Jump to content

Ազգերը (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ազգերը
Պիտի գա՞ արդյոք

Ազգերը


Ողջ ազգերը մեկ թաղարի ծաղիկ են,
Տեսակ-տեսակ գույնով ներկել է աստված.
Հասակներով տարբեր մեծ ու փոքրիկ են,
Ջոկ-ջոկ հատկություններ տվել է աստված։

Կհոգնեն ազգերը ուժեղ, կռվարար.
Կապրին սիրով, խաղաղ չեն ջարդել իրար.
Ողջն էլ պիտանի են մեկմեկու համար,
Ստեղծել ու օրն էլ գովել է աստված։

Խոհեմ, բարի ազգաց տերն ամենակալ
Տվել է ուժ, երկիր, կյանք լայնածավալ.
Որոնք սկսել են ամբարտավանալ,
Այնպեսներուն փառքից զրկել է աստված։

Ջիվանի, անաշխատ ու ծույլ ազգերից
Բարիք մի հուսալ անհամբեր ազգերից.
Չըխրատվող աշխարհավեր ազգերից,
Յուր տված պարգևը խլել է աստված։

1898