2012թ. ապրիլի 10, ՀՅԴ հանրահավաք Երևանում (Աղվան Վարդանյանի ելույթը)
Բարի երեկո, պարզ, անկեղծ զրույց պիտի ունենամ:
Երեկ ես խոսում էի պատգամավորության մի թեկնածուի հետ: Իշխող կուսակցությունից էր: Մարդը ասում էր՝ էս ի՞նչ ենք դարձրել մեր ժողովրդին. որ գյուղը մտնում եմ, համատարած փողի են սպասում: Մենք ինքներս փչացնում ենք ժողովրդին,- ասում էր,- էլ ո՞նց ենք ուզում նորմալ երկիր դառնալ:- Հայ մարդ էր, սիրտը ցավում էր, բայց միայն մոտիկների հետ կարող է էսպես խոսել:
Մի ուրիշ թեկնածու` նորից իշխող կուսակցությունից, բայց՝ վա՛տ տեսակը: Կարծում է, որ ինքը իշխանության թեկնածուն է՝ ինչ ուզենա, կարող է անել: Փորձում է վախեցնել, սպառնալ: Մարդկանց ասում է՝ եթե մեզ ձայն չտաք, հարկայինի էսինչին կասեմ, խանութդ կփակի, բարեկամիդ գործից ազատել կտամ: Եվ սրա՛ նմաններով ուզում են արդար ընտրություններ անցկացնել: Էս տղան մոռանում է, որ ընտրությունները ավարտվելու են, և իրենից հաշիվ ենք պահանջելու:
Երրորդ դեպքը` մեր երիտասարդության ամենասիրած երգիչներից մեկն է: Ասում է՝ էս ի՞նչ երեսպաշտություն է. պաշտոնական ամբիոններից, TV-ներից հայտարարում, խոստանում են ազատ, արդար ընտրություններ: Տուն ես գնում, թաղի «լավ տղերքը», համատիրության աշխատողները գալիս են, անձնագիր են ուզում, 10 000 դրամ են խոստանում, ցուցակներ են կազմում: Իրենք` վերևում, չգիտե՞ն` ներքեւում ինչ է կատարվում: Էս ի՞նչ երկու տարբեր իրականություններ են: 20 տարվա մեր անկախությունից հետո սա՞ էր լինելու մեր երկրի վիճակը:
Սիրելի՛ հայրենակիցներ, ահա սա է մեր այսօրվա կյանքը: Այս մթնոլորտում ենք մենք գնում ընտրությունների: Բայց մենք վախենալու բան չունե՛նք: Մենք Դաշնակցությո՛ւն ենք: Մենք հզոր, միասնական թիմ ենք և պատասխանատու ենք մեր երկրի, մեր ժողովրդի համար: Մերն են նաև վախեցողներն ու նրանք, որ իրենց ձայնը պատրաստ են վաճառել: Մենք պատասխանատու ենք Հայաստանի ամեն մի քաղաքացու համար: Մենք պարտավոր ենք հաղթել: Մենք պարտավոր ենք այնպիսի երկիր կառուցել, որ այս երկու տարբեր իրականությունները չլինեն, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն հպարտ, արժանապատիվ զգա: Մենք պարտավոր ենք օրենքի խստությամբ պատժել հայ մարդուն սպառնացողներին և ստորացնողներին: Մենք թշնամի չենք փնտրել այս երկրում - այս երկրում մենք թշնամի չունենք, բայց կկտրենք այն ձեռքը, որ թշնամանքով կփորձի մեզ վրա բարձրանալ:
Մի՛ վախեցեք: Գնացե՛ք, աշխատե՛ք Դաշնակցության համար: Սա աշխատանք է ձե՛զ համար: Գնացեք, քվեարկեք Դաշնակցությանը: Ձեր մի մազին էլ չեն կարողանա դիպչել: Ոչ ոք չի կարող իմանալ, թե դուք ում եք քվեարկել:
Ծանոթացեք բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերին, նայեք նրանց անցյալը, տեսեք՝ ովքեր են նրանց թիմերում: Վստահ եմ՝ կհամոզվեք՝ Դաշնակցությունը տարբեր է բոլորից: Մենք ամբոխավար չե՛նք, մենք ճոռոմ խոսքեր չե՛նք ասում, մենք պոզաներ չե՛նք ընդունում, մեր տեսակը չի՛ դավաճանում, մենք գիտենք, որ միայն ամենօրյա ծանր աշխատանքով է հնարավոր մեր երկիրը Երկիր դարձնել: Դաշնակցությունը մեր երկրում օրենք և արդարություն է հաստատելու: Դաշնակցությունը կանգնելու է ամեն մի ազատ քաղաքացու կողքին: Մենք զարգացնելու ենք մեր երկիրը՝ չզիջելով Ղարաբաղյան հարցում: Հայաստանի ստորագրությունը ետ է կանչվելու հայ-թուրքական արձանագրություններից: Մենք պաշտպանելու ենք Ջավախքի հայության իրավունքները: Մենք թույլ չենք տալու մոռանալ Նախիջեւանի հայկական պատկանելիությունը: Մենք կազմակերպելու ենք ամբողջ հայությանը եւ աշխարհում ազդեցիկ գործոն ենք դառնալու, մենք բարեկեցիկ, անվտանգ, ուժեղ հայրենիք ենք ունենալու: Մենք վերացնելու ենք քաղաքական մենաշնորհը` քաղաքական մենաշնորհը տանում է լճացման, տանում է միիշխանության, մի անձի իշխանության հաստատման: Հանուն այսօրվա հիանալի երիտասարդության, հանուն մեր երեխաների, նաև հանուն այն տգետի երեխաների, ով այսօր փորձում է մեր հարևանին, բարեկամին, ծանոթին, ընկերոջը վախեցնել:
Սիրելի՛ բարեկամներ, Դաշնակցությունը երեք անգամ է ընտրությունների մասնակցել: 1999-ին հավաքել ենք 85 000 ձայն, 2003-ին՝ 135 000, 2007-ին ՝ 180 000: Այս անգամ շատ ավելի ենք հավաքելու: Կուսակցության կշիռը, ազդեցությունը որոշվում է ընտրություններով: 2007-ին երկրորդ տեղ գրաված ուժը մեզանից ընդամենը 20 000 ձայն էր ավել ստացել: Մենք ընդդիմություն ենք եղել, եղել ենք իշխանության մաս, այսօր նորից ընդդիմություն ենք: Որտեղ էլ եղել ենք, պահել ենք մեր անկախությունը, ինքնուրույնությունը, մեր սկզբունքերը: Հիմա էլ պարզերես կանգնած ենք ձեր առաջ: Հայաստանում մենք միակ կուսակցությունն ենք, որ ինքն է դուրս եկել իշխանությունից: Մենք միակ կուսակցությունն ենք, որ չենք պառակտվել, որ այսօր էլ ուժեղ անհատների միասնական թիմ ենք:
Հայրենակիցնե՛ր, այս ընտրություններում մենք կարող ենք և պարտավոր ենք հաղթել, որ մեր երկրում ազատություն և արդարություն լինի, որ մեր երկիրը հզոր ու անվտանգ լինի, որ Հայաստանը և հայ մարդը 21-րդ դարում դիմանան պետությունների և ազգերի մրցակցությանը: Որ Հայաստանի քաղաքացին աշխատանք ունենա, ապահով, և բարեկեցիկ ապրի: Մենք ունենք միտք, կամք, վճռականություն: Մենք Դաշնակցություն ենք: Դո՛ւք եք Դաշնակցությունը: Գնում ենք՝ հաղթելու: