«Պատմությունը երկար է, եթե չի գրվում...»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նոր բույն Գրպանի բանաստեղծություններ («Պատմությունը երկար է, եթե չի գրվում...»)

Աշոտ Գաբրիելյան

«Ագռավաքարից մինչև իմ ծնունդը...»

Պատմությունը երկար է, եթե չի գրվում,
Եվ լռության մեջ պատսպարվելով`
Վախը անբառ աղոթք է մոգոնում
Չարտաբերվելու և տիրելու համար…

Երկիրն անջուր տափաստանի նման
Ճաք է տալիս,
Ուրիշն է աղոթքի հավակնող խոսքեր մրմնջում…

Ինձ խոսել,
Առավել ևս` աղոթքին հասնել չթողեցին.
Ինձ խանգարեցին լռել…

Հիմա վերադառնում եմ,
Որպեսզի ծնվեմ իմ լռությամբ,
Բայց ճանապարհիս միայն
Իմ պատմության կցկտուր ակնթարթներն են,
Որոնք գրվել են արդեն
Հիշողությամբ…