Jump to content

Անճոռնի բադիկը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անճոռնի բադիկը

ԱՆՃՈՌՆԻ ԲԱԴԻԿԸ

Հ Ե Ք Ի Ա Թ


Ամառուայ ամենաթունդ ժամանակն էր: Որքա՜ն հրաշալի էին այդ ժամանակ քաղաքից դուրս եղած տեղերը։ Ցորենի արտերը դեղնին էին տալիս, հաճարինը՝ կանաչին. ծաղկաւէտ չայիրների խոտն արդէն հաւաքել էին դէզեր դրել, կռունկն էլ զբօսնում էր այդտեղ իր երկայն ու սիրուն ոտներով և բլբլում եգիպտերէն, որովետև այդ լեզուն էր սովորել իր մայրիկից։

Արտերի ու չայիրների չորս կողմից ձգուած էին մեծամեծ անտառներ, իսկ անտառների մէջ կային խոր խոր լճեր։ Արևի ամենաշատ այրող տեղը մի հին դաստակերտ կար, չորս կողմը պատած բաւական խոր առուով: Առուի և շինութեսն մէջ տեղը եղած տարածութիւնը բոլորովին ամայի էր։ Այդտեղ տեսակ տեսակ փշաթուփեր և ժանգալներ իրար խառնուած մի այնպիսի զալենկուտ էին շինել, որ մարդ չէր կարող միջովն անցնել։ Այստեղ ահա պատսպարուել էր մի ջահել բադ և թուխս նստել մի քանի ձուաների վրայ։ Խեղճը ձանձրացել էր շատ նստելուց և սպասում էր անհամբեր, թէ երբ պիտի դուրս գան իր ճուտիկները: Հազիւ էր պատահում, որ իր ծանօթ բադերից հիւր գային մօտը. նրանք աւելի լաւ էին համարում առուի մէջ լողանալ շարունակ, քան թէ երթալ փշաթուփերի մէջ նրա հետ զրույց անել:

Վերջապէս ձուաները միսը միւսի ետևից, ճեղքճղքուեցին և բադիկները նրանց միջից հանեցին գլխիկները և դուրս պրծնելով՝ զարմացած նայեցին իրանց չորս կողմը: Մայրը չէր խանգարում, որ նրանք նայեն կանաչ խոտ ու թուփերին, որովհետև կանաչ գոյնը առողջարար էր նրանց աչքերի համար:

—Ո՜ւհ, ինչքա՜ն մեծ է այս աշխարհքը,— ասացին ձուից նոր դուրս եկած բադիկները։

Իրաւ, որ հիմա աւելի մեծ տեղ ունէին, քան թէ երբ կուչ եկած էին իրանց ձուերումը։ —Դուք կարծում էք հենց ա՞յս է մեր բոլոր աշխարքը, ոչ, ձեր տեսածից աւելի է մեծ, —ասաց մայրը,— այնքան մեծ է, որ տարածւում է՜, մինչև պարտէզի միւս կողմը, և հասնում է, հրէ՜ն, մինչև այն տափը, որ այստեղի տէրտէրինն է։ Ես դեռ ոչ մէկ անգամ այնտեղ չեմ եղած, շատ է հեռու, է՜, որտեղ է հա՛... Այստե՞ղ էք արդեօք ամենքդ էլ, հարցրեց մայրը և ուզեց տեղիցը վեր կենալ, մէկ էլ տեսաւ, որ մեծ ձուն դեռ չէ բացուել, կրկին նստեց քրթմընջելով.—Ա՜խ, բա ե՞րբ պիտի վերջանայ. ես յոգնեցայ բոլորովին. զահլէս գնաց, էլ սիրտ չը կայ:

Այս միջոցին նրան այցելութեան եկաւ մի պառաւ բադ և հարցրեց.

—Հը՜, ի՞նչպէս է առողջութիւնդ, լաւ բօլ նստեցիր, Աստուած ապաշխարանք համարի:

—Է՜հ, ի՞նչ առողջութիւն, մօքիր, կրակն եմ ընկել մի ձուի ձեռքից, ի՞նչքան ժամանակ է նստած եմ վրան, յամառուել է, չէ ուզում դուրս գալ։ Բայց նայիր արդէն դուրս եկած երեխոցս, տես ի՛նչքան սիրուն են, ես դրանց նման սիրուն բադիկներ չեմ տեսած, ամենքն էլ իրանց հօրն են քաշել, ասես թէ նրա հետ մի խնձոր ըլեն կէս արած։ Բայց է՛ս-է՛ս-է՛ս նիրաւը ցաւ է դառել գլխիս, չէ դուրս գալիս:

—Աբա մէկ թող տեսնեմ այդ ինչ ձու է, որ չէ ուզում բասցուիլ, ասեց պառաւը, և երբ որ տեսաւ, բացականչեց.

—Վո՜ւյ իմ աչքին, էս խօմ հնդուհաւի ձու է: Մէկ անգամ` ինձ էլ է պատահել էսպէս բան: Դուրս գալուց յետոյ աւելի պիտի տանջուիս: Ախըր էդ անպիտանները ջրից վախենում են, որ սպանես՝ ջուրը չեն մտնի։ Չէ՛, հոգիս, աւելի լաւ կանես, որ հենց հիմիկուանից ձեռք վերցնես դրանից և միւսներին տանես ջուրը, լող տալ սովրեցնես։

—Չէ՛, մօ՛քիր, մե՜ղք է. այսքան ժամանակ նստել եմ, էլի կը նստեմ մի քանի օր, ո՛վ գիտէ, կարելի քու ասածը չէ։

—Ինչպէս կամենաս, ասաց պառաւ բադը և գնաց:

—Վերջապէս մեծ ձուն ճեղքուեց և միջիցը դուրս եկաւ մի բադիկ, բայց միւսներից մեծ ու տափակ։ Մայրը նայեց վրան և բացականչեց.

—Ո՜ւհ, ամմա մեծ է... Եւ իմ երեխոցս ոչ մէկի նման չէ, չը լինի՞ թէ ըղորդ հնդուհաւի ճուտ է: Ա՛յ, ես հիմա կը տեսնեմ. հիմա կը տանեմ ջուրը. թէկուզ սատկի, ես սրան կընկղմեմ ջրի մէջ:

Միւս օրը եղանակը շատ լաւ էր։ Մայրը հաւաքեց բոլոր ձագերին և նրանց հետ ուղեւորուեց դէպի առուն։ Ինքը ցատկեց ընկաւ ջուրը և այնտեղից կանչեց ձագերին, որ իրան հետևեն։ Ձագերը մօրն սպասեցնել չը տուին, իրար ետևից ընկղմուեցին ջրի մէջ։ Նրանց գլխները թրջուեց ջրումը, բայց շուտով դուրս հանեցին և ջրից բարձր պահելով սկսեցին լոլ տալ իրանց մօր նման: Վերջնածին խոշոր բադիկը նրանցից յետ չը մնաց, նա լող տուաւ միւսներից աւելի լաւ:

—Չէ՛, սա հնդուհաւի ճուտ չէ, ասաց մայր.— տես ի՛նչպէս լաւ է բանեցնում ոտները, ի՜նչպէս ուղիղ է բռնում իրան։ Չէ, սա թէպէտ ու մի քիչ անճոռնի է, շատ է խոշոր ու տափակ, վիզն էլ մի քիչ աւելի է երկար՝ բայց ինչ կուզի լինի իմ հարազատ զաւակս է։ Չէ՛, ո՞վ կարող է ասել, որ սա անճունի է. ընդհակառակը, մինչև անդամ գեղեցիկ էլ է, պէտք է միայն լաւ նայել վրան։ Այսպէս ինքն իրան սիրտ տուաւ մայրը և միամտուեց, որ իր ձագուկն անճոռնի չէ։

—Դէ հիմա հետս եկէք, երեխէք, ես ձեզ կը տանեմ մեր մեծ հաւանոցը, կը ներկայացնեմ միւս բադերին, կը ծանօթանաք ամենի հետ: Միայն կշտիցս չը հեռանաք, միշտ մօտս կացէք, որ ոտքի տակ չը ընկնիք. մէկ էլ՝ զգոյշ կացէք կատուներից: Նրանք սուր սուր ճանկեր ունին և սուր ատամներ, երկայն պոչ, պլստրան աչքեր:

Այսպէս մայր ու ձագեր լնգլնգալով հոսան հաւանոցի բակը: Այստեղ մեծ աղմուկ կար. երկու գերդաստան մէկ տեղ հաւաքուսծ կռիւ են սկսել իրար հետ և կտցահարում էին միմեանց մի օձաձուկի գլխի համար, որ խլում էին իրար կտցից. վերջը կատուն վրայ հասաւ և նրանց կռուից օգուտ քաղելով խլեց ու փախցրեց։

—Տեսնո՞ւմ էք, այսպէս են ապրում ահա աշխարքումս,— ասեց մայրը բադիկներին, և ակեց կտուցը սրել գետնին քսելով, որեթէ մի բան գտնուի՝ պատրաստ լինին կտցել։—Է՜, եկեք ետևիցս, և երբ կը մօտենաք ահա այն պառաւ բադին՝ ցածրացրէք զլուխներդ և բարև տուէք։ Դա ամենից ազնուատոհմն է այստեղի բադերի մէջ. դա սպանիական ցեղից է, էնդուր էլ այնպէս հաստ է։ Տեսնո՞ւմ եք, նրա ոտին կարմիր չիթ կայ կապած, դա ամենից մեծ զարդն է և ամենամեծ նշանը, որպիսին կարող է ստանալ բադը: Այդ նշանն ունեցողը չի կորչիլ. ամենքն էլ նրան կը ճանաչեն և կը զանազանեն միւսներից: Դէ՜հ, եկէք, ոտքերնիդ մէկ մէկով մի գցէք, փոխեցէք լայն լայն, մէկը միւսից հեռու, ինձ պէս ահա, տեսէ՜ք... Դէ՛, գլուխ տուէք, ասեցէք՝ ռա՜ֆ:

Բադիկները կատարեցին մոր հրամանը: Միւս բադերը նայեցին նրանց վրայ և ասացին բարձրաձայն.

—Սրանք էլ ո՞րտեղից լոյս ընկան, իբր թէ մենք քիչ էինք, նոր ուտողներ աւելացան: Եւ ի՜նչքան անճոռնի է այդ մէկը, նայեցէք, նայեցէք, փի. ինչի՞ նման է. մենք դրան չենք ընդունիլ մեր մէջ։

—Եւ մէկը նրանցից մօտեցաւ տգեղ բաղիկին ու նրա վզիցը մէկ պինդ կծեց։

—Ի՞նչ ես ուզում դրանից, բարկացաւ մայրը. քեզ հօ մի բան չարաւ այդ խեղճը։

—Շատ լաւ եմ անում, ասեց կծողը,— բա ինչո՞ւ դա էլ մեզ նման չէ, դրան պէտք է մի լաւ քոթկել...

Աւելի քաղաքավարի էր ոտնանշան ունեցող պաւաւ բադը. նա մտիկ արաւ ամենքն էլ և ասեց. —Շատ սիրուն են երեխեքըդ, բացի ահա այս մէկից. սա անյաջող է դուրս եկել, սրան պետք է շտկել։

—Ո՛չ, հարկաւոր չէ, ձերդ պայծառափայլութիւն,—ստեց մայրը,— իրաւ է, մի քիչ տգեղ է երևում, բայց շատ բարի է, շատ հնազանդ. իսկ ջրումը լող է տալիս ամենքից էլ լաւ։ Ես հաւատացած եմ, որ տարիքի հետ կը գեղեցկանայ և կը փոքրանայ, այդ մեծութիւնը չի ունենալ։ Դա շատ երկար մնաց ձուի մէջ, էնդուր էլ այդպէս դուրս եկաւ։

Այս ասելով մայրիկն սկսեց անճոռնի թուացող ձագուկի վիզը քորել, փետուրները ողորկել։—Մէկ նայեցէք, սրա ի՞նչն է պակաս, մանաւանդ որ սա հարիկ է և ոչ մարիկ, ուրեմն շատ էլ հարկաւոր չէ որ գեղեցիկ լինի: Ժամանակով շատ ուժեղ կը լինի, հիմիկուանից ցոյց է տալիս իր շնորչքը:

—Է՜հ, վնաս չունի, ասեց պառաւը.— միւս երեխեքըդ գեղեցիկ են։ Դէ Տիմա պըտըտեցէք այստեղ, տունը ձերն է, եթէ օձաձուկի գլուխ գտնէք՝ ինձ իմաց տուէք...

Ամենքի համար լաւ էր այստեղ, բայց ոչ անճոռնի բադիի համար. նրան տանջում էին շարունակ ոչ միայն բադերը, այլ և հաւերը։ Որը կծում էր խեղճին, որը կտցահարում, որը չանգռում. ամենքն էլ իրանց չարութիւնը նրա վրայ էին թափում։ «Այսպէս զռփի ճուտ կը լինի՜. սա որ տարիքն առնի՝ մեզ ամենիս կուտի», ասում էին ամենքը։ Իսկ Կալկաթայի որձակը (հնդուհաւ) որ ահագին խթաններ ունէր ոտների վրայ և սրա համար ինքն իրան սուլթան էր համարում՝ սկսեց ուռչիլ ինչպես մի փչած ռումբի, և ձայնի բոլոր ուժովը որոտաց՝ «կրա՜-կըլի-կլու-կլօ՜», որով ուզեց ասել՝ այս հրէշը ո՞րտեղից է լոյս ընկել։

Այսպէս անցաւ առաջին օրը, իսկ միւս օրն աւելի վատ եղաւ նրա համար։ Ամենքն էլ սկսեցին հալածել խեղճ բադիկին, իսկ քոյրերն անգամ բարկանում էին վրան և անիծում, ասելով.

—Կատվի ճանկն ընկնես դու, հրէշ, քեզ պէս եղբայր չունենանք...

Մայրը չը կարողանալով նրան պաշտխանել ամենի յարձակմունքից, ինքն էլ սկսեց յարձակուիլ վրայ՝ ասելով «Հեռացիր մեզնից, գնա մի թաքուն տեղ մտիր, որ քեզ չը տեսնեն»։ Բադերը շարունակում էին կծոտել. հաւերը ծեծում էին, թռչունների համար կուտ բերող աղջիկն էլ չէր հաւանում նրան և ամեն կուտ տալիս՝ ոտքով մի կողմ էր հրում նրան։

Այսպէս շատ որ նեղացրին խեղճ բադիկին՝ նա հեռացաւ միւսներից և թռաւ ցանկապատի միւս կողմը։ Այնտեղ փոքրիկ թռչուններ կային, նրանք բադիկին որ տեսան, այնպէս վախեցան՝ որ թռան իսկոյն։ Բադիկն այդ նկատեց և ասաց ինքն իրան. «Ի՜նչքան անճոռնի եմ, որ ամենքն էլ են զզւում ինձանից և փախչում». և նա շատ տխրեց, բայց էլի շարունակեց մինչև հասաւ մի մեծ ճահճի, որ վայրենի բադեր էին կենում։ Այսպես նա մնաց մի ամբողջ գիշեր, որովհետև շատ էր բեզարել։

Առաւօտը վայրենի բադերը զարթնեցին և իրանց մօտ տեսան մի նոր ընկեր։ «Դու ի՞նչ թռչուն ես», հարցրին նրանք։ Բադիկը շուռ ու մուռ եկավ դէպի ամեն կողմ և խոր գլուխ տուաւ ամենքին։— Դու շատ անճոռնի ես, ասացին վայրենի բադերը, բայց այդ մի և նոյն է մեզ համար, մենք քեզ կը պահենք այս պայմանով միայն, որ դու մեզանից աղջիկ չուզես։

Խեղճ բադիկի մտքովն անգամ չէր անցնում աղջիկ ուզելը. նա ուզում էր միայն, որ իրան թոյլ տան բնակելու եղեգնուտի մէջ և խմել ճահճի ջրից։ Երկու օրից յետոյ մեր բադիկի մօտ եկան երկու վայրենի սագեր, որոնք իր նման դեռ նոր էին ձուերից դուրս եկել։

—Լսիր մեզ, ընկեր, ասացին նրանք բադիկին,— դու այնքան ոչինչ բան ես, որ մեզ չես կարող մի վնաս տալ։ Կուզե՞ս մեզ հետ թռչել և դառնալ չուող թռչուն։ Այստեղից մօտիկ մի ուրիշ ճահիճ կայ, որտեղ կենում են շատ սիրուն սագուհիներ, նրանցից մէկը կառնես և կը բախտաւորուիս, չը նայած որ դու այդպէս անճոռնի ես։

Սագիկները դեռ իրանց զրոյցը չէին աւարտել, որ մէկ էլ յանկարծ պա՜ֆ, պո՜ւֆ հրացաններ արձակուեցին և խեղճերը թըպըրտացին գնդակահար եղած։ Պա՜ֆ, պո՜ւֆ, նորից արձակուեցին հրացաններ, և ամբողջ երամներով սագեր բարձրացան եղեգնուտից։ Որսորդներ էին եկել ահագին թուով և շրջապատել հաճիճը։ Շներ էլ ունէին հետները, որոնք վազվզում էին դէս ու դէն և սպանուած սագերը տանում էին որսորդներին տալիս։

Այս միիջոցին մեր անճոռնի բադիկը սաստիկ վախեցած՝ չը գիտէր որտեղ թաքցնի գլուխը։ Կուչ էր եկել կիսաշունչ եղած և հէնց ուզում էր, որ գլուխը կոխի թևի տակը՝ յանկարծ վրան կանգնեց մի ահագին շուն, լեզուն բոլոր երկարութեամբ հանած, աչքերը կարմրատակած, ըռեխը բաց արաւ և սարսափելի ժանիքները ցոյց տալով՝ ուզեց հախռել տզաթևած բադիկին, մէլ էլ հա՜ֆ հա՜ֆ անելով յետ քաշուեց ու փախաւ, կարծես բադիկից վախեցած։

—Ո՜ւֆ, ի՞նչ լաւ պրծայ, ասեց բադիկը և ազատ շունչ քաշեց.— այնքան անճոռնի եմ, որ շունն էլ է վախում ինձնից ու փախչում։

Բադիկն այլ ևս տեղիցը չը շարժուեց. նա թաք կացաւ տեղն ու տեղը և այնպէս մնաց կուչ եկած մինչև երեկոյ։ Երեկոյեան, երբ դադարեցին հրացանների ճայթիւնները և գնդակների սուլոցները՝ բադիկը վեր կացաւ և սուս ու փուս փախաւ այդ վտանգաւոր տեղից։ Ճանապարհին էլ մի այնպիսի փոթորիկ բարձրացաւ, որ խեղճ բադիկը չէր կարողանում ոտները շարժել։ Ինչպես եղաւ՝ մինչև մութն ընկնելը հասաւ մի աղքատիկ խրճիթի և նրա պատի տակին կուչ գալով՝ ինքն իրան պատսպարեց փոթորկից։ Այստեղ փոքր ինչ շունչ առնելուց յետոյ, նկատեց խրճիթի կիսաբաց դուռը և ուղղակի ներս մտաի։

Խրճիթումը կենում էր մի պառաւ կին. նա ունէր մի հաւ և մի կատու։ Պառաւն անզաւակ էր և այն երկու արարածներին նա իր զաւակներն էր համարում։ Կատուն նրա տղան էր, իսկ հաւը՝ աղջիկը։ Կատուն մլաւում էր զանազան եղանակով, նայած թէ ինչ էր ուզածը։ Ճլըմկոտում ու կոտրտւում էր տեսակ տեսակ. նա մինչև անգամ իրանից կայեր էր արձակում, երբ շփում էին մազերը քէծիվեր։ Հաւն շատ լաւ ձուան էր ածում։ Նրա ոտները շատ մանր էին և կարճիկ, սրա համար էլ պառաւը նրան անուանում էր հաւիկ կարճոտնիկ, և սիրում էր նրան ինչպէս իր հարազատ աղջկանը։

Առաւօտը ու լուսացաւ՝ նո՛ր նկատեցին բադիկին։ Կատուն սկսեց մլաւել, իսկ հաւը՝ կըռկըռաց։

—Այս ի՞նչ է նշանակում, ի՛նչ են իմացել զաւակներս, հարցրեց ինքն իրան պառաւը և սկսեց չորս կողմը նայել. և որովհետև պուշ էր (կարճատես), բադիկին որ տեսաւ՝ գէր բադի տեղ ընդունեց նրան։—Ա՜յ թանկագին գիւտ, բացականչեց պառաւը։— Ես հիմայ կունենամ բադի ձուաներ. միայն թէ սա մարի լինի։ Պէտք է փորձել։

Բադիկին փորձելու համար՝ պառաւը նրան պահեց մինչև երեք շաբաթ, բայց ձու չերևաց։

Կատուն իրան տան տէր էր համարում, իսկ հաւը՝ տանտիկին. և ասում էլ էին. «Մենք ենք որ կանք աշխարհքումս»։ Բադիկը համարձակում էր ուրիշ կարծիք յայտնել, բայց հաւը չէր հաւանում և ասում էր.

—Դու կարո՞ղ ես ձու ածել.

—Ո՛չ։

—Ուրեմն նեղություն քաշիր լռել։

Իսկ կատուն հարցնում էր.

— Դու կարող ես ճկճկուել, մլաւել ու կայծեր արձակել։

—Ո՛չ։

—Ուրեմն էլ ինչո՞ւ ես մեջ ընկնում, երբ խօսում են խելօքները։

Եւ այսպէս խեղճ բադիկը նստել էր մի անկիւնում տխուր ու տրտում։

Մէկ անգամ արևի ճառագայթներն ընկան խրճիթը և փչեց թարմ օդ։ Բադիկի սիրտն այնպէս ուզեց ջրում լողալը, որ նա չը կարողացաւ իր ցանկութիւնը չը յայտնել հաւիկին։

Պարապութիւնիցդ յիմար բաներ ես մտածում, ասեց հաւիկը։ Ձու ածա, կամ քթիկ տակ մի բան մռմռա՛, ինչպէս մեր կատուն է անում, այնուհետև էլ այդպէս անմիտ բաներ չեն անցնիլ մտքովդ։

—Բայց որ իմանաս ի՜նչքան լաւ է ջրում լող տալը, ի՜նչքան դուրեկան է։ Պետք է գլուխդ թաղես ջրումը, մէլ էլ հանես, պէտք է սուզուիս մինչև ջրի յատակը և մէլ էլ երեսն ընկնիս՝ որ իմանաս թէ ինչքան սքանչելի բան է, ինչքան զուարճալի...

—Այո՛, ի՞նչպէս չէ, մե՜ծ, շա՜տ մեծ բաւականութիւն է, ծաղրեց հաւիկը։—Դու կարծեմ բոլորովին ցնորուած ես։ Մեր կատուի նման խելօք արարած չը կայ աշխարհքումս, մէկ հարցրու նրան, տես նա էլ սիրո՞ւմ է լողալ ջրումը։ Իմ մաիսն ես դեռ ոչինչ չեմ ասում։ Հարցրու թէկուզ մեր պառաւ տիրուհուն, որի պէս իմաստուն ոչ ոք չը կայ, տես նա կը հաւանի՞ քո ասածին։

—Դուք ինձ չեք կարող հասկանալ, ասեց բադիկը։

—Մենք չե՜նք կարող հասկանալ քեզ։ Ուրեմն դու աւելի՞ խելօք ես քան թէ մեր կատուն է և տիրուհին։ Իմ մասին ես ոչինչ չեմ ասում, բայց եթէ խելք ունիս՝ ինձ կը լսես և զանազան յիմարութիւններ չես մտածիլ։ Գոհ եղիր այն բարիքի համար, որ դու գտնում ես այստեղ։ Մի մոռանար, որ դու տաք սենեակում ես գտնւում և խելօք հասարակութեան մէջ, ուր դու կարող ես շատ բան սովորել։ Աշխատիր միայն ձու ածել, սովորիր մլաւել և կայծեր արձակել։

—Ո՛չ, ես այստեղ մնալ չեմ կարող, կերթամ ուրիշ տեղ, ուրիշ աշխարհք,

—Գնա՛, գնա՛, ուրիշ տեղ վէր ածած է, գնա հաւաքիր, հէնց իմանում ես, թէ ամեն տեղ քեզ կուտ կը տան կը պահեն...

Բադիկը դուրս եկավ խրճիթից և ճանապարհ ընկավ։ Նա գնաց ընկաւ ջրերը, լողացաւ իր ուզածի չափ, բայց ոչ մի կենդանի նրան չընկերացաւ, ամենքն էլ խորշում էին նրանից, ամենքն էլ նրան անճոռնի էին համարում։

Աշունքը վրայ հասաւ. անտառում տերևները դեղնեցին և սևացան. քամին ճանկ էր գցում նրանց և օդի մէջ բարձրացնում։ Հետզհետե սկսեց ցրտել։ Երկրի վրայ կախ ընկան ծանրացած կարկրատաբեր և ձիւնաբեր ամպեր։ Ագռաւը մրսելուց կռաւում էր ցանկապատի վրայ։ Բադիկի օրերը դառնացան։ Մէկ անդամ իրիկնապահին, երբ արեգակը մայր էր մտնում շատ փառաւոր կերպով՝ անտառից դուրս թռան երամովին խոշոր թռչուններ՝ ձիւնի պէս սպիտակ, երկայն ու ճկուն վզերով. դրանք կարապներ էին։ Դուրս թռչելիս նրանք արձակեցին մի բոլորովին ուրիշ տեսակ ձայն, փռեցին նրանց հիանալի թևերը և թռան ցուրտ տեղերից դէպի տաք երկիրներ։ Նրանք թռան վեր և վեր՝ մինչև հասան ահագին բարձրութեան։ Այդ տեսնելիս՝ մի տեսակ թախծութիւն և տխրութիւն եկաւ բադիկի վրայ։ Նա պտըտուեց ջրի երեսին ինչպէս անիւ, երկարացրեց վիզը՝ ինչքան կարող էր՝ դէպի թռչող կարապները և վերջապէս ճըչաց այնպէս ամուր և հրաշալի ձայնով, որ ինքն էլ վախեցավ իր ճըչոցից։ Խեղճը չէր կարողանում մոռանալ այդ հրաշագեղ և բախտավոր թռչուններին, և երբ նրանք ծածկուեցան արդէն ամպերում՝ նա սուզուեց ջրի մէջ մինչև յատակը, և երբ մէկ էլ երեսն ընկաւ, նա այնպէս էր, ինչպէս խելագարուած։ Նա չը գիտէր, թէ ուր էին թռչում նրանք։ Նա տեսաւ միայն, որ նրանք շատ երջանիկ են ապրում աշխարհիս վրայ։ Բադիկը չէր նախանձում նրանց. նրա մտքովը չէր կարող անց կենալ, որ ինքն էլ կարող էր լինել նրանց պէս բախտաւոր. խեղճը նրանով էլ գոհ կը լինէր, եթէ գոնէ բադերը չը հալածէին նրան իրանց միջից։

Վրայ հասաւ ձմեռը։ Այնպէս ցուրտ էր, որ նմանը չէր եղած։ Ջուրը սառչում էր. բադիկն անընդհատ լողում էր, որ թոյլ չը տար բոլորովին սառչելու, բայց ամեն գիշեր այն բացուածքը, ուր նա լողում էր՝ փոքրանում, հուփ էր գալիս։ Բադիկը բոլոր ուժովը բանեցնում էր ոտները, որ դրա առաջքն առնի, բայց չը կարաց, այլ շատ դադրելուց թուլացաւ և ինքն էլ սառաւ ջրի հետ։

Առաւօտը վաղ մի գիւղացի եկաւ և տեսնելով սառուցի մէջ մնացած բադիկին, իր փայտէ կօշիկներով կոտրտեց սառուցը և բադիկին վերցրեց տարաւ կնոջը տուաւ։ Հէնց որ մտաւ տաք խրճիթը՝ այստեղ բադիկը կենդանացաւ։ Երեխէքն ուրախացան և ուզեցին հետը խաղալ, բայց բադիկը վախեցաւ, վեր թռաւ և ընկավ կաթով լիքը դոյլի մէջ և վեր ածեց կաթը։ Տանտիկինը քըշ արաւ, որից աւելի շշկլուեց բադիկը և թռաւ ընկաւ իւղով լիքը չանի մէջ, այնտեղից էլ ալիւրի արկղի մէջ։ Կարող էք երևակայել, թէ ինչի նման կը լիներ այդ ժամանակ ալրաթաթախ բադիկը, Տանտիկինը մաշան ձեռքն առաջ բղաւում էր և վազում ետևից, որ բռնէ, երեխէքը նոյնպէս վազվզում էին միմեանց առաջ կտևելով ծիծաղելով և ճչալով, որ բռնեն բադիկին։ Դուռը բաց էր, բադիկը դուրս թռաւ և վայր ընկաւ նորեկ ձիւնի վրայ բոլորովին ուժից ընկած։

Շատ տխրալի կը լինի, եթէ մի առ մի պատմենք բոլոր այն զրկողութիւններն ու տանջանքները, որոնց ենթարկուեց բադիկը այդ խիստ ձմեռը... Նա ընկած էր ճահճի ափին, եղեգնուտի մէջ՝ երբ երևը նորից սկսեց տաքացնել երկիրը, երբ սարեակներն սկսեցին երգել, վրայ հասաւ հրաշագեղ գարունը։

Այն ժամանակ ահա բադիկը կարողացաւ կրկին բաց անել թևերը, որոնք այժմ բաւական ուժեղացել էին և նրանց թռցնում էին շատ արագ և շատ հեռու։ Շուտով նա ընկաւ մի մեծ այգու մէջ, ուր արդէն ծածկել էին խնձորենիքը, անուշ հոտ էին բարձրացրել թանթրուենիքը և իրանց կանաչ գլուխները կռացրել օձապտոյտ առուի վրայ։ Այստեղ մեր բադիկի ուրախութեանն էլ չափ չկար, ա՜յնքան լաւ էր նրա համար։ Եւ ահա խիստ ծառերի մէջ երևցան երեք սպիտակ և գեղեցիկ կարապներ։ Նրանք փռփռացնում էին իրանց թևերը և ապա սահում ջրի երեսին ինչպէս սառույցի վրայ։ Բադիկն արդէն ճանաչում էր այդ հրաշագեղ թռչուններին, և հիմա էլ որ դրանց տեսաւ, մի տեսակ տխրութիւն զգաց։ —Ես կը մօտենամ դրանց, մտածեց բադիկը, կը մօտենամ այդ արքայական թռչուններին։ Եւ դրանք կը սպանեն ինձ այդ յանդգնութեանս համար, որ իմ հրէշ տեղովս համարձակել եմ մօտենալ իրանց։ Է՜հ, մի և նոյն է, ինչ կուզի՝ թող լինի։ Աւելի լաւ է, որ կարապներն սպանեն ինձ, քան թէ բադերը կտցահարեն, հաւերը ծեծեն և թռչնապահները վռնտեն, ձմեռն էլ զրկուել ամեն բանից և ջրումը սառչիլ։

Եւ բադիկը բոլոր ուժը հաւաքելով՝ ընկաւ ջրի վրայ և լողալով դիմաւորեց նրանց։ Կարապները նկատեցին բադիկին և շեշտակի նետուեցան դէպի նա։

—Սպանեցէ՛ք, սպանեցէ՛ք ինձ, շըշնջաց բադիկը և գլուխը քաշ գցած՝ սպասեց իր մահին։ Բայց փոխանակ մահուան նա ի՜նչ տեսաւ այդ ժամանակ։ Ջրի վճիտ և անապակ հայլու մէջ նա տեսաւ ինքն իրան. տեսաւ որ ինքը մի անճոռնի և զզուելի բադիկ չէ, այլ մի հրաշագեղ կարապ, բոլորովին նման իր մօտը եղած կարապներին...

Բադերի մէջ ծնուելը մի դժբախտություն չէ, եթէ մինչև ծնուելըդ պառկած ես եղել կարապի ձուի մէջ... Նա ուրախացաւ իր կրած տանջանքների համար։ Միայն հիմա հասկացաւ իր բախտաւորութիւնը և իրան շրջապատող փառաւորութիւնը։ Մեծ կարապները լողում էին նրա չորս կողմումը և համբուրում նրանց իրանց կտուցներով։

Այգու մէջ մտան մի քանի մանուկներ. նրանք ջրի մէջ ձգում էին հացի կտորներ և հունդեր։ Մանուկներից մէկը գոչեց՝ «ահա և մի նոր կարապ»։ Միւս մանուկներն ուրախանալով կրկնեցին՝ «այո՛, նո՜ր է, նո՜ր է»։ Նրանք ուրախութիւնից ծափ զարկեցին և ոստոստալով վազեցին իրանց ծնողաց մօտ։ Նրանք շուտով վերադարձան և ջրի մէջ ածեցին զանազան ուտելիքներ, մինչև անգամ քաղցր կարկանդակներ։ Նրանց շատ էր դուր գալիս նոր կարապը։ Ասում էին՝ «Նոր կարապն ամենից գեղեցիկ է, և շատ ջահիլ է և շատ հրաշագեղ»։

Ծերունի կարապները գլուխները խոնարհեցին նրա առաջ։ Նա շատ ամաչեց և գլուխը թաքցրել թևի տալ։ Խեղճը չէր իմանում ինչ անէր, նա չափից շատ էր բախտաւոր, բայց դրանով բնաւ չէր հպարտանում, որովհետև բարի սրտումը հպարտութիւն չի լինիլ։ Նա մտածու էր իր անցեալում քաշած նեղութիւնների մասին և մի և նոյն ժամանակ լսում էր, թէ ինչպէս իրան հիմա անուանում էին գեղեցիկ թռչուններից ամենից գեղեցիկ։ Մինչև անգամ թանթրուենին իր ճղները ցածրացնում էր նրա առջև, իսկ արեգակը իր լոյսը տալիս էր նրան մեղմ տաքութեամբ։ Փռփռացրեց նա իր թևերը, վեր քաշեց վայելչակազմ պարանոցը և ուրախալից սրտով ասաց. «Այս բախտաւորութիւնը երազումս անգամ չէի կարող տեսնել այն ժամանակ, երբ ես դեռ ևս մի անճոռնի բադիկ էի»։