Անհակառակորդ առարկա չկա (Ջիվանի)
Արտաքին տեսք
Անհակառակորդ առարկա չկա
Ամեն Հոմերոս մեկ Զուլոս ունի,
Ամեն Մովսես՝ մեկ հատ փարավոն ուժեղ.
Ամեն կոկորդիլոս մեկ հիլոս ունի,
Ամեն գեղեցկուհի՝ մեկ կոպիտ տգեղ։
Ամեն երգող Դավիթ մեկ Սավուղ ունի,
Ամեն ծառ էլ դառն, խակ պտուղ ունի.
Ամեն հոյակապ տուն մեկ հատ խուղ ունի,
Ամեն բարոյախոս՝ մեկ ափեղցփեղ։
Արեգակի դեմ էլ սև-մութ ամպեր կան,
Սոխակն էլ ագռավին ունի ախոյան.
Օձն էլ ոզնու ձեռքից միշտ լաց ու կական
Անելով մեռնում է, անճար ու անդեղ։
Նավ չկա, որ թարթառից չվախենա,
Ծով չկա՛, որ կոհակ՝ ալիք չունենա.
Բարձր սարի գլխին միշտ ձյուն կըտեղա,
Մեծ մարդկա՛նց կըդիպչի հարվածը զորեղ։
Ամեն Ջիվան ունի մեկ ծեր դիմադիր,
Առանց երկրաշարժի չկա մի երկիր.
Սև ունի յուր դեմը ամենայն կարմիր,
Փոխան ուրախության սուգն է բռնում տեղ։
1896