Jump to content

Անգութ սիրուն (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անգութ սիրուն
Պաղ աղբյուրի մոտ

Անգութ սիրուն


Անգութ սիրուն, ես քու ձեռքիդ տկար եմ,
Հարվածելով նորից տկար մի անիլ.
Ես ոչ բերդ եմ, ոչ էլ ապառաժ քար եմ,
Ամեն անգամ գնդակահար մի անիլ:

Արի, սիրուն, ինձ հետ սիրուն կյանք վարե,
Բայց այժմյան արարքդ շատ անհարմար է,
Քու մեկ տված ցավդ տանիլ դժվար է,
Իզուր տեղը ցավս հազար մի անիլ:

Թոքերուս մեջ մտավ լեզվիդ սլաքը,
Նսեմացավ մտքիս փայլուն ճրագը,
Ցավը կողոպտել է սրտիս ճրագը,
Մնացածն էլ ինքդ ավար մի անիլ:

Ջիվանս քա՜նի մի կոտրածդ շինեմ,
Ցաված զգացումով երգեր հորինեմ.
Մեկ օր բարկանալով կփոխարինեմ,
Ինձ էլ քեզի նման հիմար մի անիլ: