Jump to content

Անձկալի (Ջիվանի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անձկալի
Կուգան ու կերթան

Անձկալի


Այսքան տարի դու ննջեցիր, բա՛վ է, բա՛վ
Տխրությունդ սիրողներուդ ցա՛վ է, ցա՛վ,
Արևն եկավ քո գլխիցդ անցկացավ,
Զարթիր, զարթիր, ի՛մ աննման անձկալի,
Տեսությունդ է ամենուս ցանկալի։

Գարունն եկավ, ձմռան դուռը գոցվեցավ,
Սպասելով մեր սրտերը խոցվեցավ,
Գիշերն անցավ, առավոտը բացվեցավ,
Զարթիր, զարթիր, ի՛մ աննման անձկալի,
Տեսությունդ է ամենուս ցանկալի։

Աղաչում եմ, խնդրում, մայրիկ, արթնացի՛ր,
Քու արարքիդ, դո՛ւ ամաչիր, դու երկիր,
Քույրերիցդ ողջիցը ետ մնացիր,
Զարթիր, զարթիր, ի՛մ աննման անձկալի,
Տեսությունդ է ամենուս ցանկալի։