Այժմյան դարը (Ջիվանի)
Արտաքին տեսք
Այժմյան դարը
Համ լավ է, համ շատ վատ է, իմ կարծիքով, այժմյան դարը,
Բարության հետ հավասար մրցում է անիրավ չարը.
Մեկը անշարժ կեցած է՝ ծանր ու մեծ իրան տեղը,
Մեկը շատ ծայրահեղ է, անցել է սահմանը — սարը։
Տեսնում եմ կռվի մեջ են նորն ու հինը հաստատապես,
Ամենը պաշտպանում է իր ունեցած գաղափարը.
Մեկը պաշտպան է կեցած յուր հավատո հիմունքներուն,
Մի ուրիշը թավալել կուզե նորա հիմնաքարը։
Մեկը լույս է քարոզում, յուր մտքովը, մեր աշխարհին,
Մեկն էլ ամուր գրկել է մառախուղը — մութ խավարը.
Թող վերայից անց կենան հազարավոր դարեր նորից,
Հաղթող է հանդիսանում ճշմարիտը և արդարը։
Դանդաղը ետ կմնա, արագը կերթա անխոտոր,
Պարզ բան է՝ ոտավորից միշտ առաջ է ձիավարը,
Այնպես էլ ստությունը պաշտպանողը կըհոգնի շուտ,
Ճշմարիտը, ով Ջիվան, կերթա իրան ճանապարհը։
1883