Ամեն ինչ հիշողություն է, նույնիսկ՝ գալիքը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ավելի ծայրին ծաղկած փիլիսոփայություն Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Ամեն ինչ հիշողություն է, նույնիսկ՝ գալիքը)

Վարդան Հակոբյան

Ճամփորդի ոտքին աչքեր են լինում
ԱՄԵՆ ԻՆՉ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ Է, ՆՈՒՅՆԻՍԿ՝ ԳԱԼԻՔԸ


Լույսի մեջ ճերմակ աղավնիներ կան, որ վաղորդյան
թեւահարումով գեղեցկացնում են արեւի ծագումը։ Երբ
ուզում եմ ինչ որ բան բացահայտել, ինձ
մշտապես առաջնորդում է անբացահայտելին։

Լռությունը շարունակում է խոսքին, մինչդեռ խոսքը
լռությանը սպանում է։ Աշխարհում ամեն ինչ
հիշողություն է, եւ միայն պատերազմներն են, որ
կորուստ են հիշողության։ Ի սկզբանե՝ անվերջ վերջ։

Յուրաքանչյուր մարդ ինքն իր զոհն է։ Ես մեկ-մեկ առաջ եմ
ընկնում ճանապարհից։ Գուցե այն հեքիաթն եմ, որ
ամեն օր Ցորտ աղբյուրը պատմում է շուրջը հավաքված
ծառերին։ Երբ մեռնում են լեռներում՝ մեռնո՞ւմ են։

Խտուտ եկավ շողը խնձորենու ծաղիկների մեջ, եւ ծառի
տակ հողը միանգամից դարձավ փխրուն։ Իսկ լույսն ինձ հետ
տանելու ուրիշ ելք չկա, բացի քո ժպիտները հիշելուց։
Ձեռք չի հասնում այն ծաղկին, որը հուշերի մեջ է ապրում։

Ժամանակը չափում են երգի տողով գերաշնորհ,
տարածությունը՝ ձայնով։ Անցյալին չկարոտեինք, չէինք ձգտի
ապագային։ Յուրաքանչյուր վայրկյան
անսպասելի է։ Աչքս գերին է չտեսածի։ Այժմ եւ միշտ։