում են, որ տեսնեն ինչ աղջկերք են եկողները, ու տեսնում են, որ ի՜նչ՝ բոլորն էլ հայ աղջկերք, մինը քան մյուսը գեղեցիկ։ Շատ ափսոսում են, որ այդ խեղճերը պիտի վիշապի կերակուր դառնան։ Նրանց միջին միայն Արևահատն է ամենից տգեղ երևում, որովհետև երեսին ցեխ ու մուր էր քսել, սիրունությունը չէր երևում։ Թագավորը հրամայում է, որ դրանց լավ տան մեջ պահեն, լավ հագցնեն, լավ ուտեցնեն, գիրացնեն և օրենը մեկը տան օձին։ Առաջին օրը ընտրում են Արևահատին, թե՝ սա ամենից տգեղն է և չի էլ վախենում, առաջ դրան տանենք, որ մյուսներն էլ սիրտ առնեն։

Բռնում են Արևահատի կռնիցը, թե՝ դե արի գնանք, քեզ պիտի մարդու տանք, քո փեսացուն թագավորի որդին է, դու թագուհի կդառնաս։ Այդպես խաբելով, կռնիցը բռնած՝ տանում են օձի բնակարանը, որ թագավորական պալատումը մի ընդարձակ տեղ էր բռնում իր առաջի պարտեզովն ու նրա միջի գեղեցիկ ավազաններովը։

Երբ որ մտնում են պարտեզը և այնտեղից ուզում են դուռը բաց անեն, ներս գցեն, Արևահատն ասում է.

― Որովհետև ինձ տանում եք թագավորի որդու մոտ, թողե՛ք առաջ այս հավուզումը[19] երեսս լվանամ, հագուստս շտկեմ, մազերս սանրեմ, թե չէ՝ ամոթ է։

Ասում են.

― Շա՛տ լավ, ինչ անում ես՝ արա, մենք կհեռանանք կշտիցդ, որ դու չամաչես մեզանից։ Արևահատը որ մենակ է մնում, երեսը լվանում է, գլուխը սանրում, Արևամոր տված հագուստը հագնում է։ Այսպես զուգված, զարդարված որ դուրս չի գալիս, նրա տանող մարդիկը մնում են ապշած, այնպես են կարծում, թե՝ մի նոր արեգակ դուրս եկավ պարտեզիցը. չեն հավատում, որ նա իրանց տարած աղջիկն է, որ նա մի հողեղեն է. ասում են սա երկնքից կլինի եկած խեղճ աղջկա կերպարանքով, բայց հիմա փոխվեց, իր պատկերն առավ։ [ 17 ]

Արևահատը մոտենում է նրանց ու էլ խեղճ-խեղճ չի խոսում, այլ հրամայում է, թե՝ ի՞նչ եք պլշել տավարի պես, ցո՛ւյց տվեք ինձ ճանապարհը, ո՞ւր պիտի գնամ։ Այսպես որ հրամայում է նրանց՝ նրանք դողում, սարսափում են. չոքում են առաջին, մեղա գալիս, խնդրում են, որ իրանց հանցանքը ների։ Ասում են՝ քեզ բերել ենք ոչ թե մարդու տալու, այլ՝ վիշապին, որ ահա այս տան մեջն է։ Եթե ուզում ես՝ մենք քեզ կազատենք, թեկուզ թագավորը դրա համար մեզ խեղդել տա։

Արևահատն ասում է՝ հարկավոր չէ. տվե՛ք ինձ այս դռների բալանիքները, ես վիշապից չեմ վախենում։

Բալանիքները առնում է, բաց է անում դուռը, սենյակից սենյակ անցնելով՝ մտնում է մի մեծ դարբաս, տեսնում է, որ ահա այստեղ, տախտակի վրա մի ահագին վիշապ է մեկնված։ Արևահատը մի քիչ հեռու կանգնում է ու ասում.

― Բարո՛վ քեզ, թագավորի որդի։ Ես Արևամոր կշտիցն եմ գալիս․ նա շնորհավորում է քո ծնունդը ու քեզ արևշատություն է ցանկանում։

Վիշապը գլուխը բարձրացնում է ու սուր աչքերով մտիկ է տալիս Արևահատին։ Արևահատը սկսում է դողդողալ, ամբողջ մարմինը սարսռում է, մազերը՝ փշաքաղվում։ Օձը տեսնում է, որ Արևահատը վախենում է, գլուխը շուռ է տալիս՝ տանում պոչի մոտ, բայց մեկ էլ էլի ետ է դառնում մտիկ տալիս, այսպես կրկնում է մի քանի անգամ և խեղճ աղջկանը հալումաշ է անում։ Հետո Արևահատի միտն է ընկնում Արևամոր տված խրատը, նոր սիրտ է առնում ու ասում է.

― Թագավորի որդի, եթե ինձ ուտելու ես՝ միանգամից կուլ տուր, ես պրծնեմ, էլ ինչո՞ւ ես ինձ այսպես տանջում, իսկ եթե ոչ՝ Արևամոր անունովը ես քեզ հրամայում եմ՝ դո՛ւրս արի քո խորխիցը (մաշկից

Այս խոսքի ասելն ու վիշապի կծկվիլը մին է դառնում։ Կծկվում է, կծկվում, կոլոլվում, դողդողում, ոլորվում ու մեկ էլ՝ որ չի տրաքվո՜ւմ, նրա ձայնից բոլոր պալատն այնպես է թնդում, որ թագավորն ինքը տեղիցը վեր է թռչում։

Ամեն կողմից վազում գալիս են, որ տեսնեն ինչ պատահեց, ու գալիս տեսնում են, որ ի՜նչ՝ վիշապի խորխը մի կողմ ընկած, ու նրա տեղ սպիտակ սավանում փաթաթված մի սիրուն տղա, մոտն էլ խաս ու ղումաշում[20] ծփալիս, արևի նման շարմաղ մի աղջիկ նստած՝ իրար հետ խոսում, ծիծաղում են։ Իսկույն վազում են թագավորին ականջաբռնուկ[21]. նրան աչքալույս են տալիս ու ասում. «Բա չես ասիլ, օձը մի սիրուն, շարմաղ տղա է դառել»։ Թագավորը, թագուհին վազում են, իրանց որդուն ջոկ, Արևահատին ջոկ գրկում, համբուրում։ Տղային հագցնում են, զուգում, զարդարում, անունն էլ դնում են Օձամանուկ։ Հետո Օձամանուկին ու Արևահատին յոթն օր, յոթը գիշեր հարսանիք են անում, նրանք հասնում են իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Տողատակեր[խմբագրել]

  1. Օդա - սենյակ
  2. Քուրսի - թոնրի վրա դրվող մեծ ու ցածրադիր քառակուսի թախտ, որի շուրջը նստում էին, ոտքերը տակը դնում, տաքանում
  3. Հեքիմ - բժիշկ
  4. Ջառահ - ինքնուս բժիշկ, բուժակ, նաև՝ կախարդ
  5. Փալչի - բախտագուշակ
  6. Դերվիշ - մահմեդականների թափառաշրջիկ կրոնավոր, խև
  7. Ջադուքար - ջադու, կախարդ
  8. Ջինդար - կախարդ, հմայող
  9. Շահմար - արքայօձ
  10. Ծննդկան - նորածին երեխայի մայր
  11. Տատմայր - մանկաբարձուհի, ծննդկանին առաջին օգնություն ցույց տվող փորձառու կին, տատմեր
  12. Հետվակին - երկրորդ կինը
  13. Մամուխ - մամխենի փշածածկ ծառի կամ թփի սև-կապտավուն պտուղը
  14. Ջահրա - ճախարակ
  15. Լախռահաչի տալ - շատախոսել
  16. Հարու տալ - պոզահարել
  17. Մարեմար - մայրամուտ
  18. Մաղարա - քարայր
  19. Հավուզ - ջրավազան
  20. Ղումաշ - մետաքս
  21. Ականջաբռնուկ - ուրախ լուրի ավետում