Անապստան թիթեռներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Որտեղով էր քայլում Սիմոնը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Անապստան թիթեռներ)

Վարդան Հակոբյան

Վերջին կենացը
ԱՆԱՊԱՍՏԱՆ ԹԻԹԵՌՆԵՐ


Ես չեմ քայլում բոլորի մեջ, թեեւ դա չի խանգարում, որ
ամեն մեկն իր պահը խնայելով, իմ օրվա ժամը սպառի։ Եվ
քանի դեռ չես հրկիզվում տարածության մեջ, այն մշտապես
մնում է փակ։
Սաստիկ փակ։

Արեւի ճախրանքում տոհմակցվում են քար ու ծաղիկ։
Դուռը երբ ներսից են բախում,
դրսից ո՞վ է բացելու։ Եվ
ընկնելը երանություն է՝ երբ դու չես քո հենարանը։

Պահը տխրեցվում է
անապաստան թիթեռով։
Անքարության մեջ չաճող
ծաղիկ։ Արագընթաց սար։

Իմ բանաստեղծության առաջին բնորդուհին
մեր Մեծ ձորի գետակն էր, թիկնել էր՝ գլուխը
Լվացքատեղի քարերի վրա, մասրենու մի քանի
փուշ ու հուլունք՝
լուսափրփուր լանջին առած։

(Առագաստի նման բացվել է Չարենցի բառը, եւ սպասում եմ
ափին, ծով ելած Անահիտը մինչեւ հիմա չի վերադարձել։)

Երբ սենյակիս ծաղիկները սկսում են ավելի անզուսպ
բուրել, զգում եմ, որ քո գալու ժամանակը մոտենում է։

Ես քայլում եմ բոլորից դուրս։ Բայց եթե լինում է որձաքար,
ապա որն է ծաղկի էգը, կամ՝ արուն խոտի, կամ՝ մեռնելը
մութի, կամ՝ հարությունը լույսի...
                               Այստեղ խոսքս ընդհատվում է,

դառնում է ենթատեքստային մեղեդի,
վրան անսովոր մի ցուցանակ.
«Կողմնակի բառերին մուտքը խստիվ արգելվում է»։

Ես չեմ քայլում բոլորի մեջ, ես բոլորից դուրս եմ քայլում։