Ամպեր (Ջիվանի)
Արտաքին տեսք
Ամպեր
Տխրատեսիլ, սևաթույր, խավար ամպեր, հեռացեք,
Մտքիս արևի համար խնդրեմ ճանապարհ բացեք.
Իմ հոգուս հորիզոնը թողեք, հեռու գնացեք,
Հիմա էլ մեկ ուրիշի բախտի վրա սգացեք։
Ես արդեն սգավոր եմ, չունիմ ուրախ օր ու ժամ,
Դրախտից զրկվել եմ, խաբվել եմ ինչպես Ադամ.
Բավ է կարկտահարեք արտս անտեր, անխնամ,
Գնացեք մի ուրիշ տեղ, բարկացեք, գոռգոռացեք։
Իմ գլուխս չէ Մասիս և ոչ Էլբրուս սարը,
Որ հարթել եք դեպի ինձ ձեր ուղին, ճանապարհը,
Անցկացրի ձեր անջուր հովանու տակ կես դարը,
Էլ ուժ չունիմ տանելու, ափսոսացեք, խղճացեք։
1901