Ամեն հայ ոգեկոչումի ձայն է այսօր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մեզ առաջնորդում են մեր տառերը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ե (Ամեն հայ ոգեկոչումի ձայն է այսօր)

Վարդան Հակոբյան

Մել լեզուն, մեր ոգին

ԱՄԵՆ ՀԱՅ ՈԳԵԿՈՉՈՒՄԻ ԶԱՆԳ Է ԱՅՍՕՐ

Ժամանակի ողբերգությունը տարածության մեջ վերածվել է իրոնիայի եւ, մի ամբողջ ազգի նկատմամբ կիրառած եղեռնագործությունից 90 տարի հետո, Թուրքիան հայոց արյունը դեռ եղունգների վրա, ծեծում է Եվրոմիության դռները, սակայն, «Ներս եկեք»-ից առաջ, բարեբախտաբար, կա մի հարցում եւս՝ «Ո՞վ է»։ Այս «Ով է»-ին ինչ պատասխան պիտի տան ենիչերների ժառանգները, որոնց կողմից իրողության ժխտումը միայն մի բան է ասում՝ մենք այն ենք, ինչ երեկ էինք։ Եղեռնվածներիս ի՞նչ, մենք մեր խաչը տանում ենք արժանավոր ձեւով եւ ուրիշի «շալակը» չենք տալիս երբեք, պարզապես մեր վիճակը վիրավորական է աշխարհի համար, մարդկության համար։

Իննսուն գարունների ծաղիկները չեն հերիքում Շիրազին, որ մեկ-մեկ հիշի ազգի անշիրիմ նահատակներին՝ թեկուզ իր մտքի մեջ։ Կեռ յաթաղանի տակ «Բերդպար», «Քոչարի» ու «Արցախապար» են պարում հայոց հանճարեղ խելագարները՝ Կոմիտասից, Վարուժանից, Սիամանթոյից, մինչեւ... Բաքու, Կիրովաբադ, Սումգայիթ։ 1915-ից մինչեւ 2005...

Եվ 15-ով չի ավարտվում 15-ը։

Եվ չի ավարտվում Թումանյանի հոգեհանգիստը։

Եվ ամեն հայ ոգեկոչումի զանգ է, որ հնչում է մոլորակով մեկ։

Օր-օրի պետությունները ճանաչում են Մեծ եղեռնը։ Խղճահարություն չի հարուցում մեր վիճակը, ոչ մի ժամանակ, դա խիստ անհարիր կլիներ հայի հոգեկերտվածքին եւ հատուկ չէ մեր ազգին։ Եղեռնի ճանաչումը եւ դատապարտումը, ասել եմ միշտ եւ հիմա էլ եմ կրկնում՝ յուրաքանչյուր ժողովրդի համար առաջին հերթին ինքնապաշտպանություն է։ Մենք պիտի ավելի հաստատակամ լինենք ու հետեւողական՝ մեր արդար պահանջատիրության մեջ, մենք պիտի կարողանանք Կոմիտասի, Սիամանթոյի, Վարուժանի, Ռուբեն Սեւակի, մեր բոլոր նահատակների, մեր մեծերի զավակները լինենք։ Նրանց չապրած օրերը, տարիները հիմա դար են դարձել ու մեր ուսերին են, պիտի տանենք... Ու բաց ճակատով նայենք Դեր-Զորում, Սարդարապատում, Սումգայիթում զոհված մեր այն անմահ քաջերին, որոնք արցախյան գոյամարտում էլ չլքեցին մեզ ու մեզ հետ գունդ էին կազմում անհաղթելի։ Բոլոր դարերը, ինչպես ասում են, մերը, այսինքն՝ արդարությանը, խաղաղությանը, ճշմարտությանը պիտի լինեն՝ սկսած 21-րդից։ Մենք քսանմեկերորդը մտանք Արցախով, Արցախում գրանցված հայոց հաղթանակով։

Ամուր քայլենք, որովհետեւ մեզ հետեւում են մեր դարերը, որովհետեւ մեզ հետեւում են մեր լեռները։

2005թ.