Աղջիկը և մահը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վալախական լեգենդ Աղջիկը և մահը

Մաքսիմ Գորկի

Ստախոս Սարյակի և ճշմարտության սիրահար Փայտփորիկի մասին


[էջ]
I


Դառնում է արքան պատերազմից։
Գնում է— զայրույթից դողում է։
Լսում է— թփի ետևից
Մի աղջիկ ծիծաղում է։
Ահեղ կիտելով հոնքերը դեղին
Արքան մտրակեց ձիուն՝ փնչալով,
Հարձակվեց վրան, ինչպես փոթորիկ,
Եվ գոռաց՝ զրահը ցնցելով․
— Ի՞նչ ես ես դու— գոռաց նա չար ու կոպիտ,—
    Ի՞նչ ես դու, աղջի՛, ցցել ատամներըդ․
Կործանեց, հաղթեց ինձ թշնամին,
Իմ ամբողջ զորքը կոտորվել է.
Գերի է ընկել շքախումբըս ողջ․
Գնում եմ ահա, որ նոր զորք բերեմ․
Ես— արքան եմ քո, սիրտըս— վիշտ ու ոխ,—
Հիմար ծիծաղըդ ես ո՞նց համբերեմ։»

Շապիկը կրծքին շտկելով հազիվ՝
Աղջիկը ասաց արքային զազիր
— Ես խոսում եմ, տե՛ր, հետն իմ սիրածի,—
Տե՛ր-արքա, դու, լավ է— հեռացի՛ր։—
Արքաների հետ խոսելու համար

[էջ]

Սիրողը ե՞րբ է ժամանակ ճարում.
Երբեմն սերը վառվում է արագ,
Քան մոմն՝ աստծո պայծառ տաճարում։

Մոլեգնեց արքան բարկությունից չար,
Հրաման տվեց իր խմբին խոնարհ․
— «Զնդան նետեցե՛ք այս լիրբ աղջըկան,
Կամ, լավ է, իսկույն խեղդեցեք նրան։»

Ծամածըռելով մռութները հեզ՝
Արքայի մարդիկ թափվեցին վրան,
Շրջապատեցին չար դևերի պես—
Մահին հանձնեցին դժբախտ աղջկան։


                            II

Լեցուն է Մահը միշտ չա՛ր հույզերով,
Բայց այդ օրը նա փոխվել էր ասես.
Չէ՞ որ գարնանը սերմերը սիրո
Ուռչում են անգամ այդ պառավի մեջ։
Ձանձրալի է հար նեխած մսերում
Ոչընչացնել հիվանդություններ.
Երբեմն ուզում ես ապրել անօգուտ,
Ամեն մի րոպեն մահով չընդունել։
Բոլորը՝ նրան տեսնելու պահին՝
Զգում են միայն սարսափ անիմաց.
Ձանձրացել էր նա մարդկային ահից,
Թաղման ծեսերից, փոսերից այն բաց։
Զբաղված գործով անշնորհակալ՝
Այս կեղտոտ ու մութ աշխարհի վրա—

[էջ]

Իր գործն հմտորեն կատարում է հար—
Բայց ավելորդ են համարում նրան։
Վիրավորիչ է, իհարկե, սա քիչ․
Բարկանում է մերթ մարդկանցից նա է՛լ,
Եվ, բարկանալով, տանում է կյանքից
Ո՛չ նրանց հաճախ, ում պե՛տք է տանել,
Է, սատանայի՞ն սիրի նա գուցե,
Անհագուրդ շնչի դժոխքի հրով,
Հեկեկա սիրո ցավից ու խոցից,
Նրա հետ մեկտեղ արբենա սիրով


                            III

Աղջիկը՝ կանգնած Մահի առաջին
Սպասում է հարվածին Մահի։
Փնչում է Մահը,— խղճում է զոհին —
— «Ինչքա՜ն էլ ջահե՛լն է, նայի՛ր․․․
Ի՞նչ ես արքային ասել կոպտաբար․
Սպանեմ պիտի քեզ դրա համար ․»

— Օ, մի՛ բարկանա,— աղջիկը ասաց․
Ինչո՞ւ ես իզուր բարկանում վրաս․
Առաջին անգամ համբուրում էր ինձ
Սիրածս՝ թփի կանաչ հովանում,
Իսկ արքան— փախչում էր պատերազմից․
Ի՜նչ արքա, ի՜նչ բան— այդ լույս վայրկյանում․․․
Դե, ես էլ ասի արքային, նրան․
— Հեռացի՛ր, արքա՛, այստեղից։—
Լա՛վ էի ասում, կարծես թե, սակայն
Տես՝ ինչքա՜ն եղավ անտեղի․․․

[էջ]

Եվ Մահից, գիտեմ, ազատում չկա․
Մեռնելո՛ւ եմ, գիտե՛մ, չըսիրած,—
Բայց ամբողջ հոգով խնդրում եմ, ո՜վ Մահ,—
Թույլ տուր, որ մեկ է՛լ համբուրեմ նրան․ ․

Տարօրինակ էր զրույցն այս Մահին․
Ո՞վ է Մահվանից նման բան ուզում ..
Մտածեց՝ էլ գործ կըմնա՞ իրեն,
Թե չհամբուրվեն մարդիկ աշխարհում ․

Եվ, տաքանալով արևի ներքո,
Մահն ասաց՝ մոտիկ կանչելով օձին․
— «Գնա՛, համբուրվի՛ր— և ե՛տ եկ շուտով
Գիշերը՝ քո՛նն է, կըսպասեմ— լուսին։»

Եվ նստեց քարին։— Օձը ժանիքո՛վ իր
Մահվան գերանդին է լիզում։
Աղջիկը բախտից հեկեկում է,
Փնչում է Մահը․— «Դե գնա՛, դե՛, շո՛ւտ։»


                            IV

Գարնան արևով քնքուշ տաքացած,
Մահը արձակեց տրեխները հին,
Հենվեց չոր քարի— և խորը քնեց։
Եվ վատ մի երազ այցելեց Մահին։

Իբրև Կայենը, ծնողը նրա,
Իր թոռանթոռի՝ չար Հուդայի հետ,
Երկուսն էլ զառամ,— ելնում են լեռո,
Երկու իժի պես սողում են կամաց։

[էջ]
[էջ]


— «Տե՜ր»,— հառաչում է մռայլ Կայենը,
Երկինք նայելով մարած աչքերով․
«Տե՜ր»,— հայցում է չար Իսկարովտացին՝
Աչքերը հողից չըբարձրացնելով։

Վերը, ամպի մեջ, լույս լերան վրա
Տերն, ընկողմանած, կարդում է մի գիրք
Վառ աստղերով է այդ գիրքը գրված,
Մի էջն է նրա— Ծիր-Կաթինն անհուն։

Կանգնած է վերը Հրեշտակապետն՝
Ըսպիտակ ձեռքում— կայծակների խուրձ,
Ուղևորներին ասում է նա խիստ․

— «Հեռացե՛ք,— աստված ձեզ չի՛ ընդունի։»

— «Միքայե՛լ»— տխուր հայցում է Կայենն․
Մե՜ծ է հանցանքս աշխարհի հանդեպ՝
Ե՛ս ծնեցի կյանքն ըսպանողին․
Ե՛ս եմ հայրն ըստոր, անիծյալ Մահի։»

— «Միքայե՛լ»— տխուր ասում է Հուդան․
Գիտեմ՝ Կայենից հանցապա՛րտ եմ ես,
Քանզի մատնեցի գարշելի Մահին
Լույսի պես պայծառ սիրտը աստուծո։»

Եվ աղերսում են նրանք երկուսով․
— Միքայե՛լ,— տերը մեզ մի խո՛սք միայն,
Թող մի խոսք ասի, թող խղճա լոկ մեզ—
ՉԷ՞ որ ներումն մենք չենք աղերսում։»

[էջ]

Հրեշտակապետն ասում է կամաց․

— «Երիցս արդեն ասել եմ նրան․
Երկու անգամին նա ոչինչ չասաց․
Երրորդ անգամին նա խիստ բարբառեց․
— Իմացի՛ր՝ քանի դեռ Մահը կյանքում
Կործանում է շունչ ու ծիլ կենդանի —
Չի՛ք ներում նրանց— Կայեն-Հուդային։»

Այստեղ Մատնիչն ու Եղբայրասպանը
Տխուր ոռնացին և հեծկլտացին,
Եվ, գրկած իրար, գլորվեցին ցած՝
Լերան ներքևի ճահիճը նեխած։

Իսկ մութ ճահիճում հրճվում են, խաղում
Մարդակեր դևեր ու սատանաներ—
Եվ թքում են բութ նրանց երեսին
Ճախճախուտային կապույտ կրակներ։—


                            V

Մահը արթնացավ կեսօրին մոտիկ։
Նայում է— աղջիկը չի՛ եկել դեռ։
Փնչում է քնկոտ․ «Տե՜ս անամոթին,—
Գիշերն, արի տես, խիստ կարճ է եղել։»

Քաղեց մի հասած արևածաղիկ,
Հոտոտեց, հրճվեց՝ արևի ներքո
Դիտելով ծաղկած ծառերը դեղին
Տերևներն՝ ասես դարձած ոսկեգույն։

[էջ]

Եվ արեգակին նայելով— հանկարծ
Երգեց նողկալի իր ձայնով հանգած․․․

— «Մարդիկ՝ ձեռքով չարաղետ՝
Մերձավորին սպանում—
Եվ թաղում են, և երգում․
«Ի վերին Երուսաղեմ։»

Չեմ հասկանում ես ոչինչ․
Բռնակալը իր ձեռքով
Սպանում է մարդկանց միշտ
Եվ միշտ թաղում— նո՛ւյն երգով։

Ազնիվ է, թե ավազակ—
Հենց որ ուզում են թաղեն,
Նո՛ւյնն են երգում շարունակ,
— «Ի վերին Երուսաղեմ։»

Հիմարի, թե ստորի,
Հենց որ ձեռքով իմ քաղեմ—
Երգում են միշտ բոլորին․
— «Ի վերին Երուսաղեմ։»


                            VI

Նա երգը երգեց և խիստ դժգոհեց․
Անցել է արդեն ժամ ու ժամանակ—
Իսկ Աղջիկը դեռ չկա, չի՛ գալիս․
Սա— վատ է, Մահը— չի՛ սիրում հանաք։

[էջ]


Դառնալով դժնի ու չար առավել—
Հագավ Մահը իր տրեխները հին,
Եվ հազիվ իջավ լուսնկա գիշեր—
Ճանապարհ ընկավ ամպի պես մթին։

Քիչ գնաց— մեկ էլ տեսնում է ահա․
Ցողապատ, դալար թավուտի ներքո
Նստած է, գարնան դիցուհու նման,
Աղջիկը՝ շաղած լուսնյակի ցոլքով։

Վաղ-գարնանային հողի պես տկլոր՝
Բացված է նրա կուրծքը անամոթ,
Եվ թավ, մետաքսյա մաշկի վրա, խոր,
Աստղերն են փայլում համբույրների տոթ։—

Աստղերի նման կուրծքն են զարդարում
Գիրգ ստինքների պտուկները հուր,—
Եվ, աստղերի պես, աչքերն են նայում
Վեր՝ Կաթն-Ծիրի ճամփեքին մաքուր։

Կապույտ ստվերներ աչքերի տակին,
Շրթերը— կարմիր վերքերի նման,
Գլուխը դրած նրա ծնկներին՝
Հոգնած, հագեցած՝ նիրհել է տղան։

Նայում է Մահը— և բոցը քենի
Մարում է դանդաղ իր դատարկ գանգում։
— «Եվայի նման այդ ի՞նչ ես էլի
Թաքնըվել աստծուց խոտի արանքում։»

[էջ]

Երկընքի նման մարմնով իր լուսեղ
Իր սիրած տղին ծածկելով Մահից—
Պատասխան տվեց Աղջիկը խիզախ․
— Սպասի՛ր մի քիչ, դեռ մի՛ հայհոյի,
Աղմուկ մի՛ հանիր, մի՛ դիպչի սրան,
Մի՛ հնչեցրու գերանդին քո սուր․
Կըամ, կմըտնեմ իսկույն գերեզման—
Միայն թե սրան— երկար կյա՛նք դու տուր։
Մեղավոր եմ ես, չեկա ժամկետին,
Կարծում էի, որ— դու շա՜տ ես մոտիկ,
Թո՛ւյլ տուր սիրածիս ես գրկեմ էլի—
Կյանքը նրա հետ շա՜տ Է ցանկալի․․․
Նա էլ— լա՜վն է շատ նայի՛ր՝ հուրհուրան
Ինչպիսի՜ չքնաղ, ինչպիսի՜ վսեմ
Հետքեր է թողել նա կրծքիս վրա․
Տես՝ կակաչներ են կրակե ասես »

Մահն, ամաչելով, կամաց ծիծաղեց․
— Արևի հե՜տ է համբուրվել ասես ․․
Բայց— մենակ դու չե՛ս իմ հոգսը կյանքում,
Շատերի՛ն պիտի ես մահ տամ ու քուն․
Ես ժամանակին լա՛վ եմ ծառայում,
Գործ շատ կա, իսկ ես— զառամ եմ արդեն
Ամեն մի վայրկյանն ինձ թանկ է կյանքում—
Հավաքվի՛ր, աղջի՛, ժամանակն է, դե՛ ․ »

Պնդում է աղջիկն —

               «— Իմ սիրածը ինձ
Երբ գրկում է— էլ ո՛չ երկինք, ո՛չ հող
Լցվում է հոգիս կարոտով աննինջ,
Վառվում է իմ մեջ երկնային մի շող ․

[էջ]

Էլ սարսափ չկա գալիքի հանդեպ,
Ո՛չ մարդ է էլ պետք, ոչ երկինք անհուն․
Մանկան պես- խինդը իրենո՛վ է խենթ,
Եվ իրենո՛վ է սերը հիանում ․․»

Լսում է մահը, մտածկոտ ու սև,-
Էհ, ո՞նց կասեցնի այս երգը անվերջ․ ․
Չի՛ք աստված կյանքում - արևից վսեմ,
Չի՛ք կրակ - սիրո կրակից անշեջ․ ․


                            VII

Լուռ է մահը, իսկ զրույցներն աղջըկա
Հալում են չոր ոսկորները նրա հին,
Մերթ սառեցնում և մերթ կիզում են նրան,-
Ի՞նչ պիտի տա Մահու սիրտը աշխարհին։

Մահը - մայր չէ․ բայց կի՛ն է նա և նրա
Սի՛րտն էլ անշուշտ մտքից ուժեղ է և խիստ․
Իր մութ սրտում կան բողբոջներ հուրհուրան
Կարոտանքի, վրդովմունքի և խղճի։

Նրանց, ում նա սիրում է խոր իր սիրով,
Ում սիրտը որ չար կարոտով է լեցուն -
Գիշերները նա որպիսի՜ կարոտով
Մե՜ծ հանգըստի զրույցներ է շշնջում։

- «Է՛հ, ի՜նչ,- ասաց Մահը.- «Հրա՜շք թող լինի,
Թույլ եմ տալիս - ապրի՛ր, ապրի՛ր դու, միայն․․․

[էջ]

Միայն թե ես ընդմիշտ քեզ մոտ կլինեմ,
Սիրո կողքի՛ն ես կլինեմ հավիտյան․․․»
Այդ օրվանից Սերն ու Մահը, ինչպես քույրեր,
Միասին են շրջում կյանքում մինչև հիմա,
Սիրո հետքից Մահն է քայլում քայլով երեր,
Սուր գերանդին ուսին, միջնորդ կնոջ նման։—
Քայլում է նա, իր քրոջով հմայված հա՛ր—
Եվ ամենուր, թաղման ծեսին, թե հարսանքին—
Նա անդադրում, անշեղորեն կերտում է վառ
Խինդը սիրո և բերկրությունը կյանքի։