Անմահություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մեծամորս Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Անմահություն)

Վարդան Հակոբյան

Հողերգ
ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ


Այգալույսի ակը զուլալ,
այգալույսի ակը մաքուր...
Գիտե՞ք, արդյոք, համն այն ջրի,
Որի աղջիկ մաքրության մեջ
Կան ստվերներ խոտ ու ծառի,
Կա լեռների արտացոլանք
Եվ ամպերի,
Եվ երկնքի շարժում ու վարգ։
Պարզությունը՝ իմ շուրթերին,
Ես գնում եմ դեպի Մեծ սար.
Այս կածանը,
Որ բացվել է պապիս ոտքով,
Իմ քայլերով կանմահանա։
Ես՝ մի թոռը իմ պապիկի
Բազո՜ւմ-բազո՜ւմ թոռնիկներից,
Ես՝ Վարդանը...
Ինձ կանչելիս պապս բոլոր
        թոռնիկների
Անուններն էր տալիս հաճախ.
- Դավի՛թ, Վաղո՛, Սեւա՛կ, Լեռնի՛կ...
Այնքան, մինչեւ հասնում էր ինձ.
- Մո՛տ եկ, Վարդա՛ն...
Դիտողություն աներ տատս՝
Պապս «վրա կտար» տաք-տաք.
- Թե ես այնքան թոռ չունենամ
Որ «շփոթեմ» անունները,
        ինձնից ի՞նչ պապ։
Ես գնում եմ դեպի Մեծ սար։
Եվ ջինջ-կապույտ այգալույսը
Սար է բացում աչքերիս դեմ,
Բացում է ձոր,
Իմ հուշերից հովը քշում,
Բերում է ինձ խոսքեր նոր-նոր.
- Հարած խոտ կա հին Հարոսում,
Խնձորախոտ,
Տե՛ս, անձրեւի տակ չթողնես,
Առավոտից հանդում է ձին,
Հանկարծ դու աչք չկորցնես...
Մեր սարերի, հանդ ու ձորի
Անունը իր շուրթի վրա՝
Պապս գնաց,
Ապուպապոտ
Այգալույսը հավերժ մնաց։
Ես գնում եմ դեպի Մեծ սար։
Րաֆֆու քարի դիմաց կանգնում
Ու ճչում եմ խոսք ու բառեր,
Կարոտս - մեծ՝ սարեր-սարեր։
Թե քարը ինձ արձագանք տա,
Ուրեմն եւ մահը սուտ է,
Ուրեմն դեռ ապրում ես, պապ։

Եվ... ի՜նչ հրաշք, Երկինքն էլ է
Իմ կանչերին արձագանքում,
Ասես մեկը դիմում է ինձ,
Շուրթին՝ սար ու ձորի անուն։
Այն կածանը,
Որ բացվել է պապիս ոտքով,
Այգալույսի շողերի մեջ
Իմ քայլով է անմահանում։