Jump to content

Աղքատ մարդը (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աղքատ մարդը
Պիտի գա՞ արդյոք

Աղքատ մարդը


Խեղճությունը մարդու ամեն բան կանե,
Ցածություն, մատնություն ո՛ղջն անել կուտա,
Ասելով՝ այսպիսի մարդուն արժան է,
Թշնամիք յուր վերա այպանել կուտա։

Խեղճ ու ողորմելուն օթևան չկա,
Պարզ, ազատ խոսելուն հրաման չկա,
Աղքատության նման թշվառ բան չկա,
Դեռահաս շատ մարդու սպանել կուտա։

Ջիվանի, խեղճ մարդու օրն է տարաժամ,
Դեպի թշվառ մահին կերթա ինքնակամ,
Խեղճությունը արդար մարդոցը անգամ,
Մտքով ամեն բանի վարանել կուտա:

1893