Jump to content

«Անհայտ կինը»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Անհայտ կինը»
Հրապարակվել է «Արեւ» (Բաքու)՝ 1915, № 25 (փետրվարի 3): Հեղինակն օգտագործել է Ա. ծածկանունը: Հրապարակվում է ժամանակակից ուղղագրությամբ: Ներկայացված է «Թատրոն և Երաժշտություն» խորագրի տակ:

Բ. Հ. Կուլտուրական Միության թատրոնական սեկցիայի դերասանական խումբը ամսիս 1-ին, սեզոնի վերջին ներկայացմանը խաղաց Բիսսոնի «Անհայտ կինը» դրաման:

Պիեսան սկզբից մինչև վերջը հարուստ էր հոգեկան փոթորկալի տեսարաններով և ծանր ապրումներով, որի շնորհիվ շատ տեսարաններում դիտողներն արտասվելու աստիճան զգացվում էին:

Դատախազի երիտասարդ օգնականի ընտանեկան կյանքի խաղաղությունը ինչոր սիրային արկածով փոթորկվում է. նրա երիտասարդ կինը թողնելով իր ամուսնուն և մի հատիկ զավակին՝ փախչում է իր տարփածուի հետ: Այս հանգամանքը չափազանց ազդում է սիրող, պատվասեր և համառ կամքի տեր ամուսնու վրա: Երեք տարուց հետո կնոջ տարփածուն մեռնելով՝ նա փորձում է կրկին վերադառնալ իր ամուսնու մոտ: Սակայն ամուսինը մնում է իր որոշման հավատարիմ-երբեք ներս չընդունել անհավատարիմ կնոջը և առանց ուշադրության առնելու կնոջ զղջումը, թախանձանքները և հավատարիմ մնալու խոստումները՝ նրան հեռացնում է իր բնակարանից:

Անցնում է 20 տարի. մերժվածը մի տարփածուից մյուսին անցնելով՝ արդեն հասակն առած հյուծված ու տանջված կին է, սակայն նա ապրում է անցյալի անդարձ հիշողություններով: Նա դեռ չի մոռացել իր ամուսնու մերժումը և բուռն ատելություն ու վերժխնդրություն է ամբարել իր հոգու խորքում. սակայն մյուս կողմից նա շարունակ երազում է իր զավակի մասին, որը արդեն երիտասարդ փաստաբան է:

Եվ ահա ընդհարվելով իր վերջին տարփածուի հետ՝ ատրճանակի գնդակով սպանում է նրան: Հանցավորին պաշտպանելու գործը ճակատագրորեն վիճակվում է իր որդուն: Դատարանում հին դեպքերի վարագույրը պատռվում է. նախ ամուսինները ճանաչում են միմյանց և ապա դրությունը պարզում իրենց երիտասարդ որդուն:

Երկու կողմից էլ անկեղծ զղջում և փոխադարձ ներում, սակայն կինը տարիների թշվառության և ծանր վշտից հետո չի կարողանում դիմանալ այդ հուզումներին և նրա մահով պիեսան վերջանում է: Ամբողջ խաղի ընթացքում աչքի էր ընկնում բոլոր դերակատարների բարեխիղճ վերաբերմունքը դեպի իրենց Դերերը:

Ընդհանուր հոգատարությունը և դերերի համապատասխան բաշխումը նպաստեցին պիեսայի հաջողությանը:

Դահլիճը լիքն էր բազմությամբ: