(Թամաշա)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Կեցցե՛ Բեթղեհեմ) (Թամաշա)

Շիրվանզադե

(Ֆարս)
[ 428 ]

[Թ Ա Մ Ա Շ Ա]

Հարգո խմբագիր, դուք ինձ առաջարկում եք նկարագրել այն օպերետային ներկայացումը, որ անցյալ մարտի 22-ին տեղի ունեցավ Թիֆլիսի քաղաքային խորհրդարանի դահլիճում, հօգուտ, ներողություն, ի բարոյական անկումն Հայոց հրատարակչական ընկերության։ Ճշմարիտն ասած, մեծ պարտք եք դնում ինձ վրա, դա մի դժվար գործ է։ Բայց կփորձեմ կատարել այդ պարտքը և կաշխատեմ նկարագրել այդ երևելի հանդեսը ֆոտոգրաֆիկական ճշտությամբ, եզրակացությունները թողնելով ընթերցողներին։


Օրը շաբաթ էր, երեկոյան յոթ ժամը։ Ես կատարում էի իմ սովորական զբոսանքը Գոլովինսկիյ պրոսպեկտում։ Մեկ էլ տեսնեմ դեմուդեմ վազում է Կոլոլ թաղի պատվավոր քաղաքացի խարազ Սորղիսի տղա հաստափոր, հաստավիզ, է՜հ, թող չնեղանա բարեկամս, մի քիչ էլ հաստագլուխ Գևոն։ Պետք է ասած, որ այն օրից, երբ Գևոն ապօրինի ճանապարհով ուրիշների բիձայից ժառանգություն է ստացել, այլևս նրան չեմ հանդիպում իմ բարեկամ տներում, ուր նա սովորաբար գալիս էր ձրի ճաշեր և ընթրիքներ անուշ անելու։ [ 429 ] — Բարով, Գևո ջան, էդ ո՞ւր ես շտապում,— հարցրի ես, տեսնելով բարեկամիս քրտնած և հևալով։

— Գնա՛ կորիր, քո գլուխը չունիմ,— պատասխանեց Գևոն, ինձ մի կողմ հրելով և ինքն առաջ վազելով։ Թե Գևոն իմ գլուխը չունի, այդ ևս վաղուց գիտեի, վասնզի նա իսկի գլուխ էլ չունի, բայց դարձյալ հետաքրքրվեցի, որ իմանամ նրա այս անգամվա գլուխ չունենալու պատճառը։

— Մուլա՛փ, թե ախպեր ես,— հարցրի,— էլի ի՛նչ է պատահել։

— Էն է պատահել, որ դուն ռենեգատիս։

— Վա, վա, Գևո ջան, էդ ինչ խուրը տկեմեն իս դուրս տալի. ռենեգատս վուրն է։

— Ռենեգատն էն է, վուր ինքը քելեխ չի սիրի ու ուրիշի գլխին էլ հարամ կոնե։ Մի գնա, էէ՜, ձլիվ փուրս կշտացել է, էկիլ իք ու կերածս գլխիս հառամ իք անում։ Դուն ռենեգատ իս, դուն ազնիվ ու մաքուր գործիչ չիս։

— Հասկացա, իժո՞ւմ։

— Իժում, էլ ինչ իժում։ Իժումն էն է, վուր էս իրիկուն քիզ ու քիզ նմաններին պիտի սիվցնինք, վունց որ դուն իս մեր երիսը սիվցնում խալխի առաջ...

— Ի՞նչ սիվցնիլ, ի՞նչ իս ասում։

— Ընտրություն է, բաս չի՞ս իմացի, աբա թե ղոչաղ իս, արի հետս ու միր սիվ կենճիքը համբրի։

Ասաց բարեկամս ու վազեց դեպի Թիֆլիսի քաղաքային խորհրդարանի դահլիճը։ Ես մատս կծեցի ու հետևեցի նրան։ Մտնում եմ դահլիճի նախասենյակը և ի՜նչ եմ տեսնում։ Մեջտեղ կրակ բռնածի պես դեսուդեն է վազում օրվա հերոս սև Սանդրոն։

— Սանդրո ջան, վո՞ւնց ին միր բանիրը,— շնչասպառ գոչում է Գևոն։

— Դիփունանցն էլ բերիլ իմ,— պատասխանում է Սանդրոն հանդիսավոր եղանակով։

Գևոն փաթաթվում է Սանդրոյի վզին, ու պաչպչվում են։ Նայում եմ շուրջս և սարսափում։ Գլուխս սկսում է պտույտ գալ՝ ղանձիլի, սոխի, սխտորի, թթու դրած բոխու հոտից։ Լսում եմ բղկոցների, օրոշտալու ձայներ, և ինձ թվում է, թե [ 430 ] ջհուդի բաղնիք եմ ընկել։ Ըստ երևույթին նույնն են զգում և մի խումբ տիկիններ ու օրիորդներ, որովհետև բոլորն էլ թաշկինակներով ծածկել են իրանց քթերը։

— Այդ ի՞նչ է պատահել․— հարցնում եմ մի թաշկինակավոր տիկնոջ։

— Մի՞թե չգիտեք, այսօր ներկայացում է հօգուտ Հայոց հրատարակչական ընկերության. մենք էլ եկել ենք թամաշան տեսնելու։ Տեսեք, պարոն Մաղքոս, դուք մեզ մոտեցաք, այն մյուս խումբ տիկիններն ու օրիորդները թարս-թարս են մտիկ տալիս մեզ և ձեզ։ Զգույշ, չլինի՞, թե ձեզ սևացնեն։

— Տիկին,— պատասխանում եմ ես,— ես ո՛չ ընտրող եմ, ո՛չ ընտրվող, որ սևացնեմ, կամ ինձ սևացնեն։ Թող ինչքան ուզում են ինձանից նեղանան, բայց ես էսթետիկական ճաշակ ունեմ, թույլ տվեք ձեր շրջանում մնալ։

Հետզհետե հասարակությունը բազմանում է։ Ես բարձրանում եմ վերնահարկը։ Դահլիճը շատ լուսավորված է, բայց դարձյալ տիրում է մթություն, որովհետև այնքան սև դեմքեր և մեծ քթեր կան, որ ամեն լույս ընդունակ են մթնացնելու։

Ամբիոն է բարձրանում կլորիկ, կարմիր աչքերով, դեղին ականջներով, կարմիր երեսով մոտ 45 տարեկան մի պարոն: Դա հայտնի քելեխբաշին է, որ գիտե միաժամանակ հինգ տեղ քելեխ ուտել։ Եվ այնքան յուղալի քելեխներ է կերել, որ երեսից, աչքերից, ճակատից և ամբողջ փայլուն դեմքից դմակի յուղ է թափվում։ Նա, զանգահարում է։ Ժողովականները ներս են գալիս։ Երևում են մի խումբ չեզոք մարդիկ, որոնք ոչ մի հետին միտք չունեն, ոչ մի քելեխի հետ կապ չունեն և եկել են լոկ թամաշայի համար։ Ներս է մտնում հայ գրականության ներկայացուցիչների փոքրիկ խումբը՝ 8—10 հոգի և համեմատաբար նստում ուր որ պատահում է։

Նրանց հետ ներս են մտնում թաշկինակավոր տիկիններրն ու օրիորդները և համեստաբար նստում, ինչպես վայել է կրթված գեղեցիկ սեռին։

Վերջապես դահլիճը դղրդում է, և երևում է մի ահագին փիղ։ Նրա ճակատին մեղրամոմի մխով գրված է․ես եմ վիթխարի մղդին: Նրա հաստ պարանոցին նստած է գեղարվեստների մանրացում, տիեզերահռչակ Համբարձի ամին։ Քնքշության [ 431 ] և գրացիայի ներկայացուցիչը, հանդիսավոր օրվա առիթով, հագել է կարմիր ֆրակ, սպիտակ ժիլետ, դեղին գուլպաներ։ Ֆրակը կարված է Թավրիզի առաջնորդարանի մահուդից, ժիլետը՝ Բարեգործական ընկերության «կրկնակի» անդորրագրերից։ Դեմքը վերին աստիճանի հրապուրիչ է, ճակատը փայլում է ապոլլոնյան հպարտությամբ, աչքերը կայծեր են արձակում, կայծեր, որոնցից յուրաքանչյուրը մի-մի գեղեցկուհու սրտում հրդեհ է առաջացնում։

Նրա հետևում նստած է գիտության մարմնացում, նույնպես տիեզերահռչակ Ստեփան ափուն։ Նա հագած է սև քղամիդ, մի ձեռին պահած մի մեծ մատյան, մյուսում՝ մի եղեգնյա գրիչ և խորասուզված գրում է. «Ես և իմ անցյալը» վերնա գրով մի շարադրություն։ Մերթ ընդ մերթ նրա մեջ զարթնում է բնական ձգտում՝ դեն ձգել մատյանն ու գրիչը, վեր կենալ, քղամիդի փեշերը վեր քաշել և փղի վրա մի սիրուն կանկան պարել: Բայց լրջամիտ Ապոլլոնը ամուր բռնել է նրա փեշերից և թույլ չի տալիս։

Գեղեցկի և գիտության հետևում տեղավորված է դեղին աչքերով, տափակ ճակատով և ճյուղունդրի պես կարմիր երեսով ու ականջներով մի 35 տարեկան մարդ, որ խիստ նման է Թամամշևի քարվանսարայի շկափչիկի: Դա ինքն է Բիսմարկի և Մոլթքեի մտերիմ բարեկամ քաջամարտիկը։ Նա զինված է ոտից մինչև գլուխ և աջ թևի վրա բռնած է մի վահան. նրա աչքերից մեղր, ներողություն, հուր է թափվում, իսկ դեմքից ալիզարին, ներողություն, կրակ... Նա սոսկալի է և շարունակ բեղերը սրելով, մարտի հայացքներ է ձգում իր շուրջը: Նրա ձախ երեսի վրա նշմարվում է մի սպի։ Դա մի նշանավոր ճակատամարտում ստացած վերքի հետքն է, որ ունի մարդկային աջ ձեռի ափի դրոշմը, նրա կրծքին քաշ է արած մի ոսկե ժետոն, որի վրա փորագրված է. ապրիլի 9-ին արքունական թատրոն։

— Խեչո, մի վախենա, էստի իմ,- ասում է մեկը։

Դա Սանդրոն է, որ մի դագանակ ձեռին, փղին բիզ-բիզ անելով ներս է քաշում։ Փղի կարճլիկ պոչից քաշ է ընկել մեր Գևոն։

Սանդրոն գոռում է. [ 432 ] — Ճանապար՜հ տվեք մաքուր և անարատ գործիչներին...

Ճանապարհ տվեք...

Դահլիճը թնդում է ծափահարություններով։ Փիղը մաքուր և անարատ գործիքներին ցած է բերում դահլիճի աջ կողմում․ այնինչ՝ գործիչները ազատամիտ լինելով, պիտի ձախ կողմը բռնեին։ Բայց փիղը ինչ գիտե պառլամենտական կարգ ու կանոնը. նաև մաքուր ու անարատ գործիչները չգիտեն, որ աջ և ձախը պառլամենտում նախագահի կողմից է հաշվում։

Քելեխբաշին երեսի յուղը սրբելով, զանգակ է հնչեցնում և հրավիրում նախագահ ընտրել։ Խուժանը գոռալով, միմյանց հրելով, ոտքի է կանգնում և քվեարկում: Ձայների ահագին մեծամասնությամբ ընտրվում է մի մարդ՝ սափրված, եղած, փայլուն երեսով։ Նա ունքեր չունի, ոսկրոտ ճակատի տակ աչքերի փոխարեն երևում են երկու բիզով փորած ծակեր։ Նա հանդիսավոր բազմում է նախագահական բազկաթոռի վրա։ Նրա աջ կողմում նստում է յուղալի երեսով քելեխբաշին, իսկ ձախ կողմում մի ինչ-որ տկճոր, միթամ քարտուղարն է...

Կարդում են ինչ֊որ տեղեկագիր: Գրականության ներկայացուցիչները միամտաբար կարծելով, թե իրանք գրականության հիմնարկության մեջ են, ոտքի են կանգնում խոսելու։ Բայց նախագահը նրանց կարգի է հրավիրում․ բացատրելով, թե գրականները օպերետային ներկայացումներին մասնակցելու իրավունք չունեն։

Տեղեկագիրը հաստատվում է միաձայն։ Սանդրոն մատներով դհոլ է ածում փղի փորի վրա․ գիտության մարմնացումը քղամիդի փեշերը բարձրացնելով, սկսում է կանկան պարել։ Մարսը բեղերը սրում է և ձախ երեսը բաց անում։ Գեղարվեստը բացականչում է.

— Լոխ էլ մերոնք են, լոխ էլ մաքուր ու անարատ են, հունց որ ես։

— Հիմա տրեպակա,— ասում է նախագահը։

— Հա, ընտրութոն, ընտրութոն,— գոռում է Համբարձի ամին, և բոլորը սոսկում են։ [ 433 ] Քվեարկում են, և ձայների ահռելի մեծամասնությամբ ընտրվում են` մի ոչխար, մի փոդրաթչի ու վաշխառու, քելեխբաշին և մղդսին։ Փիղը իր առջևի թաթերը դնում է նախագահի սեղանի վրա, հասարակությանը շնորհակալություն է հայտնում, հետո սկսում է երգել Այսմավուրքից մի ռոմանս։ Մարսը ժետոնը բարձրացնում է գլխից վերև և գոռում.

— Ուռա՜։

Ժողովականների չեզոք մասը շտապում է հեռանալ դահլիճից։ Մնում են մաքուրներն ու անարատները:

Գրականության ներկայացուցիչների և թաշկինակավորների փոքրիկ խումբը նույնպես ուզում է հեռանալ։ Բայց այդ միջոցին նրանք լսում են, թե օպերետը վերջացել է, այժմ պիտի ֆարս խաղացվի։ Բայց այս մասին մյուս անգամ։