Ադամի վիշտը
Ադամի վիշտը
Լեռներու ստորոտ, մարմանդին վրա,
Շուքին տակ ծառի մը բազկատարած,
Վճիտ առվակի մը մոտ արծաթյա,
Եվա մեղմորեն էր ընկողմանած:
Բոցակեզ արևն հորիզոնեն վեր
Կելլեր հաղթական. զեփյուռն անուշակ
Կպարզեր օդին մեջ փափուկ թևեր,
Վարդը կխնկեր, ու կերգեր սոխակ:
Բայց ո՛չ արևին, ո՛չ ծաղիկներուն
Կնայեր Եվա. ուժով կսեղմեր
Իր թևերուն մեջ մանկիկ մը սիրուն,
Խնձոր այտերով, խաժակն, ոսկեհեր:
Կշարժեր անդուլ մանկիկն անհանդարտ,
Խաղալով մանրիկ մատերովն իր մոր
Գանգուրներուն հետ. և ան, գոհ, զվարթ
Կհամբուրեր զայն, ժպելով անոր:
Ծառի մ՚ետևեն Ադամ կ՚դիտեր
Այդ պատկերն աղու և շնորհալի,
Ու լուռ, տրտմությամբ լեցված, կխորհեր՝
Աչքն իր մանկիկին հառած ծաղկատի:
Հանկարծ արցունքով աչքերը լեցան,
Հառաչ մը կուրծքեն թռավ թաղծալիր,
Ճակտին զարկավ ձեռն ու շեշտով մը դառն՝
«Տե՛ր, — ըսավ, — ինչո՞ւ մայր մ՚ինձ չտվիր»: