Jump to content

Անգործը (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անգործը
Պիտի գա՞ արդյոք

Անգործը


Մարմընով ողջ, գործով մեռած
Մարդը ինչո՞ւ է հարկավոր.
Շարունակ մտքի տակ ընկած,
Ման է գալիս ոլոր մոլոր։

Ով գործ չունի, շատ տխուր է,
Երեսը պաղ և անդուր է,
Անգործ մարդը ժանգոտ թուր է,
Ետ ընկած երկաթի կտոր։

Ունի եռանդ և ունի ջանք,
Անբախտ է, չունի աշխատանք,
Ուտել, հագնել կուզեն նրանք,
Որդիք ունի մանր, խոշոր։

Ո՞ւր դիմե, ի՞նչ անե խեղճը,
Որ տունը պահպանե խեղճը,
Վերջն իրան կսպանե խեղճը,
Գետին կընկնի թավագլոր:

Ջիվան, կյանք է գործը որ կա,
Մարդուն նորից հոգի կուտա,
Թշնամիս անգործ չմնա,
Անգործ մարդն է դատարկ սափոր:

1904