Աղերսանք
Աճի՛ր, ո՛վ իմ տրտմությունս, ծով եղի՛ր իմ աչքերուս խորը։
Փթթի՛ր և աճի՛ր, վասնզի կուզեմ, որ աչքերս վերջալույս մը ըլլան իմ միջոցիս և իմ անհունությանս մեջ։ Բոլոր կարմրությունները ունեին անոնք, դուն՝ ո՜վ իմ մենավոր տրտմությունս, եղի՛ր ստվերը, եղիր սյուքը և հողմը վերջացող սերերուն, եղի՛ր խորհուրդը թափանցիկ գիշերին։
Մայրս պիտի լա հոն, ուշ գիշերին, և պիտի թափե իր մարգարիտները, որոնք իմ երկինքս պիտի աստղալուսեն։
Մա՛յր, բա՛ց կուրծքդ հոն՝ իմ վերջալույսի բարձունքներուն վրա՝ իբրև լուսինկան իմ չարչարված, միսմինակ դաշտերուն ու ամայի տարածություններուն համար։
Ո՛չ մեկ Աստված թող հանդգնի թևել իմ դրությանս մեջեն։ Ես Տիեզերք մըն եմ, իմ վեհությունը Ես ի՛նքս եմ։
Ես բացարձակ եմ իմ անհունությանս մեջ։
Աճի՛ր, ո՜վ իմ մենավոր տրտմությունս, ծո՜վ եղիր աչքերուս խորը։
Դուն թռչուններուն ամենեն գեղանին ես, ո՜վ իմ Սիրականս, թեև փետուր մ՚անգամ չունենաս ուսերուդ վրա։
Քու շունչեդ կ՚առնեն բոլոր ծաղիկները իրենց բույրերը ու գույները, վարդը՝ իր կարմիրը, մանիշակը՝ իր կապույտը, շուշանը՝ իր ճերմակը։
Քու բերանեն դուրս ելած շունչն է, որ բոլոր ծաղիկները կը վերաշնչեն, և իրենց գոյությունը կը պահեն։
Դուն մայրն ես բոլորին, ատոր համար է, որ երբ անոնցմե մին ճզմվի անկիրթ ոտքի մը տակ, սիրտիդ ձայնը կը լսվի անիմանալի անկյունե մը. կը հեծկլտաս, կը տրտմիս բոլորին համար։ Մա՜յրն ես ամենուն։
Տիեզերքն ինձ խոստացավ պարգևել իր գարունը―հսկայական նվագարան բնության։ Ես նախընտրեցի լացիդ հեկեկականքները,