Այինկա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Զոհրապ Այինկա

Գրիգոր Զոհրապ

Ա


Յոքարը Մահալլեին մեջ, բլուրի մը վրա մանառիկ և անձուկ փողոցներով շինված թաղ մը, կռիվը կը սկսեր խուլ շշուկով մը, խուզարկության եկող դետերուն դեմ:

Կիներու բազմությունը կավելանար շարունակ. անկյուններե, ծակերե, խորշերե կելլեր հետզհետե ու կը լեցվեր հին, փայտաշեն տան մը առջին, ուռուցիկ շալվարների կոհակներով խափանելով անցուդարձը. հոծ, գրեթե միակտուր զանգված մը ահա, որուն մեջ Ռեժիի համազգեստին կարմիր երիզները կխառնվեին նուրբ արյունոտ ջիղերու սողոսկումներով:

Եվ այս կանացի խուժանին բողոքը կելլեր դուրս, զսպված հառաչանքի մը պես բարձրանալով օդին՝ ամառ ցերեկվան մը հեղձուցիչ մթնոլորտին մեջ, ժխոր մը նախ, հետո ճշտվելով քիչ-քիչ, որուն մեջ բառ մը հստակ ու որոշ, ականջի կը զարներ, անծանոթ լեզվի մը բառը, զոր այս բազմության մեջ ամեն ոք կը հասկնար, իրարու երեսին կը նետեր և զոր երկարող փողոցին անձկությունը վիթխարի փողի մը պես կը տաներ և զոր երկարող փողոցին անձկությունը վիթխարի փողի մը պես կը տաներ, կը հասցներ հեռուն, մինչև քաղաքը.

- Այինկա՜, այինկա՜:

Ռեժիի պաշտոնյաները կը խորհրդակցեին բռնության դիմելե առաջ, չափելով այս տկարությամբ կազմված զորությունը զոր ահա պեղել, անցնիլ հարկ կըլլար մինչև սա տունին մուտքը, ուր ծխախոտի մեծաքանակ մթերք մը կար պատրաստ, ինչպես որ իրենց իմացուցած էին կանխավ. և իրենց վարձատրության հաշիվով շահամոլի ջիղերնին կը պրկվեր, ու վրնին կը փայլեր ու նոր ջանք մը կընեին, ուսովնին ճամփա մը բանալու, քայլ մը ավելի մոտենալու համար այդ դեմի դրան, ուրկե հազիվ տասը քայլ կը բաժաներ զիրենք:

Անդին` բազմությունը ա´լ ավելի կը սեղմվեր, համբերությունը սպառելով, վերջ մը տալու պետքը զգացվելով երկուստեք. զայրույթը, հին ատելությունը այս երկու տարրին մեջ, ավանդական, ճակատագրային բան մը երևան կելլեր բիրտ անկեղծությամբ:

Ծխախոտի հին խուզարկություններու, գրավումներու հիշատակը կուգար արծարծել մշտնջենական հակառակությունը. կռիվների մեջ տրված առնված վերքերու սպիները կը բացվեին այս պահուս, իրենց շարավին հոտովը, թարմ արյունի բուրումովը զայրացնելով հատուցումի պետքը և կծու մարմաջը. հետո ամբողջ Յոքարը Մահալլեի մթերքը պահված էր այս խարխուլ տան մեջ, ամենուն հարստությունը, ամբողջ տարվան ապրուստը: Եվ կը հաշվեին մինչև հիմա իրենցմե գրավված ծխախոտներուն քանակությունը, որուն կսկիծը` ամեն մեկուն համար զատ-զատ, ծանր տուգանքներով, երկար բանտարկություններով սաստկացած էր:

Ամբոխեն` բերնե բերան խոսքեր, անցախոս բառեր կը սահեին, կը սպրդեին ներս, պատվերներ, հրամաններ` փութալու, աճապարելու:

- Ծո´, Հակաբոս, տե´ երերա:

Ներս կերերային, կը շտապեին, ոտնաձայներ կահ կարասիներու, մթերված ապրանքներու փոխադրության խուլ ջանքեր կը լսվեին, վայրկենական տեղափոխություն տանիքներու վրա, առաստաղներուն տակեն. և նեղ փողոցին մեջ հիմա ծխախոտի ուժգին հոտ մը կը ծավալեր, այնքան որ Ռեժիին դետերը` հուսահատ` այս բոլոր կիները ցրվելու և կողոպուտը չփախցնելու փորձությամբ կը բռնվեին, մինչդեռ ոստիկանությունը, ամենեն ավելի հեռատես, օրինական ձևակերպությունները կը կատարեր այդ տունը կոխելե առաջ:

Եվ աղաղակը կը բարձրանար ավելի ուժգին, կիզիչ արևին սկավառակեն իյնող հորդ ու ջերմ լույսին պես զայրացած, աղաղակ մը` որուն մեջ առջի բառը կուգար, կը դառնար, կը վերադառնար շարունակ.

- Այինկա՜, այինկա՜:


Բ


Երկու եղբայրներուն մեջ Հակոբոս` այինկաճիներու մեծը` անդրանիկն էր. սևաչվի, սևահեր երիտասարդ, ամառ-ձմեռ պահելով իր մեղրագույն ապայե փոթուռն ու շալվարը. հաստ տոկուն կտավ, որ դաշույնի հարվածներու կը դիմադրեր և զոր ցերեկները կը պտտեցներ Իզմիտի չարշուին մեջ, զորավոր մարդու հատուկ դանդաղ ու ծույլ քայլվածքով:

Լեռներու զավակ, իր գյուղացիի անձուկ միտքը բնավ չէր կրցած ըմբռնել Ռեժիի դրության նրբությունները. և իր բնական իրավունքին հենած` կը կռվեր ահա տասը տարիներե ի վեր, ճակատաբաց` փոխանակ հանցավորի մը պես պահվտելու. այինկաճիներու համբավավոր պետն էր ու դյուցազնը այնքան արյունոտ ծեծկվուքներու:

Այս երիտասարդն էր, որ վկայության համար կանչված, դատարանի մը առջև, իր արհեստը հարցված ատեն պատասխանած էր անփութորեն.

- Այինկաճի:

Հիմա ամենուն ծանոթ է ինք, զոր լերան մեջ ավազակը ու ճամփուն վրա ձիապանը կը ճանչնան, կը սիրեն մեջքի դաշույնը, որուն երկաթը Պոլսեն եկած գնած է, Դամասկոսի դյուրաթեք երկաթ, վետվետող երանգներով, երբոք զուր տեղը փայլատակած չէ: Ծառերը կը ճանչնան զայն, այնքան շատ իրենց կեղևի վրա Հ գիրը` իր երբեմնի դպրոցական կյանքեն մնացող միակ հիշատակը` փորագրված է, սրտնեղության, ձանձրույթի վայրկյաններուն մեջ:

Այս քաղքին շրջակայքը` ծխախոտի ամեն փոխադրություն իր աչալուրջ ու ճարտար պահպանության կհանձնվի ամեն ատեն, երբեք չի թողուր փախիր իր արիության վստահված ապրանքը. հնարքը ու քաջությունը կը լծորդե փորձ ռազմագետի մը պես կը հաջողի:

Հիմա պիտի նշանվի. ո՞վ զավակ կուտա այս լերան մարդուն. և սակայն մեկե ավելի աղջիկներ սրտատրոփ կը սպասեն դուռը իր անցուդարձին, իրիկվան մութին:

- Բարև, Հակոբոս, ե՞րբ եկար:

- Երեկ գիշեր:

Միշտ գիշերը կգար այս տղան. անորոշ ժամանակով, անծանոթ, անկոխ ուղիներե, զորս իրմե զատ ոչ ոք գիտեր, ոչ իսկ եղբայրը, Սահակ` որ Ռեժիին կը ծառայե. ինքը ահավոր այինկաճիին կրտսերը` քոլճի մըն է հիմա լեցուն թոշակով, երիտասարդ կտրիճ մը. բայց Յոքարը Մահալլեն, իր ազգականներուն թաղը չի ժպտիր իրեն. աղջիկները չեն սպասեր դուռը. էն տգեղը կը ծիծաղի իր վրան, և եղբորը նշանածը, Պերճուհին, չի բարևեր զինքը:

Ինչո՞ւ համար հանկարծ թողած է այս տղան իրենները, ատելությամբ զինվելու համար անոնց դեմ:

Եվ այս նեղ փողոցին մեջ, դեպի խարխուլ տունը, որ ճիշտ իր հայրենի տունն էր, ինքն էր ահա, որ կառաջնորդեր Ռեժիին. և հանկարծակի եկած ամենքն ալ, չհավատալով դեռ, կը հարցնեին իրարու ականջն ի վար փսփսելով.

- Ծո, ո՞վ բերավ ասոնք, Սահա՞կը:


Գ


Սա դեմի ելևէջավոր գիծը, որ հորիզոնը կը կտրե կը կտրտե, որ իր ատամներով կը խածնե երկինքը անսահման կապույտին մեջ` լեռներու շղթա մըն է դեպի հյուսիս վազող. իր ափափա կողերուն վրա տարածվող խիտ մթությունը, անթափանց սևությունը` անտառներունն է, աղջամղջային կանաչություն, որ գիշեր ատեն և լուսնի լույսով` թանձըր հեղուկե լիճի մը պես կը փայլփլի:

Ասդին` Իղմիտի ծովն է հետզհետե ամփոփված, նեղցած, սպառած, որուն տամուկ կապույտին մեջ լուսինը կիջնե վերեն, կը թաթխվի առանց իր պայծառությունը, հստակությունը մազի չափ կորսցնելու, և մանրուք ալիքների տարուբերումին հետ կոտրտած հայելիի բեկորներ կը ձևացնե, որոնք իրարու կը կցվին, իրարմե կը հեռանան, կը ցրվին, նորեն միանալու ու նորեն բաժանվելու համար:

Հոս` քարահատակ ճամփուն վրա` ձիերու շարք մը կը քալե հազիվ լռելի ոտնաձայնով մը, որ պայտերուն վրա փաթթված չուխայի կտորներով կը մեղմանա, ամբողջ կարավան մը ծխախոտ փոխադրող շրջակա գեղերեն. ու տասնի չափ տղաք կուգան քովեն հետիոտն, հրացանը ուսերնուն կախած, ատրճանակը մեջքերնին:

Հիմա լուսնին լույսը կիջնա ասոնց գլխուն վրա շիտակ, լուսավորելով և մատնանիշ ընելով այինկաճիներուն խումբը, որ չի կրնար ինքզինքը պաշտպանել այս լույսի վտանգավոր ողողումին դեմ. և հուշիկ կը քալեն աղետի մը նախազգացումով, ծառի խարշափյունին, տերևի մը կծկումին ուշադիր անձկությամբ լեցված. հետո կը վարժվին այս պայծառ լույսին, որ զվարթություն կը բերե հետը, և կը խոսակցին մեղմիվ.

- Քանի՞ օխա թյություն վերուցին Մահալլեեն:

- Հարյուր քսան:

- Ո՞ւր է Հակոբոսը:

- Առջևեն կերթա:

Միշտ առջևեն կերթար, մինակուկը ամեն վտանգի դեմ, ձեռքը մեջքի դաշույնին բունին, խորհելով իր եղբոր հետ հավանական հանդիպումին ճամփու մը վրա, ու այս գաղափարին` զգալով կսկիծ մը, սուր ցավ մը, որ սիրտը կը լեցներ, կոկորդեն կը բռներ և շնչահեղձ կըներ զինքը:

Պահ մը կը մտածեր թողուլ այս կյանքը, այս մշտնջենական վտանգի արհեստը, որ հիմա եղբայրասպան հանդիպումներու զարհուրանքով կը լեցվեր, որ իր նշանածը հարս չեղած, զայն այրի թողուլ կսպառնար ամեն վարկյան. և գլուխը կախ կերթար, մոռանալով կարավանը, որ կը հետևեր իրեն, որուն պահպանության հոգը իր պստիկ դաշույնին և իր մեծ սրտին վստահած էին:

Անտառը կը մտներ. ու լուսինն ալ կը խոնարհեր կիջներ իր բարձրութենեն անտառի ծոցը, ծառերուն սաղարթներուն երկարող վտիտ ընձյուղներուն վրա, որոնք իր սկավառակին մեջ կը մեխվեին, կարծես հոն անձնասպան ըլլալու համար նետվելով անտառին սուր ծայրերուն վրա, որոնք զինքը պիտի գիշատեին:

Հեռուն` լեռներեն իջնող ջուր մը երիզուտ ավազանի մը մեջեն վազելով կը խոխոջեր. գորտերը կը կռկռային, խռովելով գիշերվան լռությունը:

Առջի օրվան կորուստին կը խորհեր պահ մըն ալ, կը խորհեր գրավված ծխախոտին, զուր չէին կրցած փախցնել, և միտքը եղբորը կերթար ու ձեռքը` մութին մեջ ուժգին կը սեղմեր դաշույնին կոթը:


Դ


Առջի իրիկվան դեմ Սահակ Պերճուհին տեսավ եկեղեցիեն վար, Մեյտանին մեջ, ու քովը գնաց փախչելու ատեն չթողնելով անոր.

- Սրդողած ես հետս:

- Ե՞ս:

- Բարևս ինչո՞ւ չառիր, բարևը Աստուծո է:

Աղջիկը չխոսեցավ և հեռանալ ուզեց:

- Կեցի°ր, ատեն մը կը սիրեիր զիս, եղբորս հետ չնշանված դեռ, կը հիշե՞ս աղբյուրին քով խոսածներդ:

- Ես եղբորդ նշանածն եմ, մի° խոսիր հետս, ես այինկաճիի աղջիկ եմ:

Սահակ ձեռքը բռնել ուզեց, ու աղջիկը քաշվեցավ ետ:

- Այդչա՞փ գեշ մարդ եմ ես… Եթե գիտնայիր, որ մեկ խոսքովդ սիրտս կբանամ սա դանակով. իմ սերս ամուր է աս երկաթին պես, քուկդ… ծառի մը ոստին պես ամեն դի կը ծռի, պզտիկ եղբորմեն մեծ եղբորը, Սահակեն Հակոբոսին կը դառնա:

Պերճուհի թողուց, որ ձեռքը բռնե. իր առջի բարեկամին ձայնը կը շարժեր զինքը, տեսավ, որ արցունքի կաթիլ մը կը գլորեր անօր արևկեզ այտեն` մրոտած պերևեշտին վրա.

- Ո՞վ ըսավ որ քոլճի ըլլաս:

- Քեզի համար:

- Ես այինկաճիի աղջիկ եմ:

Ու քիչ-քիչ, իրիկնամուտին ստվերներուն մեջ մտերմացան նորեն, մշուշը պատեց իրենց առջի սիրույն վերդարձը. հետո Սահակ մեկնիլ ուզեց, ու աղջիկը չթողաց այս անգամ:

- Կեցի´ր, տե, քիչիկ մըն ալ:

Կեցան, չկրնալով համոզվիլ, որ հարկ էր իրար թողուլ. անցորդները պիտի գայթակղեին տեսնելով այս ժամուն այինկաճիին նշանածը սա քոլճիին քով. վախցան ու զատվեցան իրարմե:

Հիմա դեպի լեռը կերթար դեռ հմայված, կրելով հրապույրը իր առջի սիրած աղջկան, որ եղբորը նշանածը եղած էր. այս հինգ վայրկյանի խոսակցությունեն վերածարծված իր սերը կը զարհուրեցներ զինքը: Քաղքին զառիվայր տուները հեռվեն թավալգլոր կործանումի մը տպավորությունը թողուցին իր վրա: Ճամփան շարունակեց անտառին մեջ մխվելով հետզհետե. այս ծառերը իր պատանության, ուրախ զվարթ օրերու հիշատակները կարթնցնեն մտքին մեջ: Եվ անտառին վեհաշուք խաղաղությունը բարկացուց զինքը. վերել` տերևներու բացվածքեն արծաթ շառավիղներկը թափանցեին ներս, կիջնային գետնի դալարիքին ու մամուռներուն վրա, ուղղաբերձ լուսանյութ ծառի անթիվ կոճղերու պես. ձևացնելով երկու անտառ մեջ մեջի անցած մեկը, որ հողեն կը բուսներ ստվերամած գռուզ մազերու պես, ու մյուսը` երկինքեն եկող անհամար շողերու` որ ադամանդե սանտրի մը նման անոր մեջ կը մըխվեր:

Եվ փոխն ի փոխ մութ ու լույս, կարծր ու աննյութ գիծերու շարքը, որոնց մեջ կը քալեր հիմա, իր կյանքին անհարիր ճամփուն կը նմաներ ճիշտ. քանի մը ժամ առաջվան տեսակցությունը Պերճուհիին հետ` վերջին լուսավոր գիծն էր ուրկե անդին համակ աղջամուղջը կը տիրեր. եղբորդ նշանա՜ծը, վաղը գուցե անո´ր կինը… Իր միտքը պատող խավարը ա´լ ավելի կը թանձրանար, ու չլսեց կամ լսել չուզեց ձայնը, որ խորեն, հեռվեն պոռաց.

- Մի´ գար առաջ:

Ինքը շարունակեց հառաջանալ, անփույթ, անտարբեր, ծիծաղելով այս մութեն եկող հրամանին վրա: Հանկարծ ձայնը որոտաց նորեն սուր, կտրուկ:

- Կե´լմե:

Անտառը կրկնեց հրամանը, թավ, հաստ ձայնով, ջանալով արթնեցնել Սահակը, իրեն սպառնացող վտանգին անփույթ: Հետո ավելի ուժգին ձայն մը, զոր Սահակ ճանչցավ, եղբոր ձայնը.

- Կրա´կ:

Հրացանները պայթեցան տասը մեկեն, գնդակները սուլեցին` իրենց կարմիր շավիղներով ծակծկելով շուրջի մթությունը: Սահակ կեցավ ծառի մը բունին կռթնած, խաղամուծ մարդու մը խոնջենքով, դիտելով այն գնդակի թափթփուքները, որ իր չորս դին ինկան ու զվարճացուցին զինքը: Մեռնի՜լ. վախեցա՞ծ էր երբեք մեռնելե, և եղբորմեն եկող այս հարվածները փրկության մահ մը կը խոստանային իրեն. անոր ձեռքեն մեռնի՜լ. ի՜նչ հաճույք:

- Կրա՜կ,- հրամայեց այինկաճիին ձայնը, կրկնելով երկարելով անտառային խուլ ու մութ խորշերուն մեջ:

Ի՜նչ հաճույք եղբորը գնդակին հանդիպիլ, ու Պերճուհին…

Եվ գետին ինկավ Սահակ, կուրծքեն զարնված:


Ե


Ռեժին ամսական թոշակ հատկացուց Սահակի ընտանիքին, այինկաճիներու հետ կռվի մեջ մեռնելու համար, թոշակ մը, զոր Հակոբոս կը ստանա տարին մը ի վեր, հորմեհետե մայրը մեռավ տղուն կսկիծեն:

Պերճուհին սևեր հագնող աղջիկ մըն է որ չամուսնանար. իր նշանը ետ եղավ առանց պատճառը հասկցվելու:

<1892>