Հրացաններ են ճայթում սրտիս մեջ...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Մեկը բարի, թախծոտ ու հեզ...» «Հրացաններ են ճայթում սրտիս մեջ...»

Հովհաննես Թումանյան

«Բարի իրիկուն, վշտալի մայրեր...»



* * *


Հրացաններ են ճայթում սրտիս մեջ,
Հրացաններ են ճայթում անդադար,
Ու լաց են լինում սարսափած ու խեղճ
Որբ երեխաներ անթիվ, անհամար։

― Ինչո՞ւ եք լալիս, անմեղ փոքրիկներ...
Ձեր հայրերն ընկա՞ն <ամենը> կըռվում...
Էլ ոչ ոք չըկա՞, որ ձեզ պաշտպանի...
Վախենո՞ւմ եք դուք էս չար աշխարհում...
Խեղճ երեխաներ, անիծվի աշխարհն,

Ուր որ դողում է ձեր մանուկ հոգին,
Անիծված լինի, քանդվի, կործանվի
Իրեն մթերած չարության տակին...

Հրացաններ են ճայթում սրտիս մեջ,
Հրացաններ են ճայթում անդադար,

Ու լաց են լինում սարսափած ու խեղճ
Հայրեր ու մայրեր, անթիվ, անհամար։

— Ինչո՞ւ եք լալիս, դժբախտ ծնողներ,
Ձեր որդիքն ընկա՞ն <1 անընթ> կըռվում.
Էլ բան չըմնաց կյանքում ձեզ համար,

Էլ ոչ ոք չըկա՝ ձեզ մխիթարի.
Ու ողբում եք դուք դատարկ աշխարհում...
Դըժբախտ ծնողներ, անիծված լինին,
Որ դատարկեցին ձեր կյանքը էսպես.

Հրացաններ են ճայթում սրտիս մեջ,

Հրացաններ են ճայթում անդադար,
Ընդհանուր սուգ է ծավալվում անվերջ
Ու պաղ ոռնում է ժամանակը չար։

Եվ ժամանակը լինի անիծված,
Եվ աշխարհքը լի չարով ու թույնով,

Եվ մեր երգերը լինին անիծված՝
Լիքը արցունքով, լիքը արյունով։


1914