«Այգեպան, ինչ ես անում, շամբը բուրաստան չի լինի» (Ջիվանի)
«Այգեպան, ինչ ես անում, շամբը բուրաստան չի լինի»
Ճարտարապետ, ավազի վրա օթևան չի լինի,
Գայլի ձագը կրթելով՝ ընտանի կենդան չի լինի,
Ապերախտ մարդուն օրը հազար տեսակ պատիվ անես,
Նա քեզ աշխատակից իբր օգնական չի լինի։
Կայծքարը կարմիր արյունների մեջը ներկես հազար,
Գեղեցիկ գույն առնելով, գիտցիր, կարկեհան չի լինիի.
Թութակը սովորելով վարժությունով մի քանի խոսք,
Խոսելով մարդու նման, նա մարդ իսկական չի լինի։
Հիմա էլ հայերու մեջ կան ազգասեր օրիորդներ,
Հազարից մեկը կարծեմ Սանդուխտ ու Շուշան չի լինի.
Աշխարհի բոլոր եղած գրքերը ողջ հավաքես,
Շաղվելով մի գիրք շինես դեռ ավետարան չի լինի։
Փայլում է արևի պես ճեմարանը Մոսկվայի մեջ,
Ընդհանուր հայերի մեջ մեկ հատ Լազարյան չի լինի.
Այս դարի մեջն էլ ունինք հայրենասեր իշխանազունք.
Մեկն էլ ազգը պահող Մուշեղ ու Վահան չի լինի։
Մարդու ծնած երկիրը արքայության չափ քաղցր է,
Ոչ մի տեղ հայրենիքից բարձր աստիճան չի լինի։
Ով Ջիվան, դու երգերուդ թե խառնես էլ մեղր ու շաքար,
Շիրինի ասածներու նման դուրեկան չի լինի։