Անզուգական մարդը, լեզվաբանը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հավերժական թռիչք՝ դեպի կրակը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ե (Անզուգական մարդը, լեզվաբանը)

Վարդան Հակոբյան

Մաքառման խորհուրդը

ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ՄԱՐԴԸ, ԼԵԶՎԱԲԱՆԸ

Տեսակի խնդիր է մանավանդ՝ տեսակն էլ իր տեսակն է ունենում։ Ամեն ինչ Աստված է ստեղծում, բայց մեկ էլ տեսնում ես ընդհանուրի մեջ մեկն իր շուք ու փայլով, բույր ու գեղեցկությամբ առանձնացավ, եզակիացավ։ Թե ծառերի մեջ է, Արցախում ասում ենք՝ շահ ծառ, թե վարդերի մեջ է, ասում ենք՝ շահ վարդ, թե աղբյուր է՝ շահ աղբյուր... Տոհմիկ տումեցի Գյանջում ապոր որդի Աբրահամյան Սերգեյին ասում են շահ մարդ, այսինքն` մեծ, հզոր, արքա։ Եվ այդ արքայականը նրա մարդկային մեծ հոգու եւ սիրո մեջ է։ Չէ՞ որ շահ հոգի ու շահ սեր է լինում։ Օրինակ, Համո Սահյանը բարի նախանձով է նշում, թե Չինգիզ Այթմատովն ինչ անպարփակելի սիրով է սիրում իր հերոսներին։ Մեծ սերը մեծ գործեր է ծնում։

Այնպես որ, Սերգեյ Աբրահամյանն էլ «փոքր» գործերով չի բավարարվում եւ ժողովուրդը փոխհատույց է լինում շահ-մարդուն շահ սիրո՜վ։ Թող ներվի, Սերգեյ Աբրահամյանը վերջապես դեն նետեց նաեւ խիստ հայկական «գնա մեռիր՝ արի սիրեմ»-ը, եւ վերջերս Արցախում ամենափառաբանված Տումիի միջնակարգ դպրոցը կոչվեց Սերգեյ Աբրահամյանի անվամբ՝ Սերգեյ Աբրահամյանի տաքսիրտ ներկայությամբ։ Ժողովուրդն այդպես կամեցավ։ Ազնվագույն կավից է Տերը թրծել նրան։ Ահա թե ինչու անզուգական լեզվաբանին, Մարդուն, շահ հային հիշելիս (իսկ ե՞րբ ենք մոռանում որ), ամեն մեկիս շուրթերը ջերմ գորովանքով են շշնջում նրա անունը։ Եվ փառք տանք Տիրոջը, որ արցախյան երկարակեցությամբ եւս փայլի ժողովրդի մեծ նվիրյալը, իր տեսակի մեջ՝ անկրկնելին։