«Շատերի նման նա էլ խեղդվեցավ...»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
«Մի՛ որոնիր մի ժամանակ...» «Շատերի նման նա էլ խեղդվեցավ...»

հեղինակ՝ Հովհաննես Թումանյան

Խորհրդածություն
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 50,
ծ. ― էջ 555


* * *


Շատերի նման նա էլ խեղդվեցավ.
Փոքրոգությունն եք պարսավում նրա։
Լռեցե՛ք, եղբայր, ի՞նչ գիտեք, ի՛նչ ցավ
Առաջնորդեց այն մարդուն դեպի մահ։

Տեսե՛ք, այս խեղճը տխուր, գլխակոր,
Մոլոր շրջում է սգվորի նման.
Բայց նրա մասին մի՛ դատեք, երբ որ
Չգիտեք ինչն է կորացրել նրան։

Ահա, վարում են մյուսին պատժարան.

Օ՜, մի՛ անվանեք նրան չարագործ։
Ի՞նչ գիտեք, գուցե մի միտք երկնարժան
Այս օրին մատնեց այդ մարդուն անփորձ։

Եվ դուք ի՞նչ գիտեք, թե երգիչն ուրախ,
Որ ձեզ համար միշտ երգեր է երգում,

Քարասիրտ մարդկանց ծաղրանքից ծածկած
Ի՛նչ ցավեր ունի յուր սրտի խորքում։


1890