Jump to content

Այս գիշեր (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս գիշեր
Պաղ աղբյուրի մոտ

Այս գիշեր


Մատրվակ, բե՛ր ինձ գինի տուր այս գիշեր,
Մորմոքում եմ, սիրտս է տխուր այս գիշեր.
Ինձ մի բանով ուրախացուր այս գիշեր,
Գոնե չանցնեն ժամերս զուր այս գիշեր:

Շնորհք արա, մի ձանձրանար, գեղանի.
Լեր իմ ցավիս դու ցավակից, գովանի.
Բեր, մատրվակ, բեր գինին հին մառանի,
Վառ կրակիս սրսկե ջուր այս գիշեր:

Տուր թևդ ինձ, գեղեցիկս, սիրունս,
Անվանդ հետ պիտի կապեմ անունս.
Արդեն գիտե՞ս, որ չի տանիր իմ քունս,
Ել զբոսնենք, օդն է մաքուր այս գիշեր։

Հոգույս հատոր, բա՛վ է կրեմ քո ցավը,
Գերիդ դառնամ ու վառվիմ քու կամավը.
Ինձ սիրո՞ւմ ես, թե ոչ, ասա իրավը,
Տուր ինձ շուտով վճռական լուր այս գիշեր։

Լուր իմ խոսքս, խնդրում եմ խոնարհաբար,
Մի այլայլիր, ես չեմ խոսում անկատար.
Եթե լինելու ենք մեկմեկու համար,
Արի կապենք պայման ամուր այս գիշեր։

1882