Աղերս (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բացակայություն Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Աղերս)

Վարդան Հակոբյան

Հայաստանը
ԱՂԵՐՍ


(Հին երգերից)
 
Իմ խմորը նորից հունցիր,
Հացս նորից թխիր դու, մայր։
Վշտերս՝ խոր, մութը՝ անծիր,
Շնչել արդեն չի լինում, մայր։

Քո ձեռքերով գունդը ետ տար,
Գոնե մի քիչ շող էլ խառնիր,
Որ իմ հանդեպ լինեն արդար,
Որ ցավիս հետ խինդ էլ հառնի։

Խփում են ինձ կողմից ամեն,
Ամեն զարկի կդիմանամ…
Բայց չի լինում՝ ում սիրում եմ,
նրա զարկը ո՞նց տանեմ, մայր։

Այնպես արա, հունցիր այնպես,
Որ իմ սերն էլ չափ ունենա,
Էլ չեմ ուզում՝ ես լինեմ ես,
Մի քիչ քարե թող լինեմ, մայր։

Իմ խմորը նորից հունցիր,
Բարին մի հեղ պակաս արա…
Գուցե բախտի դուռը բացվի,
Գուցե ես էլ ափ հասնեմ, մայր։