Աղքատություն (Ջիվանի)
Աղքատություն
Մարմինդ մերկ, երեսդ պաղ, խեղճ պառավ աղքատություն,
Ման ես գալիս աշխարհի մեջ անհալավ, աղքատություն,
Հայր Ադամը երբ դրախտից զրկվեցավ, դու ծնար,
Խելացիները կոչեցին քեզի ցավ, աղքատություն։
Մայրդ մեռներ երկունքի մեջ, քեզ չծներ երանի,
Կյանքի ցեց, կյանքի կերիչ, ժանտ, մարդադավ աղքատություն.
Շատ շատերին քաղցած ու մերկ ղրկում ես այն աշխարհը,
Շատերին էլ դու թաղում ես անկտավ, աղքատություն։
Ամենաազնիվ, բարի մարդիկ քո ձեռքիցը, գարշելի,
Դառնում են ստոր և ընկած, անիրավ աղքատության.
Մարդիկ խորշում են քեզանից, պատիվ չունիս ոչ մի տեղ,
Ես քո ո՞ր արարքդ գովեմ, ի՞նչդ է լավ, աղքատություն։
Հայրդ չիքն է, մայրդ սովը, մեծ պապդ ծուլությունը,
Ձախորդության տաք սիրահար դու ծարավ, աղքատություն.
Վերջապես Ջիվանուն էլ աշխատեցար առար մեջդ,
Խորասուզված անառագաստ, կոտրած նավ, աղքատություն։