Անազնիվ, ստոր գործ չեմ կարող բռնել… (Ջիվանի)
Արտաքին տեսք
Անազնիվ, ստոր գործ չեմ կարող բռնել…
- * *
Անազնիվ, ստոր գործ չեմ կարող բռնել,
Կապել, կաշկանդել է խղճմտանքը ինձ,
Բախտի քվետուփից վիճակ եմ հանել,
Դուրս է եկել ահն ու հառաչանքը ինձ։
Նավից ընկած, ծովի հատակն եմ հասել,
Այս տեսակ օրերու չէի սպասել,
Գաղտնիքս ոչ ոքի չեմ կարող ասել,
Զսպել են պատիվ ու ամոթանքը ինձ։
Ջիվանս մնացի աշխարհից անտես,
Սև բախտը ինձանից դարձրուց երես,
Ժամանակից առաջ ծերացել եմ ես,
Մաշել են հոգսերն ու տառապանքը ինձ։
1898