Jump to content

Այսօր (1900) (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այսօր
Պիտի գա՞ արդյոք

Այսօր


Ի՞նչ ես քիթդ կախել ու տրտմել, երկինք,
Իմ սիրտը քեզանից ամպոտ է այսօր.
Դու ձյուն-անձրև ես թափում, ես արյուն-քրտինք,
Իմ դեմքս քու դեմքից մթոտ է այսօր։

Քու արևդ է ամպերու տակ տառապում,
Իմ էլ հոգիս հոգսերու մեջ ճնշըվում.
Քու կայծահան ամպերդ չեն որոտում,
Իմ էլ գործս կաղ է անոտ է այսօր։

Դուն մայիսն ես հիշում, գարնան սիրահար.
Ես էլ մտածում եմ հայրենյացս համար.
Եթե քու սրտումդ արևդ է խավար,
Իմ էլ հոգիս տխուր, ժանգոտ է այսօր։

Եթե դու աստղերու համար կըհոգաս,
Ես էլ որդիք ունիմ վեց հատ նորահաս.
Եթե դու ցուրտ ձմռան ձեռքիցը կուլաս,
Ջիվանին էլ նույնպես խոցոտ է այսօր։

1900