Անբախտ տատրակի պես խղճալի երգիչ… (Ջիվանի)
Արտաքին տեսք
Անբախտ տատրակի պես խղճալի երգիչ…
- * *
Անբախտ տատրակի պես խղճալի երգիչ,
Օրերդ անօգուտ, իզուր անցուցիր.
Միշտ ցավերդ բազում, ցնծություն՝ քիչ,
Համարյա կես կյանքդ խավար անցուցիր։
Կյանքդ ծնած օրիդ չտեսավ գարուն,
Բախտով ապերջանիկ էիր, երերուն,
Միշտ ցավով ճնշված, հոգսերով լեցուն,
Ասա, ո՞ր րոպեդ մաքուր անցուցիր։
Որ մեկ նեղությունդ պատմեմ բառ առ բառ,
Մեկ օր քո երեսդ չտեսա պայծառ.
Երբեմն օտարության լծի տակ թշվառ
Շատ օրդ առանց հաց, անջուր անցուցիր։
Հազար ութը հարյուր յոթանասունհինգ
Թվույն դու ստացար դառ մահվան քրտինք.
Ապրիլ ամսոց հոգիդ համբարձավ երկինք,
Հիսունչորս տարի կցկտուր անցուցիր։