Ամենաամառ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մեր ունեցածը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ամենաամառ)

Վարդան Հակոբյան

Երկրագնդի դաժան պտույտները
ԱՄԵՆԱԱՄԱՌ


Աչքերը նշեր են խոշոր։ Ձեռքերը ձկներ են-
դեռեւս
կապույտ ջրից չհանված։
Կրծքերը լորեր են - թռիչքի մեջ միշտ,
Ժպիտները փունջ են չփնջված ծաղիկների,
որ լինում են անմատչելի ժայռերին
հայոց։
Հարսը շուկայից
տուն է գնում։ Ու երեխա կա գրկին։
Ու գրկին
երեւանյան ամառն է ծիրանի։ Ու ինքը երեխով չէ,
թեկուզ իրեն թվում է։ ՈՒ շոգում է։ Ծիրանի։
Ու երեխան իջեցնում է.
- Մի երկու ոտք էլ քո քայլով գնա...
- Չէ որ չէ...
ՈՒ երեխան բերանքսիվայր պառկում է ասֆալտին,
Կիեւյան խաչուղու մոտ.
ու չի բարձրանա, չի ժպտա, լացը չի թողնի,
մինչեւ որ...
Ես էլ «լացով» պառկում եմ երեխայի մոտ - բերանքսիվայր.
Ձեռքերս տարածած ասֆալտի վրա՝
Կիեւյան խաչմերուկի մոտ։ Ամենաամռանը։
Ու դու թեթեւ խփում ես ծնկանդ.
- Վայ մամա, էս ինչ են անում, խայտառակվեցինք,
չլինի՞ թե մեզ ճանաչի մեկը... Վայ մա...

Դու թեթեւ խփում ես ծնկանդ
ու հանկարծ բաց է արձակվում երեւանյան ամառվա տուտը,
ու փողոցներում թափվում - հոսում է նուշը,
ու փողոցներում թափվում - հոսում են ծիրանները,
ու խայտում են
դեռեւս ջրից չհանված ձկները փողոցներում։
Որ թիվն էր՝ չգիտեմ։
Ամառ էր խիստ։ Անկրկնելի, դաժանորեն անուշ սիրո ամառ։