Jump to content

Անձրևը...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անձրևը...

Մթին սարերի ամպերից, կապույտ ձյուներից և սառը աղբյուրների ակունքներից գլոր-գլոր իջնում է Ձորագետը, գարնանը՝ հեղեղների աղմուկով, ամառվա տապին՝ զով կոհակներով և աշնանը՝ դեղնակարմիր տերևներով, որ հավաքում են ջրերը ձորերում։ Հետո ջրերի վրա, նուրբ ծանրանում է ցուրտ մառախուղը, և լոռեցիների բարձր աշխարհում մաղում է ձյունը։

Տխրություն, ահ, լեռնային երկրի երկա՜ր ձմեռ...

Արդեն տերևաթափ են թզենիները։ Անտառում երևում են հացենի ծառերը նարնջագույն տերևներով, կաղնիները՝ բաց դեղին և կարմիր տերևներով տանձիները, որոնց շուրջը չոր խազալի վրա գիշերում է մի գազան։ Ծառից ընկնում են տերևները, ահավոր կանչում է կույր մոշահավը և բոլորովին մոտիկ, դեղնած սաղարթի մեջ փայտահարը կտուցով թմբկահարում Է կեղևը։ Անտառում մառախուղ է, կաթում է խոնավությունը մամուռների վրա, ծառերի վրա և քարափների լանջին։ Մի խանգարված մատուռի առաջ դեռ մխում է չոբան Սաբոյի կրակը։ Ես զգում եմ ոչխարների՝ անձրևից տաքացած բրդի հոտը։ Հետո իրար եմ հավաքում կրակը և մոխիրների տակ կարդում գերեզմանաքարի երկաթագիրը՝ «Երեմիա սուրբ ծերունի»... Խշշում են քարափի ուռիները։ Բարձրերում բուք կա, և լեռնային բադերը մառախուղի միջով իջնում են դեպի տաք ձորերը։

Ահա քարանձավը... Նստել է որսկան Չատին, ոտքերի առաջ եղջերուն փռել է բարակ վիզը և սառած աչքերով նայում է գորշ մշուշին։ Քամուց ծփում է որսկանի սպիտակ միրուքը, նրա ոտքերի վրա բուսել է մամուռը։ Կարմիր մասուրներ կան մատների վրա։ Նա նայում է ինչպես եղջերուն, չզիտես խեղճ աղերսով, թե անբարբառ աղոթքով։ Գուցե խարույկ է եղել նրա մոտ։ Վառել է չիբուխը խարույկի կրակից, և գիշերվա ահից կուչ եկած թուխ մանուկներին պատմել քարանձավներում քրքջացող այսերի[1] և մարդագող ալքերի[2] հեքիաթը, երկար, ինչպես լեռնային երկրի ահավոր ձմեռը։

Գվվում է ձորը անհայտ աղմուկից, դողում է գետինը, դողում են ծառերը և տարափով տեղում աշնան անձրևի ծանր կաթիլները։

Գվվում է քարանձավը, և լսում եմ մի ձայն, որ արձագանքի պես հնչում է մութ փչակից.

...Էս խոր ձորերում

էս է՝ չորս քսան տարիս լրացավ,

Ոչ մի խնդություն տեսա իմ օրում,

Ոչ էլ մի անգամ աչքս լիացավ։

Խշշում են մասրիները, որ բուսել են քարափի լանջին, որոնց խառնվել են այն տեսիլք ծերունու մեռած մազերը։ Հետո աղմկում է ամբողջ անտառը, քամին է շառաչում և հողմահալած մառախուղը կորչում է փչակներում, մթին քարանձավներում։ Կաղնիների բաց դեղին սաղարթի միջից աշնան արևը լուսավորում է փափուկ արահետները։

Խաղաղ խնդությամբ իջնում եմ գետափը։

Վերևում՝ քարանձավների առաջ, մնացին այն լուսերես ծերունիները, որոնք ապրեցին «ամեն մեռնողին երանի տալով», ոտքերի առաջ մի մեռած եղջերու...


* * *

Գետը։

Գետի վրա, պողպատյա լարերից կախված օրորվում է մի կամուրջ։ Այն ափին բարձրացել է հիդրոցենտրալի բազմահարկ շենքր, որի վիթխարի ապակիներն արտացոլում են Լոռու ձորի ժայռերը, անտառը, ավերակ մատուռը և այն երեք տունը, որ ծվարել են քարափի գլխին։

Շենքի ներսը՝ այս ձորերին անծանոթ եռուզեռով խլրտում են մարդիկ, որոնք հերոսական ջանքերով և դժվար զրկանքներով հաստատեցին լույսի այս ամրոցը։ Ահա երկաթակուռ բետոնի անկործան և անփոփոխ հունով, Ձորագետի ջրերը բարձր ժայռից իջնում են ծանր տուրբինների վրա։ Ամեհի թափով պտտվում է սյունը, հարյուրավոր մեքենաներ դարձ են անում, ռիթմով դառնում և վերևի ընդարձակ դահլիճում գեներատորը երկնում է հազար-հազար կիլովատ։

Մեքենաների ժխորի մեջ լսում եմ տարիների համառ աշխատանքի պատմությունը - երեք ագրեգատ, յուրաքանչյուրը մի քանի հազար ձիու ուժ... բացի այդ՝ մի պեյլտոն ագրեգատ...։ Օդային ֆիդերները տանում են այդ ուժը դեպի պղնձաձուլարանները, դեպի ցիանամիդի և գրանիտի գործարանները, դեպի Ստեփանավան։ Հետագայում մի գիծ կմիանա Քանաքեռի հիդրոկայանին, իրար կմիանան Լենինականը, Երևանը և հիմք կդրվի Հայաստանի էներգետիկ հզոր հանգույցին։

Զվարթ աղմկում են մեքենաները, և դժվար է լսվում այդ պատմությունը։ Բաց պատուհանից ներս է մտնում անտառի գաղջ[3] բույրը և նոր ներկած վահանների հոտը։

Մեկը կանգնել է ամպերոմետրի մարմարե տախտակների մոտ և ուշադրությամբ նայում է պղնձե սլաքների ընթացքին։ Նա երբեմն բաց պատուհանից նայում է դիմացի լեռներին, անտառին և այն երեք տանը, որ կուչ են եկել քարափի գլխին։

Նրա կապույտ աչքերից, նիհար և բարձր հասակից երևում է այդ լեռների մարդը, անբան հովիվների շառավիղը՝ լոռեցի բանվորը։ Ոչ ահ կա սրտում, ոչ խոնարհ վախ աստծուց, թավադից[4], չարքից ու չարչուց։

Լոռու ձորում կնստի ձմեռը, և ծմակներում կոռնա քաղցած գազանը, հոտոտելով նա կհասնի մինչև քարափի եզրը և ահից ետ կդառնա, երբ տեսնի լույսերով ողողված ձորը։

Ձմռան գիշերը լուսավոր դահլիճում մարդը կլսի մեքենաների զվարթ աղմուկը, ապա նոր ճանապարհներով կդառնա տուն և իր թուխ մանուկներին կպատմի, որպես մի առասպել, այն ժամանակները, երբ քար ու քարափների վրայով, մեջքը կքած, մեջքից ծանր բեռ բարձրանում էր լոռեցին իր գյուղը՝ խավարի ու աղքատության մագիլներում։ Այն ժամանակները, երբ «մի տուն լիքը մանուկներ» ահով էին լսում և բուքի ոռնոցը, և պարտքատիրոջ ոտնաձայնը... Ապա կանցնի նորոգ օրերի պատմությանը, երբ Լոռու ձորում մի խեղճ Չատի սպանեց թավադին և «ղակոնը» նրան քշեց Սիբիր։ Կավանդի և հերոսական նոյեմբերը, որպես նոր պատմության սկիզբ, կպատմի և նրանց մասին, որոնք այս ամայի ձորում բարձրացրին լույսի առաջին ամրոցը... Դուրսը մաղում էր բարակ անձրև ջրերի վրա, արահետների վրա և դեղնակարմիր անտառի վրա...

Այն կապուտաչյա լոռեցին մերթ նայում էր պղնձե սլաքներին և մերթ արահետին, որով մի օր իջավ քարափի գլխիս ծվարած տներից և այստեղ, այս նոր ամրոցի կառուցման հետ, նրա ներսն ամրացավ մի նոր հավատ, նոր բարբառ...

* * *

Ես նայում եմ նրան և հիշում իմ երկրի հին պատմությունը։

Քարերն ու մագաղաթներն ավանդում են նրա քաղաքների կործանումը և սուր, և գաղթ։

Ինչպես մի եղեգն՝ նախ խոնարհել է գլուխը հողմերի առաջ և խաղաղության ժամին նորից հառնել։ Նա սարսափահար փախել է իր գյուղերից, ինչպես նախիրը հրդեհվող անտառից, ապա տուն է շինել քարափների վրա, և անձրևախառն քամին ծեծել է նրա հողաշեն խրճիթը։

Մեր երկրի ժայռերի վրա հաղթողները սնապարծ ոճով փորագրել են ավարառության և կողոպուտի պատմություններ, իսկ խավար խուցերում պատմագիրը հորինել է նույնքան սնամեջ[5] առասպելներ հին փառքի մասին։

Ռամիկն անմռունչ պառկել է խանի, թավադի և սպիտակ ցարի մտրակի տակ, երբեմն ըմբոստացել, որպեսզի մյուս օրն ապավինի իր տխուր երգերին և նորից քաշի հին լուծը։ Նա հերկել է ուրիշի հողը, սերմել է արյուն-քրտինք, իսկ առյուծի բաժին առել են ռեսը[6], վանքը և ռուբլու արքան։

Նրա գորշ հյուղերի վրա երկինքը մաղել է տրտմության անձրևը։

Ես նայում եմ այս նորոգ մարդու աչքերին և կարդում նոր պատմությունը։ Դեռ ինչպիսի շենքեր պիտի բարձրանան մեր լեռների լանջերին և ձորերում, ինչքան քաղաքներ պիտի հասնեն տափարակների վրա և զվարթաձայն հնչեն կառուցողների նոր երգերը։

Երկրի և մարդկանց վրա, հերկած հողերի վրա, իջնում է աշնան բարեբեր անձրևը...

1932 թ.

Տողատակեր

[խմբագրել]
  1. այս - դև, չար ոգի
  2. ալք (պարսկ․) - առասպելական գազան՝ կանացի զզվելի կերպարանքով
  3. գաղջ - խոնավ, գոլ
  4. թավադ - մեծավոր
  5. սնամեջ - դատարկ
  6. ռես - գյուղի ավագը