Անաղմուկ՝ որպես գույնը մեռնող թիթեռի թևին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ճամփորդի ոտքին աչքեր են լինում Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ՝ Անաղմուկ՝ որպես գույնը մեռնող թիթեռի թևին

Վարդան Հակոբյան

Դու չե՞ս հոգնել հուշ լինելուց
ԱՆԱՂՄՈՒԿ՝ ՈՐՊԵՍ ԳՈՒՅՆԸ ՄԵՌՆՈՂ ԹԻԹԵՌԻ ԹԵՎԻՆ


Օրը երաշխավորը չէ օրվա։ Արցունքների տարեգրություն՝
սպառված մոմի շուրջ, կրնկակոխ ինձ հետեւում է
անիմանալին։
Ոչինչ հայտնի չէ առանց անհայտի։
Առանց անհայտի ոչինչ է հայտնին։

Համբուրում եմ փուշը, որ
վարդն անթերի է։
Երկրպագում եմ քարը, որ
հողը փխրուն է։
Ավազի համար վերածվում եմ ընթացքի, որ
ջուրն այնքան մաքուր է։
Եվ մոմ եմ վառում սպիտակի
առաջ՝ հանուն
սեւի կատարելության։
Հասունացումը մեր մեջ վերջակետում է մեզ, այսինքն՝
                                երեխան, որ դրսում խաղում էր,
չի վերադառնալու։ Եվ իրար գտնելու միակ պայմանը
կորցնելն է իրար։
Ջարդված կուժի աղջիկն՝ աղբյուրն առած ուսին,
                                       գալիս է տուն, իսկ
ամպերի տակ պահվող բարդենիները Աստծուց չեն քաշվում
այնքան թովչական լինել ու
գայթակղիչ։

Առանց ինքդ քեզ՝ ոչ մի քայլ մի արա։
Ջայլամը սեփական թեւեր ունի գոնե, առավել տխուրը
գլուխն ուրիշի թեւի տակ թաքցնելն է։ Իսկ
արագիլներն այս ամենին նայում են շատ
                                      սովորական, կամ՝
չեն նայում։

Տարին՝ տարու, սարը՝ սարի երաշխավորը չեն։
                                        Երեկ տխրության
դարակներում հանկարծ հայտնաբերեցի մանկության
                                        մեռած թիթեռը՝
հուշերի սարկոֆագում՝ եգիպտական փարավոնի
                                        շուք ու փայլով։ (Ո՞վ է,
այս մասին շարունակ մի երգ է շշնջում ականջիս տակ)։

Լեռը բանաձեւում է թախիծը չբացված հորիզոնների։
                                      Իսկ խաղաղությունը,
թշնամիներով շրջապատված մեր երկրում, մեր
                       ամենագլխավոր ճակատամարտն է։